ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԲ/01/13
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի | |
մասնակցությամբ փաստաբան |
Լ. Սիմոնյանի |
2013 թվականի սեպտեմբերի 13-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի, 2006 թվականի մայիսի 4-ի որոշումների դեմ դատապարտյալ Արարատ Նարիմանի Մուրադխանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2002 թվականի հունիսի 25-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվել է թիվ 12207102 քրեական գործը՝ 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ կետերի, 232-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2002 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Արարատ Մուրադխանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2002 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Ա.Մուրադխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով: Նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2002 թվականի սեպտեմբերի 11-ին Ա.Մուրադխանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ կետերով, 15-99-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ կետերով և 232-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի 2002 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է:
2003 թվականի հունվարի 27-ին Ա.Մուրադխանյանը Ուկրաինայի Հանրապետությունում իրավախախտում կատարելու կասկածանքով Պոլտավա քաղաքում ձերբակալվել է, 2003 թվականի հունվարի 30-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2004 թվականի մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ Ա.Մուրադխանյանը հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
2004 թվականի մայիսի 24-ի որոշմամբ թիվ 12207102 քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:
2004 թվականի հունիսի 21-ի որոշմամբ Ա.Մուրադխանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, այն համապատասխանեցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ Ա.Մուրադխանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամսով` մինչև 2004 թվականի սեպտեմբերի 18-ը:
2004 թվականի սեպտեմբերի 24-ին Ա.Մուրադխանյանի վերաբերյալ թիվ 12207102 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:
2. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ Ա.Մուրադխանյանի վերաբերյալ քրեական գործը վերադարձվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ լրացուցիչ նախաքննության:
Ա.Մուրադխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
3. Ա.Մուրադխանյանի, նրա պաշտպաններ Վ.Յավրումյանի, Լ.Սիմոնյանի, տուժողներ Ք.Մեհրաբյանի և Ա.Հասրաթյանի, տուժողի իրավահաջորդներ Թ.Ղուշչյանի և Մ.Մեհրաբյանի, մեղադրողներ Ա.Ամիրզադյանի և Ա.Շահինյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2005 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ բողոքները մերժել է, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
Ա.Մուրադխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
4. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 2005 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը թողնվել է անփոփոխ, մեղադրողներ Ա.Շահինյանի, Ա.Ամիրզադյանի, տուժողներ Ք.Մեհրաբյանի, Ա.Հասրաթյանի, տուժողի իրավահաջորդներ Թ.Ղուշչյանի, Մ.Մեհրաբյանի վճռաբեկ բողոքները` առանց բավարարման, իսկ Ա.Մուրադխանյանի և նրա պաշտպանների Վ.Յավրումյանի, Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը՝ առանց քննության:
5. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 29-ի, 2006 թվականի փետրվարի 23-ի որոշումներով Ա.Մուրադխանյանին կալանքի տակ պահելու ժամկետը յուրաքանչյուր դեպքում երկարացվել է երկուական ամսով, իսկ 2006 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Ա.Մուրադխանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է մեկ ամսով:
Նշված որոշումների դեմ Ա.Մուրադխանյանի և նրա պաշտպաններ Վ.Յավրումյանի, Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարանի 2006 թվականի փետրվարի 3-ի, 2006 թվականի մարտի 21-ի և 2006 թվականի մայիսի 23-ի որոշումներով թողնվել են առանց բավարարման:
Վերաքննիչ դատարանի 2006 թվականի փետրվարի 3-ի որոշման դեմ Ա.Մուրադխանյանի և նրա պաշտպաններ Վ.Յավրումյանի, Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2006 թվականի փետրվարի 27-ին վերադարձրել է, իսկ Վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 21-ի որոշման դեմ պաշտպաններ Վ.Յավրումյանի, Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքները 2006 թվականի մայիսի 4-ի որոշմամբ թողել է առանց քննության:
6. 2006 թվականի մայիսի 25-ին Ա.Մուրադխանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Ա.Մուրադխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 117-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցության կանոններով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի մայիսի 18-ից:
7. Ա.Մուրադխանյանի և նրա պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2008 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ բողոքները մերժել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մարտի 20-ի որոշմամբ վերադարձվել է:
8. Ա.Մուրադխանյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) 2012 թվականի հունիսի 5-ին Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 12895/06) վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ա.Մուրադխանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:
Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հունիսի 5-ի Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ դատապարտյալ Ա.Մուրադխանյանի փաստաբան Լ.Սիմոնյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի և 2006 թվականի մայիսի 4-ի որոշումների վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2013 թվականի հունիսի 21-ի որոշմամբ հարուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի և 2006 թվականի մայիսի 4-ի որոշումների վերանայման վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները
9. Ա.Մուրադխանյանը դատապարտվել է այն բանի համար, որ «Ուկրաինայի Պոլտավա քաղաքում ծավալած տնտեսական գործունեության ընթացքում հարևան գյուղացի, Կիևում բնակվող Լյովա Մեհրաբյանից պահանջելով և չստանալով իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները, թշնամաբար է տրամադրվել նրա նկատմամբ և որոշել է վրեժխնդիր լինել` սպանել նրան: Այդ նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել և տևական ժամանակով կրել «ՏՏ» տեսակի հրազեն` ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ: Այնուհետև, տեղեկանալով, որ Լյովա Մեհրաբյանը գտնվում է Երևանում, և ճշտելով, որ նա հաճախ լինում է Երևանի Տիգրան Մեծ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 50 հասցեում գտնվող եղբոր` Ռուբեն Մեհրաբյանի տանը, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2002 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 23-ի սահմաններում, եկել է հիշյալ տան մոտ, իր նշված ատրճանակից կրակոցներ է արձակել բակում նստած Լյովա Մեհրաբյանի և նրա հարազատների վրա և ուղղակի դիտավորությամբ սպանել է Լյովա Մեհրաբյանին, անուղղակի դիտավորությամբ վերջինիս հորն ու եղբորը` Վազգեն և Ռուբեն Մեհրաբյաններին, քեռուն` Սուրեն Հասրաթյանին, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ է պատճառել քրոջը` Քնարիկ Մեհրաբյանին, և քեռու տղային` Արմեն Հասրաթյանին:
Բացի այդ, ամբաստանյալ Ա.Մուրադխանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 392 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, որոնցից 385-ը պահել է հոր` Նարիման Մուրադխանյանի՝ Կոթի գյուղի տանը և Մրմաձոր կոչվող հողամասի վագոն-տնակում, իսկ 7-ը կնոջ` Նատաշա Խաչատրյանի անունով ձեռք բերած Երևան քաղաքի Կոմիտասի փողոցի 39 շենքի թիվ 25-26 միացված բնակարանում» (տե´ս քրեական գործ, հատոր 18, թերթեր 178-192):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
10. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Եվրոպական դատարանը 2012 թվականի հունիսի 5-ին Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել, որով հաստատված է համարել, որ ներպետական դատական ակտերով խախտվել է դիմող Ա.Մուրադխանյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:
Բողոքի հեղինակը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականի հունվարի հանձնարարականի, Եվրոպական դատարանի մի շարք գործերով վճիռների, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշման վկայակոչմամբ գտել է, որ սույն գործով պետք է կիրառվի «restitution in integrum» սկզբունքը, որի արդյունքում նախ պետք է ներպետական դատական ակտով ճանաչվի Ա.Մուրադխանյանի՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման փաստը, ապա իրականացվի կալանքի վերաբերյալ դատական ակտերի վերանայում:
11. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի, 2006 թվականի մայիսի 4-ի որոշումների վերանայման վարույթ, այդ որոշումները բեկանել, վարույթ ընդունել Ա.Մուրադխանյանի պաշտպանների վճռաբեկ բողոքները և ճանաչել Ա.Մուրադխանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի հունիսի 5-ի վճիռն արդյո՞ք նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի, 2006 թվականի մայիսի 4-ի որոշումները վերանայելու համար:
13. Կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն`
«1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:
2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա
(…)»:
Մեջբերված կոնվենցիոն դրույթից հետևում է, որ դրանում ամրագրված non bis in idem սկզբունքը ենթադրում է իրավաչափ սահմանափակման հնարավորություն: Այդպիսի իրավաչափ սահմանափակման հնարավորություն է նախատեսված նաև ՀՀ ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121 բաժնում սահմանված են կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքից շեղվելու իրավաչափ հիմքերը, որոնց թվին են դասվում նոր հանգամանքները:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1 հոդվածը սահմանում է.
«1. (…) [Ն]որ հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. (…) [Ն]որ հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264 հոդվածի համաձայն`
«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
(…)
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
(…)
2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դրանց ուժի մեջ մտնելու պահից:
(…)»:
Մեջբերված քրեադատավարական նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հաստատվել է անձի՝ միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:
14. Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը, վերահաստատելով իր նախադեպային իրավունքի շրջանակներում բազմիցս արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի «5-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտություններն ըստ էության վերագրվում են ներպետական օրենսդրությանը և սահմանում են դրա նյութական և դատավարական նորմերին ենթարկվելու պարտավորությունը (տե´ս, այլ աղբյուրներում, Benham v. the United Kingdom, 10 հունիս 1996, § 41, Զեկույցներ 1996-III, և Assanidze v. Georgia [ՄՊ], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004-II)», նշել է. «Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրությամբ նախատեսված կալանավորման «օրինականությունը» առաջնային, բայց ոչ միշտ վճռորոշ տարր է: Դատարանը պետք է նաև համոզվի, որ քննարկվող ժամանակահատվածի ընթացքում կալանքի տակ պահելը համահունչ է եղել 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակներին, այն է՝ կանխել կամայական կերպով մարդկանց ազատությունից զրկելը: Ավելին, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ինքնին համապատասխանում է Կոնվենցիային, ներառյալ դրանում ամրագրված և կիրառվող ընդհանուր սկզբունքները (տե´ս, այլ աղբյուրներում, Winterwerp, վկայակոչված վերևում, պարբ. 45, և Erkalo v. the Netherlands, 2 սեպտեմբեր 1998, պարբ. 52, Զեկույցներ վճիռների և որոշումների մասին 1998-VI):
(…) [Ա]նհրաժեշտ է, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և օրենսդրությունն իր կիրառելիության մեջ ինքնին կանխատեսելի լինի, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով նախատեսված «օրինականության» չափանիշներին, որոնց համաձայն՝ օրենսդրությունը պետք է բավարար չափով հստակ լինի, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվության պայմաններում, տվյալ հանգամանքներում ողջամիտ ժամկետներում կանխատեսել կատարված գործողության հնարավոր հետևանքները (տե´ս, Steel and Others v. the United Kingdom, 23 սեպտեմբեր 1998, պարբ. 54, Զեկույցներ վճիռների և որոշումների մասին 1998-VII)» (տե´ս Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի հունիսի 5-ի վճիռը, գանգատ թիվ 12895/06, կետեր 65-67):
Այնուհետև, վերլուծելով Ա.Մուրադխանյանի վերաբերյալ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին առաջին ատյանի դատարանի և դրա բողոքարկման արդյունքում վերադաս դատական ատյանների կայացրած որոշումները` Ա.Մուրադխանյանի նկատմամբ կիրառված կալանավորումն անփոփոխ թողնելու մասով, գործը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելուց հետո Ա.Մուրադխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը (տե´ս սույն որոշման 2-5-րդ կետերը), ինչպես նաև այդ պահին գործող ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ «դիմումատուի՝ 2005թ. դեկտեմբերի 14-ից 29-ն ընկած ժամանակահատվածի կալանքը չի համապատասխանում Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջներին: Դա պայմանավորված էր կալանքի ընթացակարգը կարգավորող հստակ նորմերի բացակայությամբ, երբ առաջին ատյանի դատարանը կայացնում էր գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշում»: Արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (տե´ս Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, կետեր 70-73):
Եվրոպական դատարանը գտել է, որ սույն գործով տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում: Այդ առումով Եվրոպական դատարանը, մասնավորապես, նշել է հետևյալը. «(…) Ողջամիտ կասկածի առկայությունը, որ ձերբակալված անձը կատարել է իրավախախտում, հանդիսանում է sine qua non պայման` շարունակվող կալանքի օրինականության համար, սակայն որոշ ժամանակ անց այն արդեն բավարար չէ: Դատարանն այնուհետև պետք է որոշի, թե արդյոք դատական մարմինների կողմից տրված այլ հիմքերը «վերաբերելի» ու «բավարար» են եղել ազատությունից զրկելու արդարացումը շարունակելու համար (տե´ս Kudła v. Poland [ՄՊ], թիվ 30210/96, պարբ. 110-111, ՄԻԵԴ 2000-XI, և Ječius v. Lithuania, թիվ 34578/97, պարբ. 93, ՄԻԵԴ 2000-IX):
(…) Եթե սահմանված հիմքերը «վերաբերելի» են ու «բավարար», Դատարանը պետք է նաև պարզի, թե արդյոք իրավասու ազգային մարմինները վարույթի ընթացքում ցուցաբերել են «հատուկ ջանասիրություն»: Քննության ծավալը և առանձնահատկություններն այս առումով գործոններ են, որոնք պետք է հաշվի առնվեն (տե´ս մյուս հեղինակների հետ մեկտեղ, Letellier v. France, 26 հունիս 1991, պարբ. 35, Սերիա Ա թիվ 207, և Van der Tang v. Spain, 13 հուլիս 1995, պարբ. 55, Սերիա թիվ 321):
(…) Դատարանն ընդունում է, որ իրավախախտումները, որոնց մեջ դիմումատուն կասկածվում էր, իրենց բնույթով շատ լուրջ էին և պատժվում էին խստագույն կերպով, այն է՝ ցմահ ազատազրկմամբ: Այդուհանդերձ, անձին մեղսագրվող՝ ծանր հանցանքների կատարման հիմնավոր կասկածի առկայությունը թեև վերաբերելի գործոն է, սակայն չի կարող ինքնին արդարացնել մինչդատական վարույթում երկարաժամկետ կալանքը (տե´ս Tomasi v. France, 27 օգոստոս 1992, պարբ. 89, Սերիա Ա թիվ 241-Ա)»:
Ապա Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուի կալանքի հիմքում Հայաստանի դատարանները դրել են փախուստի դիմելու վտանգը, որին առաջին անգամ անդրադարձել են 2002 թվականի հուլիսին, հաջորդ անգամ` 2006 թվականի փետրվարին՝ 2004 թվականի մայիսին դիմումատուի ձերբակալումից մոտավորապես երկու տարի անց: Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանների կողմից հիմնավորումների տրամադրումը նման մեծ ընդհատումներով չի կարող համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով դիմումատուի շարունակական կալանքը հիմնավորելու պահանջներին:
Անդրադառնալով վարույթի իրականացման եղանակին՝ Եվրոպական դատարանն ընդունել է, որ «գործը բավական բարդ է, որը պահանջում էր բազմաթիվ քննչական գործողությունների կատարում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով դիմումատուի ազատությունից զրկված լինելը՝ իշխանությունները պետք է գործեին հատուկ ջանասիրությամբ, ինչը նրանք չեն կատարել: Այս առումով Դատարանը նշում է, որ վարույթի էական և անհարկի ձգձգումը վերագրելի է իշխանությունների վարքագծին: Մասնավորապես, քննչական մարմնի կողմից վարույթի սկզբնական փուլում օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չանցկացնելու պատճառով դատարանը, որին գործն ըստ էության քննության էր հանձնվել, ստիպված էր մի ամբողջ տարվա ընթացքում անցկացնել 52 դատական նիստ և քննել բազմաթիվ վկաների զուտ այն բանի համար, որպեսզի վերջում եզրահանգեր, որ անկարող է որոշում ընդունել դիմումատուի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ և ստիպված է եղել գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության (…): Ավելին, այդպիսի որոշման ընդունումը բողոքարկման ընթացակարգ սկսելու պատճառ է հանդիսացել և հանգեցրել է վարույթի ձգձգմանը` նվազագույնը երկու ամսով (…): Վերջապես, ոչ մի պատճառաբանություն չի տրվել 2006թ. հունիսի 2-ից մինչև հոկտեմբերի 16-ի չորս ամսվա ընդմիջման համար, որի ընթացքում բացարձակապես ոչ մի վարույթ չի իրականացվել (…): Այսպիսով, իշխանությունների կողմից ջանասիրության բացակայության պատճառով դիմումատուի կալանքը ընդհանուր առմամբ նվազագույնը մեկ ու կես տարով ձգձգվել է:
(…) Վերոնշյալ նկատառումները բավարար են Դատարանի կողմից եզրահանգելու համար, որ դիմումատուն պահվել է շարունակական կալանքի տակ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջի խախտմամբ» (տե´ս Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, կետեր 80-87):
Անդրադառնալով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի ենթադրյալ խախտման մասին դիմումատուի փաստարկներին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը Բարձր Պայմանավորվող Պետություններին չի պարտավորեցնում սահմանել կալանքի օրինականության ստուգման և ազատ արձակելու մասին դիմումների քննության երկաստիճան համակարգ: Այդուհանդերձ, պետությունը, որը սահմանել է նման համակարգ, պետք է սկզբունքորեն կալանավորվածների համար ապահովի այն նույն երաշխիքները, որոնք սահմանված են առաջին ատյանում (տե´ս Tօtհ v. Austria, 12 դեկտեմբեր 1991, պարբ. 84, Սերիա Ա թիվ 224): Ավելին, չնայած Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը կալանքի օրինականության մասին որոշումները բողոքարկելու իրավունք չի երաշխավորում, այս դրույթի նպատակից հետևում է, որ դրա պահանջները պետք է հարգվեն վերաքննիչ դատարանների կողմից, եթե որոշման դեմ բերված բողոքը հիմնված է կալանքի օրինականության հարցի վրա (տե´ս Rutten v. the Netherlands, գանգատ թիվ 32605/96, պարբ. 53, 24 հուլիս 2001):
(…) Անդրադառնալով համապատասխան ներպետական նորմերին, իսկապես, ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասը և 288-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք կարգավորել են այս խնդիրը, ուղղակիորեն սահմանում են վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու իրավունք, մինչդեռ վճռաբեկ դատարանի մասին ոչինչ չի ասվում (…): Այսպիսով, հնարավոր չէ ասել, որ խնդրո առարկա ժամանակահատվածում դիմումատուին օրենքով հստակորեն վերապահված էր մինչդատական վարույթի ընթացքում կալանքի մասին որոշումների դեմ վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու իրավունք:
(…) Ճիշտ է, որ 2005թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներից առաջ այդպիսի իրավունք պրակտիկայում, բայց ոչ օրենքով, գոյություն ունեցել է: Այդուհանդերձ, սահմանադրական բարեփոխումներից հետո այդ պրակտիկան դադարեցվել է և այդ բարեփոխումներով, inter alia, վերասահմանվել է վճռաբեկ դատարանի կարգավիճակը, որի դերը սահմանափակվել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթով (…): Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ վերոնշյալ սահմանադրական բարեփոխումներից հետո դիմումատուն պրակտիկայում դադարել է ունենալ այդ իրավունքը, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքերով խնդիր չի առաջացնում» (տե´ս Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, կետեր 91-93):
Բացի վերոգրյալից, Եվրոպական դատարանը, քննարկելով դիմումատուի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա բարձրացրած մի շարք այլ բողոքներ, որ իր կալանքը հիմնված չէր ողջամիտ կասկածի վրա, որ մինչդատական վարույթի ընթացքում իր կալանքը տևել է ավելի երկար, քան ՀՀ ներպետական օրենսդրությամբ թույլատրված առավելագույն ժամկետը, և որ 2004 թվականի սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած կալանքի համար բացակայել է դատական որևէ որոշում, գտել է, որ դրանցում առկա չեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների խախտումներ» (տե´ս Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, կետեր 95-96):
15. Ամփոփելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավական դիքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանն իր վճռում եզրահանգել է, որ.
ա) Ա.Մուրադխանյանի՝ 2005 թվականի դեկտեմբերի 14-ից 29-ն ընկած ժամանակահատվածի կալանքը չի համապատասխանել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջներին, ինչը պայմանավորված էր գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշում կայացնելիս կալանքի ընթացակարգը կարգավորող հստակ նորմերի բացակայությամբ (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում),
բ) Ա.Մուրադխանյանը գործի քննության ընթացքում պահվել է շարունակական կալանքի տակ «ողջամիտ ժամկետի» խախտմամբ (Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում):
16. Հիմք ընդունելով միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի հունիսի 5-ի վճիռը նոր հանգամանք է` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի և 2006 թվականի մայիսի 4-ի որոշումները վերանայելու համար:
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի հունիսի 5-ի վճիռը, որով արձանագրվել են Ա.Մուրադխանյանի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված իրավունքների խախտումներ, արդյո՞ք վերջինիս նախնական կալանքին վերաբերող` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի, 2006 թվականի մայիսի 4-ի որոշումները բեկանելու հիմք է:
18. Բարձրացված հարցին պատասխանելու նպատակով Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ բողոքի հեղինակը խնդրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի, 2006 թվականի մայիսի 4-ի որոշումները բեկանել, վարույթ ընդունել Ա.Մուրադխանյանի պաշտպանների վճռաբեկ բողոքները, ճանաչել Ա.Մուրադխանյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը (տե´ս սույն որոշման 11-րդ կետը): Այս առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռով արդեն իսկ ճանաչվել է Ա.Մուրադխանյանի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, և որոշվել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում դիմումատուին տրամադրել համարժեք գումար:
19. Ինչ վերաբերում է բողոքարկված որոշումները բեկանելու մասին բողոքաբերի խնդրանքին, ապա Եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձի իրավունքների խախտում ճանաչելու դեպքերում Եվրոպական դատարանն ընդունելի է համարում ներպետական մակարդակում այնպիսի միջոցների կիրառումը, որոնց արդյունքում հնարավոր չափով կվերականգնվի մինչ խախտումն առկա իրավիճակը: Ընդ որում, Եվրոպական դատարանը, համարելով, որ վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» հիմքերով, այդպիսիք է համարում հատկապես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերը, երբ գործի քննությունն իրականացվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում շեշտել է, որ այս դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը՝ արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Եվրոպական դատարանի համար կայուն պրակտիկա է դարձել նաև գործերի վերաբացման վերաբերյալ դրույթներն ընդգրկել վճռի մեջ:
Մասնավորապես, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ «(…) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում ճանաչելու դեպքում դիմումատուն որքան հնարավոր է պետք է գտնվի այն իրավիճակում, որում նա կլիներ, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (տե´ս mutatis mutandis, Sejdoic v. Italy [ՄՊ], գանգատ թիվ 56581/00, § 127, ՄԻԵԴ 2006 և Yanakiev v. Bulgaria, գանգատ թիվ 40476/98, § 89,10 օգոստոսի 2006թ.):
Այս առնչությամբ Դատարանը (…) այն կարծիքին է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նորից քննումը՝ արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան (տե´ս, mutatis mutandis, Lungoci, վերը ցիտած, § 56)» (տե´ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետեր 103-104):
Եվրոպական դատարանը, ինչպես նշված, այնպես էլ իր մի շարք վճիռներում արձանագրելով 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, նշել է, որ խախտման վերացման ամենահարմար միջոցը դատաքննության վերաբացումն է (տե´ս Ocalan v. Turkey, 2005 թվականի մայիսի 12-ի վճիռ, գանգատ թիվ. 46221/99, §210 և Claes and others v. Belgium, 2005 թվականի հունիսի 2-ի վճիռը, §53):
Մասնավորապես, Օջալանն ընդդեմ Թուրքիայի վճռում Եվրոպական դատարանն արձանագրել է. «Դիմողի կողմից պահանջվող վճռի կատարման անհատական միջոցառումների վերաբերյալ Դատարանը պնդում է, որ վճիռներն իրենց բնույթով հռչակագրային են, և պետությունները Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ իրենք են ընտրում իրենց իրավական համակարգին համապատասխան միջոցառումներ, որպեսզի ապահովեն Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանված իրենց պարտավորությունները (ի թիվս այլոց, տե´ս Assanidze v. Georgia [GC], գանգատ թիվ 71503/01, կետ 202, ECHR 2004-II, Scozzari and Giunta v. Italy [GC], գանգատ թիվ 39221/98 և 41963/98, կետ 249, ECHR 2000-VIII, և Brumarescu v. Romania (just satisfaction) [GC], գանգատ թիվ 28342/95, կետ 20, ECHR 2001-I):
Ինչևէ, բացառիկ դեպքերում Դատարանը, պատասխանատու պետությանը 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունները կատարելուն օժանդակելու նպատակով, նպատակահարմար է գտնում մատնանշել այն միջոցառման տեսակները, որոնք կարող են իրականացվել: Նման դեպքերում Դատարանը կարող է առաջարկել տարբեր կարգավորումներ, սակայն կոնկրետ միջոցառման ընտրությունը թողնել պետության հայեցողությանը (տե´ս Broniowski v. Poland [GC], գանգատ թիվ 31443/96, կետ 194, ECHR 2004-V):
Սակայն որոշ դեպքերում խախտման բնույթը կարող է այնպիսին լինել, որն ընտրության հնարավորություն չթողնի, և Դատարանը պետք է մատնանշի կոնկրետ միջոցառումը (տե´ս Assanidze v. Georgia [GC], գանգատ թիվ 71503/01, կետ 202):
Մեծ պալատը հավանություն է տալիս վերը մատնանշված նախադեպային իրավունքին: Նա գտնում է, որ եթե անձը դատապարտվել է այնպիսի դատարանի կողմից, որը չի համապատասխանում Կոնվենցիայի պահանջներին, ինչպես այս դեպքում, վերաքննությունը կամ գործի վերաբացումը ըստ էության հանդիսանում է խախտման վերացման ամենաճիշտ ճանապարհը: Ինչևէ, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Դատարանի նախադեպային իրավունքը»:
20. ՀՀ ներպետական օրենսդրությունը նույն կերպ նախատեսում է, որ դատարանը նոր հանգամանքի հիմքով վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը կարող է չփոփոխել: Սակայն օրենսդիրը լուրջ վերապահում է կատարում` նման դեպքերում պարտադրելով դատարանին իր որոշումը հիմնավորել ծանրակշիռ փաստարկներով:
Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն`
«(…) [Ն]որ հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «(…) [Ս]ահմանադրական դատարանը գտնում է, որ իրավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: Նկատի ունենալով, որ այս եզրույթն ամրագրված է նաև այլ հոդվածներում /մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մաս/, ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ վճռաբեկ դատարանն իրենց իրավասության շրջանակներում պարտավոր են իրավական որոշակիության սկզբունքի պահանջներից ելնելով ապահովել տվյալ դրույթի միատեսակ ընկալումն ու կիրառումը: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին» (տե´ս քաղաքացիներ Աշոտ Մանուկյանի և Արամ Բարեղամյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշումը):
Որպես հիմնավորում Վճռաբեկ դատարանը ցանկանում է քննարկել մի իրավիճակ, երբ, օրինակ` միջազգային դատարանը ճանաչել է անձի` միայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` գործի դատաքննության ողջամիտ ժամկետի խախտում: Այս դեպքում գործի քննությունն արդեն իսկ ողջամիտ ժամկետի խախտմամբ իրականացված լինելու պայմաններում գործը նորից վերաբացելը և նոր քննության ուղարկելը կպարունակի նույն խախտումը կրկին թույլ տալու վտանգը: Նշված օրինակում բերված փաստարկը կարող է համապատասխանել «ծանրակշիռ փաստարկի» չափանիշին և հիմք հանդիսանալ վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու, հետևաբար նաև դատական ակտը չբեկանելու համար:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ բողոքարկված որոշումները վերաբերել են Ա.Մուրադխանյանի նախնական կալանքին: Դրանց կայացումից հետո` 2006 թվականի մայիսի 25-ին, նրա վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կատարվել է դատաքննություն, և գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մուրադխանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 24-ի դատավճռով Ա.Մուրադխանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 117-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցության կանոններով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ընդ որում, նրա պատժի սկիզբը հաշվարկվել է 2004 թվականի մայիսի 18-ից` ներառելով այն ժամկետները, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել: Նշված դատավճիռը վերադաս դատական ատյանների կողմից թողնվել է անփոփոխ և ստացել է օրինական ուժ, որի հիման վրա Ա.Մուրադխանյանը ներկայում պատիժ է կրում (տե´ս սույն որոշման 6-7-րդ կետերը):
22. Սույն որոշման 18-20-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով 21-րդ կետում մեջբերված փաստական տվլյալները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված և սույն որոշման 15-րդ կետում մեջբերված խախտումներն իրենց բնույթով այնպիսին են, որ չէին կարող ազդել գործի ելքի վրա: Մասնավորապես, որպես խախտումներ Եվրոպական դատարանը նշել է, որ Ա.Մուրադխանյանի՝ 2005 թվականի դեկտեմբերի 14-ից 29-ն ընկած ժամանակահատվածի կալանքը չի համապատասխանել Կոնվենցիայով սահմանված օրինականության պահանջներին, որ Ա.Մուրադխանյանը պահվել է շարունակական կալանքի տակ «ողջամիտ ժամկետի» խախտմամբ: Դրա հետ մեկտեղ, գործի քննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատվել է Ա.Մուրադխանյանի մեղավորությունը նրան մեղսագրվող արարքներում և նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Անցկացված դատաքննության և կայացված դատավճռի օրինականության հետ կապված որևէ խախտում Եվրոպական դատարանը չի արձանագրել, իսկ գործի քննության ընթացքում Ա.Մուրադխանյանին կալանքի տակ պահելու գործընթացում թույլ տրված խախտումները կայացված վերջնական դատական ակտի վրա որևէ ներազդեցություն չեն ունեցել:
Բացի այդ, սույն գործով Ա.Մուրադխանյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության պայմաններում նախնական կալանքի վերաբերյալ կայացրած դատական ակտի բեկանումը ոչ միայն չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, այլև իրավական առումով անիրագործելի է, քանի որ օրինական դատավճռի հիման վրա ազատազրկման ձևով պատիժ կրող անձի նախնական կալանքի հարցի կրկին քննարկումը կհանգեցնի իրավական անորոշության:
23. Հիմք ընդունելով սույն որոշման 18-22-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի հունիսի 5-ի վճիռը, որով արձանագրվել է դիմումատուի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով երաշխավորված իրավունքների խախտումներ, հիմք չէ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի, 2006 թվականի մայիսի 4-ի որոշումները բեկանելու համար:
Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի, 2006 թվականի մայիսի 4-ի որոշումների վերանայման արդյունքում փաստաբան Լ.Սիմոնյանի բողոքը ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Արարատ Նարիմանի Մուրադխանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006 թվականի փետրվարի 27-ի և 2006 թվականի մայիսի 4-ի որոշումները վերանայել:
2. Վերանայման արդյունքում վճռաբեկ բողոքը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |