Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.28/9(1022) Հոդ.45
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ/0015/07/13

Քրեական գործ թիվ ԱՎԴ/0015/07/13

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

 

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ դատախազ

Վ. Պողոսյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 13-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2013 թվականի մարտի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 15-ի որոշումների դեմ Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Գ.Սարգսյանի որոշմամբ անհայտ անձի կողմից իրացնելու նպատակով կեղծ մետաղադրամ պատրաստելու և 2012 թվականի մայիս ամսին «Արարատբանկ» ԲԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում 1 հատ 200 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամ իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 27103313 քրեական գործը:

2. 2013 թվականի մարտի 18-ին որոշում է կայացվել թիվ 27103313 քրեական գործով միջնորդություն հարուցել Առաջին ատյանի դատարան` բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու համար խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժվել է:

3. Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Վ.Պողոսյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 19-ի որոշումը` մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Վ.Պողոսյանը:

Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունիսի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Գ.Սարգսյանի 2013 թվականի մարտի 18-ի` «Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու համար խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» որոշման մեջ նշված է. «ՀՀ կենտրոնական բանկի 2012 թվականի հունիսի 15-ին կազմված թիվ 5 ակտի համաձայն` «Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղի կողմից ուղարկված 200 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամը փաթեթավորված է եղել 2012 թվականի մայիսի 21-ին: «Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղի դրամական գործառույթների բաժնի պետ Ռոզա Կարապետյանը ցուցմունք է տվել, որ 200 դրամ անվանական արժեքով մետաղադրամները բանկի իրենց մասնաճյուղում 5-7 օր ժամանակում կուտակվելուց հետո փաթեթավորվում են և ուղարկվում ՀՀ կենտրոնական բանկ, իսկ 2012 թվականի մայիսի 21-ին փաթեթավորված 200 դրամ անվանական արժեքով մետաղադրամները կուտակվել են 2012 թվականի մայիսի 15-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված դրամական մուծումների արդյունքում:

«Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղում պահպանվում են 2012 թվականի մայիսի 15-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում դրամական մուծումներ կատարված անձանց վերաբերյալ տվյալները, որոնք կարևոր նշանակություն ունեն քրեական գործով մի շարք հարցերի պարզաբանման համար:

(…)

Թիվ 27103313 քրեական գործով միջնորդություն հարուցել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին` «Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղից առգրավելու 2012 թվականի մայիսի 15-ից մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում դրամական մուծումներ կատարած անձանց վերաբերյալ տվյալները» (տե´ս նյութեր, թերթ 3):

6. Առաջին ատյանի դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «(…) անձնական կյանքի, այդ թվում` անձի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների անձեռնմխելիության իրավունքը ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ երաշխավորված կարևոր իրավունքներից է, որը պետք է պաշտպանվի կամայական և անօրինական միջամտությունից:

(…) անձի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշման հիման վրա» (տե´ս նյութեր, թերթ 12):

7. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «(…) Բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա (…):

(…) Դատարանը մասնավորապես պատճառաբանել է, որ տեղեկատվությունը պարտադիր պետք է վերաբերի բանկի հաճախորդին, որը քրեական գործով ներգրավված է կասկածյալ կամ մեղադրյալ (կամ քաղաքացիական գործով հանդիսանում է կողմ):

Մինչդեռ տվյալ դեպքում միջնորդություն է ներկայացվել ոչ թե կասկածյալի կամ մեղադրյալի, այլ «Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղում 2012 թվականի մայիսի 15-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում դրամական մուծումներ կատարած բոլոր անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն առգրավելու նպատակով խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը չի բխում ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ ամրագրված պահանջներից, և դրանից բխող հնարավոր սահմանափակումներն արդարացված դիտարկվել չեն կարող» (տե´ս նյութեր, թերթ 37):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 23-րդ, 43-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասը և եզրահանգում է արել այն մասին, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները դատարանի որոշման հիման վրա կարող են ստանալ միայն կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: Այլ խոսքով՝ օրենսդիրը կանոնակարգել է միայն կասկածյալին կամ մեղադրյալին վերաբերող բանկային գաղտնիքի կապակցությամբ քննչական և դատավարական գործողություններ կատարելու ընթացակարգը:

Վերոգրյալից բողոքաբերը եզրակացություն է արել այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասում ամրագրված չէ որևէ սահմանափակում կամ արգելք՝ կապված որոշակի ժամանակահատվածում անձանց անորոշ շրջանակի կողմից կատարված բանկային գործարքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ:

9. Բողոք բերած անձի պնդմամբ սույն գործի շրջանակներում քրեական հետապնդման մարմինները ոչ թե կոնկրետ անձի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություն են պահանջել, այլ խնդրել են տեղեկություն տրամադրել 2012 թվականի մայիսի 15-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում բանկում մուծումներ կատարած անձանց մասին: Այս նկատառումով քրեական հետապնդման մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ բանկում մուծումներ կատարած անձանց վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով բանկում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Քրեական հետապնդման մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը նպատակ է ունեցել պարզել կեղծված դրամը իրացրած անձի ինքնությունը, մինչդեռ, ըստ բողոքաբերի, դատարաններն անհիմն կերպով մերժել են վերոնշյալ միջնորդությունը:

10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի որոշումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր այն հարցի կապակցությամբ, թե դատարանի որոշմամբ կարող են արդյոք ստացվել քրեադատավարական կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ դատարանի որոշմամբ կարող են ստացվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(…) Բանկային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը կամ առգրավումը կատարվում է դատարանի որոշման հիման վրա»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ: (…)»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: (…)»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված վերոշարադրյալ դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը: Այլ խոսքով՝ անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կարող է տրամադրվել քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե՝

ա) անձը ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,

բ) առկա է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման նպատակով խուզարկություն կամ առգրավում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշումը:

13. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետևյալ միջոցառումները. (…) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ «Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպություններից բանկային և այլ տեսակի հաշիվների (ավանդների) վերաբերյալ տեղեկությունների ստացումն է, ինչպես նաև իրականացվող ֆինանսական գործարքների մշտական վերահսկումը առանց այն անձանց գիտության, որոնց վերաբերում են այդ գործարքները»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները (…) կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի վերոշարադրյալ դրույթների վերլուծությունից երևում է, որ նշված օրենքը թույլ է տալիս դատարանի որոշման հիման վրա գաղտնի կերպով ստանալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

14. Համադրելով սույն որոշման 12-րդ և 13-րդ կետերում շարադրված եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է հակասություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասում և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում ամրագրված մոտեցումների միջև այն առումով, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս վերահսկել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ամրագրում է, որ դատարանի որոշման հիման վրա կարող է ստացվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը:

15. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով: (…)»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23[-րդ] (…) [հոդվածով] (…) ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում մեկնաբանելով «անձնական կյանք» եզրույթը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն լայն հասկացություն է և ենթակա չէ սպառիչ սահմանման: Եվրոպական դատարանը գտել է, որ անձնական կյանքի ոլորտն ընդգրկում է մարդու առողջությունը, ֆիզիկական և հոգեկան ամբողջականությունը: Անձնական կյանքի իրավունքը ներառում է նաև անհատական զարգացումը, այլոց և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելը և զարգացնելը (տե´ս NADA v. SWITZERLAND գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 10593/08, կետ 151):

16. «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի և դրա վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ սպասարկման կամ այլ գործառնությունների կապակցությամբ բանկի և անձի միջև հաստատված հարաբերությունները՝ որպես արտաքին աշխարհի հետ անձի հարաբերությունների տարատեսակ, հանդիսանում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու անձնական կյանքի մաս: Հետևաբար, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները՝ որպես մարդու անձնական կյանքի մաս, անձեռնմխելի են և դրանց ստացման վրա տարածվում են ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանափակումները:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

Այլ օրենքներում պարունակվող քրեական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը»:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, (…) սույն օրենքից, այլ իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»:

Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, (…)»:

ՀՀ Սահմանադրության 23-րդ և 43-րդ հոդվածներում, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածում (տե´ս սույն որոշման 15-16-րդ կետերը), «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում և 24-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված կարգավորման լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասում և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում ամրագրված դիրքորոշումների միջև առկա հակասությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բանկային գաղտնիքի վերահսկման կապակցությամբ պետք է կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 32-րդ մասում ամրագրված դրույթը: Այլ խոսքով՝ վերահսկման ենթակա է բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ կենտրոնական բանկ ուղարկված 200 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամը փաթեթավորված է եղել 2012 թվականի մայիսի 21-ին: Այս կապակցությամբ «Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղի դրամական գործառույթների բաժնի պետը ցուցմունք է տվել՝ նշելով, որ 2012 թվականի մայիսի 21-ին փաթեթավորված 200 դրամ անվանական արժեքով մետաղադրամները կուտակվել են 2012 թվականի մայիսի 15-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված դրամական մուծումների արդյունքում (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

«Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու համար խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» որոշման մեջ նախաքննության մարմինը Առաջին ատյանի դատարանին խնդրել է թույլատրել «Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղից առգրավելու 2012 թվականի մայիսի 15-ից մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում դրամական մուծումներ կատարած անձանց վերաբերյալ տվյալները, քանի որ դրանք կարևոր նշանակություն ունեն քրեական գործով մի շարք հարցերի պարզաբանման համար (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը մերժել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ անձի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշման հիման վրա (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննության կարգով բողոքարկված Առաջին ատյանի դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը պարտադիր պետք է վերաբերի բանկի հաճախորդին, որը քրեական գործով ներգրավված է կասկածյալ կամ մեղադրյալ (կամ քաղաքացիական գործով հանդիսանում է կողմ): Մինչդեռ տվյալ դեպքում միջնորդություն է ներկայացվել ոչ թե կասկածյալի կամ մեղադրյալի, այլ «Արարատբանկ» ԲԲԸ Արտաշատի մասնաճյուղում 2012 թվականի մայիսի 15-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում դրամական մուծումներ կատարած բոլոր անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն առգրավելու նպատակով խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):

19. Սույն որոշման 12-17-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 18-րդ կետում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ քրեական գործի շրջանակներում մինչդատական վարույթն իրականացնող մարմինը դատարանի որոշման հիման վրա կարող է ստանալ բանկի այն հաճախորդի բանկային գաղնիք կազմող տեղեկությունները, ով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ: Այլ խոսքով՝ քրեական գործի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները չեն կարող տրամադրվել հետաքննության կամ նախաքննության մարմիններին: Այս տրամաբանությամբ նշված մարմիններին չեն կարող տրամադրվել նաև անձանց անորոշ շրջանակի կողմից որոշակի ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները:

20. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ դատարանի որոշմամբ կարող են ստացվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հիմնավորված ու պատճառաբանված է, այն բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 19-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 15-ի որոշումները թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան