Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-103
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.1992-15.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/3(1007)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման 4-րդ կետի, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

մինչև 1992 թվականի հունիսի 1-ը մշակել և սահմանել հանրապետական և վարչատարածքային կազմավորումների սեփականության միջև պետական գույքի սահմանազատման և այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգը` ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6, 34, 35, 36, 37, 38 և 39 հոդվածներով: Նշված կարգը մշակելիս հաշվի առնել ինժեներական, ուսումնական, բուժ-պրոֆիլակտիկ համալիրների տեխնոլոգիական միասնության պահպանման, դրանց կենտրոնացված կառավարման, շահագործման անվտանգության կանոնների ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև գործունեության բնույթով ինքնավար չհանդիսացող օբյեկտները այդ համալիրների կազմից հանելու անթույլատրելիությունը.

Հայաստանի Հանրապետության գույքը հանրապետական և վարչատարածքային կազմավորումների սեփականության միջև սահմանազատելիս նկատի ունենալ, որ պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինմանն են հանձնվում անմիջապես բնակչության պահանջմունքների բավարարմանն ուղղված և համապատասխան տարածքի տնտեսության կենսագործունեությունն ապահովող տեղական նշանակության օբյեկտները.

մինչև 1992 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել հանրապետական և վարչատարածքային կազմավորումների սեփականության միջև պետական գույքի սահմանազատումը.

1992 թվականի երկրորդ եռամսյակում մշակել և հաստատել հանրապետական և վարչատարածքային կազմավորումների սեփականության կազմի մեջ մտնող ձեռնարկությունների, արտադրական ենթակառուցվածքի և այլ օբյեկտների գործունեության կարգավորմանը համապատասխանաբար վարչատարածքային կազմավորումների պետական կառավարման և պետական կառավարման հանրապետական մարմինների մասնակցության կարգի մասին կանոնադրություն:

2. Հողի և բնական մյուս ռեսուրսների նկատմամբ սեփականության իրավունքի ձևերը որոշվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գույքի տնօրինման և կառավարման իրավունքներով օժտված են.

ա) հանրապետական սեփականության գծով` Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները և պետական տեսչությունը ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նրանց հատկացված գույքի,

բ) վարչատարածքային կազմավորումների սեփականության գծով` պատգամավորների համապատասխան շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նրանց հատկացված գույքի:

4. Սույն հրամանագրի դրույթները չեն տարածվում նախկինում պետական սեփականություն կազմող և օրենսդրությամբ նախատեսված կարգով քաղաքացիներին, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններին սեփականության իրավունքով օտարված օբյեկտների, ինչպես նաև այլ պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց ու քաղաքացիների սեփականության նկատմամբ:

5. Սույն հրամանագիրը չի տարածվում ինտելեկտուալ սեփականության իրավունքի օբյեկտների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետական բյուջեի միջոցների հաշվին ստեղծված և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, կոլեկտիվ և պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների նկատմամբ, որոնց իրավական ռեժիմը որոշվում է այն պետության, ինքնավար կազմավորման նորմատիվ ակտերով, որի տարածքում գտնվում է սեփականությունը, ինչպես նաև միջպետական պայմանագրերով:

6. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

19 մայիսի 1992 թ.

ՆՀ-103