Գլխավոր տեղեկություն
Համար
N 1516-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2014-26.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2013 թվականի N 1516-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների գործունեության բարելավման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների գործունեության բարելավման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1516-Ա որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

 Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ ուղուն անցումը ենթադրում է ինովացիոն երկարաժամկետ նպատակային քաղաքականության իրականացում և նոր տեխնոլոգիաների ներդրում ու խորհրդատվության գործուն մեթոդների կիրառում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում գյուղատնտեսության ոլորտի առաջընթացի կարևոր գործոններից է մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության ծառայությունների զարգացումը: Վերջինս կապող օղակ է ագրարային գիտության և գյուղատնտեսական մթերք արտադրողների միջև:

 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում կարևոր նշանակություն ունի մասնագիտական խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցումը, գիտության նվաճումների և նոր տեխնոլոգիաների փորձարկումն ու ներդրումը, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար դրանց հասանելիության ապահովումը: Այդ առումով առաջնային է համարվում գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների տեխնիկական վերազինման և մասնագիտական կարողությունների հզորացման միջոցով խորհրդատվական համակարգի արդյունավետության բարձրացումը, ֆերմերների առաջնային կարիքների բացահայտումը և դրանց բավարարման գործուն համակարգի ձևավորումը:

Ներկայումս հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը, գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ պահանջարկի ընդլայնումը, սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների և միջազգային շուկայի պահանջարկը բավարարող մրցունակ արտադրանք թողարկելու անհրաժեշտությունը նոր մոտեցումներ են առաջադրում մասնագիտական խորհրդատվության ու տեղեկատվության ոլորտում:

Հաշվի առնելով մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության, ինչպես նաև այդ բնագավառում համակարգված քաղաքականության իրականացման կարևորությունը գյուղատնտեսության հետագա զարգացման ապահովման գործում` անհրաժեշտություն է առաջացել միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակել այդ համակարգի զարգացման միտումները կանխանշող, արդյունավետության բարձրացումը և համակարգի ինքնաֆինանսավորման անցումն ապահովող հայեցակարգային դրույթներ:

Հայեցակարգի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 53 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Ագրարային ոլորտում առաջավոր տեխնոլոգիաների ներդրման, գիտակրթական և խորհրդատվական համակարգի զարգացման (2005-2010 թվականների) հայեցակարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1476-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների գյուղական խորհրդատվական ծառայությունների մատուցման ծրագիրը հաստատելու մասին» N 57-Ն որոշումները:

 

I. ԱԳՐԱՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

 

1. Ագրարային բարեփոխումների արդյունքում ձևավորված գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվություն մատուցելու նպատակով 1993 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեպարտամենտի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմում ստեղծվել է «Ագրոգիտասփյուռ» ծառայությունը: Երկու տարվա ընթացքում հանրապետության 38 շրջանում ձևավորվել են խորհրդատվական գործակալություններ, որոնցում աշխատողների թիվը կազմում էր շուրջ 300 մարդ: Գործակալներին (խորհրդատուներին) աջակցում էին «Ագրոգիտասփուռ» ծառայության մասնագետները, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականներն ու դասախոսները:

2. 1997-1999 թվականներին խորհրդատվական համակարգում կատարվել են կառուցվածքային բարեփոխումներ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամաններով հանրապետության բոլոր մարզերում ստեղծվել են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (այսուհետ` ԳԱՄԿ-եր):

3. Ընկերություններն իրականացնում են իրենց կանոնադրական գործառույթները՝ գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, սեմինարների և ուսուցումների կազմակերպում, գիտության նվաճումների, նոր տեխնոլոգիաների, համաշխարհային փորձի ներդրում ու տեղայնացում, գյուղատնտեսական մթերքների իրացման նպատակով շուկաների հետազոտում, մարքեթինգային տեղեկատվության ապահովում, ուսուցողական և դաշտային ցուցադրական պարապմունքների անցկացում, լրատվության կազմակերպում և այլն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1240-Ա որոշմամբ ստեղծվել է «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ԳԱՀԿ): ԳԱՀԿ-ն գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով` գիտական-ներդրումային, խորհրդատվական և լրատվական-տեղեկատվական: 2006 թվականից ԳԱՀԿ-ն մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող գյուղատնտեսական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրին (ԳՁՓԱԳԶԾ): ԳԱՀԿ-ի առաջնային խնդիրներից է Հայաստանում ֆերմերների և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող այլ սուբյեկտների մասնագիտական և մարքեթինգային աջակցության կարիքների բացահայտումը, այդ կարիքները բավարարող կիրառական հետազոտությունների ծրագրերի մշակումը և իրականացումը: Կենտրոնը հրատարակում է «Ագրոգիտություն» գիտական ամսագիրը և «Ագրոլրատու» թերթը, պատրաստում է ագրարային խնդիրները լուսաբանող հեռուստահաղորդումներ, հրատարակում է գիտական նվաճումները և առաջավոր փորձը ներկայացնող մասնագիտական գրականություն և գովազդային նյութեր: Ընկերությունը ԳԱՄԿ-երի և ագրարային ոլորտի գիտնականների մասնակցությամբ գյուղացիական տնտեսություններում 2001-2012 թվականներից իրականացրել է մասնակցողական բնույթի ավելի քան 1018 տեխնոլոգիա` ուղղորդվելով գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների կողմից առաջնային կարիքների բացահայտման նպատակով կազմակերպված հարցումներով և ուսումնասիրություններով:

5. Խորհրդատվական ծառայությունների մատուցման գործընթացում պարբերաբար ներգրավվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գիտական կենտրոնների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների գիտնական-խորհրդատուները:

6. Միայն 2012 թվականին կենտրոնների կողմից կազմակերպվել և իրականացվել է 1118 սեմինար և դաշտային 867 ուսուցում, 21667 խորհրդատվական միջոցառում, փորձացուցադրական 161 աշխատանք, եթեր է հեռարձակվել 98 ռադիոհեռուստահաղորդում: Տպագրվել և տարածվել է խորհրդատվական 469 անուն թերթիկ և գրքույկ՝ 112330 ընդհանուր տպաքանակով: Թողարկվել է 156 համար թերթ՝ 203100 ընդհանուր տպաքանակով: ԳԱՀԿ-ի կողմից տպագրվել է «Ագրոգիտություն» ամսագրի 5 համար՝ 1450 տպաքանակով: ԳԱՀԿ-ի կողմից իրականացվում են ԳԱՄԿ-երի գյուղատնտեսության գծով խորհրդատուների և առավել ակտիվ ֆերմերների ուսուցում-դասընթացներ: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի «Տեխնոլոգիաների գնահատում» ենթաբաղադրիչի շրջանակներում ԳԱՄԿ-երի միջոցով 10 մարզում կատարվել են ուսումնասիրություններ՝ գյուղացիական տնտեսությունների առաջնային կարիքները բացահայտելու և մարզային կտրվածքով ներդրման ենթակա լավագույն տեխնոլոգիաների ընտրության ուղղությամբ: Քննարկումների արդյունքում 2012 թվականին ներկայացված 55 ծրագրից հաստատվել և ֆինանսավորվել է 38-ը, իսկ նախորդ տարվա ընթացքում իրականացված լավագույն տեխնոլոգիաների արդյունքների վերաբերյալ նյութերը 11000 տպաքանակով տրամադրվել են տնտեսավարող սուբյեկտներին:

7. 2012 թվականին աջակցության կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների մասնակիցների վերաբերյալ ցուցանիշները նշված են N 1 աղյուսակում:

8. Ընկերություններն իրենց կանոնադրական գործառույթներից բացի իրականացնում են մարզերում տիրող իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքագրում, ԳԱՄԿ-երում ստեղծված «Շտապ գյուղատնտեսական օգնություն» մարզային շտաբների կողմից ահազանգերի ընդունում և դրանց ընթացքի նկատմամբ վերահսկողություն, Երևան քաղաքում գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներին գյուղացիական տնտեսությունների մասնակցության ապահովման գործում աջակցություն:

9. ԳԱՄԿ-երի կողմից ուսուցման և խորհրդատվությունների մատուցման գործընթացում պարբերաբար քննարկվել են գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված հարցերը: Ընկերությունների կողմից կոոպերատիվների ստեղծման թեմայով անցկացվել է 304 սեմինար: Սեմինարների ընթացքում քննարկվել է կոոպերատիվների ստեղծման հարցը, տպագրվել և տարածվել է 48 անուն տեղեկատվական թերթիկ, իրականացվել է խորհրդատվական 2919 միջոցառում:

10. ԳԱՀԿ-ն և ԳԱՄԿ-երը հաջողությամբ համագործակցում են միջազգային մի շարք կազմակերպությունների (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (ՊԳԿ), ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտ (ԳԴ), ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն (USAID), CARD, UMCOR և այլն) հետ:

11. Ներկայումս ԳԱՄԿ-երում աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 213 մարդ, որից` գյուղատնտեսության գծով 130 խորհրդատու: Վերջիններս խորհրդատվական ծառայություններ են մատուցում հանրապետության մարզերի 914 համայնքում: ԳԱՄԿ-երի խորհրդատուների ծանրաբեռնվածության ցուցանիշները, ըստ համայնքների և գյուղացիական տնտեսությունների, նշված են N 2 աղյուսակում:

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

12. Հայեցակարգի նպատակը միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-ի գործունեության բարելավման և համակարգի զարգացումն ապահովող միջոցառումների մշակումն է:

13. Հայեցակարգի խնդիրներն են`

1) խորհրդատվական և տեղեկատվական համակարգի կարողությունների հզորացումը.

2) գյուղատնտեսական մթերք արտադրողների կարիքների բացահայտումն ու դրանց բավարարման համար մասնագիտական աջակցության ցուցաբերումը և նոր մեխանիզմների մշակումը.

3) միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի գործունեության բարելավման հնարավորությունների բացահայտումը և դրանց ներդրումների ապահովումը:

 

III. ԱԳՐԱՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

 

14. Զարգացած երկրներում խորհրդատվական ծառայությունների ձևավորումն սկսվել է XX դարի սկզբից: Սակայն, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դեռևս բացակայում է ծառայության մատուցման մեկ միասնական ձևաչափ: Առավել հայտնի են Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի, Դանիայի, Հոլանդիայի, Գերմանիայի խորհդատվական համակարգերը:

15. Մեծ Բրիտանիայում գլխավոր խորհրդատվական կազմակերպությունը նախկին պետական խորհրդատվական ծառայությունն է` ADAS-ը (Agricultural Development Advisory Service), որը հիմնադրվել է 1946 թվականին Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության, ձկնորսության և պարենի նախարարության կողմից Ազգային գյուղատնտեսական ծառայության հենքի վրա:

16. Մինչև 90-ական թվականները ծառայությունը հանդիսացել է պետական կառույց, ֆինանսավորվել է պետական բյուջեից և մատուցել անվճար ծառայություններ: Սկսած 1997 թվականից ծառայությունն ստացել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակ և անցել ինքնաֆինանսավորման: Ծառայության գործառույթներն են խորհրդատվությունների տրամադրումը և առաջավոր տեխնոլոգիաների տարածմանն աջակցությունը, գիտական հետազոտությունների անցկացումը և փորձարարական տնտեսությունների և կայանների համար հանձնարարականների մշակումը, պետության կողմից տրամադրվող սուբսիդիաների բաշխումը:

17. Ծառայության կազմում ներառված են հետազոտական կենտրոններ, լաբորատորիաներ, համակարգչային և ինժեներական ծառայություններ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին առաջարկելու ծառայությունների լայն շրջանակ: Պետությունը հանդիսանում է ծառայության խոշոր հաճախորդներից մեկը: Սակայն, երկրի գյուղատնտեսության նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է տանում ինվեստիցիոն նպատակներով սուբսիդիաների բաշխման և գյուղմթերքների ու ձկնարդյունաբերության, ինչպես նաև բույսերի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ:

18. Շոտլանդիայում խորհրդատվական ծառայությունները մատուցվում են Շոտլանդական գյուղատնտեսական քոլեջի կողմից (SAC - Scottish Agricultural College), որը ներառում է կրթություն, ուսուցում, հետազոտություն, խորհրդատվություն, գյուղատնտեսություն և այլն: SAC-ը կազմավորվել է 1990 թվականին` նախկին 3 տարածաշրջանային գյուղատնտեսական քոլեջների միաձուլման արդյունքում (Արևելյան, Հյուսիսային և Արևմտյան): Կազմակերպության առաքելությունն է գյուղատնտեսական տարածաշրջանների և համայնքների կենսամիջոցների հզորացումը և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը: SAC-ը ֆինանսական օժանդակություն է ստանում Շոտլանդական գյուղատնտեսական միջավայրի և Ձկնաբուծական դեպարտամենտի կողմից: SAC-ն ունի իր սեփական լաբորատորիան և խորհրդատուներին ապահովում է նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով: Ներկայումս Շոտլանդիայի լեռնային շրջաններում, որտեղ հնարավոր չէ վարել արդյունավետ գյուղատնտեսություն, պետության կողմից տրամադրվում են սուբսիդիաներ և խորհրդատվական օգնություն է ցուցաբերվում տեղի ֆերմերներին: Իրականացվում են պետական աջակցության ծրագրեր, այսպես կոչված «փոքր ֆերմերներին աջակցող», որոնք վարում են ավանդական, ցածր արդյունավետություն ունեցող տնտեսություններ հեռավոր և դժվար հասանելի շրջաններում: Ծրագրի նպատակն է բնակչությանը պահել երկրում, ապահովել աշխատանքով: Նմանատիպ ծրագրի բացակայությունը կհանգեցնի անաշխատունակների թվի ավելացման, տուրիզմի կրճատման և այլն:

19. Հոլանդիայի գյուղատնտեսության մոդելը, որը համարվում է ամենաարդյունավետներից մեկն աշխարհում, ներառում է հետազոտություն, կրթություն և ներդրում: Շնորհիվ գյուղատնտեսական գիտելիքների համակարգի` գիտատեխնիկական տեղեկատվությունը Հոլանդիայում հասնում է ավելի արագ, քան մյուս երկրներում:

20. Գյուղատնտեսության քաղաքականության հաջողությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ կրթության հարցերը, հետազոտությունը և ներդրումները գտնվում են Հոլանդիայի գյուղատնտեսության և ձկնարդյունաբերության նախարարության իրավասության ներքո: Նախարարության կազմում գործում է ազգային խորհրդատվական կենտրոնը (DLV), որը ցուցաբերում է տեղեկատվական օգնություն այն ներդրող կազմակերպությունների խորհրդատուներին, որոնք ունեն անմիջական շփում ֆերմերների հետ: DLV-ն պետական կազմակերպություն է, որը 80%-ով ֆինանսավորվում է պետական բյուջեից: Ֆինանսավորման մնացած մասն ապահովում են ֆերմերային միությունները և կազմակերպությունները, որոնց անդամները շահագրգռված են խորհրդատվական-տեղեկատվական ծառայությունների զարգացման գործում:

21. Գերմանիայի խորհրդատվական ծառայությունն առանձնանում է իր բազմազանությամբ: Գերմանիայում հատուկ խորհրդատվական ծառայություններն ստեղծվել են 1930-ական թվականներին, որոնց արդյունավետ գործունեության գլխավոր երաշխիքը պետության աջակցությունն է: Ծառայության կառուցվածքը ներառում է ֆեդերալ խորհրդատվական ծառայությունը (պետական կազմակերպություններ), գյուղատնտեսական պալատներ, մասնավոր խորհրդատվական կազմակերպություններ և միավորումներ, ինչպես նաև անհատ խորհրդատուներ: Որոշ տարածքներում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակով գործում են նաև խորհրդատվական բյուրոներ: Գերմանիայի յուրաքանչյուր շրջանի խորհրդատվական ցանցը բաժանվում է տարածաշրջանների:

22. Մասնավոր խորհրդատվական ծառայությունները գործում են պետական հովանավորության ներքո: Սուբսիդավորվում է խորհրդատուի մասնավոր ծառայության արժեքի մինչև 50 տոկոսը: Գոյություն ունեն նաև մասնավոր խորհրդատվական խմբեր:

23. Լեհաստանում պետական խորհրդատվական համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից և կարևոր դերակատարություն ունի գյուղի և գյուղատնտեսության զարգացման ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործում` մեղմելով գյուղատնտեսության բարեփոխումների ընթացքում ի հայտ եկած խնդիրները;

24. Գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնները բյուջետային միավորներ են, որոնք 90%-ով ֆինանսավորվում են պետական բյուջեից: Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ են հանդիսանում մարզերի լրացուցիչ միջոցները, տեղական ինքնակառավարման մարմինների լրավճարները, բիզնես-պլանավորման, հողի և կերի հետազոտությունների և հյուրանոցային ծառայությունների դիմաց ստացվող վճարները:

25. Լատվիայում խորհրդատվական ծառայությունը գործում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակով, այն հիմնվել է գյուղատնտեսության նախարարության և Լատվիայի ֆերմերների ֆեդերացիայի կողմից: Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է երեք աղբյուրից` պետական բյուջե, վճարովի ծառայություններ և դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրեր: Պետական ֆինանսավորում ստանալու համար լատվիական խորհրդատվական ծառայությունն ամեն տարի պայմանագիր է կնքում գյուղատնտեսության նախարարության հետ, որում նշվում են տրամադրվելիք ծառայությունների ծավալներն ու ուղղությունները:

26. Լիտվայի ագրարային խորհրդատվական ծառայությունն ստեղծվել է գյուղատնտեսության նախարարության, Լիտվայի ֆերմերների միության և Լիտվայի գյուղատնտեսական ձեռնարկությունների ասոցիացիայի կողմից` որպես ոչ առևտրային հասարակական կազմակերպություն:

27. Լիտվայի խորհրդատվական ծառայության գործունեությունը ֆինանսավորվում է գյուղատնտեսական արտադրողների աջակցության ֆոնդից (պետական բյուջե) և վճարովի ծառայությունների հաշվին: Գյուղատնտեսության նախարարությունն աջակցում է խորհրդատվական ծառայությանը: Գյուղատնտեսության նախարարության, տարածքային գյուղատնտեսական վարչությունների և խորհրդատվական ծառայության գործառույթները հստակորեն տարանջատված են: Նախարարությունը և տարածքային վարչությունները հիմնականում մասնակցում են գյուղատնտեսական քաղաքականության մշակմանը և իրագործմանը, իսկ խորհրդատվական ծառայությունը գործնական խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն է տրամադրում գյուղատնտեսական մթերք արտադրողներին:

28. Էստոնիայում կիրառվել է պայմանագրային սկզբունքները և պետությունը համաձայն պայմանագրի սուբսիդավորել է խորհրդատվական ծառայությունների արժեքի որոշակի մասը: 7 տարի այդ մեխանիզմով աշխատելուց հետո անցում է կատարվել խորհրդատվության մատուցման համակարգին:

29. Էստոնիայում խորհրդատվությամբ զբաղվում են առանձին խորհրդատու-մասնագետներ: Նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալու համար մասնագետը պետք է ատեստավորվի գյուղատնտեսության նախարարությունում և ստանա խորհրդատուի հավաստագիր: Մասնագետներն ատեստավորվում են երեք տարին մեկ անգամ: Խորհրդատվական բոլոր ծառայություններն Էստոնիայում վճարովի են, սակայն դրանցից շատերը լրավճարվում են պետության կողմից: Յուրաքանչյուր ֆերմեր ամեն տարի պետությունից ստանում է որոշակի գումար` խորհրդատվական ծառայություններից օգտվելու համար: Պետությունը խստորեն վերահսկողություն է իրականացնում այդ գումարների նպատակային օգտագործման նկատմամբ:

30. Ղազախստանում գյուղատնտեսական խորհրդատվության կենտրոնի գործառույթն իրականացնում է «Ղազագրոմարքետինգ» բաժնետիրական ընկերությունը (միակ բաժնետերը պետությունն է): Ընկերությունն ունի եռամակարդակ տարածաշրջանային ցանց, որն սպասարկում է երկրի ամբողջ տարածքը: Ցանցը ներառում է շրջաններում գործող գյուղական տեղեկատվական խորհրդատվական 174 կենտրոն, ինչպես նաև շրջկենտրոններում և մեծ քաղաքներում գործող 16 ներկայացուցչություն:

31. Եվրամիության երկրների խորհրդատվական համակարգերի կազմակերպական ձևերը և ֆինանսավորման աղբյուրները նշված են N 3 աղյուսակում:

 

IV. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

 32. Գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունները ֆինանսավորման աղբյուրներն են՝

1) բյուջետային ֆինանսավորումը (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներ).

2) պետական և ոչ պետական ծրագրերը և նախագծերը.

3) ինքնաֆինանսավորումը, որն իրականացվում է վճարովի ծառայությունների հաշվին.

4) ֆինանսավորման այլ աղբյուրները:

33. Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անցումը բյուջետային ֆինանսավորման համակարգից ինքնաֆինանսավորման այլ երկրներում տևել է 50-70 տարի, իսկ որոշ երկրներում այն դեռևս չի ավարտվել: Անցումային ժամանակաշրջանում կիրառվել են տարբեր մոտեցումներ, բայց ոչ մի երկրում միանգամից անցում չի կատարվել:

34. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առավել զարգացած երկրներում խորհրդատվության կազմակերպման, ծառայությունների մատուցման հիմնական նախաձեռնությունը պատկանում է պետությանը:

35. Կարևորելով գյուղական խորհրդատվական համակարգի դերը` հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում այն դեռևս գտնվում է պետական աջակցության ներքո: Միջնաժամկետ հեռանկարում ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի բարելավման, գյուղատնտեսության ոլորտի տեղեկատվության, խորհրդատվության, գիտական և կադրային ապահովման հիմնախնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցության քաղաքականության շարունակումը`

1) մինչև 2005 թվականն ընկերությունները ֆինանսավորվել են Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում, 2005 թվականից մինչև 2009 թվականը` Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման (ԳՁՓԱԳԶ) վարկային ծրագրի միջոցներից: Ծրագրի շրջանակներում նախատեսված էր հետզհետե անցում կատարել վճարովի խորհրդատվության մատուցման` մեծացնելով ինքնաֆինանսավորման մասնաբաժինը.

2) 2008 թվականին աջակցության կենտրոնների առջև խնդիր է դրվել անցում կատարել 30% ինքնաֆինանսավորման, որը սակայն բավարար արդյունքներ չի ապահովել: Դրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ խորհրդատվության կարիք ունեցող գյուղացին անվճարունակ էր և հոգեբանորեն պատրաստ չէր մասնակցելու նշված միջոցառմանը: Չկային մշակված վճարովի խորհրդատվության անցման գործուն մոտեցումներ, քանի որ դրանք հիմնված չէին նախօրոք կատարված ուսումնասիրությունների և մշակված մեթոդիկայի վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 30% ինքնաֆինանսավորումը իրատեսական չէր, ՀՀ կառավարությունը 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1295-Ն որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 41758,32 հազ. դրամ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Գումարը տրամադրվել է ԳԱՄԿ-երին և ԳԱՀԿ-ին, որը կազմում էր նրանց համաֆինանսավորման գումարի 20%-ը: Այսինքն այս կառույցների համաֆինանսավորման մասնաբաժինը կրկին նվազել է` հասնելով 10%-ի.

3) վարկային ծրագրի ավարտից հետո (2009 թականի դեկտեմբերի 31-ը) Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշմամբ Համաշխարհային բանկի բաժնեմասի չափով ֆինանսավորման պարտավորությունը կատարվել է պետական բյուջեով: Ներկայումս ԳԱՄԿ-երի ֆինանսավորման 94%-ը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացումները, 6%-ը` ընկերությունների մասնաբաժինը: ԳԱՀԿ-ի մասով այդ հարաբերակցությունը կազմում է համապատասխանաբար` 90 % և 10%:

36. Գյուղատնտեսության աջակցության խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ինչպես պետական պատվերի շրջանակներում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ), այնպես էլ ԳԱՄԿ-երի և ԳԱՀԿ-ի կողմից խորհրդատվության և տեղեկատվության տրամադրումից գոյացած միջոցներով:

37. ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի սեփական եկամուտների ձևավորման աղբյուր են հանդիսանում տպագրվող թերթերի, տեղեկատվական և խորհրդատվական թերթիկների և գրքույկների իրացումից, ինչպես նաև վճարովի խորհրդատվական ծառայություններից և իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրերից ստացվող դրամական միջոցները:

38. ԳԱՄԿ-երի և ԳԱՀԿ-ի 2012 թվականի ֆինանսական գործունեության տարեկան փաստացի բյուջեն նշված է N 4 աղյուսակում:

39. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 57-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների գյուղական խորհրդատվական ծառայությունների մատուցման ծրագիրը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է պետական բյուջեից հատկացնել 2013 թվականին` 295423,0 հազ. դրամ, 2014 թվականին՝ 346453,4 հազ. դրամ, 2015 թվականին` 443937,4 հազ. դրամ:

40. Միջնաժամկետ հեռանկարում համակարգի ֆինանսավորման մեջ բացարձակ գերակշռող դեր պետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը: Նշվածի հետ մեկտեղ որոշակի մաս պետք է կազմեն պայմանագրային սկզբունքներով ծառայությունների մատուցումից ստացվող միջոցները:

Միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է ընկերությունների ինքնաֆինանսավորման անցման հետևյալ տարբերակը՝ ընկերությունների աշխատողների աշխատավարձը վճարել ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, իսկ համաֆինանսավորման մասնաբաժինը սահմանել միայն պահպանման ծախսերի նկատմամբ: Ընդ որում, ըստ տարիների նախատեսվում է համաֆինանսավորման հետևյալ մասնաբաժինները` 2014 թվականին՝ 30%, 2015 թվականին՝ 40%, 2016 թվականին՝ 50%, 2017 թվականին՝ 60%, 2018 թվականին՝ 70%, 2019 թվականին՝ 85%, 2020 թվականին՝ 100%։

41. Վճարովի ծառայությունների տեսակարար կշռի ավելացման նախապայմաններն են՝ ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի կողմից տպագրվող թերթերի, տեղեկատվական և խորհրդատվական թերթիկների և գրքույկների իրացումը, վճարովի խորհրդատվական, մարքեթինգային (միջնորդական), տեխնոլոգիական ծառայությունների մատուցումից, բիզնես պլանների և շուկայական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից, ընկերություններին դրամաշնորհային ծրագրերով տրամադրված սարքավորումների միջոցով ծառայությունների մատուցման ծավալների ավելացումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնումը, որի դեպքում կավելանան ոչ միայն ընկերությունների եկամուտները, այլ նաև կընդլայնվի դրանց ծառայություններից օգտվող շահառուների թիվը:

42. 2012 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 840.4 միլիարդ դրամ, իսկ 2011 թվականի նույն ցուցանիշը, հաշվարկված 2012 թվականի գներով կազմում է 765.5 միլիարդ դրամ: Այսպիով, 2012 թվականին համախառն արտադրանքի աճը կազմել է 72.9 միլիարդ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճի մեջ խորհրդատվության մասնաբաժինը կազմում է առնվազն 5 տոկոս: Հետևաբար, ներդրված 1 դրամի դիմաց արտադրվել է 12.2 դրամի ավելի համախառն արտադրանք:

43. ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի ինքնաֆինանսավորման անցման ծախսերի նախնական գնահատականը և արդյունքում ակնկալվող հնարավոր մուտքերը նշված են N 5 աղյուսակում:

44. Գյուղատնտեսության աջակցության կենտրոնների գործունեության բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել խորհրդատվական և տեղեկատվական համակարգի բարեփոխումներին ուղղված միջոցառումներ`

1) ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի նյութատեխնիկական բազայի հզորացում: Գործընթացի իրականացման արդյունքում կբարձրանա համակարգի գործունեության, մասնագետների և խորհրդատուների աշխատանքի արդյունավետությունը.

2) խորհրդատուների թվի ավելացում: 2012 թվականի տվյալներով մեկ խորհրդատուն միջին հաշվով սպասարկել է 8 համայնք և գյուղացիական 581 տնտեսություն: Մեկ խորհրդատուն 8 համայնքի համար պատասխանատու լինելու դեպքում գործնականում չի կարող օպերատիվ և արդյունավետ գործունեություն իրականացնել.

3) ԳԱՄԿ-երի գյուղատնտեսության գծով խորհրդատուների աշխատավարձի բարձրացում: 2012 թվականին խորհրդատուի աշխատավարձի դրույքաչափը կազմել է 52 հազ. դրամ.

4) գյուղատնտեսությունում տնտեսավարողների (միջին և խոշոր տնտեսությունների) և գործակալների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատում.

5) ԳԱՄԿ-երին կից փորձարարական բազաների և ցուցադրական դաշտերի ստեղծում, որը հնարավորություն կտա աջակցության կենտրոնների մասնագետներին ու խորհրդատուներին փորձարկել նոր տեխնոլոգիաներ և դրանց վերաբերյալ կազմակերպել դաշտային օրեր՝ գյուղացիական տնտեսություն վարողների համար տեսանելի դարձնելով մասնագիտական խորհրդատվության արդյունավետությունը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերի խորհրդատվական և տեղեկատվական աշխատանքների իրականացման գործում ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի ընդգրկում, ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի ներուժի օգտագործում` ծրագրերի արդյունավետ իրականացման համար, որը կընդլայնի ընկերությունների գործառույթների շրջանակը.

7) ԳԱՄԿ-երի խորհրդատուների և մասնագետների վերապատրաստման գործընթացի շարունակականության ապահովում (մասնավորապես, ոռոգման համակարգի արդյունավետ օգտագործման թեմաներով), որը կբարձրացնի մասնագետների և խորհրդատուների աշխատանքի արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը.

 8) ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի կողմից ձեռք բերվող ապրանքների գնաճը (2006 թվականի համեմատությամբ միայն վառելիքի գինը 2007-2012 թվականներին աճել է 2 անգամ), լրացուցիչ հարկային այլ պարտավորությունները մեղմելու նպատակով պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի ավելացում.

 9) վճարովի մարքեթինգային (միջնորդական), տեխնոլոգիական ծառայությունների մատուցում, տնտեսվարողների համար հաշվապահական հաշվետվությունների վարում, տարբեր տեսակի տնտեսագիտական հաշվարկների իրականացում, բիզնես-պլանների և շուկայական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

10) տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնում: Համապատասխան մեխանիզմների մշակման միջոցով համայնքների գյուղապետարանների բյուջեներում նախատեսել ֆինանսական միջոցներ` պայմանագրային սկզբունքով մասնագիտական խորհրդատվության կազմակերպման և նրանց կողմից վճարումների իրականացման համար, որը հնարավորություն կտա ավելացնել ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի ֆինանսական միջոցները.

11) ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի կողմից մատուցվող ծառայությունների կատարման արդյունքների գնահատման նպատակով իրականացվող մոնիթորինգի գործընթացի բարելավում.

12) խորհրդատվական և տեղեկատվական համակարգի բարեփոխումներին ուղղված միջոցառումների մեխանիզմները նշված են N 2 հավելվածում, որոնք կնպաստեն ֆինանսական միջոցների ավելացմանը:

45. Հայեցակարգի իրականացման համար խոչընդոտ հանդիսացող հնարավոր ռիսկերը և դրանց հաղթահարման ուղիները նշված են N 6 աղյուսակում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Աղյուսակ N 1

 

2012 թվականին ԳԱՀԿ-ի ԵՎ ԳԱՄԿ-երի կողմից մատուցված ծառայությունների մասնակիցների թիվը

Աջակցության կենտրոնների անվանումը

Խորհրդատվական աշխատանքների մասնակիցների թիվը

Սեմինարի մասնակիցների թիվը

Դաշտային օրերի մասնակիցների թիվը

ԳԱՀԿ

325

330

-

Արարատի ԳԱՄԿ

10476

2250

1164

Արմավիրի ԳԱՄԿ

22817

2670

2246

Արագածոտնի ԳԱՄԿ

25795

2806

956

Կոտայքի ԳԱՄԿ

8428

1668

751

Գեղարքունիքի ԳԱՄԿ

39744

3174

2875

Շիրակի ԳԱՄԿ

10157

2365

780

Լոռու ԳԱՄԿ

7539

1720

2038

Տավուշի ԳԱՄԿ

11790

2510

750

Վայոց ձորի ԳԱՄԿ

4371

1450

322

Սյունիքի ԳԱՄԿ

13182

1524

548

Ընդամենը

154624

22467

12430

Աղյուսակ N 2

 

2012 թվականին գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների խորհրդատուների ծանրաբեռնվածության ցուցանիշները

NN
ը/կ

Աջակցության կենտրոնների անվանումը

Աշխա-տողների ընդհա-նուր թիվը

այդ թվում`

խորհրդատուի կողմից սպասարկվող համայնքների թիվը

ընդամենը տնտեսու-թյունների թիվը

խորհրդատուի կողմից սպասարկվող տնտեսու-թյունների թիվը

մեկ խորհրդատուի կողմից սպասարկվող

ԳԱՄԿ-երի մասնա-գետներ

խորհրդա-տուներ

համայնք-ների թիվը

տնտեսու-թյունների թիվը

1.

Արարատի ԳԱՄԿ

23

3

15

97

53107

5400

6,5

360

2.

Արմավիրի ԳԱՄԿ

20

3

12

97

64368

29700

8,1

2475

3.

Արագածոտնի ԳԱՄԿ

21

3

13

114

35177

3810

10,4

293

4.

Կոտայքի ԳԱՄԿ

20

3

10

67

37977

8428

7,8

843

5.

Գեղարքունիքի ԳԱՄԿ

24

3

16

92

43000

5320

8

333

6.

Շիրակի ԳԱՄԿ

22

4

13

119

30221

4420

9,9

340

7.

Լոռու ԳԱՄԿ

21

3

13

113

35410

5600

8,6

430

8.

Տավուշի ԳԱՄԿ

19

3

11

62

24500

5025

5,6

457

9.

Վայոց ձորի ԳԱՄԿ

16

3

8

44

12000

1168

6,2

146

10.

Սյունիքի ԳԱՄԿ

27

3

19

109

18027

2650

6,0

139

  Ընդամենը

213

31

130

914

353787

71521

8

581,6

* 9 և 10-րդ սյունակների վերջին տողում նշված են միջին ցուցանիշները

2012 թվականի տվյալներով մեկ խորհրդատուն միջին հաշվով սպասարկում է 8 համայնք և գյուղացիական 581 տնտեսություն:

 

Աղյուսակ N 3

 

Եվրամիության երկրների խորհրդատվական համակարգերի կազմակերպչական ձԵՎերը ԵՎ ֆինանսավորման աղբյուրները 

Խորհրդատվական համակարգը

Հիմնական ինստիտուտները

Ֆինանսավորման աղբյուրները

Պետությունները

Պետական ծառայություններ

Պետական Խորհրդատվությունը մատուցվում է պետական կազմակերպությունների կողմից, հաճախ ազգային և շրջանային մակարդակով: պետական բյուջե

Բելգիա,
Իտալիա,
Հունաստան,
Սլովենիա,
Շվեդիա,
Իսպանիա,
Պորտուգալիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիայի հարավային շրջաններ

Մասամբ պետական Այստեղ բարձր է մասնավոր խորհրդատվական կառույցների դերը: ուղղակի կամ անուղղակի վճարներ Իռլանդիա,
Չեխիա,
Լեհաստան, Սլովակիա,
Էստոնիա, Հունգարիա
Կիսաինքնավար պետական կազմակերպու-թյուններ պետական սուբսիդավորում (մասամբ) Լիտվիա,
Լատվիա

Մասնավոր ծառայություններ

Ֆերմերային խորհրդատվական ծառայություններ ֆերմերային պալատներ, ֆերմերային ասոցիացիաներ և ֆերմերային կազմակերպություններ բաժանորդագրության վճար և ուղղակի վճարներ ֆերմերների կողմից

Ավստրիա, Ֆրանսիա,
Դանիա, Հյուսիսարևելյան Գերմանիա

Առևտրային կազմակերպություններ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ծառայությունների դիմաց վճարներ` ծրագրերի իրականացման կամ դոտացիաների միջոցով Անգլիա,
Իռլանդիա, Հյուսիսարևելյան Գերմանիա

Աղյուսակ N 4

Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի ԵՎ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների 2012 թվականի ֆինանսական գործունեության տարեկան փաստացի բյուջեն

 

(հազ. դրամ)


Աջակցության կենտրոնների անվանումը

Ընդամենը բյուջե

Ֆինանսավորումը բյուջեից

այդ թվում` սեփական եկամուտներ

ընդամենը

խորհրդատվական ծառայությունների մատուցումից

թերթերի և խորհրդատվական թերթիկների իրացումից ԳԲԱԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագրերից այլ աղբյուր-ներից
ԳԱՀԿ 49822 44839,8 4982,2   2938,2   2044
Արարատի ԳԱՄԿ 28606,1 24879,3 3726,8 700,0 1016,6 1962,2 48,0
Արմավիրի ԳԱՄԿ 29081.6 23651.8 5429.8 1415.3 1416.0 2598.5 -
Արագածոտնի ԳԱՄԿ 35296.6 25183.0 10113.6 828.7 1103.0 3122.2 5059.7
Կոտայքի ԳԱՄԿ 25162.2 22886.1 2276.1 1690.0 - 316.1 270.0
Գեղարքունիքի ԳԱՄԿ 30422,0 26252,1 4169,9 1723,0 144,0 1692,5 610,4
Շիրակի ԳԱՄԿ 32090,4 26714,1 5376,3 820,0 1142,0 2591,1 823,2
Լոռու ԳԱՄԿ 29428.6 25183.0 4245.6   1754.4 2491.2  
Տավուշի ԳԱՄԿ 25595.0 22886.1 2708.9 1284.8 176.0 1248.1  
Վայոց ձորի ԳԱՄԿ 23897.8 20893 3004.8 540 1296 1028 140.8
Սյունիքի ԳԱՄԿ 34758.4 29776.5 4981.9 90 2231.7 2446 214.2
Ընդամենը 344160,7 293144,8 51015,9 9091,8 13217,9 19495,9 9210,3

 Աղյուսակ N 5

 

ԳԱՀԿ-ի ԵՎ ԳԱՄԿ-երի ինքնաֆինանսավորման անցման ծախսերի նախնական գնահատականը ԵՎ արդյունքում ակնկալվող հնարավոր մուտքերը

Տարիները

Ընդամենը բյուջեն (տոկոս)

Այդ թվում`

Ինքնաֆինանսավորման աղբյուրներ

Տոկոսը պահպանման ծախսերի նկատմամբ

ՀՀ պետական բյուջեից (տոկոս)

 

այդ թվում`

Սեփական այլ մուտքեր1

այդ թվում`

ՀՀ պետական բյուջե

ինքնաֆինանսավորում

Սեփական մուտքեր (տոկոս)

խորհրդա-տվական ծառայություն-ների մատուցումից սպասվելիք մուտքեր

թերթերի, ամսագրերի և խորհրդա-տվական թերթիկների իրացումից սպասվելիք մուտքեր

Վճարովի ծառայու-թյուններ (սարքավո-րումներ)

դրամաշնոր-հային ծրագրերից սպասվելիք մուտքեր

այլ աղբյուրներից սպասվելիք մուտքեր

գումարը

%-ը

գումարը

%-ը

գումարը

%-ը

գումարը

%-ը

գումարը

%-ը

2014

100

91.9

8.1

9111.0

30

13362.8

44

7896.2

26

25000

23750

95

1250

5

70.0

30.0

2015

100

91.6

8.4

9313.5

23

14172.7

35

17007.2

42

30000

28500

95

1500

5

60.0

40.0

2016

100

90.7

9.3

9617.2

19

14172.7

28

26826.9

53

35000

33250

95

1750

5

50.0

50.0

2017

100

89.1

10.9

9718.4

16

14577.6

24

36444.1

60

40000

38000

95

2000

5

40.0

60.0

2018

100

87.5

12.5

9920.9

14

14881.3

21

46061.3

65

50000

47500

95

2500

5

30.0

70.0

2019

100

85.2

14.8

10325.8

12

15488.7

18

60234.0

70

60000

57000

95

3000

5

15.0

85.0

 Ծանոթություն - 1  Հաշվարկի մեջ ներառված են այն մուտքերը, որոնք չեն մասնակցի համաֆինանսավորմանը և միայն շահույթի մասով կձևավորեն զարգացման հիմնադրամ:

Աղյուսակ N 6

Հայեցակարգի իրականացման համար խոչընդոտ հանդիսացող հնարավոր ռիսկերը ԵՎ դրանց հաղթահարման ուղիները

NN
ը/կ

Ռիսկի նկարագրությունը

Հնարավոր ազդեցությունը նպատակների և արդյունքային ցուցանիշների վրա

Ռիսկի հաղթահարման ուղիները

1.

Ապրանքների գների և ծառայությունների սակագների բարձրացում` կապված անկանխատեսելի սղաճի հետ

իրականացվող խորհրդատվական և տեղեկատվական միջոցառումների ծավալների նվազում

ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում

2.

Վճարովի խորհրդատվության ստացման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողների դրամական միջոցների անբավարարություն

վճարովի խորհրդատվական ծառայությունների ծավալի կրճատում

գյուղատնտեսությունում տնտեսավարողների աջակցության ծրագրերի ծավալների մեծացում և մեխանիզմների կատարելագործում

3.

Նյութատեխնիկական բազայի անբավարար վիճակը

նյութատեխնիկական բազայի անբավարար վիճակը հնարավորություն չի տալիս արդյունավետ կազմակերպել խորհրդատվական ծառայությունների մատուցումը

սեփական մուտքեր, այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների
ներգրավում

4.

Ցածր վարձատրության պայմաններում մասնագետների, խորհրդատուների արտահոսք ԳԱՄԿ-երից

խորհրդատվական և տեղեկատվական գործընթացի իրականացնող կադրերի անապահովվածություն

լրացուցիչ ֆինանսավորում

5.

Շրջանառության հարկի վճարում

ֆինանսական միջոցների և իրականացվող խորհրդատվական և տեղեկատվական միջոցառումների ծավալների նվազում

լրացուցիչ ֆինանսավորում

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1516-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության աջակցության հանրապետական ԵՎ մարզային կենտրոնների գործունեության բարելավման հայեցակարգից բխող միջոցառումների

NN
ը/կ

Միջոցառումը

Նպատակը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողները

Ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում

համակարգի գործունեության արդյունավետության բարձրացում

ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-ի ներուժի արդյունավետ օգտագործում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ)

2014-2015թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի նյութատեխնիկական բազայի համալրում համակարգչային տեխնիկայով, տրանսպորտի և կապի միջոցներով

նյութատեխնիկական բազայի ամրապնդում

մասնագետների և խորհրդատուների աշխատանքի արդյունավետության բարձրացում 20%-ով

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ)

2014-2015թթ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3.

ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի կողմից մատուցվող խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների դասակարգում ու սակագների սահմանում, դրանց չափորոշիչների ու տեխնիկական պայմանների մշակում

գյուղատնտեսության ոլորտում պայմանագրային հիմունքներով մատուցվող խորհրդատվական ծառայությունների ինքնաֆինանսավորման համակարգին անցնելու համար նախապայմանների ստեղծում

ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի սեփական եկամուտների ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր *(համաձայնությամբ), գիտական կենտրոններ (համաձայնությամբ)

2014-2015թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

ԳԱՄԿ-երի գյուղատնտեսության գծով խորհրդատուների օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում

խորհրդատվական ծառայությունների մատուցման հասանելիության և արդյունավետության բարձրացում

գյուղացիական տնտեսությունների համախառն արտադրանքի ծավալի 3-5 %-ով աճ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ)

2014-2016թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

ԳԱՄԿ-երի գյուղատնտեսության գծով խորհրդատուների և մասնագետների համար ուսուցումների, սեմինարների և վերապատրաստման կազմակերպում` նաև արտերկրների փորձագետների ներգրավմամբ

խորհրդատուներին և մասնագետներին միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագիտական գիտելիքների և տեղեկատվության մատուցում

միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդատուների և մասնագետների որակավորման բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ), միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)

2014-2016թթ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

6.

Մասնագիտացված գյուղատնտեսական պարբերականների (թերթ, ամսագիր) և տեղեկատվական այլ նյութերի տպաքանակների և հեռուստահաղորդումների ծավալների ավելացում

գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գիտության նվաճումների, նոր տեխնոլոգիաների և միջազգային փորձի հասանելիության ապահովում

վճարովի ծառայությունների ավելացում`

 3-5%-ով, գյուղական բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ)

2014-2017թթ.

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

7.

Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնում

պայմանագրային հիմունքներով իրականացվող վճարովի ծառայությունների ընդլայնում

ԳԱՀԿ, ԳԱՄԿ-երի ֆինանսական միջոցների ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ), գյուղապետարաններ(համաձայնությամբ)

մշտապես

Ֆինանսավորում չի պահանջվում:

8.

Գյուղատնտեսությունում տնտեսավարողների (միջին և խոշոր տնտեսությունների) և գործակալների միջև պայմանագրային հարաբերությունների հաստատում

գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության արդյունավետության բարձրացում

գյուղացիական տնտեսությունների համախառն արտադրանքի ծավալի աճ, ԳԱՀԿ, ԳԱՄԿ-երի ֆինանսական միջոցների ավելացում

գյուղատնտեսությունում տնտեսավարողներ(համաձայնությամբ), ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ)

մշտապես

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

9.

Հայաստանի Հանրապետության կառավարության, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերում ԳԱՀԿ-և ԳԱՄԿ-երի ընդգրկում

խորհրդատվական ծառայությունների ծավալների ավելացում

ԳԱՀԿ-ի և ԳԱՄԿ-երի ներուժի օգտագործում, ընկերությունների գործառույթների շրջանակի ընդլայնում, ԳԱՀԿ, ԳԱՄԿ-երի ֆինանսական միջոցների ավելացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,
միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)

մշտապես

ՀՀ պետական բյուջե, ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

10.

Հիմնական գործառույթներից բացի այլ վճարովի ծառայությունների մատուցում

գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության արդյունավետության բարձրացում, խորհրդատվական ծառայությունների ծավալների ավելացում

գյուղացիական տնտեսությունների, ԳԱՀԿ, ԳԱՄԿ-երի ֆինանսական միջոցների ավելացում

Գյուղատնտեսությունում տնտեսավարողներ(համաձայնությամբ), ԳԱՀԿ (համաձայնությամբ), ԳԱՄԿ-եր (համաձայնությամբ)

մշտապես

ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2018, N 56-Ա 26.01.2018, N 1516-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան