Գլխավոր տեղեկություն
Համար
N 9306-XI
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-22.05.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
28.07.1988
Ստորագրող մարմին
ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.07.1988
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.05.2004

ՍՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՍՍՀՄ-ՈՒՄ ԺՈՂՈՎՆԵՐԻ, ՄԻՏԻՆԳՆԵՐԻ, ՓՈՂՈՑԱՅԻՆ ԵՐԹԵՐԻ ՈՒ ՑՈՒՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ՍՍՀՄ սահմանադրությունը ժողովրդի շահերին համապատասխան և սոցիալիստական կարգի ամրապնդման ու զարգացման նպատակով ՍՍՀՄ քաղաքացիների համար երաշխավորում է ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի ազատություններ: Այս քաղաքական ազատությունների իրագործումը ապահովվում է աշխատավորներին և նրանց կազմակերպություններին հասարակական շենքեր, փողոցներ, հրապարակներ և այլ վայրեր հատկացնելով:

Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման կարգը կանոնավորելու նպատակով ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Ժողով, միտինգ, փողոցային երթ կամ ցույց անցկացնելու մասին դիմում է արվում ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեին:

Ժողով, միտինգ, փողոցային երթ կամ ցույց անցկացնելու դիմում կարող են անել ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների, կոոպերատիվ և հասարակական այլ կազմակերպությունների մարմինների, հասարակական ինքնագործունեության մարմինների և քաղաքացիների առանձին խմբերի տասնութ տարին լրացած լիազորները:

2. Ժողով, միտինգ, փողոցային երթ կամ ցույց անցկացնելու դիմումը տրվում է գրավոր ձևով, դրանց անցկացման նախատեսված ժամկետից ամենաուշը տասն օր առաջ: Դիմումի մեջ նշվում են միջոցառման նպատակը, ձևը, անցկացման վայրը կամ շարժման երթուղիները, այն սկսելու և ավարտելու ժամանակը, մասնակիցների ենթադրյալ թիվը, լիազորների (կազմակերպիչների) անունները, հայրանունները, ազգանունները, նրանց բնակության և աշխատանքի (ուսման) վայրը, դիմում տալու ամսաթիվը:

3. Ժողովրդական դեպուտատների սովետի գործադիր կոմիտեն քննության է առնում դիմումն ու ընդունած որոշման մասին լիազորներին (կազմակերպիչներին) հայտնում է դիմումի մեջ նշված միջոցառումն անցկացնելու ժամանակից ամենաուշը հինգ օր առաջ: Գործադիր կոմիտեն իրավունք ունի դիմում անողներին անհրաժեշտության դեպքում առաջարկելու միջոցառման անցկացման այլ ժամանակ և վայր: Որոշումը կարելի է գործադիր և կարգադիր վերադաս մարմնին գանգատարկել գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ժողովրդական դեպուտատների սովետների գործադիր կոմիտեն անհրաժեշտ պայմաններ է ապահովում ժողովի, միտինգի, փողոցային երթի կամ ցույցի անցկացման համար:

4. Ժողովները, միտինգները, փողոցային երթերը և ցույցերը անցկացվում են դիմումի մեջ նշված նպատակներին համապատասխան, ինչպես նաև սահմանված ժամկետներում և պայմանավորված տեղում:

Ժողովներ, միտինգներ, փողոցային երթեր, ցույցեր անցկացնելիս լիազորները (կազմակերպիչները), ինչպես նաև մյուս մասնակիցները պարտավոր են պահպանել սովետական օրենքները, հասարակական կարգը: Մասնակիցներին արգելվում է հետներն ունենալ զենք, ինչպես նաև հատուկ պատրաստված կամ հարմարեցված այնպիսի առարկաներ, որոնք կարող են օգտագործվել մարդկանց կյանքի ու առողջության դեմ, պետական, հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիներին նյութական վնաս պատճառելու համար:

5. Պետական ու հասարակական կազմակերպությունները, պաշտոնատար անձինք, ինչպես նաև քաղաքացիները իրավունք չունեն խոչընդոտելու այնպիսի ժողովները, միտինգները, փողոցային երթերը և ցույցերը, որոնք անցկացվում են` հետևելով սահմանված կարգին:

6. Ժողովրդական դեպուտատների սովետի գործադիր կոմիտեն, ժողովը, միտինգը, փողոցային երթը կամ ցույցը արգելվում է, եթե դրանց նպատակը հակասում է ՍՍՀՄ սահմանադրությանը, միութենական ու ինքնավար հանրապետությունների սահմանադրություններին կամ էլ սպառնում է հասարակական կարգին և քաղաքացիների անվտանգությանը:

7. Ժողովները, միտինգները, փողոցային երթերը, ցույցերը իշխանության մարմինների ներկայացուցիչների պահանջով պետք է դադարեցվեն, եթե դիմում չի տրվել, արգելման որոշում է կայացվել, ինչպես նաև դրանց անցկացման այն կարգը խախտելիս, որ նախատեսված է սույն հրամանագրի 4-րդ հոդվածով, քաղաքացիների կյանքի ու առողջության համար վտանգ առաջանալիս, հասարակական կարգը խախտելիս:

8. Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգը խախտած անձինք պատասխանատվություն են կրում ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների օրենսդրությանը համապատասխան:

Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի անցկացման ժամանակ դրանց մասնակիցների կողմից պետությանը, կոոպերատիվներին, հասարակական այլ կազմակերպություններին կամ քաղաքացիներին պատճառված նյութական վնասը փոխհատուցման է ենթակա օրենքով սահմանված կարգով:

9. Միութենական ու ինքնավար հանրապետությունների գերագույն սովետների նախագահությունները, ժողովրդական դեպուտատների երկրամասային, մարզային, օկրուգային, շրջանային ու քաղաքային սովետները, հաշվի առնելով տեղական պայմանները, կարող են ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի անցկացման կարգը լրացուցիչ կարգավորել միութենական ու ինքնավար հանրապետությունների սահմանադրությունների հիման վրա և սույն հրամանագրի պահանջներին համապատասխան:

10. Ժողովների ու միտինգների կազմակերպման և անցկացման սույն հրամանագրով սահմանված կարգը չի տարածվում աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների այն ժողովների ու միտինգների վրա, որոնք անցկացվում են օրենսդրությանը, իրենց կանոնադրություններին ու կանոններին համապատասխան:

 

 

 

Մոսկվա, Կրեմլ, 28 հուլիսի 1988թ.
N 9306-XI