ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0191/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0191/02/11 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան |
Դատավորներ՝ |
Ս. Միքայելյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի նոյեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վաչե Մուշեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Տաթևիկ Մուշեղյանի ընդդեմ Վաչե Մուշեղյանի, Նինա Յագոդկինայի, Արսեն Մուշեղյանի, Արտյոմ Մուշեղյանի` բնակարանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու և վտարելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Վաչե Մուշեղյանի ընդդեմ Տաթևիկ Մուշեղյանի և Սևանի նոտարական տարածքի նոտար Արմեն Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի տարածքային ստորաբաժանման` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Տաթևիկ Մուշեղյանը պահանջել է վտարել Վաչե Մուշեղյանին, Նինա Յագոդկինային, Արտյոմ և Արսեն Մուշեղյաններին սեփականության իրավունքով իրեն պատկանող Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող առանձնատնից և հողամասից` դադարեցնելով վերջիններիս ապօրինի տիրապետումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վաչե Մուշեղյանը պահանջել է հոր` Արտավազդ Մուշեղյանի մահից հետո մնացած և ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանող Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող առանձնատան և հողամասի նկատմամբ իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել Տաթևիկ Մուշեղյանին 03.02.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և նշված առանձնատան ու հողամասի նկատմամբ կատարված պետական գրանցումը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2384524 վկայականը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Մանուկյան) (այսուհետ` Դատարան) 14.08.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2013 թվականի որոշմամբ Վաչե Մուշեղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.08.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչե Մուշեղյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Տաթևիկ Մուշեղյանը և նրա ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որոնցով հիմնավորվում է, որ 17.11.1980 թվականին մահացած ժառանգատու Արտավազդ Մուշեղյանի ժառանգական գույքի` Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունել է Վաչե Մուշեղյանը:
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ռոբերտ Մուշեղյանը ժառանգատու Արտավազդ Մուշեղյանի մահից հետո օրենքով սահմանված ժամկետում և կարգով, ինչպես նաև փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքի` Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգություն չի ընդունել, հետևաբար տվյալ պարագայում նոտարն իրավասու չէր վերջինիս դստերը` Տաթևիկ Մուշեղյանին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածով սահմանված կարգով տրանսմիսիայի իրավունքով տրամադրելու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր:
Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Տաթևիկ Մուշեղյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է օրենքի պահանջների խախտմամբ, հետևաբար սեփականության իրավունքը ծագել է օրենսդրության պահանջներին անհամապատասխան, որպիսի պարագայում բացառվում է վինդիկացիոն հայցի բավարարումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել և փոփոխել այն` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, համապատասխան իրավական նորմերի կիրառմամբ կայացրել է որոշում, որը հիմնավոր է և օրինական, ինչը բխում է արդարադատության շահերից, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ռոբերտ և Վաչե Արտավազդի Մուշեղյաններն Արտավազդ Մուշեղյանի և Փունջիկ Մուշեղյանի (Պետրոսյանի) զավակներն են, իսկ Տաթևիկ Մուշեղյանը Ռոբերտ Մուշեղյանի դուստրն է (հատոր 1-ին, գ.թ. 52, 80, 84, 85, հատոր 3-րդ, գ.թ. 103)։
2. Անհատական բնակելի շենքի և հողատարածության տեխնիկական անձնագրի համաձայն` Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող 67,0քմ մակերեսով բնակելի տունը, 39,1քմ մակերեսով օժանդակ շինությունները և 1.370,0քմ մակերեսով հողամասը պատկանել է Արտավազդ Մուշեղյանին (հատոր 5-րդ, գ.թ. 12):
3. 12.03.1981 թվականի թիվ 403908 մահվան վկայականի համաձայն` Արտավազդ Մուշեղյանը մահացել է 17.11.1980 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 81)։
4. 11.09.1992 թվականի թիվ 415859 մահվան վկայականի համաձայն` Փունջիկ Մուշեղյանը մահացել է 23.07.1992 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 82)։
5. 17.06.2008 թվականի թիվ 143277 մահվան վկայականի համաձայն` Ռոբերտ Մուշեղյանը մահացել է 13.06.2008 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83)։
6. Տաթևիկ Մուշեղյանը Սևանի նոտարական տարածքի նոտար Արմեն Հարությունյանին հասցեագրված 25.07.2008 թվականի հայտարարությամբ հայտնել է. «Հազար ինը հարյուր ութսուն թվականի նոյեմբերի տասնյոթին մահացած իմ պապ քաղ. Արտավազդ Երեմի Մուշեղյանին և երկու հազար ութ թվականի հունիսի տասներեքին մահացած իմ հայր քաղ. Ռոբերտ Արտավազդի Մուշեղյանին պատկանող գույքը ես ընդունում եմ: Իմ պապ քաղ. Արտավազդ Երեմի Մուշեղյանի և իմ հայր քաղ. Ռոբերտ Արտավազդի Մուշեղյանի վերջին մշտական բնակավայրը եղել է Սևանի Կոմիսարների փողոցի տուն 21 հասցեում: Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերն իմ կողմից կուղարկվեն լրացուցիչ կարգով» (հատոր 1-ին, գ.թ. 86)։
7. Տաթևիկ Մուշեղյանը Սևանի նոտարական տարածքի նոտար Արմեն Հարությունյանին հասցեագրված 03.02.2009 թվականի դիմումով հայտնել է. «Հազար ինը հարյուր ութսուն թվականի նոյեմբերի տասնյոթին մահացել է իմ պապ քաղ. Արտավազդ Երեմի Մուշեղյանը, հազար ինը հարյուր իննսուներկու թվականի հուլիսի քսաներեքին մահացել է իմ տատ քաղ-ուհի Փունջիկ Ենոքի Մուշեղյանը, երկու հազար ութ թվականի հունիսի տասներեքին մահացել է իմ հայր քաղ. Ռոբերտ Արտավազդի Մուշեղյանը, ովքեր մշտական գրանցմամբ բնակվել են Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 (քսանմեկ) հասցեում: Առ իմ պապ քաղ. Արտավազդ Երեմի Մուշեղյանի մահվան օրը մնացել է հետևյալ գույքը` առանձնատունն ամբողջությամբ, որը գտնվում է Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 (քսանմեկ) հասցեում 1.370 (մեկ հազար երեք հարյուր յոթանասուն) քմ մակերեսով հողամասի վրա: Սույն դիմումով ընդունում եմ ժառանգությունը և խնդրում եմ ինձ տալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր վերը նշված ամբողջ առանձնատան նկատմամբ: Հետագայում այլ ժառանգների կողմից ժառանգության պահանջի դեպքում պարտավորվում եմ նյութական պատասխանատվությունը վերցնել ինձ վրա` նոտարին ազատելով վերը նշված քաղ. գործով դատարանում պատասխանողի պարտականությունից» (հատոր 1-ին, գ.թ. 79)։
8. 03.02.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 60 վկայագրի համաձայն` ժառանգական գույքը` Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող 186,1քմ մակերեսով առանձնատունը և 1.370,0քմ մակերեսով հողամասը, որը պատկանել է 17.11.1980 թվականին մահացած ժառանգատու Արտավազդ Երեմի Մուշեղյանին, ում ժառանգն է որդին` 13.06.2008 թվականին մահացած Ռոբերտ Արտավազդի Մուշեղյանը, ով ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի հիմքով անցել է Տաթևիկ Ռոբերտի Մուշեղյանին (հատոր 1-ին, գ.թ. 13)։
9. 18.02.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2384524 վկայականի համաձայն` Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող 109,97քմ մակերեսով առանձնատան, 113,0քմ մակերեսով «հացատուն խարխուլ» շինության, 19,0քմ մակերեսով սանհանգույցի և 0,1352հա հողամասի սեփականատերը Տաթևիկ Ռոբերտի Մուշեղյանն է (հատոր 1-ին, գ.թ.54-56)։
10. Տաթևիկ Ռոբերտի Մուշեղյանի ներկայացուցիչն առարկություններով հայտնել է, որ Վաչե Մուշեղյանը 1984 թվականից փաստացի բնակություն է հաստատել հանրակացարանում և հոր տան գրանցումից դուրս է եկել 1987 թվականին (հատոր 1-ին, գ.թ.114)։
11. Սվետլանա Մուշեղյանը 18.11.2011 թվականի հայտարարությամբ հայտնել է, որ Վաչե Մուշեղյանը հոր` Արտավազդ Մուշեղյանի մահից հետո մինչև 1987-1988 թվականներն անընդմեջ բնակվել է Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող տանը, պահպանել և կառավարել է նշված տունը, իսկ Ռոբերտ Մուշեղյանը նշված տանը ժամանակավորապես բնակվել է 2000-2001 թվականներից (հատոր 2-րդ, գ.թ.72):
12. Նաիրա Մուշեղյանը և Սուրեն Ստեփանյանը 18.11.2011 թվականի հայտարարություններով հայտնել են, որ Արտավազդ Մուշեղյանի մահից հետո Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող առանձնատանը և տնամերձ հողամասում փաստացի բնակվել է Վաչե Մուշեղյանն իր ընտանիքի հետ, միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու, այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու ուղղությամբ, կատարել է գույքը պահպանելու հետ կապված ծախսերը (հատոր 2-րդ, գ.թ.73, 74)։
13. Սևան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 09.12.2011 թվականի թիվ Քպ-2/673 տեղեկանքի համաձայն` ըստ բնակչության քաղաքային ռեգիստրի տվյալների Ռոբերտ Մուշեղյանը Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում հաշվառվել է 12.01.1995 թվականից մինչև իր մահը (հատոր 3-րդ, գ.թ.40)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելու (ժառանգության տրանսմիսիա) ինստիտուտի իրավական կարգավորման առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի համաձայն` եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին: Մահացած ժառանգի ժառանգությունն ընդունելու իրավունքը նրա ժառանգները կարող են իրականացնել ընդհանուր հիմունքներով` նույն օրենսգրքի 1225-1228-րդ հոդվածներին համապատասխան: Որպես պարտադիր բաժին ժառանգության մասն ընդունելու ժառանգի իրավունքը չի անցնում նրա ժառանգներին:
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական կարգավորումը և հաշվի առնելով ժառանգական իրավահարաբերությունների առանձնահատկությունը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նշված դրույթով օրենսդիրը նախատեսել է այնպիսի դեպքեր, երբ ժառանգը (ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի), չհասցնելով ընդունել ժառանգությունը, մահանում է մինչև ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը: Նման պարագայում գործում է քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված ժառանգության տրանսմիսիայի ինստիտուտը, ըստ որի` նշված իրավիճակում մահացած ժառանգի ժառանգը ձեռք է բերում ժառանգի այն իրավունքը, որը վերջինս չի հասցրել իրականացնել: Այսինքն` օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգատուի ժառանգի չիրականացված իրավունքի փոխանցումը վերջինիս ժառանգներին: Ընդ որում, ժառանգը, որը հրավիրված էր ժառանգության և չհասցնելով ընդունել ժառանգությունը կամ հրաժարվել ժառանգությունից, մահանում է ժառանգությունը բացելուց հետո, քաղաքացիական իրավունքի տեսությունում անվանվում է տրանսմիտենտ, իսկ այն անձինք, որոնց փոխանցվում է ժառանգությունն ընդունելու իրավունքը` տրանսմիսսարներ:
Ժառանգության տրանսմիսիայի իրավահարաբերությունը բնութագրվում է որոշակի առանձնահատկություններով և ծագում է հետևյալ պայմաններում.
- Ժառանգը, որը հրավիրված է ժառանգության և ունի ժառանգելու սուբյեկտիվ իրավունք (իրավասու է ընդունելու ժառանգությունը կամ հրաժարվել ժառանգությունից), ժառանգությունը բացելուց հետո, չհասցնելով այն ընդունել կամ հրաժարվել ժառանգությունից, մահացել է.
- Մահացած ժառանգը (տրանսմիտենտ) կարող է լինել ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգ.
- Ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո մինչև ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը լրանալը.
- Ժառանգելու իրավունքը, որը պատկանում էր մահացած ժառանգին, փոխանցվում է նրա ժառանգներին: Ընդ որում, առաջին ժառանգը կապված է երկրորդ ժառանգի հետ այնպես, ինչպես ժառանգատուն և ժառանգները.
- Մահացածի ժառանգը (տրանսմիսսարը) իրավասու է ընդունելու ժառանգությունը լիազորությունների այն ծավալով և բովանդակությամբ, որին հրավիրված էր մահացած ժառանգը, կամ հրաժարվելու այդ ժառանգությունից:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ժառանգության տրանսմիսիայի իրավահարաբերության վերը նշված առանձնահատկությունները և ծագման հիմքերը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի կանոնակարգմանը ժառանգական իրավունքի նորմերի լույսի ներքո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի, այդ թվում նաև` փաստացի տիրապետման հիմքով ժառանգության ընդունման համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, որը հաշվվում է ժառանգության բացման, այն է` ժառանգատուի մահվան օրվանից (տե'ս Սուսաննա Նեմչինովայի հայցն ընդդեմ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, Սուրեն Առաքելյանի` 30.05.2008 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահաջի մասին թիվ ԵԿԴ/2472/02/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը։
Այսինքն` նշված դրույթով օրենսդիրը ևս սահմանել է վեցամսյա ժամկետ, որի ընթացքում ժառանգության բացման օրվանից ժառանգը կարող է հրաժարվել ժառանգությունից։
Այսպես` վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չի կարող խոսք լինել ժառանգության տրանսմիսիայի մասին այն դեպքում, երբ ժառանգը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում չի արտահայտել իր ցանկությունը ժառանգությունն ընդունելու կապակցությամբ, և մահացել է ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետից հետո: Պետք է ի նկատի ունենալ, որ կենդանության ընթացքում ժառանգի կողմից ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետի բացթողումը պայմանականորեն նշանակում է իրավունքի կորուստ, քանի որ ժառանգն այնուամենայնիվ կարող էր ընդունել ժառանգությունը սահմանված ժամկետում, մինչդեռ այն չի իրականացրել մինչև ժամկետի ավարտը: Ընդ որում, եթե ժառանգը մահացել է ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետից հետո, ապա ժառանգի այդպիսի իրավունքի կորուստն ունի բացառիկ նշանակություն, քանի որ ոչ ոք բացի անմիջապես ժառանգից չի կարող հարց բարձրացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
Այսինքն` ժառանգության տրանսմիսիայի կանոնները գործում են այն դեպքում, երբ տրանսմիտենտը մահացել է մինչև ժառանգությունն ընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու համար սահմանված ժամկետի ավարտը` չհասցնելով այն ընդունել կամ դրանից հրաժարվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով, իսկ նույն օրենսգրքի 1194-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Նշված նորմով օրենսդիրը կտակի ազատությունը սահմանափակել է պարտադիր բաժնի իրավունքով, որը կտակի առկայության պայմաններում համարվում է ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից` վերջինիս շնորհելով հատուկ սուբյեկտի կարգավիճակ:
Մինչդեռ, կտակի առկայության պայմաններում ժառանգության տրանսմիսիայի ուժով ժառանգության ընդունման իրավունքը մահացածի ժառանգներին փոխանցվելու դեպքում առկա է սահմանափակում` մահացած ժառանգի (տրանսմիտենտի) ժառանգության պարտադիր բաժնի իրավունքի փոխանցումը վերջիններիս ժառանգներին (տրանսմիսսարներին) արգելվում է: Այսպիսի սահմանափակումը պայմանավորված է կտակի ազատության, ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը միայն այդ անձին անմիջականորեն պատկանելու սկզբունքով, ինչպես նաև պարտադիր բաժնի իրավունք ուենցող ժառանգի` հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով: Հետևաբար, ժառանգության պարտադիր բաժինը չի կարող փոխանցվել այլ անձի, ով անմիջականորեն չունի պարտադիր բաժնի պահանջի իրավունք:
Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1198-րդ հոդվածի համաձայն` կտակարարը կարող է կտակում նշել այլ ժառանգի (ենթաժառանգի) այն դեպքի համար, եթե նրա նշանակած ժառանգը մահանա մինչև ժառանգությունը բացվելը, հրաժարվի ժառանգությունից, որպես անարժան ժառանգ մեկուսացվի ժառանգությունից կամ չկատարի կտակարարի օրինաչափ պայմանները:
Նշված նորմով ամրագրված են այն դեպքերը, երբ կտակարարն իրավունք ունի կտակում ոչ միայն նշել հիմնական ժառանգին կամ ժառանգներին, այլև ենթանշանակել այսպես կոչված պահեստային ժառանգ այն դեպքի համար, եթե ժառանգության բացման պահին մահացած լինի կտակում սկզբնապես նշված ժառանգը` չհասցնելով այն ժառանգել:
Մատնանշված իրավահարաբերության դեպքում չի կարող գործել տրանսմիսիայի ուժով ժառանգության ընդունման իրավունքը մահացածի ժառանգներին փոխանցելու ընթացակարգը, ինչն ուղղակիորեն բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1198-րդ հոդվածի իրավակարգավորումից:
Տրանսմիսիայի հիմքով ժառանգությունն ընդունելու իրավունքը կարող է իրականացվել ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-1228-րդ հոդվածներին համապատասխան:
Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել նույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Տվյալ դեպքում ժառանգության տրանսմիսիայի կարգով ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգության ընդունման ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Ընդ որում, մահացած ժառանգի ժառանգները ժառանգությունն ընդունելու համար ընդհանուր հիմունքներով սահմանված կարգով պետք է իրականացնեն ակտիվ գործողություններ, ինչպես նաև` ժառանգությունն իրենց կողմից ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում իրավասու են դիմելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու կապակցությամբ:
Հատկանշական է, որ մահացած ժառանգի (տրանսմիտենտի) այլ ժառանգների (տրանսմիսսարների) կողմից ժառանգությունն ընդունելու պարագայում վերջիններիս համաձայնության առկայության դեպքում ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգը (տրանսմիսսար) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ևս կարող է ընդունել ժառանգությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է գտնում զուգահեռներ անցկացնել տրանսմիսայի իրավունքով ժառանգությունն ընդունելու և ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունելու ինստիտուտների միջև:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1219-րդ հոդվածի համաձայն` չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես: Ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգի երեխաները:
Նշված դրույթներից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է նաև այնպիսի դեպքեր, երբ ըստ օրենքի ժառանգը մահանում է մինչև ժառանգատուի ժառանգության բացումը: Նման պարագայում գործում է քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունելու ինստիտուտը, որը ենթադրում է, որ ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է վերջինիս երեխաներին, որոնց միջև այն բաշխվում է հավասարապես: Ընդ որում, ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգի երեխաները ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել:
Փաստորեն, ըստ օրենքի ժառանգների շրջանակն ընդարձակվել է նաև ներկայացման իրավունքով ժառանգելու ժառանգների շրջանակով, այսինքն` ներկայացման իրավունքով ժառանգման հրավիրվող անձինք դասվում են ըստ օրենքի ժառանգների թվին: Ի դեպ, օրենսդիրը հստակ սահմանել է, թե ովքեր կարող են ներկայացման իրավունքով համարվել ժառանգներ` ամրագրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1217-րդ և 1219-րդ հոդվածներում:
Համեմատելով ժառանգության իրավունքի վերոնշյալ երկու ինստիտուտները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ`
առաջին. տրանսմիսիայի իրավունքով ժառանգումը տեղի է ունենում ինչպես ըստ օրենքի, այնպես էլ` ըստ կտակի, մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգումը տեղի է ունենում միայն ըստ օրենքի:
երկրորդ. տրանսմիսիայի իրավունքով ժառանգելու ժառանգների շրջանակը սահմանափակված չէ, մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգել կարող են միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1217-րդ և 1219-րդ հոդվածներում ամրագրված ժառանգների զավակները:
երրորդ. տրանսմիսիայի իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահանում է ժառանգատուից հետո` չհասցնելով ընդունել ժառանգությունը: Մինչդեռ ներկայացման իրավունքով ժառանգելու դեպքում ժառանգը մահանում է մինչև ժառանգությունը բացվելը, այսինքն` ժառանգատուից առաջ:
Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.
Սույն գործի փաստերի համաձայն` Ռոբերտ Մուշեղյանն Արտավազդ Մուշեղյանի որդին է: Արտավազդ Մուշեղյանը մահացել է 17.11.1980 թվականին, իսկ Ռոբերտ Մուշեղյանը` 13.06.2008 թվականին: Ռոբերտ Մուշեղյանի դուստր Տաթևիկ Մուշեղյանը 25.07.2008 թվականին և 03.02.2009 թվականին դիմել է նոտարական գրասենյակ` տրանսմիսիայի հիմքով պապի` Արտավազդ Մուղեշյանի ժառանգությունն ընդունելու համար: 03.02.2009 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որով հաստատվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի հիմքով 17.11.1980 թվականին մահացած Արտավազդ Մուշեղյանի ժառանգ է հանդիսանում թոռը` Տաթևիկ Մուշեղյանը:
Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ նախ սույն գործով չի հիմնավորվել այն, որ Ռոբերտ Մուշեղյանն արտահայտել է իր ցանկությունը 17.11.1980 թվականին մահացած ժառանգատու Արտավազդ Մուշեղյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունելու կապակցությամբ, և բացի այդ, Ռոբերտ Մուշեղյանը մահացել է 13.06.2008 թվականին` ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետից հետո: Այսինքն` տվյալ պարագայում բացակայում է ժառանգության տրանսմիսիայի իրավունքով ժառանգությունն ընդունելու ծագման հիմքը` Ռոբերտ Մուշեղյանը մահացել է ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո` չարտահայտելով իր ցանկությունը ժառանգությունն ընդունելու կապակցությամբ, հետևաբար Տաթևիկ Ռոբերտի Մուշեղյանը ժառանգատու Արտավազդ Մուշեղյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգության տրանսմիսիայի ուժով չէր կարող ընդունել ժառանգությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգության տրանսմիսիայի ծագման պայմանների բացակայության պարագայում Տաթևիկ Ռոբերտի Մուշեղյանին 02.03.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանագության իրավունքի թիվ 60 վկայագիրը տրամադրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1229-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:
Միաժամանակ սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին, 1226-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 1227-րդ հոդվածի 1-ին կետը, Վաչե Մուշեղյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ սույն քաղաքացիական գործով Դատարանը, վճռի հիմքում դնելով գործով հաստատված փաստերը, պատճառաբանել է, որ Վաչե Արտավազդի Մուշեղյանը գույքը երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու, դրա նկատմամբ իր տիրապետությունը հաստատելու վերը նշված ակտիվ գործողությունները կատարել է միայն 2010 թվականի մայիսի 06-ից հետո, երբ բնակություն է հաստատել արդեն իսկ Տաթևիկ Ռոբերտի Մուշեղյանի սեփականությունը հանդիսացող առանձնատանը: Վերաքննիչ դատարանը վիճահարույց հասցեի տունը Վաչե Մուշեղյանի կողմից որպես ժառանգական գույք փաստացի տիրապետելու փաստը նույնպես համարում է չհաստատված` հիմնվելով գործում առկա ապացույցների և առաջին ատյանի կողմից հաստատված փաստերի վրա: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Վաչե Մուշեղյանը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում չի տիրապետել հորը` Արտավազդ Մուշեղյանին պատկանող` Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 տունը, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի ուժով այն չի ընդունել:
Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար։
Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տես` Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, Անահիտ, Մարգարիտ, Քնարիկ Հակոբյանների՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքն առանձնացնելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 09-ի որոշումը)։
Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (ի թիվս այլ ակտերի տես` Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի վկայականը համապատասխան բաժիններով տրամադրելու, Սերյոժա Բալասանյանի 01.02.1994 թվականի կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ ճանաչելու և Այգեստան 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ բնակարանի և ավտոտնակի նկատմամբ Կարինե Սերոպյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մարտի 27-ի որոշումը)։ Ուստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տես` Գառնիկ Նազարյանն ընդդեմ Գագիկ Նազարյանի, Արտաշատի նոտարական տարածքի նոտարի՝ փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ճանաչելու և Գագիկ Նազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1125(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը, ինչպես նաև Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման՝ Վարդան Վարդանյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման եղանակով Միշա Վարդանյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիս 01-ի որոշումը)։
Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տես` Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից արտահայտված դիրքորոշմանը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները գործին մասնակցող անձանց բացատրությունները, վկաների ցուցմունքները, հայտարարությունները, Սևան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 09.12.2011 թվականի թիվ Քպ-2/673 տեղեկանքը` որպես ապացույց, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չեն գնահատել համակցության մեջ: Մինչդեռ, նշված ապացույցները փաստական տվյալներ են պարունակում առ այն, որ Վաչե Մուշեղյանը ժառանգության բացման ժամանակ ժառանգական գույք հանդիսացող Սևանի Կոմիսարների փողոցի թիվ 21 հասցեում գտնվող տանը բնակվել է և շարունակել է բնակվել այնտեղ մինչև 1984 թվականը և միայն 1984 թվականից փաստացի բնակություն է հաստատել հանրակացարանում և վիճելի տան գրանցումից դուրս է եկել 1987 թվականին, որպիսի փաստն ընդունել է նաև Տաթևիկ Մուշեղյանի ներկայացուցիչը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |