ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2014 թվականի N 116-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ -Նովայի 7 հասցեում գտնվող` 2947.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններով և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված` 0.7530 հեկտար հողամասով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը, որից հետո «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Իռ-Վինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 48, բն. 1):
6. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2014 թվականի հունվարի 14-ի դրությամբ գնահատված արժեքը` 277277.74 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 25 տոկոսի չափով՝ 69 320 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.7530 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը` 9352.26 հազ. դրամ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գումարից 34 660 հազ. դրամ գումարի և հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 600 000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`
1) հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) գույքն օգտագործել որպես բժշկական կենտրոն.
3) մինչև լուծարման գործընթացի ավարտն իրականացնել «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շարժական գույքի պահառությունը.
4) «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատման օրվանից 15-օրյա ժամկետում ապահովել լուծարման միջանկյալ հաշվեկշռում ընդգրկված` ընկերության պարտավորությունների չափով դրամական միջոցների տրամադրումը լուծարման հանձնաժողովին.
5) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
8. Գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գումարից 34 660 հազ. դրամը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ մնացած գումարը` երեք տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ` անշարժ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության առողջպահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներին:
10. Սահմանել, որ`
1) «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքն ամրացվում է «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
11. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|