ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 7-ՐԴ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ բանակի զորամասերի և զորամիավորումների նյութատեխնիկական մատակարարման վերահսկման, զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ապահովման, զորակոչը կազմակերպված անցկացնելու, ինչպես նաև զորամասերի և զորամիավորումների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները և այլ անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ բանակի զորամասերի և զորամիավորումների հրամանատարությանն առընթեր նշանակել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչներ:
2. Լիազոր ներկայացուցիչների նշանակումը կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և 7-րդ բանակի հրամանատարության համաձայնությամբ:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 7-րդ բանակի հրամանատարության հետ համաձայնեցնելով, մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել զորամասերի և զորամիավորումների հրամանատարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների կարգավիճակի վերաբերյալ համապատասխան ակտի նախագիծ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
19 դեկտեմբերի 1991 թ. ՆՀ-38 |