Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0439/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0439/02/12
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ի. Վարդանյան

Դատավորներ՝   

Ն. Բարսեղյան
 

Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Գառնիկ, Արմեն, Հայկազ Հովհաննիսյանների, Կարինե Մարգարյանի և Հասմիկ Ալեքսանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Խոսրովիկ Հովհաննիսյանի և Հասմիկ Պետրոսյանի ընդդեմ Գառնիկ, Արմեն, Հայկազ Հովհաննիսյանների, Կարինե Մարգարյանի և Հասմիկ Ալեքսանյանի` բնակելի տնից վտարելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Գառնիկ Հովհաննիսյանի, Կարինե Մարգարյանի ընդդեմ Խոսրովիկ Հովհաննիսյանի և Հասմիկ Պետրոսյանի` տունը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Խոսրովիկ Հովհաննիսյանը և Հասմիկ Պետրոսյանը պահանջել են Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 52/2 տան հասցեում գտնվող բնակելի տնից վտարել Գառնիկ, Արմեն, Հայկազ Հովհաննիսյաններին, Կարինե Մարգարյանին և Հասմիկ Ալեքսանյանին:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գառնիկ Հովհաննիսյանը, Կարինե Մարգարյանը պահանջել են Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 52/2 տունը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել իրենց սեփականության իրավունքը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 05.04.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2013 թվականի որոշմամբ Խոսրովիկ Հովհաննիսյանի և Հասմիկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 05.04.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գառնիկ, Արմեն, Հայկազ Հովհաննիսյանները, Կարինե Մարգարյանը և Հասմիկ Ալեքսանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հասմիկ Պետրոսյանը և Խոսրովիկ Հովհաննիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները, մասնավորապես, գործում առկա են ջրի, հեռախոսի, էլեկտրաէներգիայի մատակարարման, հաշվիչների տեղադրման պայմանագրեր, որոնք վկայում են այն մասին, որ հակընդդեմ հայցով հայցվորները վիճելի գույքը տիրապետել են որպես իրենց սեփականը, այն տիրապետել են 1992 թվականից, և տիրապետումը կրում է շարունակական բնույթ, հայցվորները 1992 թվականից ընտանիքով տեղափոխվել են վիճելի հասցեից` որևէ կերպ չխոչընդոտելով իրենց տիրապետմանը: Հակընդդեմ հայցով հայցվորները 1994-1995 թվականներին ամբողջությամբ վերակառուցել են վիճելի տունը, կառուցել են խոհանոց, ննջասենյակներ, հետագայում` նաև ավտոտնակ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ 12.08.2009 թվականին Խոսրովիկ Հովհաննիսյանը նոտարական վավերացմամբ լիազորագիր է տվել Գառնիկ Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս զբաղվի տան անվանափոխման և ինքնակամ կառույցներն օրինականացնելու գործընթացներով, սակայն այդ աշխատանքների ավարտից և կադաստրում իր անվամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո Խոսրովիկ Հովհաննիսյանը հրաժարվել է անվանափոխել վիճելի տունը:

Ավելին, դատաքննությամբ ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանի կողմից տրված ցուցմունքով հաստատվել է, որ եթե կողմերի միջև վեճ չծագեր վարկի և Դավթաշենում գտնվող տան կապակցությամբ, ապա վիճելի տունը կանվանափոխվեր Գառնիկ Հովհաննիսյանի որդու անվամբ, նրա ցուցմունքներով հաստատվում է նաև, որ գույքի սեփականատերը հրաժարվել է իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 27.06.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05.04.2013 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտով պահպանվել է գործի քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, և որևէ իրավական նորմի պահանջ չի խախտվել, դատական ակտի հիմքում դրված իրավական նորմերի պահանջներն էլ ճիշտ են կիրառվել, ուստի Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը հիմնավոր է և օրինական:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Խոսրովիկ Հովհաննիսյանը և Հասմիկ Պետրոսյանն ամուսիններ են, նրանց ամուսնությունը գրանցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա ՔԿԱԳ բաժնում 25.12.1979 թվականին, և կատարվել է թիվ 1911 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 8):

2. Գառնիկ Հովհաննիսյանը և Կարինե Մարգարյանն ամուսիններ են, նրանց ամուսնությունը գրանցվել է Երևանի Մյասնիկյանի շրջանի ԶԱԳՍ-ում 07.04.1990 թվականին, և կատարվել է թիվ 85 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 81):

3. Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 25.11.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2691763 վկայականի` Խոսրովիկ Հովհաննիսյանը Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 52/2 տան սեփականատերն է: Սեփականության իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 05.10.2009 թվականի թիվ 8505-Ա և 05.11.2009 թվականի թիվ 8803-Ա որոշումները (հատոր 1-ին, գ.թ. 12-15):

4. 12.08.2009 թվականին Խոսրովիկ Հովհաննիսյանը լիազորել է Գառնիկ Հովհաննիսյանին իր նախընտրած պայմաններով և գնով վաճառել, փոխանակել, վարձով տալ, անհատույց օգտագործման հանձնել կամ իր հայեցողությամբ որոշված պայմաններով, ցանկացած բանկում կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ, ցանկացած վարկառուի կամ փոխառուի ստանալիք վարկի կամ փոխառության դիմաց գրավ դնել և գրավից հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Եղիազարյան թիվ 52ա հասցեում գտնվող անշարժ գույքը, ներկայացնել իր շահերը նոտարական գրասենյակում, համապատասխան կադաստրում, բանկում և այլ հիմնարկ-ձեռնարկություններում, որտեղ դրա անհրաժեշտությունը կլինի, իր անունից տալ դիմումներ, անել հայտարարություններ, ստանալ և ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իր նախաձեռնությամբ ընտրել վաճառքի և մյուս պայմանները...կատարել օրենքով չարգելված այլ գործողություններ կապված սույն լիազորությունների հետ (հատոր 1-ին, գ.թ. 86):

5. Հասմիկ Պետրոսյանը 29.03.2012 թվականին նախապահանջով դիմել է սկզբնական հայցով պատասխանողներին և առաջարկել է գրությունը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ազատել Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 52ա տուն հասցեում գտնվող բնակելի տունը (հատոր 1-ին, գ.թ. 16):

6. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի կողմից 24.02.2011 թվականին տրամադրված բաժանորդի էպիկրիզի համաձայն` Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 52ա հասցեի բաժանորդ հանդիսանում է Գառնիկ Հովհաննիսյանը (հատոր 1-ին, գ.թ. 87-94):

7. «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և Գառնիկ Հովհաննիսյանի միջև Երևանի Եղիազարյան թիվ 52ա հասցեով 21.12.2001 թվականին կնքվել է կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման թիվ 704091 պայմանագիրը, գազաֆիկացման հիման վրա Եղիազարյան թիվ 52ա հասցեում բաժանորդ Գառնիկ Հովհաննիսյանի համար տեղադրվել է գազի ներտնային առևտրային հաշվիչ (հատոր 1-ին, գ.թ. 95-101):

8. Աջափնյակ թաղային կոմիտեի նախագահ Ավագյանի կողմից 21.07.2012 թվականին տրամադրված տեղեկանքի համաձայն` Երևանի Եղիազարյան թիվ 52/2 հասցեում 1984 թվականից բնակվում է Գառնիկ Հովհաննիսյանը, 1988 թվականից կինը` Կարինե Մարգարյանը և նրանց երեխաները` Արմենը (ծնված 1989 թվականին), Հայկազը (ծնված 2000 թվականին) և Անին (ծնված 1991 թվականին) (հատոր 1-ին, գ.թ. 102):

9. Հակընդդեմ հայցով հայցվոր Գառնիկ Հովհաննիսյանը և կողմերի հարազատ քույրերը` վկաներ Հռիփսիկ, Շուշանիկ, Օֆելյա Հայկազի Հովհաննիսյանները և Ռիմա Հայկազի Հարությունյանը դատարանին հայտնել են, որ Եղիազարյան թիվ 52/2 հասցեի վիճելի տունն առուծախի պայմանագրով Վանուշիկ և Ռեմիկ Ղազարյաններից գնել է իրենց հայրը` Հայկազ Հովհաննիսյանը, սակայն այն գրանցել է եղբայրներից Խոսրովիկ Հովհաննիսյանի անվամբ: Վկաները նշել են, որ Խոսրովիկ Հովհաննիսյանը չէր կարող տունը գնել, քանի որ չէր աշխատում: Վկաները ցուցմունք են տվել նաև այն մասին, որ 1992-1993 թվականներից նշված տանը բնակվում և այն տիրապետում են Գառնիկ Հովհաննիսյանը և նրա ընտանիքը, իրենց հոր որոշմամբ տունը թողնվել է վերջինիս, իսկ Խոսրովիկ Հովհաննիսյանն ամուսնությունից հետո տեղափոխվել է Դավթաշենի իր տունը, որը ևս կառուցվել է իրենց հոր կողմից, լսել են, որ Գառնիկը նույնպես օգնել է (հակընդդեմ հայց, հատոր 1-ին, գ.թ. 76, դատական նիստի արձանագրություն, հատոր 2-րդ, գ.թ. 127):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով իր դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:

Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում վերոնշյալ ժամկետի ավարտից հետո գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այսինքն` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից:

Դատարանը, հայցը մերժելով, իսկ հակընդդեմ հայցը բավարարելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ Գառնիկ Հովհաննիսյանը, Կարինե Մարգարյանը 10 տարուց ավելի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետել են վիճելի անշարժ գույքը։

Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու և սկզբնական հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի գույքը հակընդդեմ հայցով հայցվորների տիրապետմանն անցնելիս և նրանց տիրապետության ողջ ընթացքում վերջիններս իմացել են, որ այդ գույքը պատկանում է Խոսրովիկ Հովհաննիսյանին և Հասմիկ Պետրոսյանին, ինչն արդեն իսկ չէր կարող ձևավորել այն համոզմունքը, թե գույքը տիրապետում են որպես սեփականություն, հետևաբար բացառվում է գույքի տիրապետման բարեխղճությունը: Տիրապետման բարեխղճության բացակայության պարագայում Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ մյուս վավերապայմանների առկայության վերաբերյալ փաստարկները:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվորի` վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը։ Գույքի նախկին սեփականատիրոջ կողմից անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այն ձեռքբերողի տիրապետման բարեխղճությունը որոշվում է ոչ միայն գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս գույքի դիմաց կատարված վճարումը հավաստող կոնկրետ ապացույցի առկայությամբ, այլև բարեխղճության հավաստիք կարող են հանդիսանալ և տիրապետողի, և գույքի նախկին սեփականատիրոջ հետագա գործողությունները (անգործությունը):

Սույն գործի փաստերի, այն է` վկաներ Հռիփսիկ, Շուշանիկ, Օֆելյա Հայկազի Հովհաննիսյանների և Ռիմա Հայկազի Հարությունյանի ցուցմունքների համաձայն` Երևանի Եղիազարյան թիվ 52/2 հասցեի վիճելի տունն առուծախի պայմանագրով գնել է իրենց հայրը` Հայկազ Հովհաննիսյանը, սակայն այն գրանցել է եղբայրներից Խոսրովիկ Հովհաննիսյանի անվամբ: 1992-1993 թվականներից նշված տանը բնակվում և այն տիրապետում են Գառնիկ Հովհաննիսյանը և նրա ընտանիքը, իրենց հոր որոշմամբ տունը թողնվել է վերջինիս, իսկ Խոսրովիկ Հովհաննիսյանն ամուսնությունից հետո տեղափոխվել է Դավթաշենի իր տունը, որը ևս կառուցվել է իրենց հոր կողմից, լսել են, որ Գառնիկը նույնպես օգնել է: Բացի այդ, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի և Գառնիկ Հովհաննիսյանի միջև Երևանի Եղիազարյան թիվ 52ա հասցեով 21.12.2001 թվականին կնքվել է կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման թիվ 704091 պայմանագիրը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի կողմից 24.02.2011 թվականին տրված թիվ 0930785 բաժանորդի քարտի համաձայն` Գառնիկ Հովհաննիսյանին տրամադրվել է բաժանորդի էպիկրիզ, համաձայն որի` 30.11.1997 թվականից Գառնիկ Հովհաննիսյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Արևմուտք» մասնաճյուղի միջև կնքվել է էներգամատակարարման պայմանագիր, Աջափնյակ թաղային կոմիտեի նախագահ Ավագյանի կողմից 21.07.2012 թվականին տրամադրված տեղեկանքի համաձայն` Երևանի Եղիազարյան թիվ 52/2 հասցեում 1984 թվականից բնակվում է Գառնիկ Հովհաննիսյանը, 1988 թվականից կինը` Կարինե Մարգարյանը և նրանց երեխաները` Արմենը (ծնված 1989 թվականին), Հայկազը (ծնված 2000 թվականին) և Անին (ծնված 1991 թվականին):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ բոլոր ապացույցները հիմնավորում են Գառնիկ Հովհաննիսյանի և Կարինե Մարգարյանի կողմից վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը, միաժամանակ վկայակոչված ապացույցներով հաստատվում է նաև այն հանգամանքը, որ գույքի սեփականատիրոջ կողմից իրականացվել են գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին։

Ինչ վերաբերում է Խոսրովիկ Հովհաննիսյանի կողմից 12.08.2009 թվականին Գառնիկ Հովհանիսյանին լիազորագիր տալուն, Հասմիկ Պետրոսյանի կողմից 29.03.2012 թվականին նախապահանջով Գառնիկ, Արմեն, Հայկազ Հովհաննիսյաններին, Կարինե Մարգարյանին և Հասմիկ Ալեքսանյանին երեք օրվա ընթացքում Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 52ա տան հասցեում գտնվող բնակելի տունն ազատելու մասին գրությանը, ապա այդ գործողությունները նրանց կողմից կատարվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ձեռքբերման վաղեմության 10-ամյա ժամկետն անցնելուց հետո, այսինքն` այն ժամանակ, երբ հակընդդեմ հայցով հայցվորների մոտ ձեռքբերման վաղեմության հիմքով ծագել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ բոլոր հիմքերը:

Վերոգրյալ փաստերի գնահատումը սույն գործի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Դատարանի վճիռը հիմնավոր է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2013 թվականի վճռին։

2. Խոսրովիկ Հովհաննիսյանից և Հասմիկ Պետրոսյանից հօգուտ Գառնիկ, Արմեն, Հայկազ Հովհաննիսյանների, Կարինե Մարգարյանի և Հասմիկ Ալեքսանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան