ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2014 թվականի N 99-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1003-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1003-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Սույն կարգի 28-րդ և 29-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացված լինելու դեպքում լիազորված մարմինը դրա մասին, փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է համապատասխան պաշտոնատար անձին: Թերի փաստաթղթերը ենթակա են համալրման համապատասխան պաշտոնատար անձի կողմից` լիազորված մարմնի կողմից դրա մասին տեղեկացնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, հակառակ դեպքում դիմումը վերադարձվում է այն ներկայացնողին:».
2) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումն ստանալուց, իսկ սույն կարգի 30-րդ կետում նշված դեպքում` թերի փաստաթղթերը համալրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմնի աշխատակազմի ղեկավարը որոշում է ծառայողական քննություն նշանակելու կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումը մերժելու հարցը: Ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումի մերժման դեպքում դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է դիմում ներկայացնող անձին` նշելով մերժման հիմքերը:».
3) 34-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ անցկացումը մերժելու» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 11 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|