ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, իրավակարգի և օրինականության ամրապնդման նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի բոլոր զինծառայողները, որոնք ինքնակամ լքել են իրենց զորամասերը կամ ծառայության վայրերը, մինչև 1991 թվականի դեկտեմբերի 25-ը պետք է ներկայանան համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներ` հաշվառման և Հայաստանի Հանրապետության տարածքում հետագա զինվորական ծառայությունը շարունակելու համար:
2. Սույն հրամանագրի առաջին կետում նշված ժամկետում համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներ ներկայացողները ազատվում են պատասխանատվությունից:
3. Նշված ժամկետում համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարիատներ չներկայացողները կենթարկվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
19 դեկտեմբերի 1991 թ. Ն.Հ.-40 |