Գլխավոր տեղեկություն
Համար
N 1442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2014-23.09.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1327
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1442-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ, ՄԹԵՐՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1228-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1901-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 21.11.13 N 1308-Ն)

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասի, 5-րդ հոդվածի, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գյուղատնտեսական կենդանիների, կենդանական ծագում ունեցող հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 21.11.13 N 1308-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ, ՄԹԵՐՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

(վերնագիրը խմբ. 21.11.13 N 1308-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանական ծագում ունեցող մթերքի (միս և մսամթերք, կաթ և կաթնամթերք, վերամշակված ձուկ, ջրային կենդանիներ և դրանցից ստացված մթերք, ձու և ձվամթերք, մեղր, ցողամեղր, մեղրահաց), վերամշակումից հետո օգտագործման ենթակա` կենդանական ծագում ունեցող հումքի (կաշի, մորթի, բուրդ, մորթեղեն, մազ, աղվամազ, փետուր, էնդոկրինային և աղիքային հումք, արյուն, ոսկոր, մորթափառ, կաշեհումքի կտորներ, ալբումին, տեխնիկական կազեին, ժելատին, լեղի, կենդանիների արյուն, նրա բաղադրիչներ, հյուսվածքներ, օրգաններ, մանրէական աճեցվածքներ, տեխնիկական եղջյուրասմբակային հումք, կաթի, մսի արտադրության մնացորդներ, ակնամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվաթույն, օձի թույն), կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, տոհմային ծագում ունեցող ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի (այսուհետ` անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռներ), գյուղատնտեսական կենդանիների (այդ թվում` տոհմային), սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` բեռ են անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռները, կենդանիները, սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները:

3. Անասնաբուժական պետական հսկման ենթակա բեռները և գյուղատնտեսական կենդանիները ներմուծվում կամ արտահանվում, կամ տարանցիկ փոխադրվում են ներմուծող կամ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված` բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող հետևյալ փաստաթղթերից որևէ մեկի` անասնաբուժական կամ առողջության կամ սանիտարական սերտիֆիկատների կամ անասնաբուժական վկայականների առկայության դեպքում (այսուհետ` բեռն ուղեկցող փաստաթուղթ), իսկ տոհմային կենդանին, ինկուբացիոն ձուն, սերմնահեղուկը, ձվաբջիջը, զիգոտը, սաղմը՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:

4. Ոչ գյուղատնտեսական կենդանիները ներմուծվում կամ արտահանվում, կամ տարանցիկ փոխադրվում են այդ գործընթացներին ներկայացվող ներմուծող (և) կամ արտահանող երկրի պահանջներին համապատասխանելու, արտահանող երկրի լիազոր մարմնի կամ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված` ներմուծվող կամ արտահանվող, կամ տարանցիկ փոխադրվող ոչ գյուղատնտեսական կենդանիների առողջությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում:

5. Սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները ներմուծվում կամ արտահանվում, կամ տարանցիկ փոխադրվում են ներմուծող կամ արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված` բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի կամ համապատասխանության կամ բեռի տվյալ խմբաքանակի լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների առկայության դեպքում (այսուհետ` բեռն ուղեկցող փաստաթուղթ):

6. Բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` իր կազմում գործող սահմանային հսկիչ կետերի (այսուհետ՝ հսկիչ կետ) և մարզային կենտրոնների (այսուհետ՝ մարզային կենտրոն) միջոցով:

7. Բեռների ներմուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է հսկիչ կետի կողմից: Արտահանման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից: Արտահանման դեպքում հսկիչ կետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվում է մարզային կենտրոնի կողմից տրված համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա:

8. Արտահանման այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթուղթը տրվել է մարզային կենտրոնի կողմից, սահմանային հսկիչ կետում այն չի փոխարինվում: Ներմուծման կամ արտահանման ժամանակ հսկողության ենթակա` սննդամթերքի հետ շփվող նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

9. Ներմուծման կամ արտահանման դեպքում բեռն ուղեկցող փաստաթղթերը հսկիչ կետում փոխարինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող համապատասխան ուղեկցող փաստաթղթերով:

10. Տարանցիկ փոխադրման դեպքում` բեռն ուղեկցող փաստաթղթերը հսկիչ կետում չեն փոխարինվում, բեռն ուղեկցում են տարանցիկ փոխադրման ամբողջ ընթացքում:

 

II. ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

 

11. Ներմուծվող անասնաբուժական պետական հսկողության բեռները պետք է համապատասխանեն անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական-սանիտարական և անասնաբուժական պահանջներին:

12. Հսկիչ կետում ներմուծվող բեռի (բացառությամբ կենդանիների և սննդամթերքի հետ շփվող նյութերի) փաստաթղթային ստուգումը, զննումը և (կամ) նմուշառումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:

13. Բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե չեն պահպանվել անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական-սանիտարական և անասնաբուժական պահանջները կամ արտահանող երկրում անասնահամաճարակային անկայուն իրավիճակի կամ կարանտինային հիվանդությունների բռնկման մասին առկա է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն, և կան արտահանման սահմանափակումներ, կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ստացվել է հաղորդագրություն, կամ լիազոր մարմնի կողմից կատարված նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքներով բեռը ճանաչվել է վտանգավոր, կամ տվյալ բեռի ներմուծումը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կողմից, կամ բացակայում են սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված բեռն ուղեկցող փաստաթղթերը:

14. Բեռը սահմանի անցման կետ հասնելիս` հսկիչ կետը, կենդանիների ներմուծումն արգելող պայմանների բացակայության դեպքում, պարզում է կենդանիների հասնելու վերջնակետը, ներմուծվող բեռն ստացողի անվանումը կամ անունը, ազգանունը և գործունեության վայրը, կենդանիների կարանտինացման վայրը և կապի հնարավոր` ցանկացած միջոցով անմիջապես տեղեկացնում է բեռի հասնելու վերջնակետի մարզային կենտրոն՝ կարանտինացման ընթացքում կատարվող գործողությունների նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար:

15. Բեռը ներմուծելիս` սահմանի անցման կետում համապատասխան հսկիչ կետի տեսուչը, ուղեկցող փաստաթղթերի ուսումնասիրության և կենդանիների զննման ընթացքում անհամապատասխանությունների կամ կենդանիների շրջանում անկման կամ վարակիչ հիվանդության կլինիկական նշաններ հայտնաբերելիս կամ վարակի կասկածի հիմքերի առկայության դեպքում, անմիջապես մեկուսացնում է անկած կենդանու դիակը կամ կասկածվող կենդանիներին, կատարում է ախտաբանական նյութի կամ կենդանիների արտազատուկների կամ ներզատուկների նմուշառում, ներմուծման թույլտվության անհնարինության մասին անմիջապես տեղեկացնում է լիազոր մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը և մաքսային հսկողություն իրականացնող մարմնին:

16. Եթե անհրաժեշտություն է առաջանում նմուշառմամբ և լաբորատոր փորձաքննությամբ որոշելու բեռի (բացառությամբ կենդանիների) անվտանգությունը, ապա հսկիչ կետում բեռը կապարակնքվում է, կազմվում է ներմուծվող բեռի տնօրինումն արգելելու մասին կարգադրագիր, և թույլատրվում է բեռի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Նմուշառումը կատարվում է մաքսային հսկողության ներքո՝ մաքսային մարմինների կողմից թույլատրված և բեռը տեղափոխող անձի կողմից խնդրարկված վայրում:

17. Տնօրինումն արգելված բեռի հետագա օգտագործման հնարավորությունը որոշվում է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լաբորատոր փորձաքննության իրականացման ժամկետը և տևողությունը չեն կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:

18. Տնօրինումն արգելված բեռը բաց է թողնվում բեռի նկատմամբ պետական վերահսկողության արդյունքների հիման վրա` լիազոր մարմնի կողմից տրված` բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որը տրվում է ներմուծողին` այն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

19. Տնօրինումն արգելված բեռի պետական վերահսկողության արդյունքներով, լաբորատոր փորձարկումների հիման վրա, վտանգավորության մասին եզրակացության առկայության կամ բեռի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում բեռը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացվում կամ վերադարձվում է արտահանող երկիր: Ոչնչացման կամ վերադարձման, դրա հետ կապված` բեռի փորձաքննության, փոխադրման, պահպանման ծախսերը կատարվում են բեռի տիրոջ կողմից:

20. Լաբորատոր փորձաքննության արդյունքներով, լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա, վտանգավոր բեռը ենթակա է ոչնչացման՝ «Ոչնչացում» մաքսային ռեժիմով:

21. Ներմուծման թույլտվության դեպքում հսկիչ կետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար տրվում է անասնաբուժական սերտիֆիկատ, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` անվտանգության սերտիֆիկատ:

22. Ներմուծման արգելման դեպքում հսկիչ կետում բեռն ուղեկցող անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի վրա դրվում է «Ներմուծումն արգելվում է» դրոշմը, իսկ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Ներմուծումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:

23. Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիներ ներմուծելու համար արտահանող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվություն կամ համաձայնություն ստանալու մասին պաշտոնական տեղեկատվություն ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից այդ թույլտվությունը կամ համաձայնությունը կամ մերժումը տրվում է մեկ օրվա ընթացքում:

24. Արտահանող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների ներմուծման անասնաբուժական պահանջները ներկայացվելու մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու դեպքում լիազոր մարմնի կողմից տվյալ կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները տրվում են մեկ օրվա ընթացքում:

25. Հսկիչ կետը վարում է լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի ներմուծման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են ներմուծվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանող երկրի և կազմակերպության անվանումները, ներմուծողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրի հասցեն, բեռի ժամանման վերջնակետը, ներմուծման թույլտվության կամ արգելման մասին տեղեկություն:

26. Տեղական արտադրության սննդամթերքը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ ներմուծման համար պահանջվող ուղեկցող փաստաթղթերն են համապատասխանության սերտիֆիկատը կամ գրանցված համապատասխանության հայտարարագիրը:

 

III. ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

 

27. Բեռն արտահանելու համար արտահանողը հայտ է ներկայացնում լիազոր մարմին` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, քաշը (քանակը), արտահանվող երկիրը, արտահանման ժամկետները:

28. Հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` բեռի ծագման վայրի մարզային կենտրոնը` հիմք ընդունելով լիազոր մարմնի տվյալների բազայում առկա տեղեկատվությունը`

1) պարզում է բեռի ծագումը, բեռն արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), արտադրությանը, ձեռքբերմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջների պահպանումը.

2) պարզում է բեռի ծագման վայրում անասնահամաճարակային իրավիճակը.

3) պարզում է արտահանվող երկրի կողմից բեռի արտահանմանը ներկայացվող պահանջների կատարումը և համապատասխանությունը.

4) անհրաժեշտության դեպքում` արտահանվող խմբաքանակից (բացառությամբ կենդանիների) կատարում է նմուշառում՝ լաբորատոր փորձաքննությունների միջոցով բեռի անվտանգությունը հավաստելու համար:

29. Սույն կարգի 28-րդ կետի պահանջներին համապատասխանող բեռի համար մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն համապատասխան ուղեկցող փաստաթուղթը (եթե կատարվել են նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, նաև՝ լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը) և (կամ) արտահանվող բեռի համապատասխանության մասին տեղեկանքը, իսկ կենդանիների դեպքում՝ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրված համապատասխան ուղեկցող փաստաթուղթը կամ արտահանվող բեռի համապատասխանության մասին տեղեկանքը:

30. Եթե տվյալ բեռը (բացառությամբ կենդանիների) արտադրողը գրանցված է լիազոր մարմնի տվյալների բազայում և լիազոր մարմնի կողմից սահմանված ձևաչափով ու ժամկետներում պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել իր արտադրական գործունեության մասին, ապա սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) բեռն արտահանողին տրվում են հայտ ներկայացնելու օրը՝ առանց սույն կարգի 28-րդ կետով սահմանված ընթացակարգի:

31. Արտահանողը համապատասխան հսկիչ կետ է ներկայացնում սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը), տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը, իսկ ոչ գյուղատնտեսական կենդանիների դեպքում՝ նաև դրանց առողջությունը հավաստող փաստաթուղթը:

32. Բեռները Եվրոպական միության երկրներ արտահանվում են նաև տվյալ բեռի ներմուծմանը ներկայացվող Եվրամիության պահանջների պահպանմամբ:

33. Հսկիչ կետը և մարզային կենտրոնը վարում են լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի արտահանման համապատասխան գրանցամատյան, որում լրացվում են արտահանվող բեռի տեսակը, անվանումը, քանակը, քաշը, արտահանողի անունը, ազգանունը կամ անվանումը, ներմուծող երկրի և բեռն ստացող կազմակերպության անվանումը կամ անունն ու ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը, ում կողմից է տրվել լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, տալու ամսաթիվը, համարը, պետական վերահսկողության արդյունքում համապատասխան մարզային կենտրոնի կողմից տրված ուղեկցող փաստաթուղթը տալու ամսաթիվը և համարը:

34. Արտահանումը չի թույլատրվում, եթե`

1) չեն ներկայացվել սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը).

2) սույն կարգի 29-րդ կետով նախատեսված փաստաթուղթը (փաստաթղթերը) և բեռը չեն համապատասխանում միմյանց.

3) բեռի զննման ընթացքում հայտնաբերվել են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական գործոններով պայմանավորված` բեռի անվտանգությունը չերաշխավորող պայմաններ կամ բեռի անորակության զգայորոշման` օրգանոլեպտիկ ցուցանիշների խախտումներ:

35. Հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման համար տրվում է անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատ, իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` անվտանգության սերտիֆիկատ, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:

36. Եվրամիության երկրներ անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների, կենդանիների և սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտահանման համար հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից տրվում են Եվրամիության օրենսդրությամբ սահմանված Եվրամիության տարածք երրորդ երկրներից անասնաբուժական հսկման ապրանքների ներկրման համար ընթացակարգով սահմանված ձևի առողջության սերտիֆիկատներ: Բացի Եվրամիության և ԱՊՀ անդամ երկրներից` մյուս երկրներ բեռների արտահանման համար տրվում են ներկրող երկրի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող սերտիֆիկատներ:

37. Արտահանման թույլտվության դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն տրվող անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի վրա դրվում է «Արտահանումը թույլատրվում է» դրոշմը, և նշվում են բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի համարը, տալու ամսաթիվը, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:

38. Արտահանման արգելման դեպքում ծառայության սահմանային հսկիչ կետի կամ մարզային կենտրոնի կողմից բեռն ուղեկցող անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատ չի տրվում, և հանրապետության տարածքում բեռի փոխադրման անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Արտահանումն արգելվում է» դրոշմը:

 

IV. ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

39. Տարանցիկ փոխադրումն իրականացվում է լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ, որում նշվում է երթուղին:

40. Լիազոր մարմնի գրավոր թույլտվությամբ տարանցիկ փոխադրվող բեռների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

41. Կենդանիների տարանցիկ փոխադրման ժամանակ սահմանի անցման կետ բեռը հասնելիս` համապատասխան հսկիչ կետը դրա մասին տեղեկացնում է տարանցիկ փոխադրվող բեռի ելքի սահմանային անցման կետում համապատասխան հսկիչ կետին:

42. Տարանցիկ փոխադրվող բեռի մուտքի և ելքի սահմանային անցման կետերում համապատասխան հսկիչ կետերը տարանցիկ փոխադրման գրանցամատյաններում լրացնում են տարանցիկ փոխադրվող բեռի տեսակը, քանակը, փոխադրողի անվանումը կամ անունը, ազգանունը, բեռն ուղեկցող փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, ուղարկող և ստացող երկիրն ու կազմակերպությունը:

43. Ներմուծող կամ արտահանող երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքով կենդանիների տարանցիկ փոխադրման համար լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու մասին պաշտոնական տեղեկատվություն ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից այդ համաձայնությունը տրվում է մեկ օրվա ընթացքում:

44. Տարանցիկ փոխադրումն արգելվում է, եթե`

1) բացակայում է լիազոր մարմնի գրավոր թույլտվությունը.

2) բացակայում են բեռն ուղեկցող փաստաթղթերը.

3) համաճարակային իրավիճակով պայմանավորված` Հայաստանի Հանրապետությունում առկա են տարանցիկ փոխադրման սահմանափակումներ.

4) լիազոր մարմնի կողմից արգելված է տվյալ բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

45. Բեռի տարանցիկ փոխադրումը թույլատրելու դեպքում` հսկիչ կետում բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումը թույլատրվում է» դրոշմը:

46. Տարանցիկ փոխադրումն արգելելու դեպքում` բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը, իսկ բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության դեպքում` «Տարանցիկ փոխադրումն արգելվում է» դրոշմը դրվում է բեռն ուղեկցող փաստաթղթի` ապրանքատրանսպորտային բեռնագրի վրա:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Բեռի մաքսային ձևակերպումը կատարվում է բեռի զննման և բեռն ուղեկցող փաստաթղթերի (առկայության դեպքում՝ լաբորատոր հետազոտությամբ բեռի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի) ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրված անասնաբուժական կամ առողջության կամ անվտանգության սերտիֆիկատի առկայությամբ:

48. Արտահանող կամ ներկրող երկրում անասնահամաճարակային իրավիճակով կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ներմուծվող որևէ սննդամթերքի կամ անասնակերի տվյալ տեսակի վտանգավորության մասին ստացված տեղեկատվությամբ պայմանավորված` ներկրման կամ արտահանման սահմանափակումների մասին տեղեկատվությունը տեղադրվում է լիազոր մարմնի էլեկտրոնային կայքերում: Նոր սահմանափակումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է դրանց պաշտոնական ստացումից հետո մեկօրյա ժամկետում:

49. Անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և կենդանիների արտահանման դեպքում` ներմուծող կամ տարանցիկ երկրի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի պաշտոնական պահանջի դեպքում լիազոր մարմնի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տրվում է բեռի արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար թույլտվություն խնդրելու վերաբերյալ գրություն` ռուսերենով կամ ընդունված միջազգային լեզվով` դրա մասին տեղեկությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

50. Սույն կարգի պահանջների կատարման հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

51. Սույն կարգով սահմանված դրույթները չեն գործում ստորև ներկայացվող աղյուսակով սահմանված սննդամթերքի և անասնակերի բնաիրային քանակությունների ներմուծման ժամանակ.

 

Աղյուսակ

 

Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ապրանքատնտեսագիտական գործունեության դասակարգչի

Ապրանքի անվանումը

Բնաիրային չափը

1

2

3

02

Միս և մսի սննդային ենթամթերք

10 կգ

03

Ձկներ և խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ՝ բացառությամբ կենդանի ձկան

10 կգ

0302 90 000

Ձկան խավիար

0.5 կգ

04

Կաթնամթերք, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերք՝ դասակարգչի այլ տեղում չհիշատակված կամ չներառված

10 կգ

0408 11

Ձվի փոշի

5 կգ

0407

Սննդային թռչնի ձու՝ կճեպով, թարմ պահածոյացված կամ եփած

100 հատ

08

Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի ու սեխի կեղևներ և կճեպներ

10 կգ

09

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

1 կգ

1201

Ընդավորներ` կոտորակված կամ չկոտորակված` բացառությամբ սերմացուի

10 կգ

1202

Գետնընկույզ

10 կգ

1203 00 000
1204 00
1205
1206 00
1207
1208

Հատիկավորներ, պտուղներ, յուղատու սերմեր, հատիկավորներ` կոտորակված կամ չկոտորակված, բոված կամ պատրաստված որևէ եղանակով, կեղևազրկված կամ չկեղևազրկված` բացառությամբ սերմացուների յուղատու կուլտուրաների սերմերից կամ պտուղներից ալյուր` մանր կամ խոշոր աղացած` բացառությամբ մանանեխի սերմերի

10 կգ

1212

Ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ` թարմ սառեցված, պաղեցված կամ չորացված, կոտորակված կամ չկոտորակված, պտուղների կորիզներ և դրանց միջուկներ, սննդի նպատակով օգտագործվող բուսական ծագման այլ մթերք` դասակարգչի այլ տեղերում չհիշատակված կամ չներառված

10 կգ

15

Կենդանական կամ բուսական ծագման ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից ստացված նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագման մոմեր` բացառությամբ գերչակի

10 կգ

16

Պատրաստի մթերք մսից, ձկից կամ խեցգետնակերպերից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից

5 կգ

1604 31 000
1604 32 00

Թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված այլ ձկան խավիարից

0.5 կգ

17

Շաքար, այլ շաքարներ` ներառյալ լակտոզա, ֆրուկտոզա, մալթոզա, գլյուկոզա, պինդ վիճակում, շաքարային սիրոպներ` առանց համահոտային և ներկանյութերի, արհեստական մեղր` խառնված կամ չխառնված բնական մեղրի հետ, մելասա շաքարից պատրաստված կակաո չպարունակող հրուշակեղեն` ներառյալ սպիտակ շոկոլադը

10 կգ

1704 10

Մաստակ` պատված կամ չպատված շաքարով

0.2 կգ

18

Կակաո և դրանից մթերք

5 կգ

19

Պատրաստի մթերք հացահատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից

15 կգ

1901 10 000

Մանկական կեր` փաթեթավորված վաճառքի համար

10 կգ

1901 20 000

Հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի պատրաստման համար խառնուրդ և խմոր

10 կգ

1902

Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի կամ պատրաստված այլ եղանակով, ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լափշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում

10 կգ

1904

Պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացած ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

5 կգ

1905 31
1905 32

Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր

5 կգ

20

Մթերք` ստացված բանջարեղենի, մրգերի, ընկույզների, սնկի կամ բույսերի այլ մասերի վերամշակումից

10 կգ

21

Սննդամթերքներ` տարբեր

5 կգ

2102

Խմորիչ (ակտիվ կամ ոչ ակտիվ),
այլ մեռած միաբջիջ օրգանիզմներ,
պատրաստի թխման փոշի

2 կգ

22

Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2 լիտր կամ
1 շիշ, եթե 1 շշի տարողությունը
2 լիտրից ավելի է

23

Սննդարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր

10 կգ

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.04.12 N 489-Ն, փոփ. 25.04.13 N 438-Ն, խմբ. 21.11.13 N 1308-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան