ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջազգային գործունեության` միջազգային իրավունքի նորմերին համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինները, գերատեսչությունները, պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները միջազգային պայմանագրեր կնքելիս դրանց տեքստը նախապես համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ.
բ) վերոհիշյալ մարմինները և դրանց պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետական մարմինների, դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ պաշտոնապես հաղորդակցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կամ վերջինիս համաձայնությամբ` անմիջականորեն.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային միջգերատեսչական պայմանագրերի ավանդապահի (դեպոզիտարի) ֆունկցիաներ, եթե այդ պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել սույն հրամանագրի 1-ին կետի «ա» ենթակետում թվարկված մարմինների կողմից կնքվող միջազգային պայմանագրերի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
5 մայիսի 1992 թ. ՆՀ-101 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2000, ՆՀ-541 | 31.03.2000, ՆՀ-101 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|