ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 փետրվարի 2014 թ. |
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը (Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի հուլիսի 30-ին` Երևանում:
2. Համաձայնագրի նպատակն է` «...ապահովել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինների միջև, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կոնտրակտորների հետ կամ երկու Պայմանավորվող կողմերի կոնտրակտորների միջև փոխանակվող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը»:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում համագործակցել Համաձայնագրին, Հայաստանի Հանրապետության օրենքներին ու կանոնակարգերին, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում ձեռնարկել բոլոր պատշաճ միջոցառումները Համաձայնագրի պայմանների ներքո ծագած, փոխանակված կամ պահվող գաղտնի տեղեկատվության անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար: Նման գաղտնի տեղեկատվությանը տալ անվտանգության պաշտպանության մի աստիճան, որն առնվազն հավասար կլինի տեղեկատվությունն ստացող Գերմանիայի Դաշնային Հանրապետության` իր սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ պահանջվող անվտանգության դասակարգման համադրելի աստիճանին.
գ) գաղտնի տեղեկատվությունն օգտագործել բացառապես նախատեսված նպատակով: Որպես տեղեկատվությունն ստացող պայմանավորվող կողմ չգաղտնազերծել կամ չօգտագործել, կամ չթույլատրել ցանկացած գաղտնի տեղեկատվության գաղտնազերծումը կամ օգտագործումը, բացառությամբ այն նպատակներով և այն սահմանափակումների շրջանակներում, որոնք նշվել են տեղեկատվության ծագման պայմանավորվող կողմի` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կամ նրա անունից.
դ) գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն տալ միայն այն անձանց, որոնք, ելնելով իրենց ծառայողական պարտականություններից, պետք է տեղյակ լինեն այդ տեղեկատվությանը, և որոնք լիազորված են առնչվելու անվտանգության դասակարգման համադրելի աստիճանի գաղտնի տեղեկատվությանը: Գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը տալ միայն անվտանգության ստուգման ավարտից հետո, հաշվի առնելով այն չափանիշները, որոնք ոչ պակաս խիստ են, քան պահանջվում է անվտանգության դասակարգման համադրելի աստիճանի ազգային գաղտնի տեղեկատվության համար.
ե) վճարել Համաձայնագրի դրույթների իրականացմամբ պայմանավորված ծախսերը.
զ) Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ լուծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ խորհրդակցությամբ և չփոխանցել որևէ այլ ազգային կամ միջազգային դատարան կամ երրորդ կողմի` լուծման համար:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան ապահովում են երկկողմ բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն` ռազմական կամ այլ համագործակցության ընթացքում փոխանակվող կամ այդպիսի համագործակցության ընթացքում առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն առնչվող հարաբերությունները կանոնակարգելու նպատակով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2013 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
4 փետրվարի 2014 թ. ՍԴՈ-1138 |