Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0990/05/11

2013 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/0990/05/11

Նախագահող դատավոր՝  Ա. Առաքելյան

Դատավորներ` Ա. Աբովյան

                    Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ վարչական ակտերն ամբողջությամբ վերացնելու, բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, վարչական մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 10.02.2011 թվականի թիվ 3577/8 որոշումը և 18.02.2011 թվականի թիվ 4494/8-2 որոշումը, պարտավորեցնել Կոմիտեին ընդունել նոր որոշում՝ թույլատրելով Կազմակերպությանը շարունակել ինքնահայտարարագրել ներմուծվող կրոնական գրականությունը՝ առանց մաքսային ձևակերպումների մասնագետի ծառայությունների, պարտավորեցնել Կոմիտեին ակտիվացնել TWM մաքսային ձևակերպումների ավտոմատ համակարգչային ծրագիր մուտք գործելու Կազմակերպության կոդը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր`Ա. Միրզոյան) (այսուհետ՝ Դատարան) 12.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.05.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը, 132-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Կառավարության «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն օրենքի խախտմամբ եզրահանգել է, որ Կազմակերպությունը չի կարող ինքնուրույն հայտարարագիր ներկայացնել, քանի որ որպես հայտարարատու հանդես գալու անհրաժեշտ լիազորությունները հավաստող պարտադիր փաստաթուղթ է դիտարկվում նաև մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթը: Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում իմաստազրկվում է բեռի սեփականատիրոջ կողմից սեփական բեռն առանց մաքսային միջնորդի ծառայությունից օգտվելու հայտարարագրելու՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը: Մինչդեռ, ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժ» և «ժա» կետերի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 132-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 6-րդ կետի համադրված վերլուծության հիման վրա բողոք բերող անձը եզրահանգում է, որ ապրանք տեղափոխող անձը կարող է հայտարարագրումը կատարել ինքնուրույնաբար, որի դեպքում չի կարող ներկայացվել մասնագետի որակավորումը հաստատող վկայական ներկայացնելու պահանջ: Ըստ բողոք բերող անձի՝ նման պահանջ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ հայտարարագրումը կատարվում է մաքսային բրոքերի միջոցով: Որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը կիրառելի է միայն այն դեպքի առնչությամբ, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս մաքսային միջնորդը:

Դատարանը նաև, ի խախտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածների, պատշաճ գնահատականի չի արժանացրել Կազմակերպության կողմից 2008-2011 թվականների իր կողմից ստացվող բեռներն առանց մասնագետի օգնության ինքնուրույնաբար հայտարարագրելու փաստը հաստատող ապացույցներն ու իրավական հիմնավորումները:

Դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ ի կատարումն Դատարանի 08.06.2011 թվականի «Անհրաժեշտ ապացույցների հետազոտման նպատակով պահանջելու մասին» որոշման Կոմիտեն այդպես էլ Դատարանին չի ներկայացրել որևէ տեղեկատվություն՝ հիմնավորելու համար իր կողմից դեռևս 2008 թվականին Կազմակերպությանը տրամադրված հայտարարագրի ներկայացման ավտոմատ համակարգ մուտք գործելու ծածկագրի և դրա ակտիվացման հիմքերի վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կազմակերպության լիազորված անձ Գևորգ Զաքարյանը 2008 թվականից մինչև 2011 թվականի փետրվար ամիսը, չհանդիսանալով մասնագիտական որակավորում ունեցող անձ, կատարել է հայտարարագրում էլեկտրոնային եղանակով՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային TWM ծրագրով: 2011 թվականի փետրվարին հերթական ձևակերպում կատարելիս պարզվել է, որ նշված ծրագրին մուտքն արգելափակված է մաքսային մարմնի կողմից՝ մասնագիտական որակավորում չունենալու պատճառաբանությամբ:

2) Կազմակերպության կողմից 08.02.2011 թվականին Կոմիտեի նախագահին ուղղված թիվ 6 դիմումի համաձայն՝ Կազմակերպությունը խնդրել է ցուցում տալ Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետին ակտիվացնելու Կազմակերպության անունով գոյություն ունեցող գաղտնաբառը, ցուցում տալու վարչության պետին ապագայում անցկացվելիք մաքսային միջնորդի որակավորման հերթական քննություններից հետո ապաակտիվացնել Կազմակերպության կողմից ինքնահայտարարագրման նպատակով օգտագործվող գաղտնաբառը (հատոր 1-ին, գ.թ. 89-90):

3) Կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 10.02.2011 թվականի թիվ 3577/8-2 գրությամբ Կազմակերպությանը պատասխան է տրվել, որ համաձայն ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի թիվ 1779-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «բ» ենթակետի՝ մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթը համարվում է անձի՝ որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթղթերից մեկը (հատոր 1-ին, գ.թ. 92):

4) Կազմակերպության կողմից 15.02.2011 թվականին Կոմիտեի Նախագահին ներկայացվել է նույնաբովանդակ թիվ 9 դիմումը (հատոր 1-ին, գ.թ. 93-94):

5) Կոմիտեի նախագահի տեղակալի 18.02.2011 թվականի թիվ 4494/8-2 գրության համաձայն՝ ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի թիվ 1779-Ն որոշումը չի կարող հակասել ՀՀ մաքսային օրենսգրքի դրույթներին, քանի որ համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այնպիսի գործունեություն իրականացնող անձինք, որոնց նկատմամբ մաքսային մարմիններն իրականացնում են վերահսկողություն, պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողությունն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (հատոր 1-ին, գ.թ. 96):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրման պարզաբանումը. արդյո՞ք առանց մաքսային միջնորդի (բրոքերի) ծառայությունից օգտվելու ապրանքների հայտարարագրում կատարելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր է ներկայացնել մաքսային մասնագետի որակավորումը հաստատող փաստաթուղթ:

Նշված իրավական հարցադրման պարզաբանման միջոցով Վճռաբեկ դատարանի խնդիրն է օրենքների միատեսակ կիրառումն ապահովելու իր գործառույթի շրջանակներում ապահովել միասնական դատական պրակտիկա ապրանքների հայտարարագրման գործընթացում պահանջվող փաստաթղթերի առնչությամբ:

ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժա» կետում սահմանված է «հայտարարատու» հասկացությունը: Ըստ այդ դրույթի` հայտարարատու է համարվում ապրանքներ տեղափոխող կամ մաքսային բրոքեր (միջնորդ) հանդիսացող անձը, որը մաքսային մարմիններում հայտարարագրում և ներկայացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցները:

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժ» կետը սահմանում է «ապրանքներ տեղափոխող անձ» հասկացությունը: Ըստ այդ դրույթի՝ ապրանքներ տեղափոխող անձ է համարվում ապրանքների սեփականատեր, գնորդ հանդիսացող կամ ապրանքների նկատմամբ տիրապետման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքներն իր անունից օրենսգրքով նախատեսված կարգով տնօրինման լիազորություններով օժտված անձը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող ՀՀ անձն է, որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ` իր անունից: Մաքսային միջնորդի և նրա կողմից ներկայացվող անձի հարաբերությունները կարգավորվում են օրենքով և նրանց միջև կնքված պայմանագրով:

Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մաքսային միջնորդի (բրոքերի) անունից մաքսային ձևակերպումները կարող է իրականացնել միայն վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է մասնագետին ներկայացվող պահանջները:

Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ հայտարարագրում կարող է կատարվել.

- Ապրանքներ տեղափոխող անձի կողմից` անձամբ,

- Ապրանքներ տեղափոխող անձի կողմից` իր լիազորած անձի միջոցով,

- Մաքսային բրոքերի կողմից:

ՀՀ մաքսային օրենսգիրքը մաքսային ձևակերպումները մասնագետի որակավորում ունեցող անձի միջոցով իրականացնելու պահանջ սահմանում է միայն այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս մաքսային բրոքերը (հոդված 70): Մինչդեռ այն դեպքում, երբ հայտարարագրումն իրականացնում է ապրանքներ տեղափոխող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով, ՀՀ մաքսային օրենսգրքով նման որակավորման առկայության պահանջ չի նախատեսվում: ՀՀ մաքսային օրենսգիրքը չի բովանդակում որևէ դրույթ, որը հայտարարագրումը կատարող` տեղափոխող անձի համար սահմանի մասնագետի որակավորում ունենալու պարտականություն կամ հայտարարագրումը մասնագետի որակավորում ունեցող անձին լիազորելու պարտականություն:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով: Սահմանադրական այս սկզբունք-նորմն իր արտացոլումն է գտել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածում, որի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները կարող են սահմանվել բացառապես օրենքով: Այս սահմանադրական դրույթը բացառում է գործադիր իշխանության մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց համար պարտականություններ սահմանելու իրավազորությունը: Սահմանադրական այս նորմին համահունչ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասը սահմանում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

ՀՀ մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածը մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու լիազորությունը պատվիրակել է կառավարությանը: ՀՀ կառավարությունը նշված լիազորությունն իրացնելիս սահմանափակված է ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ դրույթներով: Այսինքն` սահմանելով մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` ՀՀ կառավարության որոշմամբ չեն կարող սահմանվել հայտարարատուի համար պարտականություններ, որոնք սահմանված չեն ՀՀ մաքսային օրենսգրքով:

ՀՀ կառավարությունը, իրացնելով ՀՀ մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունը, ընդունել է «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» 21.11.2003 թվականի թիվ 1779-Ն որոշումը (այսուհետ` Որոշում): Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` անձի անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթղթերն են`

ա) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

բ) անձի` որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ, մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթն անհրաժեշտ է մեկնաբանել` կիրառելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավամեկնաբանողական կանոնը, համաձայն որի` եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները: Նշված կանոնի հիման վրա Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի դրույթի մեկնաբանությունը պահանջում է նշված դրույթը դիտարկել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի, 83.5-րդ հոդվածի, ինչպես նաև «Ւրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ հոդվածի պահանջների լույսի ներքո` հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային օրենսգիրքը չի սահմանել հայտարարատու հանդիսացող` ապրանքներ տեղափոխող անձի` մասնագետի որակավորում ունենալու պարտականություն կամ հայտարարագրումը մասնագետի որակավորում ունեցող անձին լիազորելու պարտականություն: Որոշման նշված դրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հանգեցվի հայտարարատու հանդիսացող` ապրանքներ տեղափոխող անձի համար օրենքով չնախատեսված պարտականություն սահմանելուն:

Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետում ստորակետով տարանջատված «լիազորագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ», « մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթ» ձևակերպումները վերցված են փակագծերի մեջ, ինչը նշանակում է, որ դրանք որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթղթի տարատեսակներ են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնելու պահանջը պետք է որոշվի ըստ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված վերոնշյալ իրավակարգավորման: Այսինքն` հաշվի առնելով, որ ՀՀ մաքսային օրենսգիրքը մասնագետի որակավորում ունեցող անձի միջոցով մաքսային ձևակերպումները կատարելու պարտականություն սահմանում է միայն մաքսային միջնորդի (բրոքերի) համար, մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթը հայտարարատուի լիազորությունը հաստատող փաստաթուղթ է, և նման փաստաթուղթ ներկայացնելու պահանջ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ հայտարարատուն մաքսային միջնորդն է: Մինչդեռ, այն դեպքում, երբ հայտարարագրումը կատարում է ապրանքներ տեղափոխող անձն իր կողմից լիազորված անձի միջոցով, նկատի ունենալով, որ ՀՀ մաքսային օրենսգիրքն այդ դեպքերում ապրանքներ տեղափոխող անձի համար չի սահմանում մասնագետի որակավորում ունեցող անձին լիազորելու պարտականություն, հայտարարատուի լիազորությունը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում լիազորագիրը կամ նման այլ փաստաթուղթ: Նույն հիմնավորմամբ` եթե հայտարարագրումն իրականացնում է անձամբ ապրանքներ տեղափոխող ֆիզիկական անձը, ապա լիազորությունները հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի շրջանակը սահմանափակվում է 6-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթով, այն է` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ հայտարարագրումն իրականանցում է ապրանքներ տեղափոխող անձն անձամբ կամ լիազորված անձի միջոցով:

Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, իր 12.12.2012 թվականի վճիռը պատճառաբանել է հետևյալ կերպ. «Մաքսային հայտարարագրերի լրացման ավտոմատ համակարգում մուտքի ծածկագիր անձին կարող է տրամադրվել ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի թիվ 1779-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի, այն է՝ անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, անձի՝ որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթուղթ (լիազորագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ, մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթ) ներկայացնելու դեպքում: …«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 4-րդ պարբերության մեկնաբանմամբ որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթուղթ հասկացության տակ ի նկատի է ունեցվում ՀՀ կառավարության 21.11.2003 թվականին «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշման թիվ 1 հավելվածի 6-րդ կետի բ) կետով թվարկված բոլոր պայմանների պարտադիր առկայությունը, տվյալ դեպքում և լիազորագիրը, և մաքսային մասնագետի որակավորման համապատասխան վկայականը»:

Վերաքննիչ դատարանը ևս, մեկնաբանելով Որոշման 1-ին հավելվածի 6-րդ հոդվածի «բ» ենթակետի դրույթները «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի կանոններով, գտել է, որ դրանում նշված պայմանների ստորակետով անջատված լինելու հանգամանքը նշանակում է, որ այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է: Վերաքննիչ դատարանը մասնավորապես նշել է. «ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի թիվ 1779-Ն որոշման թիվ 1 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված փաստաթղթի պահանջը հավասարապես վերաբերում է և՛ ապրանքներ տեղափոխող անձին և՛ մաքսային միջնորդին: Սա նշանակում է, որ մաքսային մարմիններում որպես հայտարարատու հանդես գալու համար ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորված անձի համար անհրաժեշտ է ունենալ լիազորությունները հավաստող փաստաթուղթ և մաքսային մասնագետի որակավորման վկայական:», «…բողոքաբերը նույնացրել է «մաքսային միջնորդ» և «մաքսային մասնագետ» եզրույթները, և կրկին եկել եզրահանգման, որ Որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը չի տարածվում սեփականատիրոջ կողմից բեռների ինքնահայտարարագրման դեպքերի վրա: ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ը» կետի և 68-րդ հոդվածի նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է (իրավաբանական կամ ֆիզիկական), որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ՝ իր անունից, իսկ օրենսգրքի 70-րդ հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ մաքսային մասնագետը վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հետևաբար իրավական այս եզրույթները նույնական չեն: Ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա լիազորված անձը, գործող օրենսդրության պահանջները պահպանելով, կարող են ինքնուրույն, առանց մաքսային միջնորդի ծառայությանը դիմելու, հայտարարագրել ՀՀ ներմուծված ապրանքները: Սակայն ապրանքներ տեղափոխող անձը, հանդես գալով որպես հայտարարատու, պարտավոր է մաքսային մարմնին ներկայացնել իր լիազորությունը հաստատող փաստաթուղթ և մաքսային մասնագետի որակավորում ունենալու փաստը հաստատող ապացույց»:

Նշված դատական ակտերի վերլուծությունից բխում է, որ Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետին դատարանների կողմից տրված մեկնաբանության համաձայն` ապրանքներ տեղափոխող անձը կարող է լիազորել հայտարարագրումը միայն մասնագիտական որակավորում ունեցող անձի, լիազորված անձի միջոցով հայտարարագրում կատարելու դեպքում լիազորված անձը պետք է ունենա մասնագետի որակավորում: Ավելին, նույնիսկ եթե անձամբ է հայտարարագրում՝ առանց լիազորված անձի, այս դեպքում ապրանքներ տեղափոխող անձն ինքը պետք է ունենա մասնագիտական որակավորում:

Դատարանի և Վերաքննիչ դատարանի նման մեկնաբանությունը հիմնվել է միայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավական նորմի տառացի մեկնաբանության իրավամեկնաբանողական կանոնի վրա` անտեսելով նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված կանոնակարգումները:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը նման մեկնաբանության արդյունքում ապրանքներ տեղափոխող անձին վերագրել են պարտականություն, որը սահմանված չէ օրենքով: Նման մեկնաբանությունը չի բխում ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի, 83.5-րդ հոդվածի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ հոդվածի պահանջներից:

Վերոհիշյալ վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը, 132-րդ հոդվածի 2-րդ մասը, Որոշման 1-ին հավելվածի 6-րդ կետը, ինչը հանգեցրել է վեճի սխալ լուծման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով`Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան