Գլխավոր տեղեկություն
Համար
N 1045-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.2013-14.04.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.04/7(673) Հոդ.997
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1045-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 138-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1045-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների (այսուհետ` աշխատանքներ) իրականացման կարգը:

2. Պետական անտառային հողերում աշխատանքներ իրականացնելու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` դիմումատու) դիմում են ներկայացնում լիազորված պետական մարմին:

3. Դիմումատուն դիմումին կից պետք է ներկայացնի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ, լիազորված պետական մարմնի հետ նախապես համաձայնեցված առաջադրանքի հիման վրա մշակված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով դրական եզրակացություն (եզրակացություններ) ստացած նախագծի պատճենը (այսուհետ` փաստաթղթերի փաթեթ):

4. Լիազորված պետական մարմինը դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ստանալուց հետո, անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա, տասն աշխատանքային օրվա ընթացքում` անտառային տնտեսություն վարող կազմակերպության հետ համատեղ քննարկում և դիմումատուին գրավոր տեղեկացնում է`

1) աշխատանքների իրականացման համաձայնություն տրամադրելու,

2) աշխատանքների իրականացումը մերժելու մասին:

5. Դիմումը և փաստաթղթերի փաթեթը երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին, եթե`

1) փաստաթղթերի փաթեթն ամբողջական չէ.

2) առկա են աշխատանքների իրականացման վայրին վերաբերող անհամապատասխանություններ:

6. Դիմումատուն նշված թերությունները եռօրյա ժամկետում վերացնելուց հետո կարող է կրկին դիմել լիազորված պետական մարմին` ներկայացնելով նոր դիմում և համալրված փաստաթղթերի փաթեթը:

7. Աշխատանքների իրականացումը մերժվում է, եթե`

1) դիմումում նշված աշխատանքների իրականացումը հակասում է անտառաշինական նախագծերով (անտառակառավարման պլաններով) նախատեսված միջոցառումներին,

2) դիմումատուն սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում փաստաթղթերի փաթեթը չի ներկայացնում:

8. Աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքում լիազորված պետական մարմնի և դիմումատուի միջև երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է անտառային հողերի օգտագործման մասին պայմանագիր` նախատեսելով այդ աշխատանքների իրականացման հետևանքով անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման վերաբերյալ դրույթներ:

8.1. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո դիմումատուն երեք ամսվա ընթացքում լիազորված պետական մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր (այսուհետ` ծրագիր), որը ներառում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և անտառապատման ժամանակացույցը:

(8.1-ին կետը լրաց. 14.11.13 N 1347-Ն)

8.2. Ծրագիրն իրականացվում է դիմումատուի ֆինանսական միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման ավարտ է համարվում անտառապատման ընթացքում հիմնադրված անտառտնկարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառի շարք փոխադրելու օրը: Ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելը, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելը հիմք են հանդիսանում անտառօգտագործողից պահանջելու դադարեցնել աշխատանքները, հատուցել և վերականգնել անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը: Սույն կետի դրույթները պարտադիր ներառվում են պայմանագրում:

(8.2-րդ կետը լրաց. 14.11.13 N 1347-Ն)

9. Աշխատանքների ավարտից հետո անտառային հողերի ռեկուլտիվացիան իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջների և ռեկուլտիվացման ենթակա` խախտված հողերի դասակարգման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 750-Ն որոշման դրույթներին համապատասխան:

10. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անտառային հողերի օգտագործման մասին կնքվող պայմանագրի ժամկետը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:

(10-րդ կետը լրաց. 14.11.13 N 1347-Ն)

(հավելվածը լրաց. 14.11.13 N 1347-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.02.2024, N 294-Ն 01.03.2024, N 1045-Ն
09.04.2020, N 534-Ն 14.04.2020, N 1045-Ն
14.11.2013, N 1347-Ն 23.12.2013, N 1045-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան