ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 դեկտեմբերի 2013 թ. |
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԱՄՄԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 26 նոյեմբերի 2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2013թ. հունիսի 24-ին Ամմանում:
Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության հաստատումն ու զարգացումը:
Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով պարտավորվում է.
- համագործակցել կրթության և գիտության բնագավառներում՝ սույն Համաձայնագրի, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների, ինչպես նաև Համաձայնագրի կողմ երկրների ներպետական օրենսդրության համաձայն,
- նպաստել Համաձայնագրի կողմ երկրներում միջնակարգ, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և այլ հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը,
- գիտական համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նպատակով՝ մշակել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական ծրագրեր և նախագծեր, ինչպես նաև փոխանակել ձեռք բերված արդյունքները, գիտական և կրթական տեղեկատվությունը,
- տրամադրել կրթաթոշակներ Հորդանանի Հաշիմյան Թագավորության քաղաքացիներին՝ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու, ինչպես նաև գիտական հաստատություններում գիտահետազոտական գործունեություն ծավալելու համար,
- բանակցել, փոխադարձ համաձայնությամբ, Կրթական վկայագրերի, գիտական աստիճանների և ակադեմիական կոչումների հավասարեցման մասին համաձայնագիր կնքելու շուրջ,
- կրթական և գիտական խնդիրների լուծման համար փոխադարձ աջակցություն ցուցաբերել այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որոնց աշխատանքներին Համաձայնագրի կողմերը մասնակցում են,
- իր ուսումնական հաստատություններում նպաստել մյուս Կողմի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի ուսուցման և դասավանդման գործընթացին, ինչպես նաև օժանդակել մասնագետների, մեթոդական ձեռնարկների, դասագրքերի փոխանակմանը,
- խրախուսել գիտաշխատողների, պրոֆեսորների, ուսուցիչների, ուսանողների և աշակերտների փոխադարձ այցելությունները՝ կրթության և գիտության բնագավառներում ձեռք բերած փորձն ու նվաճումները փոխանակելու նպատակով,
- Համաձայնագիրն իրականացնելու համար մշակել համագործակցության ծրագրեր՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու և համագործակցության պայմաններն ու ձևերը կանոնակարգելու համար,
- Համաձայնագրի մեկնաբանումից կամ իրականացումից առաջացած ցանկացած վեճ կարգավորել քննարկումների և բանակցությունների միջոցով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2013 թվականի հունիսի 24-ին Ամմանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
10 դեկտեմբերի 2013 թ. ՍԴՈ-1128 |