ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/6025/05/12 2013 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/6025/05/12 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան |
|
Դատավորներ` Ա. Աբովյան |
|
Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի նոյեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.08.2013 թվականի որոշման դեմ` ըստ Երևան համայնքի հայցի ընդդեմ Վահե Փայտյանի` 4.095.494 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Վահե Փայտյանից բռնագանձել 4.095.494 ՀՀ դրամ՝ որպես Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինության գույքահարկի գումար, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումար։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ 3.632.381 ՀՀ դրամի չափով։ Հայցապահանջը՝ մնացած մասով, մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.08.2013 թվականի որոշմամբ Վահե Փայտյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 15.03.2013 թվականի վճիռը հայցի բավարարված մասով բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարված մասով մերժվել է: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Վահե Փայտյանը և նրա ներկայացուցիչ Տաթևիկ Մատինյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ Վահե Փայտյանի այլ գույք չունենալու վերաբերյալ հիմք կարող է հանդիսանալ միայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, որը գործի քննության ժամանակ գործի նյութերում առկա չի եղել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ առկա չէ ապացույց հաշվառող մարմնի կողմից այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:
Ավելին, Երևան համայնքի կողմից կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Վահե Փայտյանը բացի Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինությունից ունի այլ բնակարաններ և հողամասեր, մասնավորապես՝ Երևանի Անտառային փողոցի 124/1-րդ շենքի 13 հասցեում գտնվող բնակարանի, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 5ա հասցեում գտնվող հողամասի, Վանաձորի Խորենացու փողոցի 1գ/ե հասցեում գտնվող հողամասի, Վանաձորի Մոսկովյան 66-րդ շենքի է թիվ 35 հասցեում գտնվող բնակարանի, Վանաձորի Շիրակի խճուղու 14-րդ հասցեում գտնվող արտադրամասի նկատմամբ գրանցված է վերջինիս սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով գույքահարկի գծով արտոնություն չունենալու փաստը վիճարկվում է հայցվորի կողմից, հետևաբար արտոնությունը Վահե Փայտյանի նկատմամբ կիրառելի չլինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրել է հայցվորը: Վերջինս ապացույցներ չի ներկայացրել այլ շինությունների մասով արտոնություն կիրառված լինելու վերաբերյալ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն օրինաչափ է: Իրականում Վահե Փայտյանն իրեն պատկանող մնացած շինությունների մասով կատարել է գույքահարկի վճարումները, հետևաբար, նույնիսկ այլ շինությունների մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում վեճը ճիշտ է լուծվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 23.12.2010 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2720163 վկայականի համաձայն` Երևանի Ազատության պողոտայի թիվ 1/20 հասցեում գտնվող բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Վահե Փայտյանին (գ.թ. 87-93):
2) Երևանի Արաբկիր վարչական շրջանի կողմից 28.08.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինության համար 2008-2011 թվականների գույքահարկի գծով Վահե Փայտյանի պարտավորությունները 28.08.2012 թվականի դրությամբ կազմում են 4.095.494 ՀՀ դրամ, որից ապառք` 2.742.726 ՀՀ դրամ, տույժ` 1.352.768 ՀՀ դրամ (գ.թ. 6):
3) ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության պետի 07.08.2013 թվականի տեղեկանքի համաձայն՝ Վահե Փայտյանը 01.09.1998 թվականից մինչև 01.09.2018 թվականը գտնվում է հետուսումնական 20 տարվա պայմանագրային զինծառայության մեջ ՀՀ զինված ուժերում (գ.թ. 94):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքահարկի գծով արտոնությունների կիրառման նախապայմաններին:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:
Վկայակոչված իրավադրույթների փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ գույքահարկի գծով արտոնությունը վերոնշյալ հիմքով կարող է կիրառվել միայն մեկ` ոչ հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինության մասով, հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է պարզի`
ա) արտոնություն հայցող հարկ վճարող սուբյեկտը սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ շինություններ ունի, թե ոչ.
բ) եթե այո, արդյոք դրանցից յուրաքանչյուրի մասով արտոնությունը կիրառելի է (պայմանավորված շինության նպատակային նշանակությամբ), թե ոչ.
գ) եթե կիրառելի է, արտոնություն հայցող հարկ վճարող սուբյեկտն արտահայտել է արդյոք իր կամքը` կոնկրետ շինության մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ.
գ) տվյալ հարկ վճարողին պատկանող այլ շինության կամ շինությունների մասով արտոնություն կիրառված է, թե ոչ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը թվարկված հանգամանքներն էական նշանակություն ունեն նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի լուծման համար` ձևավորելով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը (ապացուցման առարկան): Ընդ որում, օրենսդիրը մատնանշել է նաև այն թույլատրելի ապացույցների շրջանակը, որոնցով ենթակա են պարզման վերոնշյալ հանգամանքները` որպես այդպիսին նախատեսելով անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը՝ այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:
Սույն գործով Դատարանը Երևան համայնքի հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն փաստը, որ Վահե Փայտյանի գույքահարկի գծով պարտավորությունները հաշվարկվել են 28.08.2012 թվականի դրությամբ` 2008-2011 թվականների համար ներառյալ, որը կազմել է 4.095.494 ՀՀ դրամ, որից ապառք` 2.742.726 ՀՀ դրամ, տույժ` 1.352.768 ՀՀ դրամ։ Դատարանը գտել է, որ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որի ուժով 2008 թվականի համար հաշվարկված գույքահարկի համար Վահե Փայտյանի մոտ հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ: Հաստատված համարելով, որ Վահե Փայտյանը 2009-2011 թվականների համար հաշվարկված 2.443.461 ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը չի կատարել, որի հետևանքով այդ գումարի նկատմամբ 28.08.2012 թվականի դրությամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվել է 1.188.920 ՀՀ դրամ տույժ, Դատարանը հայցը բավարարել է 3.632.381 ՀՀ դրամի մասով, իսկ մնացած մասով հայցը մերժել է:
Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու, փոփոխելու և հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 23.12.2010 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի համաձայն՝ Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է բնակելի տուն, այսինքն` այն հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չէ: Նշված գույքը հնարավոր չէ հանձնել և չի հանձնվել վարձակալության կամ հավատարմագրային կառավարման` ի հիմնավորումն որի դատարան են ներկայացվել համապատասխան լուսանկարներ, ինչի մասին առկա է նշում սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում։ Բացի այդ, առկա չեն տվյալներ Վահե Փայտյանի` մեկից ավելի շինություններ ունենալու վերաբերյալ։ Այսինքն՝ բացակայում են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները չկիրառելու սահմանափակումները։
Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը` Վճռաբեկ դատարանն այն գտնում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործում առկա չէ ապացույց՝ Երևանի Ազատության թիվ 1/20 հասցեում գտնվող անշաժ գույքի նկատմամբ գույքահարկի գծով արտոնության կիրառման համար հարկ վճարողի դիմելու վերաբերյալ, ինչպես նաև առկա չէ ապացույց՝ այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքահարկի գծով արտոնության կիրառումը ենթադրում է վերը թվարկված հանգամանքների բացահայտում, առանց որի հնարավոր չէ հետևություն անել արտոնության կիրառման նախապայմանների առկայության վերաբերյալ: Մինչդեռ ստորադաս դատարանը, առանց պարզելու նշված հանգամանքները, միայն արձանագրելով, որ «առկա չեն տվյալներ պատասխանողի` մեկից ավելի շինություններ ունենալու վերաբերյալ», կիրառել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնությունը, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անթույլատրելի է, քանի որ չի բխում հոդվածի իրավակարգավորումից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex օfficio»):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում ստորադաս դատարանը, ելնելով գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքից, չսահմանափակվելով դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, պարտավոր էր ձեռնարկել ողջամիտ միջոցներ, մասնավորապես՝ պահանջել ապացույցներ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող`«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գույքահարկի գծով արտոնության կիրառման վերը թվարկված նախապայմանները պարզելու ուղղությամբ, որից հետո միայն հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով որոշել հայցը բավարարելու կամ մերժելու հարցը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.08.2013 թվականի որոշման՝ Երևան համայնքի հայցը 3.632.381 ՀՀ դրամ գույքահարկի գումար բռնագանձելու մասով մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել անփոփոխ:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|