Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1097
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2043/02/12

2013 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2043/02/12

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ` Ա. Պետրոսյան

                    Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2013 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` 78.501,96 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու, ինչպես նաև դատական ծախսերի հարցը լուծելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 78.501,96 ՀՀ դրամ պարտքը, նշված գումարին հաշվեգրել 28.11.2010 թվականից մինչև դրա փաստացի բռնագանձման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև լուծել փաստաբանական ծախսերի և պետական տուրքի հարցը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 01.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 78.501,96 ՀՀ դրամ պարտքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքների` 78.501,96 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 19.09.2012 թվականից մինչև նշված գումարի փաստացի վերադարձման օրը: Հայցը` մնացած մասով, մերժել: Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 1.570 ՀՀ դրամ պետական տուրքը: Կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 78.501,96 ՀՀ դրամի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների երկու տոկոսի չափով պետական տուրքը` մինչև գումարի փաստացի վերադարձման օրը: Դատական ծախսերի հարցը` մնացած մասով, համարել լուծված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.05.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.03.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ, 68-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, պատշաճ չհետազոտելով Ընկերության և «Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի (այսուհետ` Փաստաբանական գրասենյակ) միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը և որպես վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ հաստատելով, որ Ընկերությունը Դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց` գումարը վճարված լինելու մասին, հանգել է սխալ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ օրենսդիրը «դատական ծախս» հասկացությունը սահմանել է ոչ թե որպես արդեն իսկ փաստացի վճարված, այլ նաև որպես վճարվելիք գումար, որը ենթադրում է ինչպես արդեն վճարված, այնպես էլ մոտ ապագայում վճարվելիք ծախսերը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում և՛ ծառայություն ստացողը, և՛ այն մատուցողը հանդիսանում են իրավաբանական անձինք, և ծառայության դիմաց գումարը, անկախ այն հանգամանքից` ստացվել է պայմանագրի կնքման պահին, թե որևէ այլ ժամանակահատվածում, ծառայություն մատուցողի կողմից կարող է համարվել ստացված ծառայության մատուցման ավարտից` հաշիվ-ապրանքագիրն ու կատարողական (ավարտական) ակտն ստորագրվելուց հետո:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 16.05.2013 թվականի որոշումը` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագրով նախատեսված 30.000 ՀՀ դրամը` որպես դատական ծախս չդիտելու մասով, բեկանել և փոփոխել` նշված գումարը ճանաչել որպես դատական ծախս և այն բռնագանձել Կազմակերպությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության (Հանձնարարող) և Փաստաբանական գրասենյակի (Հանձնակատար) միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Հանձնակատարը պարտավորվում է Հանձնարարողի անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, մասնավորապես`

ա) իրավաբանական խորհրդատվություն,

բ) փաստաթղթերի ուսումնասիրություն, հայցադիմումի կազմում,

գ) Ընկերության շահերի ներկայացում ՀՀ բոլոր դատարաններում` կապված դատական վեճի հետ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Կազմակերպության` գումարի բռնագանձման պահանջի մասին (գ.թ. 17):

2) Վերոգրյալ պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն` հանձնարարության կատարման համար Հանձնարարողը Հանձնակատարին պարտավորվում է անկանխիկ վճարել 30.000 ՀՀ դրամ:

Նույն պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` պայմանագրի 3.1-րդ կետով սահմանված վարձատրությունը Հանձնարարողը Հանձնակատարին վճարում է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում (գ.թ. 18):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է Վճռաբեկ դատարանի` օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, իսկ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումն էական նշանակություն ունի նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փաստաբանի վարձատրության` որպես դատական ծախսի բաշխման համար անհրաժեշտ ապացույցների ներկայացման հարցին` նմանատիպ գործերով նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենքի ուժով փաստաբանի խելամիտ վարձատրությունը ևս հանդիսանում է դատական ծախս, ինչից հետևում է, որ այն սահմանված կարգին համապատասխան ենթակա է բաշխման գործին մասնակցող անձանց միջև:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել նշված իրավադրույթների վերաբերյալ ձևավորած դիրքորոշումը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոգրյալ իրավական նորմերը, փաստել է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի, փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս` թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հաստատող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման պահանջի առկայությունից վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը` որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար (տե՛ս ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/1401/02/11 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը): Հիմք ընդունելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս …:

Նույն հոդվածի 4-րդ կետով սահմանված է, որ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ …:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 782-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ …:

Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված է, որ հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 783-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով …:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հանձնարարության պայմանագրի ուժով հանձնակատարը հանձնարարողի անունից և նրա հաշվին պարտավոր է կատարել որոշակի իրավաբանական գործողություններ, պայմանագրում կարող է նշվել նաև այն ժամկետը, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից: Միաժամանակ, ինչպես ցանկացած պայմանագիր, այնպես էլ հանձնարարության պայմանագիր կնքելիս կողմերը` հանձնակատարը և հանձնարարողը, չփոխելով օրենսգրքի իմպերատիվ դրույթներով ամրագրված պայմանները, ազատ են որոշելու պայմանագրի պայմաններն իրենց հայեցողությամբ, այդ թվում նաև` հանձնարարողի կողմից հանձնակատարին վարձատրելու չափը և վճարման ժամկետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ հանձնարարության պայմանագրի պայմաններով հանձնարարողը հանձնակատարին վարձատրությունը պետք է վճարի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` որոշակի ժամանակ անց, ապա նման պայմանի առկայությունը կատարվելիք վճարումը հաստատող բավարար ապացույց է:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքվել է թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը, որով Ընկերությունը պարտավորվել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, Կազմակերպությանը վճարել 30.000 ՀՀ դրամ:

Դատարանը, փաստաբանական ծախսերի մասով դատական ծախսերի բաշխման հարցը համարելով լուծված, իր վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ընկերության կողմից չի ներկայացվել որևէ վերաբերելի ապացույց` 30.000 ՀՀ դրամ գումարը Կազմակերպությանը փաստացի վճարելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի վերոգրյալ եզրահանգմանը, մերժել է վերաքննիչ բողոքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ փաստաբանական ծառայությունների համար կատարվելիք վճարումը հաստատող ապացույցի ներկայացումը ևս բավարար է այդ մասով դատական ծախսերը բաշխելու համար, իսկ սույն գործում առկա է այդպիսի ապացույց, այն է` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը, որով վերջիններս որոշել են հանձնարարության կատարման համար վարձատրության չափը և ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում յուրաքանչյուր ապացույց գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը փաստաբանի վարձատրության մասով դատական ծախսերի բաշխման հարցը լուծելու հետ կապված սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքերի վկայակոչված նորմերը և անտեսել է Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` դրանով խախտելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ինչի արդյունքում էլ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել սույն գործում առկա փաստաբանական ծառայությունների համար կատարվելիք վճարումը հաստատող ապացույցի առկայությունը` Ընկերության և Փաստաբանական գրասենյակի միջև 18.09.2012 թվականին կնքված թիվ 1/25 հանձնարարության պայմանագիրը:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով դատավարական փաստաթղթերի կազմումը (հայցադիմում, միջնորդություն, վերաքննիչ բողոք), թվով չորս դատական նիստերում ներկայացուցչության ապահովումը, գտնում է, որ սույն գործով փաստաբանի վարձատրության նշված չափը` 30.000 ՀՀ դրամ, խելամիտ է, և այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոններով ենթակա է բռնագանձման Կազմակերպությունից հօգուտ Ընկերության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2013 թվականի որոշման` փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը դատական ծախսերի մեջ չընդգրկելու մասը և այդ մասով այն փոփոխել` «Օլիմպուորլդ» ՍՊԸ-ից հօգուտ «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար` որպես դատական ծախս:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան