Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.51
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԲ-04/13

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ

Ա. Զեյնալյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հետևանքով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշումը վերանայելու վերաբերյալ Արտակ Պետրոսի Գաբրիելյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանի և Ա.Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հունիսի 2-ի դատավճռով Արտակ Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Ա.Գաբրիելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

2. Ա.Գաբրիելյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2004 թվականի հուլիսի 12-ի դատավճռով վերաքննիչ բողոքը թողել է առանց բավարարման, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հունիսի 2-ի դատավճիռը պատժի մասով փոփոխել է: Ա.Գաբրիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Գաբրիելյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 ամիս 6 օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Ա.Գաբրիելյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

3. Վերոգրյալ դատական ակտի դեմ Ա.Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ թողնվել է առանց բավարարման, իսկ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 12-ի դատավճիռը՝ անփոփոխ:

4. Ա.Գաբրիելյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի ապրիլի 10-ին կայացրել է վճիռ:

5. Նկատի ունենալով, որ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար, Արտակ Գաբրիելյանի ներկայացուցիչներ Ա.Զեյնալյանը և Ա.Ղազարյանը 2013 թվականի հուլիսի 8-ին բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցների կողմից բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Ա.Գաբրիելյանը դատապարտվել է հետևյալ արարքի համար. «Արտակ Գաբրիելյանը 2004թ. ապրիլի 8-ին «Ազգային միաբանություն» կուսակցության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք տարածքի գրասենյակից ստացել է «Ազատության» հրապարակում 2004թ. ապրիլի 9-ին՝ ժամը 16-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ թռուցիկներ, դրանք բաժանել է Նորքի 1-ին զանգվածում գտնվող թիվ 7 շուկայի տարածքում աշխատող, առևտուր կատարող քաղաքացիներին ու հրապարակային կոչեր արել բռնությամբ զավթել պետական իշխանությունն ու փոխել սահմանադրական կարգը: Մասնավորապես, Նորայր Սուքիասյանին, Մկրտիչ Միքայելյանին, Վոլոդյա Զարգարյանին, Օնիկ Վարդանյանին և Սամվել Խաչատրյանին թռուցիկներ բաժանելու ժամանակ կոչեր է արել մասնակցել հանրահավաքին՝ նշելով՝ «անպայման կգաք, ջարդելու ենք, հաղթելու ենք, իշխանությունների վերջը պետք է տանք և հարցերը լուծենք, կատարելու ենք հեղաշրջում, ուժով տապալելու ենք ներկա իշխանությունը, հաստատելու ենք նոր կարգեր»» (տե´ս քրեական գործ, թերթ 188):

7. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանն Ա.Գաբրիելյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում դրել է հետևյալ ապացույցները՝ Ա.Գաբրիելյանի ցուցմունքները, վկաներ Ն.Սուքիասյանի, Մ.Միքայելյանի, Վ.Զարգարյանի, Օ.Վարդանյանի, Ս.Խաչատրյանի, Գ.Ասրյանի, Գ.Դալլաքյանի ցուցմունքները, իրեղեն ապացույց ճանաչված թվով 26 թռուցիկները, դրանց մի մասն Ա.Գաբրիելյանի կողմից ոստիկանության աշխատակիցներին ներկայացնելու, թռուցիկները զննելու մասին արձանագրությունները (տե´ս քրեական գործ, թերթ 188-189):

Առաջին ատյանի դատարանում՝ դատաքննության ընթացքում, հարցաքննվել են վկաներ Ն.Սուքիասյանը, Մ.Միքայելյանը, Գ.Ասրյանը և Գ.Դալլաքյանը: Գործով մյուս վկաները` Վ.Զարգարյանը, Օ.Վարդանյանը և Ս.Խաչատրյանը, դատարան չեն ներկայացել, առաջին ատյանի դատարանի որոշմամբ վերջիններիս նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հրապարակվել են դատաքննության ընթացքում (տե´ս քրեական գործ, թերթ 164-187):

8. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում ևս գործի դատաքննությունն անցել է վկաներ Վ.Զարգարյանի, Օ.Վարդանյանի և Ս.Խաչատրյանի բացակայությամբ:

Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ վկա Վ.Զարգարյանի ցուցմունքները չեն կարող դրվել դատավճռի հիմքում, նշված ապացույցը համարել է անթույլատրելի (տե´ս քրեական գործ, թերթ 223-251):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջները

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակները գտնում են, որ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը հանդիսանում է նոր հանգամանք՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշումը վերանայելու համար:

Շարադրելով և վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ բողոքաբերները փաստել են, որ Եվրոպական դատարանն արձանագրել է Ա.Գաբրիելյանի արդար դատաքննության իրավունքի խախտում՝ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու առումով:

Մեջբերելով նոր հանգամանքի հիման վրա դատական ակտերի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ բողոք բերած անձինք եզրահանգել են, որ Ա.Գաբրիելյանի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը նրա նկատմամբ կայացված դատական ակտերը դարձրել է անօրինական, հետևաբար դրանք ենթակա են բեկանման:

10. Գտնելով, որ սույն գործով հաստատված փաստական հանգամանքները և հիշատակված վճռում Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները հնարավորություն են տալիս կայացնել նոր դատական ակտ՝ առանց դատաքննություն իրականացնելու, բողոք բերած անձինք խնդրել են հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշման վերանայման վարույթ, բեկանել այդ որոշումը, ինչպես նաև բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հունիսի 6-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 12-ի դատավճիռները, քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործությանն Ա.Գաբրիելյանի մասնակցությունն ապացուցված չլինելու կամ նրա արարքի մեջ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կամ բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 12-ի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռն արդյո՞ք նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշումը վերանայելու համար:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի համաձայն՝

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…)

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ [դրա] ուժի մեջ մտնելու պահից:

(…)»:

Մեջբերված քրեադատավարական նորմի վերլուծությունից բխում է, որ, ի թիվս այլոց, դատական ակտերը վերանայելու համար նոր հանգամանք է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հաստատվել է տվյալ գործով դատապարտված անձի՝ միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

13. Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը վերահաստատել է իր կայուն նախադեպային իրավունքի շրջանակներում բազմիցս արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ «Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետն արտացոլում է այն սկզբունքը, որ մինչև մեղադրյալի դատապարտումը ներկայացված բոլոր ապացույցները պետք է պատշաճ դիտարկվեն իր ներկայությամբ հրապարակային դատաքննության ընթացքում՝ հաշվի առնելով մրցակցության սկզբունքը: Այս սկզբունքից հնարավոր է բացառություններ կատարել, սակայն այդ դեպքում չպետք է խախտվի պաշտպանության իրավունքը, որը, որպես կանոն, պահանջում է, որպեսզի մեղադրյալին ընձեռվի բավարար և պատշաճ հնարավորություն առարկություններ ներկայացնելու և հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին, ինչպես վկայի ցուցմունք տալու ընթացքում, այնպես էլ դատավարության հետագա փուլերում (տե´ս Delta v. France, 19 դեկտեմբերի 1990թ., § 36, Series A թիվ 191-A, Van Mechelen and Others v. the Netherlands, 23 ապրիլի 1997թ., § 51, Reports of Judgments and Decisions 1997-III, Luca v. Italy, թիվ 33354/96, § 39, ՄԻԵԴ 2001-II)» (տե´ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետ 76):

Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ վկաներին մեղադրյալի ներկայությամբ հարցաքննելու սկզբունքից բացառություն անելու դեպքում պետք է պահպանվի երկու պահանջ: «(…) Առաջին՝ պետք է լինի հարգելի պատճառ վկայի չներկայանալու համար: Երկրորդ՝ երբ դատապարտումը հիմնվում է միայն կամ վճռորոշ կերպով գրավոր ցուցմունքների վրա, որոնք արել է անձը, ում մեղադրյալը չի կարողացել հարցաքննել ինքնուրույն հետաքննության կամ դատաքննության փուլում, ապա պաշտպանական կողմի իրավունքները սահմանափակվում են այն չափով, որքանով չեն համապատասխանում հոդված 6-ով ամրագրված երաշխիքներին (տե´ս AL-Kհawaja and Tahery v. the United Kingdom, 2iv 26766/05, 22228/06, § 119, 15 դեկտեմբերի 2011թ.)» (տե´ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետ 77):

 Այնուհետև Եվրոպական դատարանը շեշտել է, որ «Բացակայող վկայի կողմից ներկայացված ապացույցներն ընդունելու համար լավ պատճառաբանման պահանջն առաջնային քննարկման խնդիր է, որը պետք է ուսումնասիրվի մինչ այդ ապացույցները միակը կամ վճռորոշը համարելը: Նույնիսկ, երբ բացակայող վկայի ապացույցը միակը կամ վճռորոշը չի եղել, Դատարանն այնուամենայնիվ գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի (դ) ենթակետի խախտում, քանի որ վկային չհարցաքննելու համար լավ պատճառաբանություն չի ներկայացվել: Սա այն պատճառով է, որ որպես կանոն, վկաները պետք է տան ցուցմունքներ դատաքննության ընթացքում, և որ բոլոր ողջամիտ ջանքերը պետք է ներդրվեն նրանց ներկայությունն ապահովելու համար: Այսպիսով, եթե վկան չի ներկայանում բանավոր ցուցմունք տալու համար, ապա պարտավորվածություն կա տեղեկանալու, թե արդյոք բացակայությունն արդարացված էր (տե´ս նույն տեղում, § 120)» (տե´ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետ 78):

14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված դիրքորոշումների հիման վրա Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ա.Գաբրիելյանի դատապարտումը, inter alia, հիմնված է եղել վկաներ Օ.Վարդանյանի և Ս.Խաչատրյանի ցուցմունքների վրա, որոնց անձամբ հարցաքննելու հնարավորություն Ա.Գաբրիելյանը ոչ մինչդատական վարույթի ժամանակ և ոչ էլ դատարանում չի ունեցել, բացի այդ, որևէ դատարան երբևէ չի լսել այս վկաներին: Չնայած այն հանգամանքին, որ նշված վկաների դատաքննությանը չներկայանալու պատճառը եղել է նրանց ենթադրյալ բացակայությունը Հայաստանի Հանրապետությունից, այնուամենայնիվ Եվրոպական դատարանն այս հանգամանքը չի գնահատել որպես հարգելի պատճառ, որը կարդարացներ այդ վկաներին մեղադրյալի ներկայությամբ չհարցաքննելու փաստը: Այս առումով Եվրոպական դատարանը նշել է, որ «(…) եթե վկան բացակայում է երկրից, որտեղ վարույթն ընթանում է, դա ինքնին բավարար չէ 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետի պահանջները բավարարելու համար, որը Պայմանավորվող պետություններից պահանջում է ձեռնարկել դրական քայլեր՝ մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննել իր դեմ ցուցմունք տված վկաներին (տե´ս Sadak and Others v. Turkey, թիվ 29900/96, 29901/96, 29902/96 և 29903/96, § 67, ՄԻԵԴ 2001-VIII): Այդպիսի միջոցառումները կազմում են Պայմանավորվող պետությունների կողմից կատարման ենթակա պարտավորությունների մաս, որը պետք է երաշխավորի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքների արդյունավետ իրականացում (տե´ս Colozza v. Italy, 12 փետրվարի 1985թ., § 28, Series A թիվ 89)» (տե´ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետեր 80-81):

Եվրոպական դատարանը, ընդունելով հանդերձ, որ սույն գործով դատարանները որոշ միջոցներ են ձեռնարկել վկաներ Օ.Վարդանյանի և Ս.Խաչատրյանի բացակայության պատճառների մասին տեղեկանալու և դատաքննությանը նրանց ներկայությունն ապահովելու համար, այնուամենայնիվ գտել է, որ «(…) գործադրված ջանքերն այս գործի շրջանակներում բավարար չեն կարող համարվել (այս առնչությամբ տե´ս Artner v. Austria, 28 օգոստոսի 1992թ., § 21, Series A թիվ 242-A, որով ավստրիական ոստիկանությունը գործը քննող դատարանի կողմից կարգադրություն էր ստացել ձեռնարկել բոլոր միջոցները բացակայող վկաներին գտնելու համար, Berisha v. the Netherlands (որոշում), թիվ 42965/98, 4 մայիսի 2000թ., որով հոլանդական իշխանությունները փորձել են զանգահարել Սլովակիայի Հանրապետությունում գտնվող վկային սլովակ իշխանությունների միջոցով և Haas v. Germany (որոշում), թիվ 73047/01, 17 նոյեմբերի 2005թ., որով գերմանական իշխանությունները ձեռնարկել են զգալի միջոցառումներ Լիբանանի բանտում պատիժը կրող վկայի ներկայությունն ապահովելու համար): Այսպիսով, չի կարելի պնդել, որ առկա էին հարգելի պատճառներ վկաներ Օ.Վ-ին և Ս.Խ-ին չհարցաքննելու համար, կամ որ ներպետական իշխանություններն իրականացրել են իրենց պարտականությունը՝ ճշտելու՝ արդյոք նրանց բացակայությունն արդարացված էր:

(…) Վերը նշված դիտարկումները բավարար են Դատարանին միանշանակ եզրակացնելու, որ դատապարտման հարցը լուծելիս առանց հիմնավորման սահմանափակվել է դիմումատուի [Ա.Գաբրիելյանի]՝ վճռորոշ դեր ունեցող վկաներին հարցաքննելու իրավունքը: Նա չէր կարող նրանց արժանահավատ լինելու հանգամանքը ենթարկել մանրակրկիտ ստուգման կամ կասկածի տակ դնել նրանց գրավոր ցուցմունքները: Սա հատկապես անհանգստացնող է հաշվի առնելով, որ նշված վկաներն անձամբ ծանոթ չեն եղել դիմումատուին և վարույթի ոչ մի փուլում երբևէ նրանցից չի պահանջվել ճանաչել դիմումատուին» (տե´ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետեր 84 և 86):

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը, անդրադառնալով դատապարտման հիմքում դրված ապացույցների կապակցությամբ պաշտպանության կողմի հակընդդեմ հարցում իրականացնելու (կոնֆրոնտացիայի) իրավունքին («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 կետի (դ) ենթակետ), շեշտել է, որ եթե մեղադրյալին դատավարության որևէ փուլում հնարավորություն չի տրվում հարցեր ուղղել իր դեմ ցուցմունք տված վկային, ապա նա զրկվում է արդար դատաքննության իրավունքից: Եվրոպական դատարանը, սակայն, փաստել է, որ առանց հակընդդեմ հարցման ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելու արգելքը բացարձակ բնույթ չի կրում: Այդպիսի ապացույցն օգտագործելու համար անհրաժեշտ է պահպանել երկու պահանջ, այն է՝

ա) պետք է լինի հարգելի պատճառ վկայի չներկայանալու համար,

բ) անձի դատապարտումը ամբողջապես կամ վճռական չափով չպետք է հիմնված լինի այդպիսի ապացույցի վրա:

Այլ խոսքով՝ հակընդդեմ հարցման իրավունքով չապահովված վկայի ցուցմունքը մեղադրական դատավճռի հիմքում դնելն արդար դատաքննության իրավունքի խախտման չի հանգեցնի, եթե վկայի բացակայությունը եղել է արդարացված, և եթե այդ ապացույցը վճռական կշիռ չի ունեցել անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում: Ընդ որում, նման ապացույցն օգտագործելու համար դատարանը պարտավոր է ներկայացնել պատշաճ պատճառաբանություններ: Եվրոպական դատարանը շեշտել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ բացակայող վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ ապացույցը չէ, վկային չհարցաքննելու համար լավ պատճառաբանություն չներկայացնելը հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում արտահայտած իրավական դիրքորոշումները ոչ թե կոնկրետ գործի փաստերով պայմանավորված դատողություններ են, այլ Եվրոպական դատարանի կայուն նախադեպային պրակտիկայի արտահայտություն, որը բազմիցս վերահաստատվել ու կիրառվել է մի շարք գործերով: Վճռաբեկ դատարանը պաշտպանության կողմի հակընդդեմ հարցման իրավունքին անդրադարձել է Հ.Սահակյանի գործով որոշման մեջ (տե´ս Համայակ Զալիկոյի Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 22-23-րդ կետերը):

16. Միևնույն ժամանակ, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանն անդրադարձել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով պետությունների կողմից կատարման ենթակա պարտավորություններին: Այս առումով Եվրոպական դատարանը շեշտել է, որ վկայի բացակայությունը երկրից ինքնին բավարար չէ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 կետի (դ) ենթակետի պահանջները բավարարված դիտելու համար: Նշված պահանջների իմաստով պետությունը պոզիտիվ պարտականություն ունի ձեռնարկել քայլեր՝ մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին: Հետևաբար, վկայի բացակայության դեպքում դատարանները պետք է ձեռնարկեն ողջամիտ բոլոր ջանքերը նրա ներկայությունն ապահովելու համար, այդ թվում՝ հանձնարարեն իրավասու մարմիններին հնարավոր բոլոր միջոցներով պարզել վկայի գտնվելու վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմեն նաև միջազգային իրավական օգնության:

Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ վկաներ Օ.Վարդանյանի և Ս.Խաչատրյանի ցուցմունքները վճռորոշ նշանակություն են ունեցել Ա.Գաբրիելյանի դատապարտման համար, որոնց անձամբ հարցաքննելու հնարավորություն Ա.Գաբրիելյանը ոչ մինչդատական վարույթի ժամանակ և ոչ էլ դատարանում չի ունեցել: Բացի այդ, Եվրոպական դատարանը փաստել է, որ սույն գործի քննության ընթացքում դատարաններն անհրաժեշտ բոլոր ջանքերը չեն գործադրել նշված վկաների ներկայությունը դատաքննությանն ապահովելու համար, ինչը հնարավորություն կտար Ա.Գաբրիելյանին իրականացնել իր հակընդդեմ հարցման իրավունքը: Վերոգրյալի գնահատմամբ Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դատապարտման հարցը լուծելիս առանց հիմնավորման սահմանափակվել է Ա.Գաբրիելյանի՝ վճռորոշ դեր ունեցող վկաներին հարցաքննելու իրավունքը:

Արդյունքում, Եվրոպական դատարանը Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռել է, որ «առկա է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում 6-րդ հոդվածի 3-րդ կետի (դ) ենթակետի հետ միասին վերցված՝ [Ա.Գաբրիելյանի] կողմից իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու առնչությամբ»:

17. Այսպիսով նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը հաստատված է համարել սույն գործով դատապարտված անձի՝ Ա.Գաբրիելյանի՝ միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշումը վերանայելու համար:

18. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Եվրոպական դատարանը շեշտել է, որ «(…) վճիռը, որով հաստատվում է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իրավական պարտավորություն է դնում պատասխանող Պետության վրա ոչ միայն վճարել շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցման ձևով շնորհված գումարները, այլ նաև ընտրել ներպետական մակարդակում ընդունելի ընդհանուր և/կամ անհատական այնպիսի միջոցներ, որոնք վերջ կդնեն Դատարանի կողմից ճանաչված խախտմանը և կնպաստեն բոլոր հետևանքների հավանական հատուցմանն այնպես, որ հնարավոր չափով վերականգնվի մինչ խախտումն առկա իրավիճակը (տե´ս Scozzari and Giunta v. Italy [ՄՊ], թիվ 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000-VIII, Ilascu and Others v. Moldova and Russia [ՄՊ], թիվ 48787/99, § 487, ՄԻԵԴ 2004-VII և Lungoci v. Romania, թիվ 62710/00, § 55, 26 հունվարի 2006թ.): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում ճանաչելու դեպքում դիմումատուն որքան հնարավոր է պետք է գտնվի այն իրավիճակում, որում նա կլիներ, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (տե´ս, mutatis mutandis, Sejdovic v. Italy [ՄՊ], թիվ 56581/00, § 127, ՄԻԵԴ 2006 և Yanakiev v. Bulgaria, թիվ 40476/98, § 89,10 օգոստոսի 2006թ.):

Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ և 426.4-րդ հոդվածները թույլ են տալիս ներպետական վարույթի վերաբացում, եթե Դատարանը հայտնաբերի Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում (…): Դատարանը ցանկացած դեպքում այն կարծիքին է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նորից քննումը՝ արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան (տե´ս, mսtatis mսtaոdis, Lungoci, վերը ցիտած, § 56)» (տե´ս Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, կետ 103-104):

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Գաբրիելյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշումը պետք է վերանայել, բեկանել ստորադաս դատարանների դատավճիռները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության, ինչը հնարավորություն կտա վերացնել Ա.Գաբրիելյանի՝ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված արդար դատաքննության իրավունքի խախտումը և գործում առկա ապացույցների զանգվածի գնահատմամբ (տե´ս սույն որոշման 7-8-րդ կետերը) եզրահանգման գալ Ա.Գաբրիելյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ, 4261-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ և 4269-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Արտակ Պետրոսի Գաբրիելյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի 2004 թվականի օգոստոսի 6-ի որոշումը վերանայել:

2. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հունիսի 2-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2004 թվականի հուլիսի 12-ի դատավճիռները բեկանել և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան