«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013529
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 324-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/06-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ներդրումային ֆոնդերի դերը ֆինանսական շուկայում և դրանց կարևորությունը կենսաթոշակային եկամուտների ապահովման հարցում,
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը, 70-րդ հոդվածի 4-րդ մասը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 324-Ն որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 10/06
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը տարածվում է այն ներդրումային ֆոնդի կառավարիչների վրա, որոնք իրականացնում են հրապարակային ֆոնդերի կառավարում (այդ թվում` պարտադիր և կամավոր կենսաթոշակային ֆոնդեր):
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող իմաստը:
ԳԼՈՒԽ 2. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
3. Կառավարիչը պարտավոր է ունենալ արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգ: Արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգը ներառում է ռազմավարություն, գործընթացներ և հաշվետվողականություն, որոնք անհրաժեշտ են նույնականացնելու, չափելու, մշտադիտարկելու, գնահատելու, վերահսկելու և ներկայացնելու բոլոր էական ռիսկերը` առանձին և խմբավորված, ինչպես նաև այդ ռիսկերի փոխադարձ կախվածությունը:
4. Ռիսկերի կառավարման համակարգը պետք է բավարար չափով ինտեգրված լինի կառավարչի կազմակերպական կառուցվածքին և որոշումների ընդունման գործընթացներին:
5. Ռիսկերի կառավարման համակարգը պետք է համաչափ լինի կառավարչի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի բնույթին, ծավալներին և բարդությանը` արտացոլելով կառավարչի գործունեության շրջանակները:
ԳԼՈՒԽ 3. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
6. Կառավարչի իրավասու մարմինը պետք է միջոցառումներ ձեռնարկի կառավարչի ռիսկերի կառավարման համակարգի սահմանման, գործարկման և կատարելագործման համար, ինչպես նաև կառավարչի բարձր մասնագիտական էթիկայի ստանդարտներ ներդնելու համար:
7. Կառավարչի իրավասու մարմինը պետք է սահմանի և մշտապես վերանայի կառավարչի ռիսկերի կառավարման ամբողջ համակարգը: Նշված գործընթացը ներառում է ռիսկերի ընդունելի մակարդակների, ինչպես նաև այդ ռիսկերի չափման և վերահսկման միջոցների սահմանումը:
8. Ռիսկերի գնահատման արդյունավետությունը պահպանելու նպատակով կառավարչի իրավասու մարմինը պետք է հաճախակի գնահատի և գրանցի այն ռիսկերը, որոնք ազդում են կառավարչի նպատակների իրագործման վրա, և արձագանքի փոփոխվող միջավայրին և պայմաններին:
9. Կառավարչի իրավասու մարմինը պետք է ստուգի, որ կառավարչի մոտ սահմանված ռիսկերի կառավարման համակարգը մշտապես գործում է արդյունավետ և անհրաժեշտ դեպքերում առկա են համապատասխան գործընթացներ կառավարչի ռազմավարությունը փոփոխելու (ճշգրտելու) համար:
10. Կառավարչի մոտ պետք է ներդրված լինի լիազորությունների հստակ բաժանում: Լիազորությունների բաժանումը պետք է արտացոլի այն ռիսկերի բնույթը և չափերը, որոնց հակված է կառավարիչը և դրա կառավարման ներքո գտնվող ֆոնդերը:
11. Կառավարիչը պետք է ունենա պատշաճ ներքին հսկողության համակարգ, որի հիմնական բնորոշիչը հանդիսանում է կառավարման տարբեր մակարդակների միջև համարժեք տեղեկատվության փոխանակման համար պատշաճ մեխանիզմների ստեղծումը:
12. Կառավարչի մոտ պետք է ներդրվի շահերի բախման քաղաքականություն, ներառելով դրա բացահայտման և վերանայման գործընթացները, ինչպես նաև վարվելակերպի կանոնները ամբողջ անձնակազմի համար:
ԳԼՈՒԽ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
13. Կառավարիչը պետք է ապահովի, որ ներքին հսկողության մեխանիզմները գործարկվեն կառավարչի բոլոր մակարդակներում և կազմեն կառավարչի առօրյա գործունեության անբաժանելի մասը` ինչպես կառավարման վերին մակարդակում, այնպես էլ յուրաքանչյուր ստորաբաժանման մակարդակում:
14. Կառավարիչը պետք է ունենա համարժեք ռիսկերի մշտադիտարկման համակարգ: Ռիսկերի կառավարման համակարգը պետք է ապահովի, որ գործարքները կատարվեն նման իրավասություններ ունեցող անձանց կողմից, այն եղանակներով, որոնք թույլատրվել են կառավարչի իրավասու մարմնի կողմից:
ԳԼՈՒԽ 5. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
15. Կառավարչի մոտ պետք է ներդրվեն համարժեք և բազմակողմանի մեխանիզմներ ներքին տեղեկատվության, արտաքին տեղեկատվության և ֆինանսական շուկայի տեղեկատվության շրջանառության համար: Տեղեկատվությունը պետք է լինի հուսալի, արդիական և մատչելի: Կառավարիչը պետք է ունենա համապատասխան քաղաքականություն, որն ապահովում է գաղտնի տեղեկատվության պատշաճ օգտագործումը:
16. Կառավարիչը պետք է ներդնի արդյունավետ հաշվետվողականության մեխանիզմ: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի իրավասու անձանց ընկալելի ձևաչափով, պատշաճ հաճախականությամբ:
17. Կառավարչի մոտ պետք է ներդրվեն հաղորդակցության արդյունավետ մեխանիզմներ այնպես, որ յուրաքանչյուր անձի իրավասությունները լինեն հեշտ ընկալելի, և ապահովեն անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը համապատասխան անձնակազմին:
18. Կառավարչի իրավասու անձինք պետք է տեղեկացվեն կառավարչի մոտ ներքին հսկողության թերացումների կամ անարդյունավետ հսկվող ռիսկերի մասին դրանց բացահայտումից անմիջապես հետո: