Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.19/14(1027) Հոդ.110
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0232/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0232/02/11

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝   

Ա. Պետրոսյան
 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Շուշիկ Ալեքսանյանի և Օնիկ Մալաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սեյրան Քոչարյանի ընդդեմ Օնիկ Մալաքյանի, Շուշիկ Ալեքսանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` ինքնակամ կառույցները քանդելու, աստիճանավանդակը տեղափոխելու և համասեփականության իրավունքով պատկանող հողամասն առանձնացնելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Շուշիկ Ալեքսանյանի ընդդեմ Սեյրան Քոչարյանի, երրորդ անձ Կոմիտեի` փոխհատուցում տրամադրելու և իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեյրան Քոչարյանը պահանջել է Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում կառուցված ինքնակամ կառույցներն այն կատարած անձանց միջոցներով քանդել և հողամասը բերել նախկին տեսքին, իր պատուհանին կից աստիճանավանդակը տեղափոխել և համասեփականության իրավունքով պատկանող հողամասն առանձնացնել:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Շուշիկ Ալեքսանյանը պահանջել է Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում գտնվող առանձնացվող գույքի անհամաչափությունը վերացնելու նպատակով պարտավորեցնել Սեյրան Քոչարյանին տրամադրելու 1.500.000 ՀՀ դրամ փոխհատուցում` 80,8քմ մակերեսով հողամասի համար, և փակելու իր կողմից օգտագործվող տարածքի վրա բացված պատուհանը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 03.04.2013 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2013 թվականի որոշմամբ Սեյրան Քոչարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 03.04.2013 թվականի վճիռը մասնակի բեկանվել է և փոփոխվել. հայցը` ինքնակամ կառույցները քանդելու մասով, բավարարվել է` պարտավորեցվել է Օնիկ Մալաքյանին և Շուշիկ Ալեքսանյանին իրենց միջոցների հաշվին քանդել Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում կառուցած ինքնակամ կառույցները և հողամասը բերել նախկին տեսքին: Սեյրան Քոչարյանի պատուհանին կից աստիճանավանդակը տեղափոխելու և համասեփականության իրավունքով պատկանող հողամասն առանձնացնելու պահանջների մասով քաղաքացիական գործն ուղարկվել է նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Շուշիկ Ալեքսանյանը և Օնիկ Մալաքյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 169-րդ, 199-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի հետազոտել և չի գնահատել Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեի նախկին սեփականատերերի և հարևանների հայտարարությունները, վկաների ցուցմունքները և գործում առկա այլ ապացույցները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե նույնիսկ վիճելի կառույցներն արտացոլված չեն 2005 թվականի սեփականության իրավունքի վկայականում, դա դեռևս չի ապացուցում այն փաստը, որ դրանք կառուցվել են 2005 թվականից հետո:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև այն հանգամանքին, որ հողամասում առկա Շուշիկ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը և աստիճանավանդակը` որպես օրինական կառույցներ, արտացոլված են վերջինիս դեռևս 22.04.1992 թվականին տրված սեփականության վկայագրում: Դարպասը, որը Վերաքննիչ դատարանը համարել է ինքնակամ կառույց, կառուցված է եղել դեռևս 1955 թվականին, հանդիսանում է հողամասը փողոցից սահմանազատող միակ կառույցը և միակ ելքը` ավտոտնակից դեպի փողոց մեքենայով դուրս գալու համար: Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և գնահատել նշված փաստերի վերաբերյալ վկաներ Գևորգ Խտշյանի, Սամվել Պապիկյանի ցուցմունքները, փոխարենն իր պատճառաբանություններում հենվել է Կոմիտեի ներկայացուցչի և փորձագետի բացատրությունների վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության համաձայն` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում կառուցված ինքնակամ շինությունները կառուցվել են մինչև 2005 թվականը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համաձայն Կոմիտեի կողմից 05.10.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2042603 վկայականի` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 բնակելի տան նկատմամբ գրանցված է Սեյրան Քոչարյանի սեփականության իրավունքը, հիմք` նոտարի 11.03.1981 թվականի թիվ 1-1881 բնակելի տան մասի առուվաճառքի պայմանագիրը, 15.04.1993 թվականի թիվ 7/8 արձանագրությունը, գործկոմի 03.08.1993 թվականի թիվ 4-2667 նախագիծը: Բնակելի տան մակերեսը կազմում է 131,5քմ, հողամասի մակերեսը կազմում է 500քմ և հանդիսանում է ընդհանուր սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 13-18):

2) Համաձայն Կոմիտեի կողմից 11.05.2007 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2245832 վկայականի` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 բնակելի տան նկատմամբ գրանցված է Օնիկ Մալաքյանի սեփականության իրավունքը, հիմք` 07.05.2007 թվականի թիվ 4306 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, 01.10.1991 թվականի թիվ 5-3690 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը: Բնակելի տան մակերեսը կազմում է 94,4քմ, հողամասի մակերեսը կազմում է 500քմ և հանդիսանում է ընդհանուր սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 42-45):

3) Համաձայն Կոմիտեի կողմից 16.06.2005 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1965066 վկայականի` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 բնակելի տան նկատմամբ գրանցված է Շուշիկ Ալեքսանյանի սեփականության իրավունքը, հիմք` նոտարի 21.04.1992 թվականի թիվ 1-2346 բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը: Բնակելի տան մակերեսը կազմում է 88,6քմ, հողամասի մակերեսը կազմում է 500քմ և հանդիսանում է ընդհանուր սեփականություն (հատոր 1-ին, գ.թ. 46-47):

4) Շուշիկ Ալեքսանյանը, Սեյրան Քոչարյանը, Նատալյա Դիլանյանը գրավոր համաձայնություն են տվել այն մասին, որ յուրաքանչյուրը Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 բնակելի տան իր ինքնակամ շինություններն օրինականացնի, որի համար ստորագրել են, իսկ վերջիններիս ստորագրության իսկությունը վավերացվել է 10.06.2005 թվականին Երևանի Արաբկիր նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 41):

6) Համաձայն ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 15.02.2012 թվականի թիվ 11-1669 եզրակացության` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում տան հիմնական շենքի ծավալից դուրս կառուցված ինքնակամ շինությունները կառուցվել են մինչև 2005 թվականը: Սեյրան Քոչարյանի պատուհանին կից գոյություն ունեցող` տան երկրորդ հարկ տանող աստիճանների առկա դիրքը չի առնչվում ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող որևէ նորմատիվային պահանջի ապահովման հետ: Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեի հողամասը, առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, ըստ հասանելի բաժնեմասերի հնարավոր չէ տեխնիկապես առանձնացնել: Այն հնարավոր է առանձնացնել` փաստացի իրավիճակից ելնելով, որի վերաբերյալ տարբերակը բերված է եզրակացության թիվ 5 հավելվածում (հատոր 2-րդ, գ.թ. 2-24, 54-55):

7) Ինքնակամ կառույցները քանդելու պայմաններում համասեփականատերերի միջև հողամասի բաժանման տարբերակների, ինչպես նաև Սեյրան Քոչարյանի տան պատուհանն օրինական լինելու և այն փակելու հնարավորության վերաբերյալ փորձագետի կողմից եզրակացություն չի տրվել (հատոր 2-րդ, գ.թ. 13-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինքնակամ կառույցը քանդել պարտավորեցնելու հայցերով ապացուցման առարկան կազմող փաստերին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր գործով ապացուցման առարկան ձևավորվում է ոչ միայն հայցի կամ դրա դեմ բերվող առարկությունների հիմքում ընկած փաստերից, այլև վիճելի իրավահարաբերությունը կարգավորող իրավանորմում մատնանշված փաստերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված հոդվածը, սահմանելով ինքնակամ կառույցի հասկացությունը, թվարկում է այն խախտումները, որոնցից որևէ մեկի առկայությունը պայմանավորում է կառույցի ինքնակամ բնույթը: Մասնավորապես, ինքնակամ կարող է համարվել այն շենքը, շինությունը կամ այլ կառույցը, որը կառուցվել կամ վերակառուցվել է.

 օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում (հողահատկացում չի կատարվել կամ հողամասը տրամադրված է եղել այլ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար), կամ առանց թույլտվության (քաղաքաշինական փաստաթղթերի բացակայությամբ), կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ, կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերը, այդ թվում` ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման հետ կապված ռիսկերը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Վկայակոչված իրավադրույթների փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ ինքնակամ կառույցը քանդել պարտավորեցնելու պահանջներով դատարան կարող է դիմել այն սուբյեկտը, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտում է ինքնակամ կառույցը պահպանելը, իսկ ինքնակամ կառույցը քանդելու պարտավորություն կարող է դրվել այդ կառույցով զբաղեցված հողամասի սեփականատիրոջ վրա:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.

- վեճի առարկա կառույցը ինքնակամ է, թե ոչ: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված փաստը ենթակա է պարզման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորման համատեքստում.

- ում է պատկանում հողամասը, որի վրա գտնվում է ինքնակամ կառույցը.

- արդյոք ինքնակամ կառույցը պահպանելը խախտում է դատարան դիմած շահագրգիռ անձի որևէ իրավունք և օրենքով պահպանվող որևէ շահ:

 Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ վերոնշյալ փաստերը կարող են հաստատվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով ձեռք բերված բավարար ապացույցների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության և գնահատման արդյունքում:

 Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեի բնակելի տնով ծանրաբեռնված 500քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Շուշիկ Ալեքսանյանին, Սեյրան Քոչարյանին և Օնիկ Մալաքյանին: Վերոնշյալ բնակելի տան 88,6քմ մակերեսի սեփականատեր հանդիսանում է Շուշիկ Ալեքսանյանը, 131,5քմ մակերեսի սեփականատեր` Սեյրան Քոչարյանը, 94,4քմ մակերեսի սեփականատեր` Օնիկ Մալաքյանը:

Շուշիկ Ալեքսանյանը, Սեյրան Քոչարյանը, Նատալյա Դիլանյանը 10.06.2005 թվականին նոտարական կարգով համաձայնություն են տվել այն մասին, որ յուրաքանչյուրը Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 բնակելի տան իր ինքնակամ շինություններն օրինականացնի:

ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 15.02.2012 թվականի թիվ 11-1669 եզրակացության համաձայն` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում տան հիմնական շենքի ծավալից դուրս կառուցված ինքնակամ շինությունները կառուցվել են մինչև 2005 թվականը: Սեյրան Քոչարյանի պատուհանին կից գոյություն ունեցող` տան երկրորդ հարկ տանող աստիճանների առկա դիրքը չի առնչվում ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող որևէ նորմատիվային պահանջի ապահովման հետ:

Դատարանը հողամասի բաժանման պահանջի մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեի համատեղ սեփականություն հանդիսացող 500քմ մակերեսով հողամասում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշված չէ, այսինքն` այն համարվում է հավասար և սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքից բաժին առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնությունը բացակայում է, իսկ համաձայն ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 15.02.2012 թվականի թիվ 11-1669 եզրակացության` Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեի հողամասն ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին առանց անհամաչափ վնաս պատճառելու, ըստ հասանելի բաժնեմասերի հնարավոր չէ տեխնիկապես առանձնացնել: Ինչ վերաբերում է նշված եզրակացությամբ փաստացի իրավիճակից ելնելով եզրակացության թիվ 5 հավելվածում տրված եղանակով գույքն առանձնացնելու տարբերակին, ապա դրա վերաբերյալ կողմերը համաձայնության չեն եկել:

Անդրադառնալով ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի 15.02.2012 թվականի թիվ 11-1669 եզրակացությանը կից հավելվածներում նշված 32,9քմ մակերեսով Շուշիկ Ալեքսանյանի ավտոտնակին կից պատն ու դարպասը և 10,8քմ մակերեսով Օնիկ Մալաքյանի տանը կից դուռն ու պատը քանդել պարտավորեցնելու պահանջին` Դատարանն արձանագրել է, որ համաձայն դատաքննությամբ հետազոտված ապացույցների` նշված գույքը կառուցվել է 2005 թվականից առաջ, իսկ Շուշիկ Ալեքսանյանը, Սեյրան Քոչարյանը, Նատալյա Դիլանյանը 10.06.2005 թվականին Արաբկիրի նոտարական տարածքում նոտարական կարգով համաձայնություն են տվել այն մասին, որ յուրաքանչյուրը Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 բնակելի տան իր ինքնակամ շինություններն օրինականացնի: Պատճառաբանելով, որ հայցվորը չի ապացուցել պարիսպը 2005 թվականին տրված համաձայնությունից հետո կառուցված լինելու փաստը, Դատարանը գտել է, որ ինքնակամ կառույցները քանդել պարտավորեցնելու պահանջն իրավաչափ չէ և ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է աստիճանավանդակը տեղափոխել պարտավորեցնելու պահանջին, Դատարանը գտել է, որ այն ևս անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ համաձայն հետազոտված ապացույցների` աստիճանավանդակը հանդիսանում է օրինական կառույց և նման պայմաններում այն պատասխանողներին տեղափոխել պարտավորեցնելու հիմքեր չկան:

Վերաքննիչ դատարանը ինքնակամ կառույցները քանդելու մասով վերաքննիչ բողոքը բավարարելու և դատական ակտը փոփոխելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ նոտարական կարգով 10.06.2005 թվականին տրված համաձայնությունը, դրա հիման վրա և դրանից հետո Կոմիտեի կողմից Սեյրան Քոչարյանին, Օնիկ Մալաքյանին և Շուշիկ Ալեքսանյանին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները բավարար են եղել եզրահանգելու, որ փորձագիտական եզրակացության մեջ արտացոլված և համասեփականատերերի սեփականության իրավունքի վկայականներում չարտացոլված շինությունները ինքնակամ կառույցներ են, որոնք կառուցվել են համաձայնությունից հետո, ինչով խախտվել է համասեփականատերերից Սեյրան Քոչարյանի համասեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ Դատարանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի, չի գնահատել դատական նիստի ընթացքում Կոմիտեի ներկայացուցչի կողմից տրված բացատրությունն առ այն, որ 2005 թվականի համաձայնությունից հետո երկու անգամ կատարվել են չափագրման աշխատանքներ, և ներկայիս ինքնակամ կառույցները չեն եղել, ինչպես նաև փորձագետ Հ. Ավետիսյանի կողմից տրված բացատրությունն առ այն, որ Արաբկիր համայնքի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում տան հիմնական շենքի ծավալից դուրս կառուցված ինքնակամ շինությունները մինչև 2005 թվականը կառուցված լինելու վերաբերյալ իր եզրակացությունը հիմնված է սույն գործով պատասխանողների` փորձաքննության ժամանակ արած հայտարարության վրա: Նշված բացատրությունների առկայության պայմաններում Դատարանը պետք է հանգեր հետևության, որ փորձագետի եզրակացությունն ամբողջական չէ, քանի որ տրված եզրակացությամբ փորձագետն ամրագրել է, որ կառույցներն ինքնակամ չեն, և հողամասի առանձնացման տարբերակը տրամադրել է` դիտելով, որ հասցեում առկա բոլոր կառույցներն օրինական են, հետևաբար փորձագետի կողմից չի տրամադրվել եզրակացություն հասցեում առկա հողամասի բաժանման տարբերակն ինքնակամ կառույցները քանդելու պայմաններում:

Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանի հետևությունները` ինքնակամ կառույցները քանդելու պահանջի մասով, անհիմն են, չեն բխում սույն գործի փաստերից և հիմնված չեն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա:

Այսպես` Վերաքննիչ դատարանը, համեմատելով վիճելի հասցեի համասեփականատերերի սեփականության իրավունքի գրանցման վկայականները և փորձագիտական եզրակացության հատակագծերը, արձանագրել է, որ «սեփականության իրավունքի վկայականներում չարտացոլված կառույցներն ինքնակամ են, խախտել են համասեփականատեր Սեյրան Քոչարյանի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ուստի ենթակա են քանդման»: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պետք է հստակ նշեր, թե վիճելի հասցեի որ կառույցներն են իրականացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված որևէ պայմանի խախտմամբ, այսինքն` կառուցվել են առանց հողհատկացման կամ թույլտվության կամ հոդվածում նշված այլ խախտումներով, որքան է այդպիսի կառույցի (կառույցների) մակերեսը, այդ կառույցը պահպանելը որևէ կերպ խախտում է հայցվորի իրավունքները: Միայն նշված փաստերը բազմակողմանի և լիարժեք բացահայտելու արդյունքում Վերաքննիչ դատարանը կարող էր հետևություն անել հայցը` ինքնակամ կառույցները քանդելու պահանջի մասով, բավարարելու մասին: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված հարցադրման կապակցությամբ փորձագետի եզրակացությունն ամբողջական չէ, արդյունքում բավարար ապացույցների բացակայության պայմաններում եզրահանգել է, որ վիճելի հասցեում առկա են ինքնակամ կառույցներ: Հատկանշական է, որ Դատարանի վճիռը նշված մասով բեկանելով, փոփոխելով և հայցը բավարարելով` Վերաքննիչ դատարանն այդպես էլ իր որոշման մեջ չի նշել, թե որոնք են քանդման ենթակա` Շուշիկ Ալեքսանյանի, Սեյրան Քոչարյանի և Նատալյա Դիլանյանի միջև 10.06.2005 թվականի գրավոր համաձայնության կնքումից հետո կառուցված ինքնակամ կառույցները:

Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է նաև հայցվորի պատուհանին կից աստիճանավանդակը տեղափոխելու վերաբերյալ գործը նոր քննության ուղարկելու մասով, քանի որ գործում առկա են բավարար ապացույցներ այն մասին, որ աստիճանավանդակն օրինական կառույց է, իսկ աստիճանների առկա դիրքը չի առնչվում քաղաքաշինության բնագավառում գործող որևէ նորմատիվ պահանջի ապահովման հետ: Նման պայմաններում Դատարանն իրավացիորեն հայցը նշված մասով մերժել է, իսկ Վերաքննիչ դատարանը, այդ մասով գործը նոր քննության ուղարկելով, այդպես էլ չի հիմնավորել նոր քննության անհրաժեշտությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող մասով անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

Ինչ վերաբերում է հողամասն առանձնացնելու պահանջի մասով գործը նոր քննության ուղարկելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն ոչ ամբողջական է համարել այդ կապակցությամբ տրված փորձագետի եզրակացությունը: Քանի որ գործով պարզված չէ ինքնակամ կառույցների առկայության փաստը, իսկ հողամասի առանձնացման տարբերակները փորձագետի կողմից առաջարկվել են հողամասում առկա բոլոր շինություններն օրինական համարելու պարագայում, հետևաբար առկա չէ փորձագիտական եզրակացություն` ինքնակամ շինությունների առկայության և դրանց քանդման պարագայում հողամասի բաժիններն առանձնացնելու հնարավորության վերաբերյալ: Նման պայմաններում հողամասի առանձնացման պահանջի մասով անհրաժեշտ է գործի նոր քննություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2013 թվականի որոշման` Օնիկ Մալաքյանին և Շուշիկ Ալեքսանյանին իրենց միջոցների հաշվին Երևանի Կոմիտասի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 20 հասցեում կառուցած ինքնակամ կառույցները քանդել պարտավորեցնելու և հողամասը նախկին տեսքին բերելու մասը և այդ պահանջի մասով գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Բեկանել նույն որոշման` Սեյրան Քոչարյանի պատուհանին կից աստիճանավանդակը տեղափոխելու մասը և այդ պահանջի մասով օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.04.2013 թվականի վճռին:

Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան