Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 316-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.02.17/4(483) Հոդ.347.43
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013521

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 316-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել կառավարչի և ֆոնդի պահառուի միջև կնքված ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման գործընթացի արդյունքում ֆոնդի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ֆոնդի պահառության գործընթացի իրականացման արդյունքում առաջացող ռիսկերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերահսկողության արդյունավետությունը,

Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը,

Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության տրամադրման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 316-Ն որոշմամբ

 

ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ֆոնդի կառավարիչների (այսուհետ` կառավարիչ) ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացնելու կարգը, Կենտրոնական բանկի կողմից նախնական համաձայնության տրամադրման կարգը:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կիրառվող նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 2. ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

3. Ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար նախնական համաձայնություն ստանալու համար կառավարիչը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար նախնական համաձայնություն ստանալու դիմում` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

2) ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման նպատակով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ստանալու մասին կառավարչի իրավասու մարմնի որոշումը,

3) ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման հիմնավորումը,

4) կառավարչի ցանկությամբ` այլ էական փաստաթղթեր,

5) Կենտրոնական բանկի կողմից պահանջվող այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն կետում նշված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու համար:

4. Սույն գլխով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն կառավարչի իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

 

ԳԼՈՒԽ 3. ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու մասին սույն կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմումը և պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվելու պահից` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Կենտրոնական բանկը մերժում է ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար նախնական համաձայնության տրամադրումը, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներին, կամ ներկայացվել են կեղծ փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերում առկա են թերություններ, և այդ թերությունները Օրենքով սահմանված ժամկետում չեն վերացվել դիմում ներկայացրած անձի կողմից,

2) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման պայմանները բավարար հստակ չեն և (կամ) չեն երաշխավորում ֆոնդի մասնակիցների օրինական շահերը:

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 316-Ն որոշման

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՖՈՆԴԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Հարգելի ——————————----------

_________________________________________________________________________________

 (Կառավարչի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը)

 

Համաձայն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 316-Ն որոշմամբ հաստատված «Ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար կենտրոնական բանկի խորհրդի նախնական համաձայնության տրամադրման կարգի»` Ձեզ ենք ներկայացնում ֆոնդի պահառության պայմանագրի գործողության դադարեցման համար նախնական համաձայնություն ստանալու դիմումը, կից փաստաթղթերը և տեղեկությունները:

 

Առդիր ———- էջ:

 

Մենք` ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

Դիմումը ներկայացնող անձ`

 

(կառավարչի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________

 

 «__» _________________20___ թ.