ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1105/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1105/02/12 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան |
Դատավորներ՝ |
Ն. Տավարացյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի նոյեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վլադիմիր Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հովսեփ Հովսեփյանի ընդդեմ Վլադիմիր Սահակյանի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքեր կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վլադիմիր Սահակյանը պահանջել է Հովսեփ, Գոհար, Արտակ և Սիրարփի Հովսեփյանների, Ռեբեկա Մուրադյանի և Հռիփսիմե Միքայելյանի (մի կողմից) ու իր (մյուս կողմից) միջև 17.12.2003 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում Վլադիմիր Սահակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Արամյան) (այսուհետ` Դատարան) 19.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է վերը նշված գործարքի նկատմամբ կիրառել առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում Վլադիմիր Սահակյանի անվամբ Երևանի Արաբկիր 21-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 12 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և այդ պայմանագիրը համարել փոխառության և գրավի պայմանագիր:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.03.2013 թվականի որոշմամբ Վլադիմիր Սահակյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վլադիմիր Սահակյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 47-րդ, 48-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ, 109-րդ և 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.06.2007 թվականի վճիռը, որի արդյունքում անտեսել է, որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով առկա է օրինական ուժի մտած վճիռ, որով իր հայցն ընդդեմ Հովսեփ, Գոհար, Արտակ և Սիրարփի Հովսեփյանների, Ռեբեկա Մուրադյանի և Հռիփսիմե Միքայելյանի` վիճելի բնակարանից վտարելու մասին, բավարարվել է, իսկ վերջիններիս հակընդդեմ հայցն ընդդեմ իրեն` վիճելի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը շինծու լինելու հիմքով անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժվել է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փոխհամաձայնագիրը կնքվել է նշված վճռից հետո, քանի որ ստեղծված իրավիճակում այլևս ցանկություն չի եղել բնակվելու այդ բնակարանում: Ընդ որում, այդ փոխհամաձայնագրում նշվել է, որ բնակարանն իր սեփականությունն է, և որևէ նշում չկա այն մասին, որ պայմանագիրը շինծու է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քննիչի որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրելի ապացույց չէ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2013 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ 07-1540/2007թ. քաղաքացիական գործով հայցվոր Վլադիմիր Սահակյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հովսեփ, Գոհար, Արտակ և Սիրարփի Հովսեփյանների, Ռեբեկա Մուրադյանի և Հռիփսիմե Միքայելյանի` Երևանի Արաբկիր 21-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 12 բնակարանից նրանց վտարելու պահանջի մասին` հայցի հիմքում դնելով այն, որ վերջիններս, հանդիսանալով նշված բնակարանի նախկին սեփականատերեր, 17.12.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն, այդ բնակարանն իրեն վաճառելուց հետո շարունակում են այն տիրապետել` խախտելով իր սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 82, 83).
2) թիվ 07-1540/2007թ. քաղաքացիական գործով Հովսեփ, Գոհար, Արտակ և Սիրարփի Հովսեփյանները, Ռեբեկա Մուրադյանը և Հռիփսիմե Միքայելյանը հակընդդեմ հայց են ներկայացրել դատարան ընդդեմ Վլադիմիր Սահակյանի` նույն բնակարանի վերաբերյալ 17.12.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին` հակընդդեմ հայցի հիմքում դնելով այն, որ «իրականում իրենց միջև կնքվել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ փոխառության, իսկ բնակարանը հանդիսացել է փոխառության գումարը վերադարձնելու երաշխիք», «այսինքն` կնքվել է շինծու գործարք, որպեսզի քողարկվի իրական գործարքը», «բնակարանի առուվաճառքի գումարը չի համապատասխանել այդ օրվա իրական շուկայական արժեքի հետ, ինչը նույնպես վկայում է, որ գործարքը շինծու է» (հատոր 1-ին, գ.թ. 82, 83).
3) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից թիվ 07-1540/2007թ. քաղաքացիական գործով 06.06.2007 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 82, 83):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավական որոշակիության սկզբունքին` հաշվի առնելով դատական պրակտիկայի միասնականության ապահովումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն, որ «կողմերը, կնքելով բնակարանի առուվաճառքի պայմանագիր, նկատի են ունեցել փոխառության և գրավի հանգամանքները», և անդրադառնալով Վլադիմիր Սահակյանի այն պատճառաբանությանը, որ «հայցվորին և նրա ընտանիքի անդամներին Արաբկիր 21-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 12 բնակարանից վտարելու վերաբերյալ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ», նշել է, որ այն «հայցը մերժելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ տվյալ ժամանակ Հ. Հովսեփյանը և նրա ընտանիքի անդամները դատարանին չեն ներկայացրել փոխառության վերաբերյալ որևէ ապացույց, որի պատճառով էլ կայացվել է վտարման վճիռ»: Դատարանը նաև նշել է, որ «Այն, որ 17.12.2003թ. կողմերը, կնքելով բնակարանի առուվաճառքի պայմանագիր, նկատի են ունեցել Արտակ Հովսեփյանի կողմից Վլադիմիր Սահակյանից փոխառությամբ գումար ստանալու հանգամանքը` ի հայտ է եկել Հովսեփ Հովսեփյանի հայտարարության հիման վրա Վլադիմիր Սահակյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ և կողմերի կնքած փոխհամաձայնագրերով»:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս նշել է, որ «իրականում կողմերի միջև առկա էր փոխառությամբ պայմանավորված իրավահարաբերություն, որը, սակայն, օրենքով սահմանված ձևով չի կնքվել, այլ դրա փոխարեն հայցվոր կողմն ի ապահովումն գումարի վերադարձման` պատասխանողի անվամբ ձևակերպել է վիճելի բնակարանի սեփականության իրավունքը: Այդ կապակցությամբ Դատարանն օրինական կարգով որպես թույլատրելի և վերաբերելի գրավոր ապացույց լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվորեն է գնահատել գրավոր ապացույց հանդիսացող Արաբկիրի քննչական բաժնի կողմից կայացված գործ/թերթ 69-71-ում առկա որոշումը, ինչպես նաև կողմերի միջև ձեռքբերված գրավոր համաձայնությունները: Նշված ապացույցները բավարար հիմք են հանդիսանում հաստատելու համար, որ կողմերի միջև իրականում կնքվել է փոխառություն, սակայն արտաքնապես այն ձևակերպվել է որպես առուվաճառք»: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «Բողոքում ներկայացված մյուս պատճառաբանությունը, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կարճման, ևս անհիմն է, քանի որ վկայակոչված քաղաքացիական գործով հայցի առարկան` հայցապահանջը և հայցի հիմքը, այսինքն` այդ պահանջը հիմնավորող փաստական հանգամանքները և սույն քաղաքացիական գործով հայցի առարկան և հիմքը նույնական չեն»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ 07-1540/2007թ. քաղաքացիական գործով Հովսեփ, Գոհար, Արտակ և Սիրարփի Հովսեփյանները, Ռեբեկա Մուրադյանը և Հռիփսիմե Միքայելյանը հակընդդեմ հայցով ընդդեմ Վլադիմիր Սահակյանի պահանջել են անվավեր ճանաչել 17.12.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը` հակընդդեմ հայցի հիմքում դնելով այն հանգամանքը, որ «իրականում իրենց միջև կնքվել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ փոխառության, իսկ բնակարանը հանդիսացել է փոխառության գումարը վերադարձնելու երաշխիք», «այսինքն` կնքվել է շինծու գործարք, որպեսզի քողարկվի իրական գործարքը»: Սույն գործով Հովսեփ Հովսեփյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վլադիմիր Սահակյանի` նույն առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին` հայցի հիմքում դնելով այն, որ «իրականում կողմերի միջև կնքվել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ փոխառության և գրավի»: Այսինքն` ինչպես թիվ 07-1540/2007թ., այնպես էլ սույն քաղաքացիական գործով հայցապահանջը վերաբերում է շինծու լինելու հիմքով գործարքի անվավերությանը, իսկ հայցապահանջների հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կողմերի միջև իրականում կնքվել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ փոխառության և գրավի:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, դեռևս 06.06.2007 թվականի վճռով հիմնավորված համարելով, որ Վլադիմիր Սահակյանի և Հովսեփ, Գոհար, Արտակ ու Սիրարփի Հովսեփյանների, Ռեբեկա Մուրադյանի և Հռիփսիմե Միքայելյանի միջև 17.12.2003 թվականին կնքվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն` Վլադիմիր Սահակյանին որոշակի գումարի դիմաց վաճառել են իրենց սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Արաբկիր 21-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 12 բնակարանը, արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումն այդ պայմանագրի կապակցությամբ` արձանագրելով, որ այդ պայմանագիրը փոխառության գործարքի քողարկման նպատակով կնքված, բնակարանը վերցված գումարի դիմաց երաշխիք լինելու, պայմանագրի գինն այն կնքելու օրվա դրությամբ իրական շուկայական արժեքին չհամապատասխանելու հիմքերով այն շինծու գործարք հանդիսանալու վերաբերյալ որևէ ապացույց Հովսեփ, Գոհար, Արտակ և Սիրարփի Հովսեփյանները, Ռեբեկա Մուրադյանը և Հռիփսիմե Միքայելյանը չեն ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ինչպես և Դատարանը, թույլատրելի է համարել նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` 06.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում Հովսեփ Հովսեփյանի կողմից այդ գործով վկայակոչած նույն հիմքերի վերաբերյալ նոր «ապացույցներ» ներկայացնելը:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված «միևնույն հիմքերով» օրենսդրական եզրույթի վերլուծությանը, պատասխանել է հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք հայցի հիմքում դրված ապացույցի ներկայացումը նոր հայցով կարող է համարվել այլ հիմքով հայցի ներկայացում:
Վերոնշյալ իրավական հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ և քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցերը.
ա) ի՞նչ է իրենից ներկայացնում հայցի հիմքը, և որոնք են դրա տարրերը.
բ) արդյո՞ք հայցի փաստական հիմքը նույնանում է փաստը հաստատող ապացույցի հետ:
Առաջին հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական և իրավական հիմքերի տարբերակիչ հատկանիշները, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այլ նորմերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները և դրանք հաստատող ապացույցները:
Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի փաստական հիմքից բացի, հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից, կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ:
Երկրորդ հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Այդ տրամաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են նաև հայցապահանջները հաստատող ապացույցները: Վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: Հետևաբար, քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Ապացույցները հիմնավորում են հայցի հիմքը կազմող իրավաբանական փաստերը և ի վերջո` հայցվորի պահանջը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ:
Հետևաբար հայցի փաստական հիմքերի ներկայացումը և դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն և հետևանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի հիմքում դրված որոշակի փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցը տվյալ դատավարության շրջանակներում չներկայացնելու պարագայում նույն փաստական հանգամանքների հիման վրա հայց ներկայացնելու դեպքում տվյալ ապացույցը ներկայացնելը չի կարող որակվել որպես այլ հիմքով հայցի ներկայացում:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ «նույն հիմքերով» օրենսդրական եզրույթը ներառում է հայցի փաստական և իրավական հիմքերը, այլ ոչ թե դրանք հիմնավորող ապացույցները (տես՝ Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի և ըստ Սուրիկ Սեդրակյանն ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես թիվ 07-1540/2007թ. քաղաքացիական գործով, այնպես էլ սույն գործով որպես հայցի հիմք է ներկայացվել այն հանգամանքը, որ կողմերի միջև իրականում կնքվել է ոչ թե առուվաճառքի պայմանագիր, այլ փոխառության և գրավի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկու գործով ներկայացվել է հայցի նույն իրավական և փաստական հիմքը, իսկ սույն գործով ընդամենը փոխվել է այդ փաստական հիմքը հիմնավորող ապացույցների կազմը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ըստ էության իրականացվել է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծում ստացած գործի կրկնակի քննություն, և գտնում է, որ սույն գործով դատարանների կողմից խախտվել է նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Մասնավորապես, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որպեսզի կողմերից ոչ մեկը չունենա իրավունք` պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,
- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:
Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տես` Ռաշն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2005 թվականի հունվարի 13-ի, Բուրցեվն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2005 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռները):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանն այն դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու ` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2013 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել։
2. Հովսեփ Հովսեփյանից հօգուտ Վլադիմիր Սահակյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
Հովսեփ Հովսեփյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարման ենթակա և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.06.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. Հակոբյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |