Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.29/4(1017) Հոդ.46
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՔԴ/0002/01/13

Քրեական գործ թիվ ԵԱՔԴ/0002/01/13

Նախագահող դատավոր՝   Ա. Խաչատրյան

Դատավորներ՝ 

Ա. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ դատախազ

Ա. Պետրոսյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Մկրտիչի Սերոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և Էդվարդ Վահանի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ մեղադրող Ա.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է թիվ 14140512 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նույն օրն Արսեն Սերոբյանը ձերբակալվել է, իսկ Էդվարդ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ Ա.Սերոբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ Ա.Սերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Է.Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

2012 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2013 թվականի ապրիլի 18-ի դատավճռով Ա.Սերոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով: Է.Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կալանք` 2 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով Է.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

3. Երևան քաղաքի դատախազ Հ.Բադալյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ Վերաքննիչ դատարանը 2013 թվականի հունիսի 20-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի դատավճիռը օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա.Պետրոսյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ա.Սերոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2012 թվականի նոյեմբերի 23-ի որոշման և 2012 թվականի դեկտեմբերի 28-ի մեղադրական եզրակացության համաձայն՝ «[Ա.Սերոբյանը] մեղադրվում է նրանում, որ 2012թ. նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցում իրացնելու նպատակով Էդվարդ Վահանի Պետրոսյանին հյուրասիրելու միջոցով ապօրինի իրացրել է 0.39 գրամ ափիոն տեսակի թմրանյութ, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Բացի այդ, Ա.Սերոբյանը 2012թ. սեպտեմբեր ամսվա սկզբներին Երևան քաղաքի Ն.Զարյան փողոցում իրացնելու նպատակով Էդվարդ Վահանի Պետրոսյանին հյուրասիրելու միջոցով ապօրինի իրացրել է 0.2-0.3 գրամ ափիոն տեսակի թմրանյութ:

Այնուհետև, Ա.Սերոբյանը 2012թ. սեպտեմբեր ամսվա վերջերին կրկին Երևան քաղաքի Ն.Զարյան փողոցում իրացնելու նպատակով Էդվարդ Վահանի Պետրոսյանին հյուրասիրելու միջոցով ապօրինի իրացրել է 0.2-0.3 գրամ ափիոն տեսակի թմրանյութ:

Այսպիսով, Արսեն Մկրտիչի Սերոբյանը զգալի չափերով ապօրինի թմրանյութ է իրացրել, այսինքն` կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 266 հոդվածի 1-ին մասով» (տե´ս քրեական գործ, հատոր 1, թերթ 78-80, 204-209):

Է.Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2012 թվականի նոյեմբերի 28-ի որոշման և 2012 թվականի դեկտեմբերի 28-ի մեղադրական եզրակացության համաձայն՝ «[Է.Պետրոսյանը] մեղադրվում է նրանում, որ 2012թ. սեպտեմբեր ամսվա սկզբներին Երևան քաղաքի Ն.Զարյան փողոցում առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար սույն գործով մեղադրյալ Արսեն Մկրտիչի Սերոբյանից ապօրինի ձեռք է բերել զգալի չափ հանդիսացող 0.2-0.3 գրամ ափիոն տեսակի թմրանյութ:

Բացի այդ, Է.Պետրոսյանը 2012թ. սեպտեմբեր ամսվա վերջերին Երևան քաղաքի Ն.Զարյան փողոցում առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար սույն գործով մեղադրյալ Արսեն Մկրտիչի Սերոբյանից ապօրինի ձեռք է բերել զգալի չափ հանդիսացող 0.2-0.3 գրամ ափիոն տեսակի թմրանյութ:

Բացի այդ, 2012թ. նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցում առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար սույն գործով մեղադրյալ Արսեն Մկրտիչի Սերոբյանից ապօրինի ձեռք է բերել զգալի չափ հանդիսացող 0.39 գրամ ափիոն տեսակի թմրանյութ, որը հայտնաբերվել է Է.Պետրոսյանի անձնական խուզարկությամբ:

Այսպիսով, Էդվարդ Վահանի Պետրոսյանն առանց իրացնելու նպատակի զգալի չափերով ապօրինի ձեռք է բերել թմրանյութ, այսինքն` կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 268 հոդվածի 1-ին մասով» (տե´ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 98-100, 204-209):

6. 2013 թվականի հունվարի 30-ին` Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ՝ գործի քննության նախապատրաստական փուլում, մեղադրող Ա.Քալաշյանը դատարան է ներկայացրել երկու որոշում, որոնց համաձայն՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխվել, լրացվել են, և Ա.Սերոբյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է.Պետրոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 13-22):

7. 2013 թվականի մարտի 26-ին պաշտպան Ա.Հոբոսյանը դատարան է ներկայացրել միջնորդություն, որտեղ փաստարկելով, որ առաջադրված մեղադրանքները փոփոխելու, լրացնելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրողի որոշումները կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, խնդրել է դրանք ճանաչել անհիմն և օրենքի պահանջներին հակասող (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 51-53):

Դատարանը որոշել է պաշտպանի միջնորդության քննարկումը հետաձգել:

Նույն օրը մեղադրողը հրապարակել է սույն գործով կազմված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրման համառոտագրում և լազերային սկավառակ, թերթ 44-46 և 61):

8. 2013 թվականի ապրիլի 18-ի դատական նիստի ժամանակ պաշտպանության կողմը միջնորդել է կիրառել դատական քննության արագացված կարգ:

Մեղադրողը, թեև արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում, հայտնել է, որ փոխել է իր դիրքորոշումը և դատական քննության արագացված կարգի կիրառման դեմ չի առարկում:

Դատարանը որոշել է կիրառել դատական քննության արագացված կարգ (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, դատական նիստի արձանագրման համառոտագրում և լազերային սկավառակ, թերթ 58-61):

9. Առաջին ատյանի դատարանը, իր դատավճռում քննարկելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու, լրացնելու, և նրանց նոր մեղադրանքներ առաջադրելու մասին մեղադրողի որոշումներն ապօրինի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, գտել է, որ ամբաստանյալների մեղադրանքը փոփոխելու և լրացնելու՝ օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են, քանի որ «(…) [մեղադրողի կողմից] դատարանին չեն ներկայացվել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և որը կարող է հիմք հանդիսանալ առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: [Որոշումների] մեջ տրված են մեղադրական եզրակացության նախկին ձևակերպումները, այսինքն` չեն փոփոխվել մեղադրանքի փաստական հանգամանքները, չեն բացահայտվել հանցագործության այլ դրվագներ» (տե´ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 68-70):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն ասվածի՝ բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը և դատական քննության արագացված կարգ է կիրառել՝ չնայած այն հանգամանքին, որ ակնհայտ է եղել ամբաստանյալների արարքների իրավաբանական որակման ոչ ճիշտ լինելը, մասնավորապես այն, որ Ա.Սերոբյանի և Է.Պետրոսյանի կողմից կատարված երեք հանցավոր արարքները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով միայն մեկ անգամ:

Ըստ բողոք բերած անձի՝ մեղադրական եզրակացության մեջ արարքի նկարագրությունը դրա իրավաբանական որակմանը չհամապատասխանելու պայմաններում դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդությունը դատարանի կողմից չմերժելը հանդիսանում է քրեադատավարական օրենքի էական խախտում:

11. Բացի այդ, բողոքաբերը, վկայակոչելով հանցանքների համակցության հասկացությունը և հանցանքների համակցության դեպքում պատիժ նշանակելու կարգը սահմանող քրեաիրավական նորմերը, փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը, հիմնավորված համարելով Ա.Սերոբյանին և Է.Պետրոսյանին առաջադրված մեղադրանքները, որոնցից յուրաքանչյուրում նկարագրված են նրանց կողմից կատարված հանցագործության երեք դեպք, և անտեսելով այն հանգամանքը, որ մեղադրողն իր մեղադրական ճառում ամբաստանյալների կատարած յուրաքանչյուր արարքի համար միջնորդել է նշանակել առանձին պատիժ և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները գումարել, ամբաստանյալների նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել մեկական դրվագով՝ անտեսելով մյուս երկու դրվագները:

Բողոք բերած անձը գտել է նաև, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, քանի որ զրկել է մեղադրողին օրենքով սահմանված իր լիազորությունն իրականացնելու հնարավորությունից` այն է՝ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը:

Վերաքննիչ դատարանն իր հերթին անտեսել է Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումները, ինչի արդյունքում օրինական ուժի մեջ է թողնվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառմամբ կայացված դատական ակտը:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 20-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքերի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Դատական քննության արագացված կարգի կիրառման մերժումը

 

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. սույն գործով դատական քննության արագացված կարգ կիրառելիս Առաջին ատյանի դատարանը թո՞ւյլ է տվել արդյոք քրեադատավարական օրենքի էական խախտում:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում:

(…)

3. (…) Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: Այս դեպքում դատարանն իր նախաձեռնությամբ սույն օրենսգրքի 3091 հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով և ժամկետով հետաձգում է դատական նիստը՝ առաջարկելով գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչև 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:

Մեղադրական եզրակացությունը վերահաստատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատասխան, կայացնում է դատական ակտ»:

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր: Իր որոշման 6-րդ կետում ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ի տարբերություն մեղադրողի միջնորդության երկու հնարավոր դեպքերի, որոնք անմիջականորեն ուղղված են դատարանում մեղադրանքը փոփոխելուն, այդպիսի նպատակով դատարանի նախաձեռնության հնարավոր դրսևորումն ուղղակիորեն կարող է վերաբերել մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ մեղադրողին առաջարկություն անելուն: Ընդ որում, ի տարբերություն մեղադրողի միջնորդության երկու հնարավոր դեպքերի, որոնք վերաբերում են մեղադրանքի փոփոխմանը թե´ խստացման, թե´ մեղմացման առումներով, դատարանի նախաձեռնությունը կարող է վերաբերել մեղադրանքի փոփոխմանը միայն խստացման առումով, այսինքն՝ դատարանը «հուշում է» մեղադրողին կատարել մեղադրանքը խստացման առումով փոփոխելու համար անհրաժեշտ գործողություններ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս պարագայում լիարժեք հաշվի չի առնվել այն կարևոր սկզբունքի պահպանումը, համաձայն որի` դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը (ՀՀ քր. դատ. օր-ի 23-րդ հոդված)` սկզբունք, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության, ինչպես նաև մրցակցային դատավարության և կողմերի հավասարության սկզբունքների ապահովմանը»:

ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը համահունչ մոտեցում Վճռաբեկ դատարանն արտահայտել է Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի գործով որոշման մեջ, որի համաձայն՝ «(…) որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը: Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար պետք է ստեղծի գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ՝ դրանով իսկ ապահովելով մրցակցության սկզբունքի կենսագործումը և հասնելով քրեական դատավարության առջև դրված խնդիրների իրագործմանը:

(…) [Դ]ատարանն ընդհանրապես (…) իրավասու չէ հանդես գալ առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու նախաձեռնությամբ: Նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչն էլ իր հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկման (…)» (տե´ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 13-րդ և 17-րդ կետերը):

16. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված օրենսդրական դրույթներն ու իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 -րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ արագացված դատական քննության կարգ կիրառելու միջնորդությունը մերժելու ընթացակարգը չի բխում դատարանի անկախության սկզբունքից: Վերոնշյալ ընթացակարգը կիրառելիս դատարանն ուղղորդում է մեղադրանքի կողմին կատարել մեղադրանքը խստացման առումով փոփոխելու համար անհրաժեշտ գործողություններ՝ այդպիսով խախտելով մրցակցության սկզբունքն ու անմեղության կանխավարկածը և արդյունքում իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակման ոչ ճիշտ լինելը որպես դատական քննության արագացված կարգի կիրառումը բացառող նախապայման դիտելը ոչ այլ ինչ է, քան մինչև գործի ըստ էության լուծումը տվյալ վարույթի հանգուցային հարցերի վերաբերյալ դատարանի դիրքորոշման արտահայտում, ինչն օբյեկտիվ հիմքեր է տալիս պնդելու, որ դատարանը, ի սկզբանե, տվյալ գործով որոշակի նախատրամադրվածություն է ունեցել:

Դատական քննության փուլում դատարանի խնդիրը ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կամ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու ընթացքում թույլ տրված թերացումներն ու բացթողումները շտկելն է, այլ քրեադատավարական օրենքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ՝ ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը ստուգելը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն իրավասու չէ դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել այն պատճառաբանությամբ, թե ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ կամ թերի է:

17. Իր վճռաբեկ բողոքում բողոքաբերը փաստարկել է, թե դատական քննության արագացված կարգ կիրառելով` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, քանի որ ակնհայտ է եղել, որ ամբաստանյալների արարքների իրավաբանական որակումը թերի է, մասնավորապես, որ Ա.Սերոբյանի և Է.Պետրոսյանի կողմից կատարված երեք հանցավոր արարքները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով միայն մեկ անգամ (տե´ս սույն որոշման 10-րդ կետը):

Մինչդեռ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, նկատի ունենալով, որ առկա է քննարկվող քրեադատավարական ինստիտուտի գործադրման համար անհրաժեշտ հիմնական նախապայմանը՝ մեղադրանքի և պաշտպանության կողմերի համաձայնությունը (տե´ս սույն որոշման 8-րդ կետը), ինչպես նաև բացակայում են արագացված կարգ կիրառելուն խոչընդոտող հանգամանքներ, իրավացիորեն անցել է դատական քննության արագացված կարգի:

18. Սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված վերլուծության համատեքստում գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված բողոքաբերի փաստարկն ու գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական քննության արագացված կարգ կիրառելիս Առաջին ատյանի դատարանը քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ չի տվել, այդ առումով ստորադաս դատարանների դատական ակտերը օրինական են և հիմնավորված, իսկ բողոքաբերի փաստարկները հիմնազուրկ են:

 

II. Բողոքաբերի բարձրացրած մյուս հարցերը

 

19. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. սույն գործով Առաջին ատյանի դատարանը թո՞ւյլ է տվել արդյոք նյութական իրավունքի խախտում և սահմանափակե՞լ է արդյոք մեղադրողի իրավունքը՝ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն՝

«1. Գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել:

2. Դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխություն թույլատրվում է, եթե դրանով չի վատթարանում ամբաստանյալի վիճակը, և չի խախտվում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը: Մեղադրանքը խստացման առումով փոխելը թույլատրվում է միայն սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ:

Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան:

3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

(…)»

Մեղադրանքի հասկացությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ. Ճաղարյանի և այլոց գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) մեղադրանքը հանդիսանում է քրեադատավարական այն ինստիտուտը, որի միջոցով ապահովվում է հանրային քրեական հետապնդման կառուցակարգի գործունեությունը: Մեղադրանքը հանցակազմը կոնկրետ հանցագործության հանգամանքների և այն կատարած անձի հետ կապող դատավարական միջոցն է և այդ պատճառով էլ մեղադրանքը կարելի է դիտարկել որպես հանցակազմի հատկանիշների դատավարական արտահայտություն, որից ածանցյալ է նաև քրեական արդարադատության իրականացման գործառույթը:

Քրեական դատավարությունում մեղադրանքը բնորոշվում է որպես կոնկրետ անձին մեղսագրվող հանցավոր գործողության կամ անգործության նկարագրություն դատավարական փաստաթղթերում: Կառուցվածքային առումով մեղադրանքը բաղկացած է գործով հաստատված՝ հանրության համար վտանգավոր և հակաիրավական արարքի կատարման հանգամանքների ամբողջությունից և քրեական օրենքի կոնկրետ նորմից, որի հատկանիշներին համապատասխանում է նշված փաստական հանգամանքների ամբողջությունը: Այլ խոսքով՝ մեղադրանքի տարրեր են կազմում մեղադրանքի ձևակերպումը և դրա իրավաբանական որակումը» (տե´ս Գևորգ Խաչատուրի Ճաղարյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵՇԴ/0002/01/11 որոշման 15-րդ կետը):

Ա. Սերոբյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը շեշտել է, որ «(…) Թե´ առաջին ատյանի դատարանը, թե´ վերաքննիչ դատարանը և թե´ վճռաբեկ դատարանն ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` «Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը»: Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը և մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», և որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգտագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմաստով, և այն իր մեջ չներառի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստական հանգամանքները, ապա կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային, քանի որ առանց փաստական հիմքի` քրեաիրավական որակումից պաշտպանվելու իրավունքը առարկայազուրկ է: (…)» (տե´ս Արթուր Խաչատուրի Սերոբյանի վերաբերյալ 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշումը):

Ա. Բաբայանի և Ս. Թումանյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(…) մեղադրողը օբյեկտիվորեն կրում է դատարան ներկայացրած մեղադրանքի, այդ թվում` մեղսագրվող արարքին տրված քրեաիրավական որակման հիմնավորվածության ռիսկը և օրենսդրական կարգավորման մակարդակով ստանում է առաջին ատյանի դատարանում այն փոփոխելու իրավական հնարավորություն: Դատախազի կողմից վերոնշյալ հնարավորությունը չօգտագործելու դեպքում դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները և դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից: Դատական քննության փուլում դատարանի խնդիրն է ստուգել ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունն ու ապացուցվածությունը, և եթե ապացույցների հետազոտման արդյունքում մեղսագրվող արարքը կհաստատվի, դատարանը պարտավոր է կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե ոչ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը չիրացնելով՝ մեղադրողը քրեական գործի հետագա քննությունների ընթացքում զրկվում է նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անթույլատրելի է համարում նաև այն իրավիճակը, երբ վերադաս դատարանի կողմից կարող է բեկանվել գործով կայացված դատավճիռը և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան` նոր քննության, որպեսզի նոր քննության ընթացքում մեղադրողը հնարավորություն ստանա շտկելու նախորդ դատական քննության ընթացքում թույլ տրված բացթողումը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի գործադրմամբ փոփոխի առաջադրված մեղադրանքը: Նման մոտեցման դեպքում ուղղակիորեն կիմաստազրկվի ամբաստանյալի պաշտպանության իրավունքը» (տե´ս Արմեն Ջիվանի Բաբայանի և Սուրեն Ռազմիկի Թումանյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշման 23-րդ կետը):

21. Զարգացնելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողին քրեադատավարական օրենքով տրված՝ առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոխելու իրավունքը բացարձակ չէ, և մեղադրողն իր վերոգրյալ լիազորությունը պետք է իրականացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ, որոնք հստակ սահմանում են ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու կարգն ու սահմանները: Այսպես, նշված իրավանորմը սահմանում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ` փոփոխում քննչական գործողությունների կատարմամբ, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր) և փոփոխում առանց քննչական գործողություններ կատարելու, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մաս) (առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական ընթացակարգերի մասին տե´ս Սուրեն Կարոյի Նալբանդյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 19-25-րդ կետերը):

22. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իր իրավունքը պատշաճ իրականացնելու համար դատախազը պետք է գործի քրեադատավարական օրենքով սահմանված վերոգրյալ երկու իրավական ռեժիմներից որևէ մեկով, հակառակ դեպքում, նրա գործողություններն ապօրինի են և որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող: Այլ խոսքով՝ դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ՝ մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու մասին որոշման կայացումը հավասարազոր է օրենքով սահմանված կարգով՝ առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական հնարավորությունը չօգտագործելուն: Այս դեպքում ևս դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները, դուրս գալ ամբաստանյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից: Դատարանը պարտավոր է դատաքննության արդյունքներով կայացնել համապատասխան դատական ակտ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նշված հանցավոր արարքին տրվել է մեղադրական եզրակացությամբ` անկախ այն հանգամանքից, թե հաստատված փաստական հանգամանքների պայմաններում ամբաստանյալի արարքը պետք է լրացուցիչ որակվեր նաև այլ հոդվածներով, թե ոչ:

23. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը թեև համապատասխան դատավարական փաստաթղթերում արձանագրել է, որ Ա.Սերոբյանը և Է.Պետրոսյանը կատարել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված երեք տարբեր արարքներ, այդուհանդերձ, վերջիններիս մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով միայն մեկ անգամ (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

Նույն փաստական հանգամանքների պայմաններում, միևնույն իրավաբանական որակմամբ կազմվել է նաև մեղադրական եզրակացություն, որը հաստատվել է դատախազի կողմից, և գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու (տե´ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ՝ գործի քննության նախապատրաստական փուլում, մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածով, դատարան է ներկայացրել երկու որոշում, որոնց համաձայն՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և դատավարական փաստաթղթերում առկա միևնույն գործողություններին տրվել են այլ իրավաբանական որակումներ, մասնավորապես Ա.Սերոբյանի գործողությունները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է.Պետրոսյանի գործողությունները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Պաշտպանը 2013 թվականի մարտի 26-ին դատարան է ներկայացրել միջնորդություն, որտեղ փաստարկելով, որ առաջադրված մեղադրանքները փոփոխելու մասին մեղադրողի որոշումները կայացվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի պահանջների խախտմամբ՝ խնդրել է դրանք ճանաչել անհիմն և օրենքի պահանջներին հակասող: Դատարանը որոշել է միջնորդության քննարկումը հետաձգել (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

Այս պայմաններում գործով մեղադրողը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, իսկ այնուհետև, երբ պաշտպանության կողմը դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդություն է ներկայացրել, հայտնել է, որ արագացված կարգի կիրառման դեմ չի առարկում (տե´ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը դատական քննության արագացված կարգի կիրառմամբ ամբաստանյալներ Ա.Սերոբյանի և Է.Պետրոսյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ այն քրեաիրավական որակման սահմաններում, որը նրանց կատարած հանցավոր արարքներին տրվել է մեղադրական եզրակացությամբ (տե´ս սույն որոշման 2-րդ կետը):

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը կայացված դատավճռով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխելու վերաբերյալ մեղադրողի որոշումներն իրավացիորեն ճանաչել է ապօրինի՝ փաստարկելով, որ դատարանին չեն ներկայացվել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և որը կարող է հիմք հանդիսանալ առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար (տե´ս սույն որոշման 9-րդ կետը):

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է համարում նաև բողոքաբերի փաստարկն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը (տե´ս սույն որոշման 11-րդ կետը): Հիշատակված քրեադատավարական նորմով նախատեսված ընթացակարգը կիրառելի է միայն դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման պարագայում, մինչդեռ սույն գործի դատական քննությունն իրականացրել է արագացված կարգով, որի դեպքում ապացույցների հետազոտություն չի կատարվում: Այլ խոսքով՝ դատական քննության արագացված կարգի կիրառման դեմ չառարկելով՝ մեղադրողը դրանով իսկ հրաժարվել է դատարանում հետազոտված ապացույցների հիման վրա ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոխելու իր իրավունքից, հետևաբար Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեղադրողի իրավունքի սահմանափակման մասին խոսք լինել չի կարող:

24. Սույն որոշման 20-22-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 23-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում, որի պայմաններում նշված դատական ակտը բեկանելու օրենսդրական հիմքեր Վերաքննիչ դատարանը չի ունեցել:

Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, իսկ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներն իրենց հաստատումը քրեական գործի նյութերում չեն գտնում, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Արսեն Մկրտիչի Սերոբյանի և Էդվարդ Վահանի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունիսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան