Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.42
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Քրեական գործ թիվ  ԵԿԴ/0087/01/12

ԵԿԴ/0087/01/12

Նախագահող դատավոր՝  Ա. Խաչատրյան

Դատավորներ՝   

Ա. Դանիելյան
 

Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ պաշտպան

Ս. Սաֆարյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի մարտի 25-ի որոշման դեմ ամբաստանյալ Դավիթ Գեորգիի Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանի, ամբաստանյալ Վարդան Հրաչիկի Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանի, ամբաստանյալ Կարեն Վաչագանի Հովհաննիսյանի և նրա պաշտպան Ս.Սաֆարյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15141911 քրեական գործը` Վաժա Ազարիաշվիլու, Երվանդ Ղամբարյանի, Դավիթ Ղամբարյանի, Վարդան Եղիազարյանի, Կարեն Հովհաննիսյանի կողմից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ:

Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի որոշումներով Դավիթ Ղամբարյանը, Վարդան Եղիազարյանը և Կարեն Հովհաննիսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի մայիսի 10-ին Դ.Ղամբարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի մայիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով Դավիթ Ղամբարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Վարդան Եղիազարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Կարեն Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Վաժա Ազարիաշվիլին, Երվանդ Ղամբարյանը, Հասմիկ Դուրգարյանը և Աբգար Հովսեփյանը:

Վճռվել է նաև Վ.Ազարիաշվիլուց, Ե.Ղամբարյանից, Դ.Ղամբարյանից, Վ.Եղիազարյանից, Կ.Հովհաննիսյանից, Հ.Դուրգարյանից և Ա.Հովսեփյանից համապարտության կարգով բռնագանձել 918.862 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս:

3. Ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանի, ամբաստանյալ Դ.Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանի և ամբաստանյալ Վ.Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2013 թվականի մարտի 25-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Դ.Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանը, ամբաստանյալ Վ.Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանը, ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանը և նրա պաշտպան Ս.Սաֆարյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի մայիսի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալներ Դ.Ղամբարյանը, Վ.Եղիազարյանը և Կ.Հովհաննիսյանը մեղադրվում են հետևյալ արարքների կատարման մեջ.

2011 թվականի դեկտեմբերի կեսերին Վ.Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գրապահոցներ ապօրինի մուտք գործելով` առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ: Հափշտակության կատարման վայրը և այնտեղ գտնվող գրքերը նախապես ուսումնասիրելու նպատակով նրանք ստացել են նույն շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դ.Ղամբարյանի` իրենց օժանդակելու վերաբերյալ համաձայնությունը: 2011 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան` ժամը 08-ի սահմաններում, առանձնապես խոշոր չափերի գրքերի գողության գործում Վ.Ազարիաշվիլուն և մյուսներին օժանդակելու նպատակով Դ.Ղամբարյանը բացել է «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը և ներս է թողել Վ.Ազարիաշվիլուն և Կ.Հովհաննիսյանին: Վերջիններս գրապահոցների դռների վրայից դանակով առանձնացրել են պլաստիլինե դրոշմակնիքները, հարմարեցված բանալիներով բացել են դռները և գրապահոցներում ուսումնասիրել են այնտեղ առկա գրքերը, դրանց տեղաբաշխումը, ինչպես նաև վերացրել են «Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռան մոտ գտնվող խոչընդոտները` տեղահանելով դրսից դուռը բացելուն խոչընդոտող արգելաձողերը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 03-ի սահմաններում, Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, իրենց հետ վերցնելով հանցագործության կատարումը հեշտացնելու համար նախատեսված երկու լապտեր, դանակ, լինգ, սպորտային տասներկու պայուսակ, գրապահոցների դռների փականներին հարմարեցված բանալիների տրցակ, Վ.Եղիազարյանին պատկանող ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Տերյան փողոց, ապօրինի մուտք գործելու և առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու նպատակով մոտեցել են «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի «Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռանը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ ոստիկանության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին (տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթ 74-78):

6. ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Արսեն Գագիկի Ասիկյանի զեկուցագրի համաձայն՝ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 03.00-ին, ծառայություն իրականացնելով Կենտրոնի վարչական տարածքում, Տերյան փողոցի վրա՝ Հանրային գրադարանի և այգուն կից փողոցում նկատել են «Վազ 2107» մակնիշի, 29 ՍԼ 606 պետհամարանիշի ավտոմեքենա, որի միջից դուրս են հրավիրել, ապա բերման ենթարկել Կարեն Հովհաննիսյանին, Վաժա Ազարիաշվիլուն և Վարդան Եղիազարյանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 8):

7. Ամբաստանյալներին բերման ենթարկելու մասին թիվ 1390, թիվ 1388 և թիվ 1389 արձանագրությունների համաձայն՝ Վ.Եղիազարյանը, Կ.Հովհաննիսյանը և Վ.Ազարիաշվիլին բերման են ենթարկվել Երևանի Տերյան փողոցի վրա գտնվող Հանրային գրադարանի մոտից (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 9, 13, 16):

8. Դեպքի վայրի զննության մասին 2012 թվականի հունվարի 13-ի արձանագրության և դրան կից լուսանկարչական հավելվածի ուսումնասիրությունից երևում է, որ Վ.Եղիազարյանը, Կ.Հովհաննիսյանը և Վ.Ազարիաշվիլին բերման են ենթարկվել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի փակուղու և Տերյան փողոցի հատման վայրից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 184):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(…) Ամբաստանյալ Դավիթ Գեորգիի Ղամբարյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելուն օժանդակելու փորձ կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ամբաստանյալ Վարդան Հրաչիկի Եղիազարյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով գողության փորձ կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Ամբաստանյալ Կարեն Վաչագանի Հովհաննիսյանի կողմից, նրա մեղավորությամբ, առանձնապես խոշոր չափերով գողության փորձ կատարելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթ 51-74):

10. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ նշել է. «(…) Վերաքննիչ դատարանը, վերլուծության և գնահատության ենթարկելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ, հանգում է այն հետևության, որ (…) Կարեն Հովհաննիսյանի, Վարդան Եղիազարյանի, Դավիթ Ղամբարյանի (…) արարքներին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, և կիրառվել է քրեական այն օրենքը, որը ենթակա է եղել կիրառման:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը քննելիս և լուծելիս դատարանի կողմից քրեադատավարական օրենքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթ 19-71):

 

3. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Ըստ ամբաստանյալ Դ.Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանի` Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, այն օրինական և հիմնավորված չէ: Ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա և դրա հետևանքով Դ.Ղամբարյանի նկատմամբ կայացվել է անհիմն դատավճիռ, նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ:

Բողոքաբերի պնդմամբ Դ.Ղամբարյանին առաջադրված մեղադրանքը կառուցված է միայն մյուս ամբաստանյալների հակասական ցուցմունքների, նախաքննության մարմնի ենթադրությունների վրա և չի հիմնավորվել գործում առկա ապացույցների բավարար ամբողջությամբ: Նախաքննության մարմնի կողմից Դ.Ղամբարյանի մեղադրանքը ձևակերպվել է անորոշ, դրանից պարզ չէ, թե կոնկրետ ինչ ծավալի և ինչ արժեքի գրքերի գողության փորձ է վերագրվել վերջինիս: Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված հանցանքը, ինչպես նաև դրա օժանդակությունը կարող են կատարվել բացառապես դիտավորությամբ, մինչդեռ քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ Դ.Ղամբարյանը տեղյակ չի եղել Վ.Ազարիաշվիլու, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի մտադրությունների մասին, հետևաբար չէր կարող նաև նրանց օժանդակելու դիտավորություն ունենալ:

12. Ամբաստանյալ Դ.Ղամբարյանի պաշտպան Է.Աղաջանյանը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ և 35-րդ հոդվածները, ինչպես նաև վերլուծելով գործում առկա մի շարք ապացույցներ, նշել է, որ ամբաստանյալները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել գրադարանին հարակից՝ Տերյան փողոցի տարածքից, այսինքն՝ վերջիններս դեռևս չէին հասել գրադարանի շենք և չէին հասցրել որևէ գործողություն կատարել, որն անմիջականորեն ուղղված կլիներ գրադարանի շենք մուտք գործելուն և հանցանք կատարելուն: Նման պայմաններում նախաքննության մարմինն ամբաստանյալների գործողություններին տվել է սխալ քրեաիրավական գնահատական՝ նրանց արարքները որակելով որպես առանձնապես խոշոր չափերի գրքերի գողության փորձ:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրահանգել է, որ Դ.Ղամբարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ նրա գործողություններում բացակայում է ոչ միայն օժանդակության, այլ նաև գողության հանցակազմի օբյեկտիվ կողմը:

13. Պաշտպան Է.Աղաջանյանը, վկայակոչելով ամբաստանյալ Դ.Ղամբարյանի անձը բնութագրող, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, փաստարկել է, որ վերջինիս նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ խիստ է, չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին: Հիշատակելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված մի շարք նախադեպային որոշումներ՝ բողոքի հեղինակը կարծիք է հայտնել, որ Դ.Ղամբարյանի փաստացի կատարած արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալուց հետո նրա նկատմամբ պետք է նշանակվի մեղմ պատիժ և պայմանականորեն չկիրառվի:

 14. Անդրադառնալով ամբաստանյալներից համապարտության կարգով որպես դատական ծախս 918.862 ՀՀ դրամ բռնագանձելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ բողոքաբերը նշել է, որ սույն գործով նշանակված փորձաքննություններից ոչ մեկը որևէ կապ չունի Դ.Ղամբարյանին առաջադրված մեղադրանքի հետ, դրանք նշանակվել են նրա հետ առնչություն չունեցող այլ փաստական հանգամանքներ և տեղեկություններ հիմնավորելու համար: Ուստի այս մասով ստորադաս դատարանների դատական ակտերը նույնպես հիմնավորված չեն:

15. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտպան Է.Աղաջանյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Դ.Ղամբարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրա կատարած արարքին տալ ճիշտ քրեաիրավական գնահատական, Դ.Ղամբարյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ և այն պայմանականորեն չկիրառել, իսկ Դ.Ղամբարյանից որպես դատական ծախս 918.862 (ինը հարյուր տասնութ հազար ութ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամի բռնագանձումը վերացնել:

16. Ամբաստանյալ Վ.Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանը նշել է, որ իր պաշտպանյալի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերում առկա են նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ՀՀ քրեական օրեսնգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներն իրենց համակցությամբ սխալ վերլուծելու, համադրելու և գնահատելու արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, գործի փաստական հանգամանքների մասին դատարանների հետևությունները չեն համապատասխանում հետազոտված ապացույցներին:

Ըստ բողոքաբերի՝ Վ.Եղիազարյանին մեղսագրվող արարքի նկարագրությունը հանդիսանում է հանցագործության նախապատրաստություն, այլ ոչ թե հանցափորձ: Վ.Եղիազարյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ հանցանք կատարելուն անմիջականորեն ուղղված որևէ գործողություն նրան չի մեղսագրվում, այլ մեղսագրվում են գործողություններ, որոնք ուղղված են հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելուն կամ հարմարեցնելուն, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելուն: Բողոքաբերը գործում առկա ապացույցների վերլուծության հիման վրա փաստարկել է, որ ամբաստանյալներ Վ.Եղիազարյանը, Վ.Ազարիաշվիլին և Կ.Հովհաննիսյանը գրադարանի մուտքի դռանը չեն մոտեցել, այլ բերման են ենթարկվել Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող հանրային գրադարանի մոտից, երբ նրանք գտնվել են ավտոմեքենայի մեջ:

17. Ամբաստանյալ Վ.Եղիազարյանի պաշտպան Վ.Գևորգյանը նշել է նաև, որ անհասկանալի է, թե քրեական գործում առկա հատկապես որ ապացույցների հիման վրա են նախաքննության մարմինը և դատարանները հաստատված համարել, որ Վ.Եղիազարյանի դիտավորությունն ուղղված է եղել առանձնապես խոշոր չափերի գույքի գողություն կատարելուն: Ըստ բողոքաբերի՝ ամբաստանյալները գործել են հափշտակություն կատարելու չկոնկրետացված դիտավորությամբ, և նրանցից ոչ մեկը նախապես չի իմացել, թե կոնկրետ ինչ քանակի, տեսակի և արժեքի գրքեր պետք է հափշտակվի:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը կարծիք է հայտնել, որ ստորադաս դատարանները Վ.Եղիազարյանի արարքին տվել են սխալ քրեաիրավական գնահատական, ճիշտ չեն կիրառել քրեական օրենքը, կիրառել են ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, որի հատկանիշներին համապատասխանում է Վ.Եղիազարյանի կատարած արարքը:

18. Անդրադառնալով Վ.Եղիազարյանի նկատմամբ նշանակված պատժի տեսակին և չափին՝ պաշտպան Վ.Գևորգյանը, հիշատակելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև շարադրելով ամբաստանյալի անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, նշել է, որ Վ.Եղիազարյանի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է՝ ակնհայտ խիստ լինելու պատճառով: Ըստ բողոքաբերի՝ գործով ձեռք բերված և ստորադաս դատարաններում հետազոտված ապացույցները հնարավորություն են տալիս Վ.Եղիազարյանի նկատմամբ արդարացի պատիժ նշանակել տուգանքի ձևով կամ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտպան Վ.Գևորգյանը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, Վ.Եղիազարյանին վերագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով կամ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Վ.Եղիազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

20. Ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանը և նրա պաշտպան Ս.Սաֆարյանը գտնում են, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա` հանգեցնելով դատական սխալի:

Ի հիմնավորումն ասվածի՝ բողոքաբերները նշել են, որ գործով ձեռք բերված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ չի հիմնավորվել, որ ամբաստանյալները գողություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնություն են ունեցել, և առկա է եղել հանցակիցների միջև դերերի բաշխում: Նշվածից բողոք բերած անձինք եզրակացություն են արել այն մասին, որ հիմնավորված չէ ենթադրվող գողությանը Կ.Հովհաննիսյանի անմիջական մասնակցությունը, բացի այդ, գործով չի պարզվել, թե հատկապես ինչ գրականություն էր պատրաստվում հափշտակել գրադարանից Վ.Ազարիաշվիլին, և ինչ արժեք ուներ այն, հետևաբար այս պայմաններում առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու փորձի մեջ Կ.Հովհաննիսյանին մեղադրելն անհիմն է:

21. Բողոքի հեղինակները նշել են, որ ամբաստանյալները գողության կասկածանքով բերման են ենթարկվել գրադարանին հարակից տարածքից, չեն հասցրել որևէ գործողություն կատարել, որն անմիջականորեն ուղղված կլիներ գրադարանի շենք մուտք գործելուն, այլ խոսքով՝ հափշտակության օբյեկտի նկատմամբ ոտնձգության իրական վտանգ չի ստեղծվել: Հետևաբար, Կ.Հովհաննիսյանի գործողությունները չէին կարող որակվել որպես գողության հանցափորձ, այլ պետք է որակվեին ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 2-րդ մասով, և հաշվի առնելով նույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները` նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր:

22. Բողոքաբերները փաստարկել են նաև, որ Կ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառելու արդյունքում հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը: Այս առումով ստորադաս դատարաններն անարդարացի են գտնվել՝ հաշվի չառնելով Կ.Հովհաննիսյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող՝ գործում առկա բոլոր հանգամանքները:

23. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ամբաստանյալ Կ.Հովհաննիսյանը և նրա պաշտպան Ս.Սաֆարյանը խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, Կ.Հովհաննիսյանի մասով քրեական գործի վարույթը կարճել կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

24. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չավարտված հանցագործության տեսակների, այն է՝ հանցափորձի (ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդված) և հանցագործության նախապատրաստության (ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդված) սահմանազատման առումով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

25. Սույն գործով Վճռաբեկ դատարանը քննության է առնում այն հարցը, թե իրավաչա՞փ են արդյոք ամբաստանյալներ Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի արարքներում հանցափորձի հատկանիշների առկայության և հանցագործության նախապատրաստության հատկանիշների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

26. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Օբյեկտիվ կողմից հանցափորձը բնութագրվում է`

1. գործողությամբ (անգործությամբ), որն անմիջականորեն ուղղված է հանցանքի կատարմանը,

2. հանցագործությունն անձի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չհասցնելով:

Հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում, այլ կերպ` հանցակազմի օբյեկտիվ կողմի կատարումն սկսվում է, սակայն չի ավարտվում: Նյութական հանցագործության դեպքում չի առաջանում օրենքով նախատեսված հետևանքը կամ հետևանքն առաջանում է, սակայն ոչ հանցավորի դիտավորությամբ նախատեսվածը (…):

Հանցափորձը բնութագրող հաջորդ հատկանիշն այն է, որ հանցագործությունը մինչև վերջ չի հասցվում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում: Սուբյեկտիվ կողմից հանցափորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ» (տե՛ս Արարատ Վազգենի Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշման 16-րդ կետը):

27. Վերահաստատելով և զարգացնելով սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար Ա.Բաղդասարյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցափորձն առկա է այն դեպքում, երբ քրեաիրավական պաշտպանության տակ գտնվող օբյեկտի դեմ ոտնձգությունն սկսվում է, նշված օբյեկտին վնաս պատճառելու իրական սպառնալիք է ստեղծվում, սակայն հանցավորի կամքից անկախ հանգամանքներով փաստացի վնաս հասցնելը տեղի չի ունենում կամ պատճառվում է նախատեսածից տարբերվող վնաս: Այլ խոսքով՝ հանցափորձի դեպքում հանցագործության սուբյեկտն սկսում է կատարել կամ մասամբ կատարում է քրեական օրենսգրքի Հատուկ մասում նախատեսված այս կամ այն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողությունը կամ անգործությունը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցնում իր կամային գործողությունների հետ չկապված հանգամանքների ուժով:

Հանցափորձը, ըստ կատարվող գործողությունների բնույթի և հանցավոր մտադրության իրականացման աստիճանի, լինում է երկու տեսակ՝ ավարտված և չավարտված: Հանցափորձն ավարտված համարելու համար անհրաժեշտ է, որ հանցավորը կատարի բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտին հասցնելու համար (օրինակ` տուժողի վրա հրազենով կրակում է սպանելու նպատակով, բայց մահը վրա չի հասնում բժշկական միջամտության շնորհիվ, կամ գողին բնակարանում բռնում են և այլն): Հանցափորձի այս տեսակի առկայությունը հավաստելու համար վճռորոշ է հանցավորի վստահությունն այն բանում, որ իր կողմից որևէ լրացուցիչ գործողություն չի պահանջվում, և որ արդեն իսկ կատարվածը բավարար է հանցավոր մտադրությունն իրականացնելու համար:

Մինչդեռ, չավարտված հանցափորձի դեպքում հանցավորը չի կատարում բոլոր այն գործողությունները, որոնք նա անհրաժեշտ է համարում հանցագործությունն ավարտելու համար (օրինակ` ուժը չի բավականացնում տուժողին խեղդելու համար, ցանկանում է կրակել տուժողին, բայց զենքն անսարք է լինում, և կրակոց տեղի չի ունենում և այլն): Հանցափորձի այս տեսակը բնորոշվում է գործողությունների անավարտությամբ, օբյեկտիվ կողմի մասնակի կատարմամբ: Ընդ որում, հանցավորը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտելու համար անհրաժեշտ է կատարել ևս ինչ-որ գործողություններ, որոնք կատարել նրան չի հաջողվում:

28. ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Մեջբերված նյութաիրավական դրույթի վերլուծությունից հետևում է, որ հանցագործության նախապատրաստությունը դիտավորյալ արարք է, որը հետագայում հանցագործության կատարման համար պայմաններ է ստեղծում: Ընդ որում, նախապատրաստությունը՝ որպես հանցագործության փուլ, քրեորեն պատժելի է միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների պարագայում (ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մաս):

Հանցագործության նախապատրաստության հասկացությունը սահմանող քրեաիրավական նորմից հետևում է, որ այն դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ.

ա) հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերել,

բ) հանցանք կատարելու համար միջոցները կամ գործիքները հարմարեցնել,

գ) հանցանք կատարելու համար այլ պայմաններ ստեղծել:

29. Հանցագործության միջոցը կամ գործիքն արտաքին աշխարհի այն իրերն են, որոնց միջոցով հեշտացվում է հանցավոր ոտնձգության կատարումը կամ որոնք օբյեկտիվորեն կարելի է օգտագործել հանցագործության անմիջական կատարման համար: Հանցագործության միջոց կամ գործիք ձեռք բերելը ցանկացած եղանակով (օրինական կամ անօրինական ճանապարհով) այդպիսիք հայթայթելն է:

Հանցագործության գործիքները և միջոցները հարմարեցնել է համարվում դրանց կառուցվածքի և ձևի այնպիսի փոփոխությունը, որն անհրաժեշտ է հանցավոր ոտնձգությունն իրականացնելու համար:

Առավել լայն հասկացություն է հանցանք կատարելու համար այլ պայմաններ ստեղծելը, որը կարող է իր մեջ ընդգրկել տարաբնույթ գործողություններ (անգործություն), որոնք անհրաժեշտ են հանցագործությունը հետագայում կատարելու համար: Նախապատրաստական գործունեության այս ձևին են դասվում այնպիսի գործողությունները, որոնք չեն կարող բնորոշվել որպես միջոցներ և գործիքներ ձեռք բերել կամ հարմարեցնել, բայց որոնց կատարմամբ հանցավոր ոտնձգության համար անհրաժեշտ և իրական պայմաններ են ստեղծվում:

Հարկ է նկատի ունենալ, որ հանցագործության նախապատրաստությունն իր մեջ կարող է պարունակել նաև մեկ այլ ավարտված հանցագործության հատկանիշներ: Օրինակ՝ սպանության նպատակով հրազեն ձեռք բերելն իրենից ներկայացնում է սպանության նախապատրաստություն, սակայն միևնույն ժամանակ նշված գործողությունն իր մեջ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ: Այդպիսի դեպքերում արարքը ենթակա է որակման հանցանքների համակցությամբ:

Սուբյեկտիվ կողմից հանցագործության նախապատրաստությունը, ինչպես և հանցափորձը, բնութագրվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է, որ ձեռք է բերում միջոցներ կամ գործիքներ կամ դրանք հարմարեցնում է կամ ստեղծում է այլ պայմաններ հանցանք կատարելու համար և ցանկանում է դա:

30. Սույն որոշման 26-27-րդ և 28-29-րդ կետերում շարադրված վերլուծությունը համադրելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես հանցագործության նախապատրաստությունը, այնպես էլ հանցափորձը հանդիսանում են չավարտված հանցագործության տարատեսակներ: Դրանցից յուրաքանչյուրի համար քրեական պատասխանատվության հարցը ծագում է միայն այն դեպքում, երբ հանցագործությունն ավարտին չի հասցվում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում: Հանցագործության նախապատրաստությունը և հանցափորձը միմյանցից տարբերվում են օբյեկտիվ կողմի առանձնահատկություններով, այն է՝ կատարված գործողության (անգործության) բնույթով և հանցավոր մտադրության իրականացման աստիճանով: Այսպես` հանցագործության նախապատրաստության ժամանակ հանցագործության օբյեկտի նկատմամբ անմիջական ներգործություն առկա չէ: Չավարտված հանցագործության այս տեսակը որոշակի պայմաններ է ստեղծում, որոնք ուղղված են հանցանքի կատարմանը: Մինչդեռ, հանցափորձի ժամանակ տեղի է ունենում անմիջական ներգործություն հանցավոր ոտնձգության օբյեկտի վրա, ստեղծվում է դրան վնաս պատճառելու իրական վտանգ, սակայն հանցավոր հետևանքները վրա չեն հասնում: Այս առումով որպես հանցափորձ ենթակա են որակման ոչ միայն այն արարքները, որոնք նկարագրված են քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի դիսպոզիցիայում, այլև նրանք, որոնք անմիջականորեն նախորդում են դրանց, հանդիսանում են վերջիններիս բաղկացուցիչ մասը և չեն կարող առանձնացվել (օրինակ` մարմնական վնասվածք հասցնելու համար դանակը գրպանից հանելը, սպանության նպատակով հրազենից նշան բռնելը և այլն): Միևնույն ժամանակ, այն գործողությունները, որոնք օրենքում նկարագրված արարքների բաղկացուցիչ մաս չեն և օբյեկտիվ կողմի հատկանիշ չեն հանդիսանում, կարող են որակվել միայն որպես հանցագործության նախապատրաստություն (օրինակ` հանցագործության վայր ժամանելը, ապագա զոհին հետևելը և այլն):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը հանցագործության նախապատրաստություն կամ հանցափորձ որակելու համար անհրաժեշտ է գործում առկա ապացույցների ամբողջ զանգվածի գնահատմամբ պարզել, թե հատկապես որ փուլում է ընդհատվել անձի` հանցավոր մտադրության իրագործմանն ուղղված գործունեությունը: Արարքը հանցափորձ որակելու համար պարտադիր է հանցավորի կողմից այնպիսի արարքների կատարումը, որոնք անմիջականորեն ոտնձգում են քրեաիրավական պաշտպանության ներքո գտնվող օբյեկտի դեմ և կազմում են տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը: Մինչդեռ հանցագործության նախապատրաստության ժամանակ քրեաիրավական պաշտպանության ներքո գտնվող օբյեկտի դեմ ոտնձգության վտանգ առկա չէ, իսկ հանցավորի գործողությունները (անգործությունը) սահմանափակվում են այնպիսի պայմանների ստեղծմամբ, որոնք անմիջականորեն ուղղված են հանցավոր արարքի կատարմանը:

31. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ և 35-րդ հոդվածների վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև գողության հանցակազմի օբյեկտիվ կողմի առանձնահատկություններին:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում գողության` ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության համար:

Հափշտակություն ասելով հասկացվում է` ուրիշի գույքն ապօրինի անհատույց շահադիտական նպատակով վերցնելը կամ այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե հանցավորն այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն է ունեցել:

Վերոգրյալից հետևում է, որ գողության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը` գործողությունը, դրսևորվում է նրանում, որ ուրիշի գույքը հանցավորի կողմից վերցվում և հանցավորինը կամ այլ անձինն է դարձվում: Միաժամանակ, հարկ է նշել, որ տվյալ գործողությունները կարող են կատարվել բազմաթիվ եղանակներով, սակայն արարքն ավարտված կհամարվի այն պահից, երբ հանցավորը գույքը վերցնելուց, իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելուց հետո այն տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն ունենա:

Հետևաբար հանցավորի կամքից անկախ հանգամանքներով ընդհատված այն գործողությունները, որոնք, ստեղծելով իրական վտանգ ուրիշի գույքին վնաս պատճառելու համար, անմիջական ներգործությամբ կոտնձգեն ուրիշի գույք հանդիսացող սեփականության դեմ կամ կնախորդեն ուրիշի գույքը վերցնելուն և հանցավորինը կամ այլ անձինը դարձնելուն և կհանդիսանան տվյալ արարքների բաղկացուցիչ մասը (օրինակ` պահեստարան, շինություն կամ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողության օբյեկտիվ կողմը սկսված է համարվում այն պահից, երբ հանցավորի կողմից կխախտվեն փականների ամբողջականությունը, կկիրառվեն նախօրոք հարմարեցված բանալիները, կօգտագործվի գույքը տիրապետողի անուշադրությունը և այլն), պետք է որակվեն որպես գողության փորձ, իսկ այն գործողությունները, որոնք կսահմանափակվեն միայն գողության կատարման համար որոշակի պայմաններ ստեղծելով կամ չեն հանդիսանա ուրիշի գույքը վերցնելու և հանցավորինը կամ այլ անձինը դարձնելու արարքի բաղկացուցիչ մաս և դրան նախորդող, պետք է որակվեն որպես գողության նախապատրաստություն:

32. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոցներ ապօրինի մուտք գործելով, առանձնապես խոշոր չափերով գրքերի գողություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, հափշտակության կատարման վայրը և այնտեղ գտնվող գրքերը նախապես ուսումնասիրելու նպատակով ստացել են նույն շենքի պահպանությունն իրականացնող ոստիկան Դ.Ղամբարյանի` իրենց օժանդակելու վերաբերյալ համաձայնությունը: 2011 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան` ժամը 08-ի սահմաններում, Դ.Ղամբարյանը բացել է գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի դուռը և ներս է թողել Վ.Ազարիաշվիլուն և Կ.Հովհաննիսյանին, ովքեր գրապահոցների դռների վրայից դանակով առանձնացրել են պլաստիլինե դրոշմակնիքները, հարմարեցված բանալիներով բացել են դռները և գրապահոցներում ուսումնասիրել են այնտեղ առկա գրքերը, դրանց տեղաբաշխումը, ինչպես նաև վերացրել են «Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռան մոտ գտնվող խոչընդոտները` տեղահանելով դրսից դուռը բացելուն խոչընդոտող արգելաձողերը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 03-ի սահմաններում, Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, իրենց հետ վերցնելով հանցագործության կատարումը հեշտացնելու համար նախատեսված երկու լապտեր, դանակ, լինգ, սպորտային տասներկու պայուսակ, գրապահոցների դռների փականներին հարմարեցված բանալիների տրցակ, ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Տերյան փողոց, մոտեցել են «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի «Թամանյանական» մասնաճյուղի շենքի մուտքի դռանը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ ոստիկանության աշխատակիցները նրանց բերման են ենթարկել ոստիկանության բաժին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Գործում առկա նյութերից հետևում է, որ Վ.Ազարիաշվիլին, Վ.Եղիազարյանը և Կ.Հովհաննիսյանը բերման են ենթարկվել Երևանի Տերյան փողոցի վրա գտնվող գրադարանի մոտակայքից: Ընդ որում, ամբաստանյալներին բերման ենթարկած ոստիկաններից մեկի` Ա.Ասիկյանի զեկուցագրից հետևում է, որ Վ.Եղիազարյանը և Կ.Հովհաննիսյանը դեռևս գտնվելիս են եղել ավտոմեքենայի մեջ և միայն ոստիկանների պահանջով են դուրս եկել, որից անմիջապես հետո տեղափոխվել են ոստիկանության բաժին (տե՛ս սույն որոշման 6-8-րդ կետերը):

Վերոգրյալ փաստական հանգամանքների ուսումնասիրությունից հետևում է, որ Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գրքերի հափշտակություն կատարելու վերաբերյալ, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են որոշակի գործողություններ: Մասնավորապես, Վ.Ազարիաշվիլին և Կ.Հովհաննիսյանը, Դ.Ղամբարյանի օժանդակությամբ, նախապես մուտք են գործել գրադարանի տարածք, որտեղ գրապահոցների դռների վրայից դանակով առանձնացրել են պլաստիլինե դրոշմակնիքները, հարմարեցված բանալիներով բացել են դռները և գրապահոցներում ուսումնասիրել են այնտեղ առկա գրքերը և դրանց տեղաբաշխումը, ինչպես նաև վերացրել են շենքի մուտքի դռան մոտ գտնվող խոչընդոտները` տեղահանելով դրսից դուռը բացելուն խոչընդոտող արգելաձողերը: Հաջորդ օրը Վ.Ազարիաշվիլին, Կ.Հովհաննիսյանը և Վ.Եղիազարյանը, իրենց հետ վերցնելով հանցագործության կատարման համար նախատեսված գործիքներ և միջոցներ, ավտոմեքենայով մոտեցել են գողության կատարման վայրին` գրադարանի շենքին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել մուտք գործել գրադարան և իրենց հանցավոր մտադրությունն իրականացնել:

Վ.Ազարիաշվիլու, Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի վերոնշյալ գործողություններն ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարանները որակել են որպես հանցափորձ:

33. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և գնահատման չի ենթարկել քրեական գործում առկա բոլոր ապացույցները, ինչի արդյունքում չի պարզել, թե հատկապես որ փուլում է ընդհատվել Վ.Ազարիաշվիլու, Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի՝ հանցավոր մտադրության իրագործմանն ուղղված գործունեությունը: Վերը նշված խախտումը, որը կարող էր ազդել ամբաստանյալների արարքների որակման մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության, որը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներով, պետք է պատշաճ հետազոտման և գնահատման ենթարկի գործում առկա ապացույցները, որից հետո միայն սույն որոշման 26-31-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գա համապատասխան եզրահանգման այն մասին, թե արդյոք մինչև ոստիկանության աշխատակիցների կողմից Վ.Ազարիաշվիլու, Կ.Հովհաննիսյանի և Վ.Եղիազարյանի գործողությունների խափանումը վերջիններս հասցրել են կատարել որևէ գործողություն, որով անմիջականորեն ոտնձգել են քրեաիրավական պաշտպանության ներքո գտնվող օբյեկտի դեմ, թե նրանց փաստացի կատարած արարքները սահմանափակվել են միայն պայմանների ստեղծմամբ, որոնք անմիջականորեն ուղղված են եղել հանցավոր մտադրության իրականացմանը:

Վերոգրյալ հանգամանքի պարզաբանումից հետո միայն հնարավոր կլինի իրավական գնահատական տալ ամբաստանյալներ Դ.Ղամբարյանի, Վ.Եղիազարյանի և Կ.Հովհաննիսյանի արարքներին և համապատասխան եզրահանգման գալ նրանց գործողություններում հանցափորձի կամ հանցագործության նախապատրաստության հատկանիշների առկայության վերաբերյալ:

34. Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ գործը պետք է ուղարկվի ստորադաս դատարան՝ նոր քննության, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ բողոքաբերների մյուս փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-րդ, 13-րդ, 14-րդ, 17-րդ, 18-րդ, 20-րդ և 22-րդ կետերը):

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Դավիթ Գեորգիի Ղամբարյանի, Վարդան Հրաչիկի Եղիազարյանի և Կարեն Վաչագանի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան