Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.04.15/8(487).1 Հոդ.272
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ/0032/01/12

Քրեական գործ թիվ ԿԴ/0032/01/12

Նախագահող դատավոր՝  Գ. Ավետիսյան

Դատավորներ՝ 

Ե. Դարբինյան
 

Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

 

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

 

2013 թվականի նոյեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ատոմ Արմենակի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հուլիսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մանուկյանի և նրա պաշտպան Լ.Օհանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում 2011 թվականի դեկտեմբերի 1-ին հարուցվել է թիվ 20129011 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

2012 թվականի մարտի 5-ին Ատոմ Արմենակի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով:

2012 թվականի սեպտեմբերի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի դատավճռով Ա.Մանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 տարի ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` պատժի ժամկետին հաշվակցվել է Ա.Մանուկյանի` նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 9 ամիս 8 օր ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու:

Վճռվել է նաև Ա.Մանուկյանից հօգուտ տուժողների իրավահաջորդներ Գ.Կապարյանի և Լ.Ասլանյանի բռնագանձել 1.500.000-ական ՀՀ դրամ:

3. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, այն է` Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 22-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանել է, և քաղաքացիական հայցերը թողել է առանց քննության: Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հուլիսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մանուկյանը և նրա պաշտպան Լ.Օհանյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

5. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այն, որ Ա.Մանուկյանը «(…) աշխատելով «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊ ընկերության Աբովյանի ԳՀՏՍԾ տարածքային տեղամասում որպես փականագործ, իրականացրել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, մասնավորապես, չի կատարել 02.07.2007թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի միջև կնքված «Հանձնարարություն Պայմանագրի» և 31.07.2009թ. տվյալ պայմանագրի լրացուցիչ հանձնարարագրի 3.3.4 կետի պարտավորությունները և 04.02.2008թ. մինչև 06.09.2011թ. ընկած ժամանակահատվածում կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Երեք խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրում գազասպառման համակարգերի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, ինչպես նաև համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված համալիրի, մասնավորապես, թիվ 1 հյուրանոցային համարի լոգարանում խախտումների առկայության պայմաններում ապօրինի կերպով ինքնակամ տեղակայված ջրատաքացուցիչը հայտնաբերելու և դրա ծխաօդատար ուղիների կառուցվածքներում առկա էական և ակնհայտ խախտումները բացահայտելու և դրանք վերացնելու համար, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել բնական գազի այրման արգասիքների, մասնավորապես, ածխածնի մոնօքսիդի թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայով կուտակում լոգարանում և դրան հարող ննջասենյակում, որն էլ 2011թ. նոյեմբերի 30-ին կարբօքսիհեմոգլոբինով սուր թունավորման հետևանքով անզգուշությամբ առաջացրել է «Երեք խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրի թիվ 1 հյուրանոցային համարի հաճախորդներ Արտաշես Գրիգորի Կապարյանի և Լիաննա Սամվելի Ասլանյանի մահը» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 234-250):

6. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ «(…) հիմնավոր չ[է] (…) բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ ամբաստանյալ Ա.Մանուկյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հանցակազմը, քանի որ անգործությունը չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակել, ուստի նա պետք է դատապարտվեր ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով, քանի որ Ա.Մանուկյանին վերագրվող անգործությունն իր մեջ պարունակում է տեխնիկական անվտանգության կանոնների խախտում:

Վերաքննիչ բողոքում նշված` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հանցակազմը պատասխանատվություն է նախատեսում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պահպանման համար պատասխանատու անձի կողմից տեխնիկայի անվտանգության կանոնները խախտելու համար:

Այսինքն, այդ հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն տվյալ կազմակերպություններում աշխատող անձը, ով պատասխանատու է տեխնիկայի անվտանգության պահպանման համար: Անձ, ով տվյալ կազմակերպության հետ ունեցած աշխատանքային պայմանագրով` աշխատանքի բերումով` այդ բնագավառը հսկելու պարտավորությամբ օժտված պաշտոնատար կամ այլ անձ է:

Իսկ սույն գործով ամբաստանյալ Ա.Մանուկյանը հանդիսացել է ոչ թե այն կազմակերպության աշխատակից, որտեղ տեղի է ունեցել դեպքը, այլ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակից, ով որպես այդպիսին հանդիսացել է հակահրդեհային կանոնների պահպանման բնագավառում ծառայություններ մատուցող և այլ կազմակերպության` նաև «Երեք խնձոր» ռեստորանահյուրանոցային համալիրի` այդ բնագավառում հսկողություն իրականացնող աշխատակից: Այդ ծառայությունները մատուցելիս ամբաստանյալ Ա.Մանուկյանի կողմից կատարված գործողությունների կամ անգործության արդյունքում` անզգուշությամբ երկու տուժողների մահ պատճառելու հանգամանքը տվյալ հանցակազմի օբյեկտիվ կողմի համար նշանակություն ունենալ չի կարող:

Ըստ էության` ամբաստանյալ Ա.Մանուկյանն ունենալով սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին` տվյալ դեպքում «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ին համապատասխան ծառայություններ մատուցելու` պայմանագրով նախատեսված պարտականություններ, այդպիսիք չի կատարել, որի հետևանքով առաջացել է երկու անձանց մահ:

Այսինքն, ամբաստանյալ Ա.Մանուկյանի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին և նա համարվում է այդ հանցակազմի սուբյեկտ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 91-112):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ Ա.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր ճանաչելով` ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի պահանջները:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերները նշել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածը օբյեկտիվ կողմից դրսևորվում է բացառապես գործողությամբ և ոչ երբեք` անգործությամբ: Մինչդեռ դատարանները, հաստատված համարելով, որ Ա.Մանուկյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ է մատուցել, այդ ծառայությունները նկարագրել են անգործության տեսքով, այն է` «չի կատարել», «չի ստուգել», «միջոցներ չի ձեռնարկել»:

Անգործությունը քրեաիրավական իմաստով կապված է անձի կողմից իր վրա դրված պարտավորությունների չկատարման հետ: Փականագործ Ա.Մանուկյանի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելը, չստուգելը, միջոցներ չձեռնարկելն արտահայտվել են ոչ թե ակտիվ գործողություններ իրականացնելու ձևով, այլ ընդհակառակը` դրսևորվել են բացառապես անգործությամբ, իսկ անգործությունը չի կարող ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակել:

Բողոք բերած անձինք նշել են նաև, որ Ա.Մանուկյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներին չի համապատասխանում սուբյեկտիվ կողմից: Նշված հանցակազմի սուբյեկտիվ կողմը դրսևորվում է դիտավորությամբ և միայն հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ է արտահայտվում մեղքի անզգույշ ձևը, մինչդեռ Ա.Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ուսումնասիրությունից երևում է, որ նրան վերագրվող անգործությունը դրսևորվել է մեղքի անզգույշ ձևով` հանցավոր ինքնավստահությամբ:

8. Ըստ բողոքաբերների՝ գազասարքերի տեխնիկական անվտանգության ստուգումները, որոնք իրականացվում են «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից հանրապետության ամբողջ տարածքում, ծառայության մատուցում չեն հանդիսանում, քանի որ ծառայության մատուցումը ենթադրում է ծառայությունը ստացողի համաձայնությունը դրա իրականացման վերաբերյալ: Առանց անձի համաձայնության, նրա կամքին հակառակ նրան ծառայություն չի կարող մատուցվել, իսկ «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի իրականացրած գործողությունները պարտադիր են բոլոր գազասպառողների համար, հետևաբար դրանք ոչ թե ծառայություն են, այլ տեխնիկական անվտանգության վերահսկողություն: Ուստի, «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի փականագործ Ա.Մանուկյանը նույնպես ծառայություն չի մատուցել:

Ի հիմնավորումն իրենց փաստարկի՝ բողոքաբերները նշել են, որ դատական պրակտիկայում առկա են բազմաթիվ դատավճիռներ, որոնցով Ա.Մանուկյանին վերագրվող արարքին բացարձակապես համարժեք, նույնական արարքները` կատարված «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ում աշխատող փականագործների կողմից, որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով: Հետևաբար, ստորադաս դատարանները, Ա.Մանուկյանին վերագրվող արարքը հաստատված համարելու պայմաններում, նրան պետք է մեղավոր ճանաչեին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով, մինչդեռ մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով` դրանով իսկ թույլ տալով քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

9. Բողոքի հեղինակները գտել են նաև, որ սույն գործով թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-63-րդ և 70-րդ հոդվածների պահանջների խախտումներ: Այդ կապակցությամբ բողոքաբերները փաստարկել են, որ ստորադաս դատարաններն Ա.Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի չեն առել նրա անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մի շարք հանգամանքներ, իսկ առանձին դեպքերում ուղղակիորեն մատնանշել են դրանք՝ պատժի չափի վրա որևէ կերպ չարտահայտելով: Դատարանները չեն պատճառաբանել, թե Ա.Մանուկյանի նկատմամբ ինչու պետք է նշանակվի հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատժից ավելի խիստ պատիժ, ինչպես նաև՝ սխալ եզրահանգման են եկել պատիժը կրելու նպատակահարմարության հարցի լուծման կապակցությամբ:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոք բերած անձինք խնդրել են բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, Ա.Մանուկյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, վերջինիս նկատմամբ նշանակել մեղմ պատիժ և նշանակված պատիժը պայմանականորն չկիրառել կամ Ա.Մանուկյանի նկատմամբ նշանակված պատիժը փոփոխել, նշանակել հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ և այն պայմանականորեն չկիրառել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդված) և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդված) հանցակազմերը միմյանցից սահմանազատելու առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ա.Մանուկյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության և ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:

Մեջբերված նյութաիրավական նորմը զետեղված է «Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությունը կրող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ գլխում և կոչված է ապահովելու ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրացումը, որի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող ունի անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Վերոգրյալ սահմանադրական դրույթից հետևում է, որ գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատողի համար պետք է երաշխավորվեն պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ: Աշխատողի անվտանգությունը և առողջությունն աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգ է, և պետությունը պարտավոր է`

ա) սահմանել աշխատողի անվտանգության և առողջության պահպանման իրավական կանոններ՝ ամրագրելով դրանք օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով,

բ) նախատեսել համապատասխան քաղաքացիական, վարչական, քրեական սանկցիաներ, որոնք կոչված են կանխելու աշխատողի անվտանգության և առողջության պահպանման կանոնների խախտումները:

Շարադրված վերլուծության հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օբյեկտը այն հասարակական հարաբերություններն են, որոնք ուղղված են մարդու` անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքի ապահովմանը, իսկ լրացուցիչ օբյեկտ են հանդիսանում մարդու կյանքը և առողջությունը:

Քննարկվող հանցագործությունից տուժող կարող են հանդիսանալ այն ձեռնարկության, կազմակերպության աշխատակիցները, որտեղ թույլ են տրվել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտումներ, ինչպես նաև այն անձինք, ում ժամանակավոր կամ մշտական գործունեությունը կապված է տվյալ արտադրության հետ: Այն դեպքում, երբ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից խախտելու արդյունքում վնաս է պատճառվում տվյալ արտադրության հետ կապ չունեցող անձանց առողջությանը, արարքը, կախված ոտնձգության բնույթից, կարող է որակվել որպես պաշտոնեական անփութություն (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) կամ մարդու դեմ ուղղված հանցագործություն:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն օբյեկտիվ կողմից բնութագրվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ, որը դրսևորվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելով:

Անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առկա է այն դեպքում, երբ՝

1) խախտվել են ՀՀ կառավարության, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, հիմնարկների և առանձին գործատուների կողմից սահմանված՝ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնները,

2) առաջացել են հանրորեն վտանգավոր այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են տուժողի առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի կամ մասնագիտական հիվանդության պատճառումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մաս) կամ մահվան առաջացումը (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մաս),

3) առկա է պատճառական կապ արարքի (գործողության կամ անգործության) և վրա հասած հետևանքների միջև:

ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված արարքի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է մեղքի անզգույշ ձևով՝ ինքնավստահությամբ կամ անփութությամբ: Հանցավոր ինքնավստահության դեպքում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտվում են գիտակցաբար, որի դեպքում հանցավորը նախատեսում է իր արարքի հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի, ինքնավստահորեն հույս է ունենում, որ դրանք կկանխվեն: Մինչդեռ, անփութության դեպքում հանցավորը նշված կանոնները կարող է խախտել նաև` չնախատեսելով վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում ոչ միայն պարտավոր էր, այլև կարող էր նախատեսել դա:

Հանցագործության սուբյեկտը հատուկ է` մեղսունակ ֆիզիկական այն անձը, ով պատասխանատու է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների` անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելու կամ օգտագործելու համար, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն արարքների համար, որոնք՝

1) կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ,

2) անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը,

3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ:

ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքների համար, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ:

Քննարկվող հանցագործության օբյեկտը բնակչության առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Տուժող կարող են լինել սպառողները` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացիները (տե՛ս «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը), ինչպես նաև՝ այդ ապրանքները (աշխատանքները, ծառայություններն) արդեն պատվիրած, ձեռք բերած կամ օգտագործող անձինք:

ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը երկընտրելի է. հանցակազմն առկա է հոդվածում նշված արարքներից որևէ մեկը կատարելու դեպքում, եթե դրա արդյունքում անզգուշությամբ վնաս է պատճառվել մարդու առողջությանը:

16. Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել է համարվում պատրաստված ապրանքը անվտանգության պահանջներին համապատասխանելու մասին փաստաթղթային ձևակերպմամբ պահեստավորելը՝ այն իրացնելու համար, կամ այդ ապրանքը պատվիրատուին ուղարկելը: Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելը նշանակում է դրանց վաճառքը, սպառողին հանձնելը: Ընդ որում, նշանակություն չունի, թե երբ են առաջացել ապրանքի սպառողների կյանքի կամ առողջության համար վտանգավոր հատկությունները՝ արտադրության ընթացքում, թե դրանից հետո (օրինակ՝ ժամկետանց ապրանքի վաճառքը):

Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կարող է դրսևորվել բազմազան ձևերով՝ շինարարական, վերանորոգման, բեռնափոխադրման, բժշկական և այլ աշխատանքներ ու ծառայություններ (օրինակ՝ բնակելի շենքերի շինարարության կամ վերանորոգման ընթացքում այնպիսի նյութեր օգտագործելը, որոնք վտանգավոր են մարդու կյանքի կամ առողջության համար, բուժման ընթացքում նմանատիպ հատկություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելը և այլն): Ծառայությունների մատուցումը գործունեություն է, որը կապված չէ նյութական արտադրանքի ստեղծման հետ, սակայն ուղղված է որոշակի պահանջմունքների բավարարմանը, մասնավորապես, ծառայությունների մատուցում են հանդիսանում ուղևորափոխադրումը, ջրամատակարարումը, գազամատակարարումը, ինչպես նաև բժշկական, հյուրանոցային և այլ ոլորտներում իրականացվող բազմաբևեռ գործունեությունը:

Անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր ապօրինի հանձնելն առկա է այն դեպքում, երբ այդ փաստաթուղթը հանձնվում է դրա լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կամ սերտիֆիկացման կարգի խախտմամբ: Անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր են արտադրողի երաշխավորային պարտավորությունը, համապատասխանության սերտիֆիկատը կամ նշանը և այլն: Անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթեր ապօրինի օգտագործելը դրսևորվում է որևէ ապրանքի, ծառայության կամ աշխատանքի համար հանձնված սերտիֆիկատով մեկ ուրիշ ապրանք իրացնելու, ծառայություն կամ աշխատանք մատուցելու ձևով, կամ ապօրինի հանձնված սերտիֆիկատով կամ այլ փաստաթղթով ապրանք վաճառելու, ծառայություն մատուցելու կամ աշխատանք կատարելու ձևով:

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության` ապրանքներին, աշխատանքներին և ծառայություններին առաջադրվող պահանջները սահմանվում են տարբեր ստանդարտներով (պետական, միջազգային, առանձին կազմակերպությունների և այլն), սանիտարական նորմերով և կանոններով, հիգիենիկ նորմատիվներով, շինարարական նորմերով և սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներ նախատեսող այլ նորմատիվ ակտերով: Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող են համարվում այն ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, որոնց սպառողական հատկությունները, որակը և արդյունքները, ինչպես նաև դրանց կատարման կամ մատուցման ընթացքը չեն համապատասխանում նշված նորմատիվ փաստաթղթերին, և դրանց իրականացումը կարող է վնաս հասցնել որոշակի անձանց առողջությանը կամ պատճառել մահ:

Քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմը նույնպես բնութագրվում է անզգուշությամբ. չնայած սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների թողարկումը կամ իրացումը, աշխատանքներ կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը կատարվում են գիտակցաբար, սակայն նշված արարքների հանցավոր հետևանքների նկատմամբ դրսևորվում է մեղքի բացառապես անզգույշ ձևը:

Քննարկվող հանցագործության սուբյեկտը հատուկ է, այդպիսիք են հանդիսանում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներն արտադրող կամ իրացնող, աշխատանքները կամ ծառայությունները մատուցող, ապրանքների արտադրման կամ իրացման, աշխատանքների ու ծառայությունների մատուցման համար պատասխանատու անձինք, ինչպես նաև այն պաշտոնատար անձինք, ովքեր անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանձնելու լիազորություն ունեն կամ այդպիսի լիազորություն չունեն, սակայն պաշտոնեական դիրքն օգտագործելով` հանձնում են:

18. Սույն որոշման 13-14-րդ և 15-17-րդ կետերում շարադրված վերլուծությունը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը որպես տեխնիկայի անվտանգության կանոնների խախտում (ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդված) կամ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքերի թողարկում կամ իրացում, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում (ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդված) որակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.

ա) տեխնիկայի անվտանգության կանոնների խախտումը ոտնձգում է մարդու` անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքի ապահովման, իսկ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների թողարկումը կամ իրացումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը` բնակչության կյանքի կամ առողջության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններին.

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով տուժող են հանդիսանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտումներ թույլ տված ձեռնարկության, կազմակերպության աշխատակիցները, այդտեղ ժամանակավոր կամ մշտական գործունեություն իրականացնող անձինք, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններով տուժող են հանդիսանում սպառողները` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող, ինչպես նաև այդ ապրանքները, աշխատանքները, ծառայություններն արդեն պատվիրած, ձեռք բերած կամ օգտագործող անձինք.

գ) ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը դրսևորվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը` սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության` ապրանքներին, աշխատանքներին կամ ծառայություններին առաջադրվող պահանջների խախտմամբ:

19. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Մանուկյանը ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ աշխատելով «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ում որպես փականագործ, իրականացրել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, մասնավորապես, չի կատարել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի պարտավորությունները և 2008 թվականի փետրվարի 4-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգայցերի ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Երեք խնձոր» հյուրանոցառեստորանային համալիրում գազասպառման համակարգերի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, ինչպես նաև համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված համալիրի թիվ 1 հյուրանոցային համարի լոգարանում խախտումների առկայության պայմաններում ապօրինի կերպով ինքնակամ տեղակայված ջրատաքացուցիչը հայտնաբերելու և դրա ծխաօդատար ուղիների կառուցվածքներում առկա էական և ակնհայտ խախտումները բացահայտելու և դրանք վերացնելու համար, ինչի արդյունքում բնական գազի այրման արգասիքներից թունավորման հետևանքով 2011 թվականի նոյեմբերի 30-ին անզգուշությամբ առաջացել է հյուրանոցառեստորանային համալիրի հաճախորդներ Ա.Կապարյանի և Լ.Ասլանյանի մահը (տե՛ս սույն որոշման 1-2-րդ և 5-րդ կետերը):

20. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով 13-18-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Մանուկյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին, քանի որ.

1) Ա.Մանուկյանի արարքն ուղղված է եղել բնակչության կյանքի պաշտպանությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ,

2) Ա.Մանուկյանի գործողություններից տուժել են անձինք, ովքեր օգտվել են նրա մատուցած ծառայություններից, այսինքն` հանդիսացել են սպառողներ,

3) Ա.Մանուկյանի մատուցած ծառայությունը չի համապատասխանել սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին:

Հետևաբար, ամբաստանյալ Ա.Մանուկյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության և նույն օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են:

21. Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկին, որ գազասարքերի տեխնիկական անվտանգության ստուգումները, որոնք իրականացվում են «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից հանրապետության ամբողջ տարածքում, ծառայության մատուցում չեն հանդիսանում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 199-Ն որոշման հավելված հանդիսացող՝ «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (Բնակիչ))» պայմանագրի 2.2 կետի համաձայն` «Մատակարարը պարտավոր է. (…)

է) անձամբ կամ իր համաձայնությամբ` սպասարկող կազմակերպությունների միջոցով, Բաժանորդին մատուցել ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն` համաձայն ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի (հավելված N 3)»:

Նույն պայմանագրի հավելված N 3 հանդիսացող «Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման» համաձայնագրի 1.1 կետի համաձայն` «Սույն համաձայնագրի առարկան Մատակարարի կողմից Բաժանորդի ներտնային համակարգի սպասարկման ծառայության մատուցումն է, որը ներառում է հետևյալ աշխատանքները`

ա) արտաքին զննում և պարուրակային միացումների ստուգում օճառափրփուրով (արտահոսքերի առկայության դեպքում դրանց վերացում),

բ) գազօգտագործող սարքավորումների միացման ճշտության ստուգում,

գ) գազօգտագործող սարքավորումների կարգաբերում,

դ) գազի թողարկումից առաջ ներտնային համակարգի շահագործման պատրաստիության վերաբերյալ ակտի կազմում,

ե) ծխաօդատար ուղիների զննում և անհրաժեշտության դեպքում մաքրում (…),

զ) ներտնային համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ հրահանգավորում»:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն` որպես «Մատակարար», սպասարկող կազմակերպության, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի միջոցով (2007 թվականի հուլիսի 2-ի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի միջև կնքված «Հանձնարարության պայմանագրի» հիման վրա), բնակչությանը մատուցում է ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն, ուստի այս առումով բողոքաբերների փաստարկները հիմնազուրկ են: Ուստի, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու մեջ ամբաստանյալ Ա.Մանուկյանի մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ առումով Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված ու պատճառաբանված են, իսկ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չլինելու վերաբերյալ բողոքաբերների փաստարկները գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, հետևաբար հիմք չեն կարող հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

22. Անդրադառնալով բողոքաբերների մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, կատարված հանցագործության, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող՝ գործում առկա հանգամանքների բազմակողմանի գնահատման արդյունքում, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների պահպանմամբ, ամբաստանյալ Ա.Մանուկյանի նկատմամբ նշանակել են արդարացի պատիժ, իսկ պատիժը կրելու նպատակահարմարության հարցում հանգել են ճիշտ հետևության: Ուստի, այս առումով բողոքաբերների փաստարկները նույնպես հիմնազուրկ են և չեն կարող հիմք հանդիսանալ սույն գործով կայացված դատական ակտերը բեկանելու համար:

23. Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերների փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Ատոմ Արմենակի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հուլիսի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան
 

Ա. Պողոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան