Գլխավոր տեղեկություն
Համար
N 923-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2013-15.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2013 թվականի N 923-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» TF 013654 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերի պահանջների`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր» TF 013654 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր» TF 013654 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 15

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 15-ի N 923-Ա

որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» TF 013654 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր» TF 013654 դրամաշնորհային ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված դրամաշնորհային ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր» TF 013654 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ծրագրի (ծրագրերի) իրականացման կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիրն իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են՝

1) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

2) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.

4) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

5) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը.

6) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

7) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

8) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) դրամաշնորհ տրամադրող միջազգային կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, ինչպես նաև արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

10) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դրամաշնորհային համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև` արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

12. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից 5 օր առաջ:

14. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ կամ իրականացվում է էլեկտրոնային քվեարկության միջոցով: ԾԻԳ-ի տնօրենը, որպես խորհրդի քարտուղար, պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

15. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման վայրի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

16. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

17. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

18. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:

19. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

20. Էլեկտրոնային քվեարկություն է կազմակերպվում ծրագրի իրականացման ընթացքում ծագած հրատապ հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի նախաձեռնությամբ:

21. Էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ ծանուցումը խորհրդի անդամներին ուղարկվում է խորհրդի քարտուղարության կողմից: Քարտուղարությունը ծանուցման հետ մեկտեղ խորհրդի անդամներին տրամադրում է ամբողջական տեղեկատվություն քննարկման առարկա հանդիսացող հարցի, այդ թվում` տեղեկատվություն այն բաղադրիչի մասին, որի շրջանակներում իրականացվելու են միջոցառումը և քվեարկության արդյունքում կազմված արձանագրության նախագիծը:

22. Տեղեկատվությունը քարտուղարության կողմից ուղարկվում է խորհրդի յուրաքանչյուր անդամի էլեկտրոնային փոստին, որը պաշտոնապես տրամադրվում է քարտուղարությանը` խորհրդի կողմից ծրագրի կառավարման աշխատանքներն սկսվելուց առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր էլեկտրոնային փոստի փոփոխության մասին հայտնում է քարտուղարությանը:

23. Խորհրդի անդամը պատասխան էլեկտրոնային նամակով հաստատում է էլեկտրոնային քվեարկության մասին ծանուցումն ստանալու փաստը:

24. Էլեկտրոնային քվեարկության մասին ծանուցումն ստանալու փաստը հաստատող էլեկտրոնային նամակն ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում խորհրդի անդամն իրականացնում է էլեկտրոնային քվեարկություն` քարտուղարությանը տեղեկացնելով իր ընդունած որոշման մասին:

25. Սույն կանոնադրության 24-րդ կետում նշված պահից սկսած 10 օրվա ընթացքում քարտուղարությանը պատասխան չներկայացվելու պարագայում խորհրդի անդամի` քննարկվող հարցի նկատմամբ դիրքորոշումը համարվում է դրական:

26. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում որոշումները համարվում են ընդունված, եթե էլեկտրոնային քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

27. Էլեկտրոնային քվեարկության արդյունքում արձանագրության թղթային տարբերակը սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի անդամներին` ստորագրության:

28. Խորհրդի նախագահի և (կամ) խորհրդի անդամներից որևէ մեկի պահանջով հարցը կարող է հանվել էլեկտրոնային քվեարկությունից և ներկայացվել խորհրդի հերթական նիստի օրակարգում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

29. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:

30. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

 31. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատու պաշտոնյաները, ԾԻԳ-ի տնօրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից:

32. Խորհրդի անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, գրավոր ներկայացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

33. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:

34. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարը:

35. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է լինել խորհրդի անդամ:

36. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

37. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

38. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստում կատարված քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների գրավոր ներկայացրած հատուկ կարծիքները.

6) համարակալում է խորհրդի որոշումները և դրանց պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

39. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

40. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 15-ի N 923-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» TF 013654 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Ա. Ասատրյան

-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)

Վ. Միրումյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Աբրահամյան

-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ

Ա. Ջհանգիրյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Է. Ավետյան

-ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն (խորհրդի քարտուղար) (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան