ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0644/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0644/02/12 2013 թ. |
Նախագահող դատավոր՝ | Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Ի. Վարդանյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի հուլիսի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նարինե Կարագուլյանի ներկայացուցիչ Վահե Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ Արման Կյատիկյանի հայցի ընդդեմ Նարինե Կարագուլյանի, երրորդ անձ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի խնամքն ու դաստիարակությունը հայցվորին հանձնելու և բնակության վայրը որոշելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արման Կյատիկյանը պահանջել է դստեր` Վիկտորյա Արմանի Կյատիկյանի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն` բնակության վայրը որոշելով իր մոտ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա.Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 18.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2013 թվականի որոշմամբ Նարինե Կարագուլյանի ներկայացուցիչ Վահե Գաբրիելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.10.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Կարագուլյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ, 25-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 54-րդ, 78-րդ և 94-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը Նարինե Կարագուլյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ:
Ավելին, Վերաքննիչ դատարանը, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի, անտեսել է նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցները գործի լուծման համար ունեն էական նշանակություն, որոնցով հիմնավորվում է, որ Նարինե Կարագուլյանի և դստեր` Վիկտորյա Կյատիկյանի վերջին հայտնի բնակության վայրն Արման Կյատիկյանին հայտնի է եղել` վերջինիս կողմից Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքից մինչև Հայաստանի Հանրապետություն վերադառնալն Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքի Ֆաթիմա 6 P0202 հասցեում հաշվառված լինելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս հիմք չի ընդունել Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-24(Ա) որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանին հասցեագրված Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 24.08.2012 թվականի թիվ 26/05-5389 գրությամբ հայտնվել է, որ Նարինե Կարագուլյանը Երևանի Մանուկյան փողոցի 6-րդ շենքի թիվ 40 բնակարանում չի բնակվում, ըստ վերջինիս մոր գրավոր հայտարարության` Նարինե Կարագուլյանը գտնվում է Բարսելոնա քաղաքում (հատոր 1-ին, գ.թ.46)։
2) Էմմա Երանոսյանը 22.08.2012 թվականի հայտարարությամբ հայտնել է, որ դուստրը` Նարինե Կարագուլյանը, գտնվում է Բարսելոնա քաղաքում (հատոր 1-ին, գ.թ.47)։
3) 02.12.2012 թվականի լիազորագրով Նարինե Կարագուլյանը` փաստացի բնակվող Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքի Ֆաթիմա 6 2/2 հասցեում, մեկ տարի ժամկետով լիազորել է փաստաբան Վահե Գաբրիելյանին` դատարանում իր անունից կատարելու դատավարական գործողություններ (հատոր 2-րդ, գ.թ.26)։
4) 13.08.2012 թվականի ժամը 15:30-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել է 14.08.2012 թվականին` ժամը 15:30-ին, 14.08.2012 թվականի ժամը 15:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, 05.10.2012 թվականի ժամը 17:00-ին նշանակված դատական նիստում գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և 18.10.2012 թվականի ժամը 14:00-ին նշանակվել է վճռի հրապարակում (հատոր 1-ին, գ.թ.30, 35-39, 48-54)։
5) 13.08.2012 թվականի ժամը 15:30-ին, 14.08.2012 թվականի ժամը 15:30-ին, 05.10.2012 թվականի ժամը 17:00-ին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, ինչպես նաև 18.10.2012 թվականի ժամը 14:00-ին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Նարինե Կարագուլյանի պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը վերաբերում է նրան, թե արդյոք հիմնավորված է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Նարինե Կարագուլյանը պատշաճ ծանուցվել է Դատարանում գործի քննության վայրի և ժամանակի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։
Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես՝ Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
Սույն գործի փաստերի համաձայն` 13.08.2012 թվականի ժամը 15:30-ին, 14.08.2012 թվականի ժամը 15:30-ին, 05.10.2012 թվականի ժամը 17:00-ին նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, ինչպես նաև 18.10.2012 թվականի ժամը 14:00-ին նշանակված վճռի հրապարակման ժամանակի և վայրի մասին Նարինե Կարագուլյանը պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Նարինե Կարագուլյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեին Դատարանի կողմից ակտիվ գործողություններ ձեռնարկելու և բողոք բերած անձին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցելու փաստերը։
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ և 94-րդ հոդվածները, Նարինե Կարագուլյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորը որպես պատասխանողի հաշվառման և վերջին հայտնի բնակության վայրի հասցե մատնանշել է Երևան քաղաքի Մանուկյան 6-րդ շենքի թիվ 40 բնակարան հասցեն` հայտնելով նաև, որ պատասխանողը փաստացի գտնվում է Իսպանիայի Թագավորությունում, որտեղ չունի մշտական բնակության վայր: Ելնելով հիշյալ հանգամանքից` Դատարանը, հիմք ընդունելով պատասխանողի փաստացի մշտական բնակության վայրի մասին տեղեկությունների բացակայության հանգամանքը, իրավացիորեն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, որի կողմից 24.08.2012 թվականին տրված թիվ 26/05-5389 հետադարձ գրության համաձայն` Նարինե Կարագուլյանը Երևան քաղաքի Մանուկյան 6-րդ շենքի թիվ 40 բնակարանում չի բնակվում, այլ նրա մոր գրավոր հայտարարության համաձայն` գտնվում է Բարսելոնա քաղաքում (գ.թ. 46, 47): Այսպիսով, պատասխանողի մոր կողմից նույնպես չի տեղեկացվել Իսպանիայի Թագավորությունում Բարսելոնա քաղաքում պատասխանողի կոնկրետ գտնվելու վայրը, որպիսի հանգամանքը նույնպես վկայում է այն մասին, որ պատասխանողն Իսպանիայի Թագավորությունում չունի մշտական բնակության վայր: Այսպիսով, պատասխանողի պատշաճ ծանուցումն ապահովելու ուղղությամբ Դատարանի կողմից կատարվել են օրենքով սահմանված բոլոր գործողությունները, որպիսի պարագայում վերջինիս չի կարող վերագրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների խախտում:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի գործով կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի վերաբերյալ: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ծանուցման ընթացակարգի պահպանմամբ գործը քննելով, խախտել է պատասխանողի` ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքը, ինչպես նաև 19-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Սույն եզրահանգումն ունի հետևյալ հիմնավորումը. պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը դատաքննության մասին ծանուցելու` օրենսդրի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այս երկու սուբյեկտների ենթադրյալ կապը պատասխանող ֆիզիկական անձի հետ հնարավոր է և իրատեսական, և ողջամտորեն ենթադրելի է, որ այս սուբյեկտներից որևէ մեկը կարող է անձի համար տեղեկատվության աղբյուր հանդիսանալ դատաքննության մասին: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելիս դատարանը պետք է ողջամտորեն գնահատի օրենսդրի այս կարգավորման նպատակի իրագործելիության հնարավորությունը` տվյալ գործի փաստերից ելնելով: Նման գնահատման ողջամիտ չափորոշիչներ կարող են լինել, մասնավորապես` համայնքի ղեկավարի և դրա բնակիչների համայնքային կապերի ակտիվության մակարդակը, վերջին հայտնի աշխատավայրից անձի հեռանալու ժամկետը և այլ հանգամանքներ: Բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը չպետք է և չի կարող սահմանափակել ու ի չիք դարձնել անձի` արդար դատաքննության սահմանադրական իրավունքը (տե՛ս Արմեն Մարգարյանն ընդդեմ Աշոտ Մարգարյանի թիվ 3-24(Ա) գործով Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):
Այս առումով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արտահայտած դիրքորոշումը, վերոնշյալ վերլուծությունների և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն իրավաչափ չէ: Ավելին, տիրապետելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 24.08.2012 թվականի թիվ 26/05-5389 գրությամբ տրված տեղեկությանն առ այն, որ Նարինե Կարագուլյանը Երևանի Մանուկյան փողոցի 6-րդ շենքի թիվ 40 բնակարանում չի բնակվում, ըստ վերջինիս մոր գրավոր հայտարարության` Նարինե Կարագուլյանը գտնվում է Բարսելոնա քաղաքում, և իմանալով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից նրան ծանուցելու հնարավորության բացակայության մասին` այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջներին համապատասխան Նարինե Կարագուլյանին պատշաճ ձևով տեղեկացրել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 94-րդ հոդվածների պահանջներին համապատասխան Նարինե Կարագուլյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել նշանակված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Է. Հայրիյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |