Գլխավոր տեղեկություն
Համար
N 1330-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-13.07.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.11/65(1005).1 Հոդ.1146.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 28 նոյեմբերի 2013 թվականի N 1330-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 297-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու մասին կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 4

Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող՝ ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է ամբողջ ուսումնառության ընթացքում:

4. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

5. Ուսանողական նպաստի տրամադրման գործառույթն իրականացնում է ուսումնական հաստատությունը:

6. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում մրցութային հիմունքով տրամադրում է`

1) առաջին կիսամյակում՝ պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ տարվա համար ուսման վարձի փոխհատուցման տեղում, ընդունելության կարգով միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողին, հաջորդ կիսամյակից` նախորդ ուսումնական կիսամյակի առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին՝ մրցութային հիմունքով, փոխատեղման արդյունքում.

2) նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություն ընդունելության կարգով սահմանված մրցութային հիմունքով, պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացված նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման տեղում ընդունված ուսանողին.

3) ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հետևյալ սոցիալական խմբերին`

ա. առանց ծնողական խնամքի մնացած կամ նրանց թվին պատկանող անձանց, որոնց վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի 150 տոկոսի չափով` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

բ. 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, որոնց հերթական քննությունները և ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված (զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում) դիմորդներից ամենաբարձր միավոր ունեցող անձանց (ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում)` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ուսումնական հաստատություն ընդունված, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին:

7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում փոխատեղումներն իրականացվում են ուսումնական կիսամյակն սկսելուն նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Փոխատեղման արդյունքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները տեղափոխվում են անվճար համակարգ, իսկ անվճար համակարգում ընդգրկված, սակայն բարձր առաջադիմություն չունեցող ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ: Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար և վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին:

8. Առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո երեք տարվա ընթացքում ընդունված ուսանողներին, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին, ուսանողական նպաստ տրամադրվում է առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած, ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են առաջին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

9. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.

3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.

6) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.

7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.

8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:

10. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:

11. Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաև սույն կարգի 9-րդ կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում):

12. Հաջորդ կիսամյակն սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները և համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում և պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Հարգելի պատճառով (առողջական վիճակի պատճառով կամ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի ակադեմիական արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում) ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

14. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին:

16. Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում).

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին:

18. Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծն ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնների պահպանումն է:

19. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում՝ ըստ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, հաստատում է պետական կրթաթոշակներ ստացողների թիվը և չափը:

20. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

21. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ուսանողի պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է հաջորդ կիսամյակն սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում՝ ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում: Միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ խորհուրդը քննարկում է կիսամյակի արդյունքները և սույն կարգի 16-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելու դեպքում սահմանում է պետական կրթաթոշակներ ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում ու պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում` սույն կարգի 6-րդ կետի պահանջների բավարարման դեպքում:

22. Պետական կրթաթոշակների չօգտագործված մասը հատկացվում է սույն կարգի 16-րդ կետի պահանջները բավարարող ուսանողներին` մրցութային կարգով:

23. Հարգելի պատճառով (առողջական վիճակի պատճառով կամ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի ակադեմիական արձակուրդում գտնվելու կամ ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքերում) ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած` կրթաթոշակ ստանալու իրավունքը:

24. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է ուսումնական հաստատությունը:

25. Ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել ներքոլեջային կրթաթոշակներ։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան