Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1135
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.22/3(1016) Հոդ.26
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.01.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 հունվարի 2014 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԲԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/`

դիմողներ Հ. Սահակյանի և Ռ. Այվազյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Հովհաննես Սահակյանի և Ռուբեն Այվազյանի դիմումի հիման վրա` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացիներ Հ. Սահակյանի և Ռ. Այվազյանի` 23.08.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքն ընդունել է ՀՀ Ազգային ժողովը` 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահն ստորագրել է 2005 թվականի հունվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2005 թվականի հունվարի 22-ից:

Օրենքի` դիմողների կողմից վիճարկվող դրույթները «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2011 թվականի դեկտեմբերի 29-ին ստորագրված և 2012 թվականի հունվարի 19-ից ուժի մեջ մտած` «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-339-Ն ՀՀ օրենքով:

Սույն գործով վիճարկվող օրենքի` «Փաստաբանական գործունեությունը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.

«Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ`

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաև ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Հովհաննես Սահակյանը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին:

Դատարանն իր 25.02.2013թ. արձանագրային որոշմամբ Ռուբեն Այվազյանին թույլ չի տվել ներկայացնելու Հովհաննես Սահակյանի շահերը, իսկ իր 21.03.2013թ. թիվ ԵԱՔԴ/0013/04/13 վճռով մերժել է Հովհաննես Սահակյանի` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին դիմումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 07.06.2013թ. որոշմամբ մերժել է Հովհաննես Սահակյանի վերաքննիչ բողոքը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2013թ. վճիռը թողնելով անփոփոխ` օրինական ուժի մեջ: Նույն որոշմամբ, անդրադառնալով Հովհաննես Սահակյանի այն փաստարկներին, որ առաջին ատյանի դատարանը զրկել է իրեն դատարանում անվճար ներկայացուցիչ ունենալու սահմանադրական իրավունքից և որ չի ստուգել իր և Ռուբեն Այվազյանի ազգակցական կապը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, մասնավորապես, նշել է հետևյալը. «սույն գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Ռուբեն Այվազյանը հանդիսանում է դիմումատու Հովհաննես Սահակյանի մերձավոր ազգականը, ում համար ինքն իրականացնում է անվճար ներկայացուցչություն: … Ընդհանուր իրավասության դատարանն իրավամբ չի թույլատրել, որպեսզի Ռուբեն Այվազյանը դատարանում իրականացնի բողոքաբերի շահերի ներկայացուցչությունը, արձանագրելով, որ վերջինս չի հանդիսանում ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, հետևաբար «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի կարող ներկայացնել Հովհաննես Սահակյանի շահերը դատարանում: Բացի այդ, Հովհաննես Սահակյանը չի ներկայացրել որևէ ապացույց, ինչը հիմք կտար հետևություն անել, որ Ռուբեն Այվազյանի հետ հանդիսանում են մորաքրոջ որդիներ»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 31.07.2013թ. որոշմամբ վերադարձրել է Հովհաննես Սահակյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը:

 

3. Դիմողները գտնում են, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին:

Իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողները, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածները, կարծիք են հայտնում, որ դրանցում ամրագրված դրույթները չեն գործում, քանի որ փոփոխվել են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթները, ինչի հետևանքով անհնարին է դարձել նույնիսկ այդ հոդվածի ցանկում ներառված անձանց շահերի պաշտպանությունը ՀՀ դատական համակարգում, քանի որ դատական նիստի օրը հնարավոր է, որ ներկայացուցիչը չկարողանա ապացուցել իր ազգակցական կապը, ինչի հետևանքով քաղաքացին կզրկվի դատական պաշտպանության իրավունքից:

Դիմողները, արձանագրելով, որ դատարանը չի ստուգել իրենց միջև առկա ազգակցական կապը և անտեսել է իրենց` ազգականներ լինելու հանգամանքը, արձանագրում են նաև, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը չի սահմանում, թե նույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտներից բացի ովքեր կարող են հանդիսանալ մերձավոր ազգականներ, իսկ ՀՀ օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը կարող է սահմանել, որ մորաքրոջ որդիներ հանդիսացողները չեն կարող դիտվել մերձավոր ազգականներ: Նման հետևությունների արդյունքում դիմողները գտնում են, որ դատարանը խախտել է դատավարական իրավունքի նորմը, քանի որ Ռուբեն Այվազյանին զրկել է իր մերձավոր ազգական Հովհաննես Սահակյանի շահերը պաշտպանելու հնարավորությունից:

Վերլուծելով օրենքի վիճարկվող նորմը` դիմողները գալիս են այն եզրահանգման, որ ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2013թ. արձանագրային որոշմամբ Հովհաննես Սահակյանը զրկվել է ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը չի բխում օրենքից և հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ և 42-րդ հոդվածներին:

Անդրադառնալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ դիմողների դիրքորոշումներին, պատասխանող կողմը դրանք հիմնավոր չի համարում այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներն առավելապես վերաբերում են դատական համակարգի կազմակերպմանը, անկախությանը, գործի` ողջամիտ ժամկետում օբյեկտիվ քննությունն ապահովող դատավարական ընթացակարգեր նախատեսելուն, իսկ դատական ներկայացուցչության ինստիտուտը «... ևս առնչվում է սահմանադրական այս դրույթների հետ, սակայն ըստ էության այն միտված է կարգավորելու իրավունքը խախտված անձի և մասնավոր սուբյեկտի` փաստաբանի հարաբերությունները ... և այն չի ընդգրկվում արդարադատության մատչելիության գաղափարի` դատական իշխանության կազմակերպագործառութային կարգավորման ասպեկտում»:

Անդրադառնալով նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողների դիրքորոշումներին` պատասխանող կողմը դրանք ևս հիմնավոր չի համարում այն պատճառաբանությամբ, որ իրավաբանական օգնությունը չի սահմանափակվում միայն դատական ներկայացուցչությամբ, իսկ իրավաբանական օգնության մյուս տեսակների համար օրենքն իմպերատիվ կերպով սահմանափակումներ չի նախատեսել: Ըստ պատասխանող կողմի` դատական ներկայացուցչությունը հանդիսանում է իրավունքների պաշտպանության առավել բարդ ընթացակարգ ենթադրող կառուցակարգ, որը կարող է իրականացնել միայն փաստաբանը, քանի որ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը չպետք է կրի հռչակագրային բնույթ, այն իրական և նպատակային դարձնելու համար օրենսդրության հետագա կարգավորումների միջոցով ստեղծվում է այն իրավական հենքը, որի շնորհիվ մատուցվող իրավաբանական օգնությունը կլինի որակյալ և կտրամադրվի մասնագիտական որոշակի հմտություններ տիրապետող անձանց կողմից:

Մատնանշելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթի` ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիմողների դիրքորոշումները` պատասխանող կողմը, հղում կատարելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2013թ. հունվարի 29-ի թիվ 130 որոշմանը, արձանագրելով, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթն սպառիչ կերպով սահմանում է մերձավոր ազգականների շրջանակը, և որ դիմողները չեն կատարել իրենց ազգակցական կապը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու դատավարական պարտականությունը, գտնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթը չի առնչվում անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին, և հարկ չի առաջանում քննարկելու դրա հետադարձ ուժի կամ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածին համապատասխանության մասին հարցը:

 

5. Դիմումի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

ա/ դիմումով բարձրացված հարցը ոչ թե սահմանադրականության խնդիր է բովանդակում, այլ առնչվում է դատական ակտի իրավաչափությանը և օրենքի միատեսակ կիրառման ապահովմանը: Դիմողները, ձևականորեն վիճարկելով օրենքի նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են օրենքի վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց: Ընդ որում, դիմողները նույնպես ընդգծում են նշված հանգամանքը` արձանագրելով, որ դատարանը խախտել է դատավարական իրավունքի նորմը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը չի բխում օրենքից և հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Այսինքն` դիմողները, իրենց իրավունքների ենթադրյալ խախտումը ձևականորեն կապելով ՀՀ Սահմանադրության նորմերի հետ, փորձում են այն բարձրացնել սահմանադրաիրավական վեճի մակարդակի,

բ/ դիմողների իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է ոչ թե օրենքի վիճարկվող նորմի սահմանադրականությամբ, այլ հանդիսանում է հենց իրենց` դիմողների ոչ համարժեք գործողությունների հետևանք: Մասնավորապես, դիմողներից Հովհաննես Սահակյանի վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 07.06.2013թ. որոշման մեջ նշել է, որ «... Հովհաննես Սահակյանը չի ներկայացրել որևէ ապացույց, ինչը հիմք կտար հետևություն անել, որ Ռուբեն Այվազյանի հետ հանդիսանում են մորաքրոջ որդիներ»:

 

6. Հաշվի առնելով վերոգրյալը` սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ այլ կլիներ խնդիրը, եթե ՀՀ դատարանները մեկնաբանեին օրենքի վիճարկվող նորմը` դրա միասնական կիրառումը երաշխավորելու նպատակով, մինչդեռ դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ դատարանները չեն մեկնաբանել օրենքի վիճարկվող նորմը, իսկ սույն գործով դիմողները ՀՀ դատարաններում չեն ներկայացրել մորաքրոջ որդիներ հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ` չօգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրենց ընձեռված դատավարական հնարավորություններից:

Այդ կապակցությամբ, վերահաստատելով իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման 8-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումները, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը դիմումը համարում է սահմանադրական դատարանի քննությանը ոչ ենթակա հարց։

 

7. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ա/ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանադրական դատարանում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար սահմանված չէ փաստաբան լինելու իմպերատիվ պահանջ («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մաս),

բ/ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2013թ. հունվարի 29-ի թիվ 130 որոշման պատճառաբանական մասի 6-րդ պարբերության համաձայն` «Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում է դատավարական նորմ և պետք է համապատասխանի դատավարական օրենսգրքերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում դատական ներկայացուցչության այլ կարգ է նախատեսված, քան Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, մինչև համապատասխան դատավարական օրենսգրքերում փոփոխություններ կատարելը, քրեական և վարչական դատավարությունների ընթացքում դատական ներկայացուցչության վրա չի տարածվում Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը»:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` «դատական ներկայացուցչությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը` բացառությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի», իսկ «բ» ենթակետի համաձայն` «դատական ներկայացուցչության կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Նույն որոշման եզրափակիչ մասի 9-րդ կետի համաձայն` «Քրեական և վարչական դատավարությունների ընթացքում ներկայացուցչության վրա չի տարածվում Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը»:

Վերոգրյալից ուղղակիորեն բխում է, որ ի տարբերություն սահմանադրական, քրեական և վարչական դատավարություններում դատական ներկայացուցչության, որի իրականացման համար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված չէ փաստաբան լինելու իմպերատիվ պահանջ, քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչության իրականացման համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (40-րդ հոդված) սահմանված է փաստաբան լինելու իմպերատիվ պահանջը: Ընդ որում, այդ պահանջը սահմանված է անուղղակիորեն, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածը, իր հերթին, հղում է կատարում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին: Բացի դրանից, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է դատավարական օրենսդրության մեջ դատական ներկայացուցչության ինստիտուտի համարժեք կանոնակարգման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ անձամբ։ Այսինքն` ՀՀ օրենսդրության մեջ առկա չէ դատական ներկայացուցչության ոլորտի կարգավորման համադրված քաղաքականություն, ինչպես նաև նշված ոլորտը կարգավորող դրույթների, հասկացությունների հստակություն, ինչն առիթ է հանդիսացել, որպեսզի փորձ արվի հարցը կարգավորել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի մակարդակով:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32, 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացիներ Հովհաննես Սահակյանի և Ռուբեն Այվազյանի դիմումի հիման վրա` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 հունվարի 2014 թ.

ՍԴՈ-1135