ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2014 թվականի N 176-Ն
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) ներքին աուդիտորի որակավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում ստացած անձինք սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված ցանկում ընդգրկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամիս ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո այն աուդիտորները, ովքեր սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված պայմաններով ստացած չեն լինի Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայական, կհանվեն ցանկից:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) հաստատել ներքին աուդիտորի որակավորման հանձնաժողովի կազմը, անդամների նկատմամբ պահանջները և գործունեության կարգը.
2) հրապարակել ներքին աուդիտորի որակավորման քննության հարցաշարը և դրա կազմման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ներքին աուդիտորները որակավորման նպատակով պետք է հանձնեն ներքին աուդիտորի որակավորման քննություններ (այսուհետ` քննություն): Սույն կարգով կարգավորվում են քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Քննությունները կազմակերպվում են «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներքին աուդիտի ոլորտի լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից:
3. Ներքին աուդիտորի որակավորումը պարտադիր պահանջ է` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկվելու համար:
4. Լիազոր մարմինը հաշվառում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված անձանց և իր պաշտոնական կայքում հրապարակում է վերջիններիս ցանկը, որը բաղկացած է երեք մասից`
1) ներքին աուդիտորների` որակավորված անհատների ցանկ, որում ընդգրկվում են`
ա. սույն կարգով սահմանված պայմաններով քննության 1-ին և 2-րդ փուլերը հանձնած և Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայական ստացած անձինք,
բ. սույն կարգի 6-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի` այլ կառույցների կողմից տրված աուդիտորի որակավորում ունեցող անձինք, ովքեր ցանկում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո այն աուդիտորները, ովքեր սույն կարգով սահմանված պայմաններով չեն հանձնել սույն կարգով սահմանված 2-րդ փուլի` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ներքին աուդիտի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի իմացության ստուգման քննությունը և չեն ստացել Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայական, կհանվեն ցանկից.
2) Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկ: Ընդ որում, ցանկում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորների որակավորում ունեցող անձինք, ովքեր ցանկում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի ժամկետով: Նշված ժամկետը լրանալուց հետո այն աուդիտորները, ովքեր սույն կարգով սահմանված պայմաններով չեն հանձնել սույն կարգով սահմանված 2-րդ փուլի` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ներքին աուդիտի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի իմացության ստուգման քննությունը և չեն ստացել Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայական, կհանվեն ցանկից.
3) հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջները բավարարող կազմակերպությունների ցանկ, որում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջները բավարարող կազմակերպությունները:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼԻ` ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի են միջազգայնորեն ճանաչված հետևյալ որակավորումները`
1) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորումը (Certified Internal Auditor - CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորումը (Certified Government Auditing Professional - CGAP).
2) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննության (F1-F9) արդյունքում տրված հաշվապահ-աուդիտորի որակավորումը.
3) հանրային ֆինանսների և հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance and Accountancy` CIPFA) կողմից տրված որակավորումը.
4) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորումը (CPA):
6. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի են այլ կառույցների կողմից տրված հետևյալ որակավորումները`
1) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորումը.
2) Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից տրված աուդիտորի որակավորումը։
III. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Քննությունը կազմակերպում և անցկացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված ներքին աուդիտորի որակավորման մշտական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
8. Հանձնաժողովի կազմը, անդամների նկատմամբ պահանջները և գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
9. Քննությունն անցկացվում է հայերենով` 2 փուլով`
1) թեստավորման փուլ.
2) ներքին աուդիտի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի իմացության ստուգման փուլ:
10. Յուրաքանչյուր տարվա համար անցկացվող քննության հարցաշարը (թեստերի համար հարցերը` իրենց ենթադրյալ պատասխաններով և համապատասխան օրենսդրական ակտերին ու ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցներին հղումներով, իսկ ներքին աուդիտի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի իմացության ստուգման համար` խնդիրները), ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացող իրավական ակտերի ցանկը մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 20-ը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում, իսկ դրանցում կատարվող փոփոխությունները հրապարակվում են քննության անցկացման օրվանից առնվազն 2 ամիս առաջ:
11. Քննության հարցաշարի համար հիմք է հանդիսանում լիազոր մարմնի կողմից սահմանված` իրավական ակտերի և ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցների ցանկը, ընդ որում, հարցաշարը չպետք է պարունակի այնպիսի հարցեր և (կամ) խնդիրներ, որոնք չեն բխում ցանկում ներկայացված իրավական ակտերից և ներքին աուդիտի վերաբերյալ այլ ուղեցույցներից:
12. Քննությունն անցկացվում է առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, եթե առկա է սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում` քննության անցկացումից առնվազն 30 օր առաջ:
IV. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ
13. Քննությանը կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող` սույն կարգի 14-րդ կետի պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր լիազոր մարմին են ներկայացրել դիմում` քննության առաջին փուլին մասնակցելու համար` համաձայն սույն կարգի N 1 ձևի, կամ քննության երկրորդ փուլին մասնակցելու համար` համաձայն սույն կարգի N 3 ձևի:
14. Քննությանը կարող է մասնակցել այն անձը`
1) ով դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով չունի դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.
3) ով դատական կարգով չի զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) ում` սույն կարգի համաձայն քննությանը մասնակցելու համար լիազոր մարմին նախորդ 3 տարվա ընթացքում ներկայացված դիմումը չի մերժվել լիազոր մարմնի կողմից` սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքերով։
15. Քննությանը մասնակցելու համար դիմողն առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով) լիազոր մարմին է ներկայացնում`
1) դիմում՝ համաձայն սույն կարգի N 1 ձևի.
2) անձնագրի պատճենը.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) հայտարարություն սույն կարգի 14-րդ կետում նշված հանգամանքների բացակայության մասին` համաձայն սույն կարգի N 2 ձևի:
16. Հանձնաժողովն ուսումնասիրում է դիմումը` իր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին` այն ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովը դիմորդին չի թույլատրում մասնակցել քննության և դիմումը ներկայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը, եթե`
1) թերի են ներկայացվել սույն կարգի 15-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, կամ`
2) սույն կարգի 15-րդ կետով պահանջվող փաստաթղթերում ներկայացվել է կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկատվություն:
17. Եթե քննությանը մասնակցելու մերժման պատճառ է հանդիսացել ներկայացված փաստաթղթերում տեղ գտած թերությունը, ապա մերժման մասին տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողը կարող է ուղղել պահանջվող փաստաթղթերում տեղ գտած թերությունները՝ դրանք ներկայացնելով լիազոր մարմին:
18. Լիազոր մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են դիմողի ներկայացրած փաստաթղթերում անհրաժեշտ ուղղումներն ու լրացումները և, ընդունվելու դեպքում, դիմողին թույլատրվում է մասնակցել քննությանը:
V. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
19. Քննության առաջին` թեստավորման փուլն անցկացվում է էլեկտրոնային եղանակով՝ համակարգչային ծրագրի օգնությամբ: Թեստում յուրաքանչյուր հարց ունի երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:
20. Քննության թեստերը կազմվում են քննության տվյալ փուլի անցկացման օրը` անմիջապես քննության անցկացումից առաջ, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով` մասնակցի (մասնակիցների) և հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ: Քննության յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է թեստ, որը պետք է լրացվի նույն համակարգչային ծրագրի օգնությամբ:
21. Քննության առաջին փուլն անցկացնելու համար կազմվող թեստում ներառվում է 50 հարց: Քննության առաջին փուլի տևողությունը սահմանվում է երկու ժամ:
22. Քննասենյակ քննության մասնակցի մուտքը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ: Հանձնաժողովի անդամն ստուգում է մասնակցի ինքնությունը և վերջինիս անձնական տվյալների հավաստիության դեպքում թույլատրում մասնակցել քննությանը: Քննասենյակ մուտքն արգելվում է քննության մեկնարկից 10 րոպե առաջ, ինչի մասին նշում է կատարվում սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով հրապարակվող հայտարարությունում: Մասնակցին չի թույլատրվում քննության ընթացքում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել այլ համակարգչից` բացառությամբ թեստի համար նախատեսվածից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, ծածկաթերթիկներից, ինչպես նաև առանց ուղեկցման դուրս գալ քննասենյակից:
23. Սույն կարգի 22-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում մասնակիցը հանձնաժողովի կամ դրա անդամներից որևէ մեկի կողմից դուրս է հրավիրվում քննասենյակից, ինչի մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է մասնակցին: Մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է 0 միավոր:
24. Քննության առաջին փուլի համար սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում է սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո մասնակիցը պարտավոր է դադարեցնել համակարգչի ծրագրով թեստի լրացումը:
25. Հանձնաժողովն ամփոփում է քննության առաջին` թեստավորման փուլի արդյունքները: Համակարգչային ծրագիրը թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը և որևէ պատասխան չնշելը:
26. Քննության առաջին փուլը հաղթահարելու համար մասնակիցը պետք է ստանա առնվազն 40 միավոր:
27. Հանձնաժողովը, քննության առաջին փուլի ավարտից հետո նույն օրն ստուգում և գնահատում է մասնակիցների աշխատանքները և արդյունքների վերաբերյալ նույն օրը տեղեկացնում մասնակցին: Քննության առաջին փուլի արդյունքները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, և վավերական են հրապարակման օրվանից մեկ օրացուցային տարվա ընթացքում:
28. Քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
VI. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
29. Քննության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները, այդ թվում` բողոքարկման դրական արդյունքներ ունեցող մասնակիցները, ինչպես նաև սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված անձինք իրավունք ունեն մասնակցելու քննության երկրորդ փուլին: Ընդ որում՝
1) քննության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները, այդ թվում` բողոքարկման դրական արդյունքներ ունեցող մասնակիցներն առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով) լիազոր մարմին են ներկայացնում միայն դիմում` համաձայն սույն կարգի N 3 ձևի.
2) սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված անձինք քննության երկրորդ փուլին մասնակցելու համար պետք է բավարարեն սույն կարգի 13-րդ կետով սահմանված պահանջները և առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով) լիազոր մարմին ներկայացնեն`
ա. դիմում` համաձայն սույն կարգի N 3 ձևի,
բ. սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի` աուդիտորի որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթերը,
գ. սույն կարգի 15-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:
30. Այն դեպքում, երբ սույն կարգի 5-րդ կետով սահմանված անձանց որակավորումները հավաստող փաստաթղթերն օտար լեզվով են, դիմողը պետք է ներկայացնի դրանց` նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պատճենները:
31. Հանձնաժողովն ուսումնասիրում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված անձանց կողմից ներկայացված` սույն կարգի 29-րդ և 30-րդ կետերում նշված փաստաթղթերի համապատասխանությունը և եռօրյա ժամկետում կայացնում է որոշում նշված անձանց քննության երկրորդ փուլին մասնակցելու թույլտվություն տալու մասին:
32. Քննության երկրորդ փուլն անցկացվում է առաջին փուլի ավարտից հետո ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում:
33. Քննության երկրորդ փուլն անցկացվում է սույն կարգի 22-րդ և 23-րդ կետերին համապատասխան:
34. Քննության երկրորդ փուլում մասնակցին տրվում է մեկ խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է տվյալների մուտքագրում ներքին աուդիտի էլեկտրոնային տեղեկատվական համակարգ և հաշվետվության արտահանում: Այն քննական աշխատանքը, որը կատարվել է ճիշտ եղանակով, սակայն ավարտված չէ, գնահատվում է մեկ միավոր: Եթե աշխատանքը կատարված է ճիշտ եղանակով, սակայն պատասխանը սխալ է, գնահատվում է 2 միավոր: Եթե աշխատանքը կատարված է ճիշտ եղանակով և ստացված պատասխանը ճիշտ է, ապա այն գնահատվում է 3 միավոր: Այս եղանակով քննության երկրորդ փուլի տևողությունը սահմանվում է 90 րոպե, և քննությունը համարվում է հաղթահարված, եթե մասնակիցը հավաքում է առնվազն 2 միավոր: Սահմանված ժամկետի ավարտին մասնակիցները պետք է հանձնեն հաշվետվությունները: Սահմանված ժամկետի ավարտից հետո արտահանված հաշվետվությունները չեն ընդունվում:
35. Հանձնաժողովը, քննության երկրորդ փուլի ավարտից հետո նույն օրն ստուգում և գնահատում է քննության մասնակիցների աշխատանքները և արդյունքների մասին նույն օրը տեղեկացնում է մասնակցին:
36. Քննության երկրորդ փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները 2 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա են գրանցման` լիազոր մարմնի կողմից հրապարակվող ցանկում:
37. Քննության երկրորդ փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին լիազոր մարմնի կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայական (այսուհետ՝ վկայական)` համաձայն սույն կարգի N 4 ձևի:
38. Վկայականի գործողության ժամկետ չի սահմանվում, և այն գործում է այնքան ժամանակ, քանի դեռ որակավորված ներքին աուդիտորները յուրաքանչյուր տարի մասնակցում են լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերին և հաջողությամբ ավարտում են նշված ծրագրերը: Վկայականի գործողության ժամկետը դադարում է հերթական տարեկան շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ չավարտելու դեպքում՝ ծրագրի քննության թեստի արդյունքները լիազոր մարմնի կողմից հրապարակվելուն հաջորդող օրը:
39. Քննության արդյունքների հիման վրա որակավորում չստացած, քննությանը չներկայացած, ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետում նշված դեպքերում դիմողն ընդհանուր հիմունքներով նորից կարող է մասնակցել քննությանը: Ընդ որում, քննությանը մասնակցելու համար նա կարող է ներկայացնել միայն սույն կարգի 15-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերը, եթե նախկին փաստաթղթերը ներկայացնելու օրվանից չի անցել մեկ օրացուցային տարի, կամ դրանցում փոփոխություններ չեն կատարվել:
40. Քննությունների արդյունքները և հանձնաժողովի կողմից կազմված քննությունների արձանագրությունները պահպանվում են 5 տարի, որից հետո դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում են արխիվ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
պրն___________________-ին
___________________________________-ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ներքին աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:
Խնդրում եմ թույլատրել ինձ` մասնակցելու ներքին աուդիտորի որակավորման քննության 1-ին փուլին:
________________________________________________________________
(դիմողի բնակության վայրը)
________________________________________________________________
(հեռախոսահամարները)
________________________________________________________________
(էլեկտրոնային հասցեն)
Առդիր` թերթ |
||
Դիմող` ___________________ |
___ __________________թ. | |
(ստորագրությունը) |
Ձև N 2
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ես _______________________________________________________________________,
(ազգանունը, անունը, հայրանունը)
սույնով հայտարարում եմ, որ`
1) դատական կարգով չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) չունեմ դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.
3) դատական կարգով չեմ զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
4) առկա չեն նախորդ 3 տարվա ընթացքում քննությանը մասնակցելու համար իմ կողմից դիմում ներկայացվելու և լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դիմումը մերժվելու հիմքերը։
Հայտարարող` _______________ |
___ __________________թ. | |
(ստորագրությունը) |
Ձև N 3
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
պրն___________________-ին
___________________________________-ից
(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ներքին աուդիտորների` որակավորված անհատների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց ցանկում ընդգրկվելու համար Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ և 30-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է իմ կողմից:
Խնդրում եմ թույլատրել ինձ` մասնակցելու ներքին աուդիտորների որակավորման քննության 2-րդ` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ներքին աուդիտի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի իմացության ստուգման փուլին:
________________________________________________________________
(դիմողի բնակության վայրը)
________________________________________________________________
(հեռախոսահամարները)
________________________________________________________________
(էլեկտրոնային հասցեն)
Առդիր` թերթ |
||
Դիմող` ___________________ |
___ __________________թ. | |
(ստորագրությունը) |
Ձև N 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ___
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
Տրվում է____________________________________________________-ին,
(աուդիտորի անունը, հայրանունը, ազգանունը)
այն մասին, որ նա Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի որակավորված ներքին աուդիտոր է:
_______________________________________
(աուդիտորի քաղաքացիությունը, անձնագրի համարը)
ՀՀ ֆինանսների նախարար |
________________ | ________________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
________________________________ ______________ թ.
(ամսաթիվը)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման |
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հանրային հատվածի կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտի իրականացման ծառայություններ ձեռք բերելու նպատակով կարող են պատվիրակել այնպիսի կազմակերպություններին, որոնք ունեն ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ և առնվազն երեք աշխատող, ովքեր բավարարում են հետևյալ պահանջները`
1) ունեն Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում.
2) աուդիտի ոլորտում (ներքին և (կամ) արտաքին) ունեն մասնագիտական գործունեության առնվազն 3 տարվա փորձ.
3) համատեղությամբ չեն աշխատում այլ ներքին և արտաքին աուդիտի ծառայություններ մատուցող կազմակերպություններում:
2. Սույն հավելվածի 1-ին կետի պահանջները բավարարող կազմակերպություններն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված ցանկում (այսուհետ` ցանկ):
3. Ցանկում ընդգրկվելու նպատակով կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`
1) դիմում` համաձայն սույն հավելվածի ձևի.
2) սույն հավելվածի 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան ներքին աուդիտորի որակավորում ունեցող երեք աշխատողների մասին տեղեկություններ` աշխատանքային գրքույկի, աշխատանքային պայմանագրի, Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորման վկայականի, նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենները.
3) տեղեկանք ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ ունենալու մասին:
4. Լիազոր մարմինը սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը գրանցում է ցանկում, եթե առկա չէ սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը:
5. Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված պահանջներին, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկություններ.
2) դիմող իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ գործունեությամբ զբաղվելու.
3) դիմող կազմակերպության կառավարումն իրականացնող անձն իրավունք չունի ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ գործունեությամբ զբաղվելու.
4) դիմող կազմակերպությունը չի համալրում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերի ցանկը.
5) դիմող կազմակերպությունը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված հիմքով նախորդ 3 տարվա ընթացքում հանվել է ցանկից.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
6. Ցանկում ընդգրկված կազմակերպությունները ցանկում ընդգրկվելու համար ներկայացված տեղեկություններում կամ փաստաթղթերում, այդ թվում` կազմակերպության աշխատող համարվող անձանց մասին փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում այդ փոփոխությունների մասին պետք է լիազոր մարմին ներկայացնեն տեղեկատվություն` դրանք ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Կազմակերպությունը հանվում է ցանկից այն դեպքում, եթե`
1) կազմակերպության կամ կազմակերպության աշխատող հանդիսացող` որակավորված ներքին աուդիտորի կողմից ներքին աուդիտի առաջադրանքների իրականացման ժամանակ խախտվել են Հայաստանի Հանրապետության ներքին աուդիտի օրենսդրության պահանջները, ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները կամ ներքին աուդիտորների վարքագծի կանոնները, որոնք հանգեցրել են առաջադրանքի արդյունքներով տրամադրված սխալ հավաստիացման.
2) բացահայտվում է, որ կազմակերպության կողմից լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը կամ տեղեկատվությունը հավաստի չէ կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ և (կամ) անարժանահավատ տեղեկություններ.
3) տվյալ կազմակերպությունում հայտնաբերվել են սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.
4) մեկ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից երեք և ավելի անգամ սույն հավելվածի 6-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված ժամկետում չեն ներկայացվել լիազոր մարմին:
8. «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային հատվածի կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներքին աուդիտի իրականացման ծառայություններ չեն կարող ձեռք բերել ցանկում ընդգրկված այն կազմակերպություններից, որոնց`
1) խորհրդի անդամը կամ կառավարման գործառույթ իրականացնող անձը, կամ գործադիր մարմնի անդամը, կամ նման պարտականություններ կատարող այլ անձ, նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ինչպես նաև աուդիտ իրականացնող ներքին աուդիտորը հանդիսանում են տվյալ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարին և (կամ) աուդիտի կոմիտեի անդամներին փոխկապակցված անձ` «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի իմաստով.
2) կազմակերպության կամ կառավարման մարմնի անդամներից կամ նման պարտականություններ կատարող այլ անձանցից, նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը, ինչպես նաև աուդիտ իրականացնող ներքին աուդիտորն ունի ուղղակի կամ անուղղակի ֆինանսական մասնակցություն տվյալ հանրային հատվածի կազմակերպությունում կամ նախորդ երեք տարվա ընթացքում ներգրավված են եղել տվյալ հանրային հատվածի կազմակերպության արտաքին աուդիտի կամ ներքին հսկողության համակարգի նախագծման կամ նմանատիպ այլ աշխատանքներում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Ձև
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
պրն_____________________-ին
________________________________________________________________________-ից
(դիմողի կազմակերպության անվանումը և դիմողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Դ Ի Մ ՈՒ Մ N___
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար որակավորում ունեցող կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար Ձեզ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, որոնց ամբողջականությունը և արժանահավատությունը հավաստիացվում է ___________________________________________________________________
________________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը (իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, պետական գրանցման
________________________________________________________________________________
համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը,
________________________________________________________________________________
ազգանունը, պետական հաշվառման և (կամ) անձնագրի համարը)
___________________________________________________________________
(հեռախոսահամարները)
Առդիր` թերթ |
||
Տնօրեն` ___________________ |
___ __________________թ. | |
(ստորագրությունը) |
Կ.Տ.