ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0190/02/12 2013 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0190/02/12 |
|
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
|
Դատավորներ` Տ. Սահակյան |
|
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի հոկտեմբերի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Արմեն Պետրոսյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Արմեն Պետրոսյանից բռնագանձել 11.681.500 ՀՀ դրամ:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սիսակյան) (այսուհետ` Դատարան) 03.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.02.2013 թվականի որոշմամբ Արմեն Պետրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 03.10.2012 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Պետրոսյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատախազությունն Արմեն Պետրոսյանից գումար բռնագանձելու պահանջով հայց հարուցելիս ղեկավարվել է ոչ թե «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այլ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով սահմանված պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու Դատախազության լիազորությունից և վերապահված չէ պետական այլ մարմնի:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, դրանց ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և վնաս պատճառողի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատախազությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Արմեն Պետրոսյանի ոչ օրինաչափ գործողության և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ապա տվյալ դեպքում Դատախազությունը Դատարան է ներկայացրել Կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերում առկա փաստաթղթերի` Արմեն Պետրոսյանի բացատրությունների, համաներում կիրառելու մասին Արմեն Պետրոսյանի դիմումի, որով վերջինս ընդունել է հանցագործություն կատարելու փաստը, և քրեական գործի հարուցումը մերժելու մասին չբողոքարկված որոշման պատճենները, որոնցով հիմնավորվում է, որ վերջինիս անօրինական գործողությունների և պետությանը պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Արմեն Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել համաներման ակտի կիրառման հիմքով, ինչը ևս վկայում է արարքի առկայության, ոչ օրինաչափ վարքագծի, վնասի ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և վնաս պատճառողի մեղքի առկայության մասին:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Կոմիտեի քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն` «Ռեստորան Ծաղկաձոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Արմեն Պետրոսյանը, սեփական շահերից ելնելով, ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, ինչի հետևանքով պետությանը պատճառել է խոշոր չափի` 11.681.500 ՀՀ դրամի վնաս, որը հիմնավորվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 13.01.2012 թվականի եզրակացությամբ և նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված այլ ապացույցներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.10.2012 թվականի վճռին։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը նշել է, որ Ընկերության կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը պետք է կրի Ընկերությունը, ումից նշված գումարը բռնագանձվել է: Ընկերության տնօրենը չի հանդիսանում հարկային պարտավորությունները կրող սուբյեկտ, իսկ գործով ապացուցված չէ վնասի հատուցման համար անհրաժեշտ պայմաններից և ոչ մեկը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 13.01.2012 թվականի թիվ 11-1445 եզրակացության համաձայն` Ընկերության ակտիվների և պարտավորությունների համալիր հետազոտման արդյունքից ելնելով` զուտ հաշվապահական և հարկային հաշվառման տեսանկյունից Ընկերությունը հնարավորություն չի ունեցել պետական բյուջեի հանդեպ իր պարտավորությունները մարելու: Եթե նախաքննությամբ պարզվի, որ Ընկերության անշարժ գույքի` ռեստորանի օտարումից իրականում ստացվել է կադաստրային արժեքի չափով հասույթ, այսինքն` օտարումն անհատույց չի կատարվել, ապա նման պայմաններում փորձաքննությամբ զուտ հաշվապահական և հարկային հաշվառման տեսանկյունից կդիտվի, որ Ընկերության տնօրենի կողմից արհեստածին ճանապարհով Ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում էլ Ընկերությունը զրկվել է պետական բյուջե վճարման ենթակա` 18.384,1 ՀՀ դրամի չափով պարտավորությունները վճարելու հնարավորությունից (գ.թ.14-22):
2) Կոմիտեի քննչական վարչության քննիչի 15.03.2012 թվականի որոշման համաձայն` Ընկերության տնօրեն Արմեն Պետրոսյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա կողմից արհեստածին ճանապարհով Ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է, և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել` 19.06.2009 թվականի համաներման ակտի կիրառման հիմքով (գ.թ.11-12):
3) Արմեն Պետրոսյանի կողմից 10.03.2011 թվականին, 08.02.2012 թվականին և 16.04.2012 թվականին տրված բացատրությունների համաձայն` ինքն Ընկերության գույքը` ռեստորանը, օտարել է հատուցմամբ, իսկ պետությանը պատճառված վնասը չի վերականգնվել` ֆինանսական դժվարությունների պատճառով: Ընկերության գույքը` ռեստորանը, ինքն անձամբ է վաճառել և դրա դիմաց ստացել է 100.000 ԱՄՆ դոլար: Գույքի օտարումից հետո 2007 թվականին հաշվետվություն է ներկայացրել հարկային տեսչություն գույքի կադաստրային արժեքի` 58.407.663 ՀՀ դրամի չափով, որից էլ առաջացել է 11.681.500 ՀՀ դրամ պետական բյուջե վճարման ենթակա հարկի գումարը: Խնդրել է իր նկատմամբ կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009 թվականին ընդունված համաներման ակտը և քրեական հետապնդում չիրականացնել (գ.թ.13, 23-26):
4) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2009 թվականի վճռով ավարտվել է Ընկերության սնանկության գործը, Ընկերությունը չի ունեցել որևէ գույք իր պարտավորությունները, այդ թվում` 18.850.200 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները, Կոմիտեի Հրազդանի ՏՀՏ-ի նկատմամբ կատարելու համար (գ.թ.7-8):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացած վնասի գումարը տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) բռնագանձելու պահանջի իրավաչափության հարցին ընդհանրապես, ինչպես նաև անդրադառնալ և գնահատման առարկա դարձնել այն դեպքերը, երբ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական դատավարության տարբեր փուլերում և տարբեր համաներման ակտերի կիրառմամբ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատախազության` տնտեսվարող սուբյեկտի տնօրենից (գործադիր մարմնի ղեկավարից) հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացած վնասի գումարը բռնագանձելու հայց ներկայացնելու լիազորության հարցին` արձանագրելով նման լիազորության առկայությունը, ինչպես նաև նման վնասի գանձման համար անհրաժեշտ պայմանների հարցին (ի թիվս այլոց` տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի` վնասը հատուցելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/3058/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել նշված գործով արտահայտած որոշ դիրքորոշումներ, որոնք առանցքային նշանակություն ունեն սույն բողոքի քննության համար:
Հաշվի առնելով նմանատիպ գործերի քննության ընթացքում առկա իրավակարգավորման առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ համաներում կիրառելու պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-145-Ն օրենքով կատարված փոփոխությունից հետո նշված գումարների վճարված լինելը պարզելու հարցը քրեական վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է:
Օրենսդրական գործող կարգավորումը հնարավոր է համարում նաև չվճարված կամ պակաս վճարված հարկերն ու տուրքերը գանձելու հարցին անդրադառնալը մինչև համաներման ակտի կիրառմամբ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդում չիրականացնելու, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելը: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն`քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե ընդունվել է համաներման ակտ:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Նույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:
Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը գտել է, որ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի (կամ պատասխանատու պաշտոնատար անձի) կատարած գործողությունների (անգործության) հետևանքով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքում դրանք տնտեսվարող սուբյեկտի ղեկավարից որպես պետությանը պատճառված վնաս քաղաքացիական հայց հարուցելու միջոցով կարող են գանձվել մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում վերը նշված փոփոխության կատարումն իրականացված հակաիրավական արարքների արդյունքում պատճառված վնասի համար, քանի որ նշված փոփոխությունից հետո համաներման ակտի ընդունման և համաներում կիրառելու մասին որոշման առկայության պարագայում գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կամ վնասի հետ կապված վեճի բացակայության կանխավարկածը:
Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև Գարիկ Ղազարյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը (տե՛ս Գարիկ Ղազարյանի վերաբերյալ թիվ ՏԴ/0088/01/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2012 թվականի որոշումը): 2011 թվականի մայիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ 35-րդ հոդվածում կատարվել է լրացում, համաձայն որի` «Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով (ընդունվել է համաներման ակտ) գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ: Դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելն սկսված վարույթի վրա:
Զարգացնելով Ա. Հարությունյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժամանակի մեջ քրեադատավարական իրավունքի նորմերի գործողության առանձնահատկությունն այն է, որ գործի քննության կոնկրետ փուլում կիրառման ենթակա են տվյալ պահին գործող քրեադատավարական օրենքի դրույթները` անկախ այն հանգամանքից, թե ինչ քրեադատավարական օրենք է գործել հանցանքը կատարելու պահին: Ժամանակի մեջ քրեադատավարական օրենքի գործողության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված կանոնից միակ բացառությունը նախատեսված է նույն հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեադատավարական օրենքի հետադարձ ուժի արգելքին: Նշված արգելքի իմաստով սկսված վարույթի ընթացքում կիրառման ենթակա չէ դատավարության մասնակիցների իրավունքները վերացնող կամ սահմանափակող, ինչպես նաև նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող քրեական դատավարական օրենքը: Այլ կերպ` սկսված վարույթը շարունակվում է քրեադատավարական հին օրենքին համապատասխան, եթե նոր օրենքով վերացվում, սահմանափակվում են դատավարության մասնակցի իրավունքները կամ այլ կերպ վատթարացվում է նրա վիճակը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավարության մասնակցի իրավունքները և կարգավիճակը կապված են քրեական դատավարության կոնկրետ փուլում որոշակի իրավահարաբերությունների առկայության հետ: Նշված իրավահարաբերությունների առկայությամբ պայմանավորված` քրեական գործով վարույթի ընթացքում դատավարության մասնակիցը ձեռք է բերում տվյալ փուլին բնորոշ կարգավիճակ և դրանից բխող իրավունքներ: Ուստի, քրեադատավարական օրենքի փոփոխության հետևանքով անձի իրավունքների սահմանափակման կամ նրա վիճակի վատթարացման մասին դատողություններ անելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել, թե նախքան քրեադատավարական օրենքում փոփոխություն կատարելն անձն արդյոք օժտված է եղել որոշակի իրավունքով, որը սահմանափակվել է, կամ ունեցել է որոշակի կարգավիճակ, որը վատթարացել է օրենքի փոփոխության հետևանքով:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արգելվում է կիրառել դատավարական այն օրենքը, որը վերացնում կամ սահմանափակում է այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահին դատավարության մասնակցի ունեցած իրավունքը, ինչպես նաև այլ կերպ վատթարացնում է նրա` այդ պահին ունեցած կարգավիճակը:
Վերը նշված քրեական գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործով քննարկման առարկա հանդիսացող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման վերլուծությունից երևում է, որ այն ուղղակիորեն կապված է համաներման ակտի հետ և սահմանում է դրա կիրառման արգելք: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացման համաձայն` արգելվում է համաներման հիմքով գործի հարուցումը մերժել, վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Հետևաբար, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-145-Ն օրենքի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում կատարված լրացումը փոխկապակցված է համաներման կոնկրետ ակտի հետ և առանց դրա կիրառվել չի կարող: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-145-Ն օրենքն ընդունվել է 2011 թվականի մայիսի 23-ին, «ՀՀ պաշտոնական տեղեկագրում» հրապարակվել է 2011 թվականի մայիսի 24-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 25-ին: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել և ուժի մեջ է մտել 2011 թվականի մայիսի 26-ին:
Մեջբերված ժամկետների հետ համադրելով վերոնշյալ վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշումն ընդունվել է, և դրանից բխող իրավահարաբերությունները ծագել են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Այլ կերպ` այն պահին, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում համաներման կիրառման համար սահմանվել է լրացուցիչ արգելք, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը դեռևս ընդունված չի եղել, և դրա հետ կապված որևէ իրավահարաբերություն գոյություն չի ունեցել:
Վերոնշյալ դիրքորոշումները հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածի գործելու հնարավորությանն այն դեպքերում, երբ տնտեսվարող սուբյեկտի տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական դատավարության տարբեր փուլերում և տարբեր համաներման ակտերի կիրառմամբ:
Նախաքննության փուլում քրեական հետապնդումը չիրականացնելը կամ դադարեցնելը համաներման ակտերի կիրառմամբ
1) Դատարանները նմանատիպ գործեր քննելիս պետք է անդրադառնան այն հանգամանքին, թե՛ նախաքննության փուլում քրեական հետապնդումը չիրականացնելու կամ դադարեցնելու համար հիմք է հանդիսացել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման, թե՛ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման կիրառումը:
Ըստ այդմ, եթե քրեական հետապնդումը չի իրականացվել կամ դադարեցվել է մինչև վերոնշյալ օրենսգրքում փոփոխության կատարումը և կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը, ապա չի կարող գործել պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը, քանի որ հետապնդումը դադարեցնելու պահին գործող քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսել համաներման ակտի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում նյութական վնասի հատուցված լինելու պայման: Իսկ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետը թեև պարունակում է համաներման ակտի կիրառման արգելք, այնուամենայնիվ դա վերաբերում է այն դեպքերին, երբ հատուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված տուժողին հասցված նյութական վնասը: Այլ կերպ` այս դեպքում խոսքը չի վերաբերում նախաքննության փուլում քրեական հետապնդումը չիրականացնելուն կամ դադարեցնելուն և կիրառելի է այն դեպքերի համար, երբ համաներումը կիրառվում է դատապարտյալների նկատմամբ:
- Այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերոնշյալ փոփոխությունից հետո, սակայն կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշումը, ապա անձի վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի վերաբերյալ արտահայտված վերոնշյալ դիրքորոշմամբ չի գործում պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը:
- Իսկ այն դեպքում, երբ քրեական հետապնդումը նախաքննության փուլում չի իրականացվել կամ դադարեցվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման կիրառմամբ, գործում է պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը:
Դատական քննության փուլում քրեական հետապնդումը դադարեցնելը համաներման ակտի կիրառմամբ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում հետևյալ որոշումներից մեկը` (...) քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության փուլում դատարանի կողմից քրեական հետապնդումը համաներման ակտի կիրառման հիմքով դադարեցնելու դեպքում սույն բողոքի շրջանակներում քննվող հարցի համատեքստում իրավակարգավորման առանձնահատկությունները չեն տարբերվում նախաքննութան ընթացքում նույն հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավակարգավորումից, հետևաբար վերոնշյալ մեկնաբանությունները հավասարապես կիրառելի են նաև այս դեպքում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ համաներման ակտի կիրառման վերը նշված դեպքերից տարբերվում է այն դեպքը, երբ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելիս կամ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կիրառվում է համաներում` պատժաչափի կրճատման, պատիժը կրելուց ազատելու ձևով: Նման դեպքերի համար կիրառելի չէ պատճառված վնասի հատուցված լինելու կանխավարկածը, քանի որ այս իրավիճակում տեղի չի ունենում քրեական հետապնդման դադարեցում:
Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը
Սույն գործով հայցը բավարարելիս Դատարանը պատճառաբանել է, որ Արմեն Պետրոսյանն իր ոչ իրավաչափ և անօրինական գործողություններով ստեղծել է Ընկերության սնանկության հատկանիշներ և պետությանը պատճառել է 11.681.500 ՀՀ դրամի վնաս, այսինքն` կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք, սակայն պետությանը պատճառված վնասը կամովին չի վերականգնել:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ տվյալ դեպքում որպես հանցագործության առկայությունը հիմնավորող ապացույց Դատախազությունը վկայակոչել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 13.01.2012 թվականի թիվ 11-1445 եզրակացությունը և Արմեն Պետրոսյանի կողմից տրված` 16.04.2012 թվականի բացատրության արձանագրությունը` նշելով, որ դրանցով հիմնավորվում է, որ գործով պատասխանողը մեղավոր է կանխամտածված անվճարունակություն ստեղծելու համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է 11.681.500 ՀՀ դրամ գումարի վնաս: Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալի կողմից «հանցագործության կատարման փաստն ընդունելը», համաներում կիրառելու դեմ չառարկելը կամ համաներման միջոցով քրեական գործի հարուցումը մերժվելու հանգամանքը չի կարող հավասարեցվել և նույնացվել դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի հետ: Այսինքն` Արմեն Պետրոսյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ առկա չէ, հետևաբար գործում է վերջինիս անմեղության կանխավարկածը, որպիսի պայմաններում հանցագործությունը, այսինքն` քրեորեն պատժելի ոչ իրավաչափ գործողությունը և դրանով ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնաս պատճառելու հանգամանքը հաստատված չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է և չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար, հետևյալ հիմնավորմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 13.01.2012 թվականի թիվ 11-1445 եզրակացությամբ նշվել է, որ Ընկերությունը հնարավորություն չի ունեցել պետական բյուջեի հանդեպ իր պարտավորությունները մարելու: Եթե նախաքննությամբ պարզվի, որ Ընկերության անշարժ գույքի` ռեստորանի օտարումից իրականում ստացվել է կադաստրային արժեքի չափով հասույթ, այսինքն` օտարումն անհատույց չի կատարվել, ապա նման պայմաններում փորձաքննությամբ զուտ հաշվապահական և հարկային հաշվառման տեսանկյունից կդիտվի, որ Ընկերության տնօրենի կողմից արհեստածին ճանապարհով Ընկերությունում ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում էլ Ընկերությունը զրկվել է պետական բյուջե վճարման ենթակա` 18.384,1 ՀՀ դրամի չափով պարտավորությունները վճարելու հնարավորությունից:
Գործում առկա` Ընկերության տնօրեն Արմեն Պետրոսյանի կողմից 10.03.2011 թվականին, 08.02.2012 թվականին և 16.04.2012 թվականին տրված բացատրությունների համաձայն` Ընկերության գույքը` ռեստորանը, իր կողմից օտարվել է հատուցմամբ, իսկ պետությանը պատճառված վնասը չի վերականգնվել` ֆինանսական դժվարությունների պատճառով: Ընկերության գույքը` ռեստորանը, ինքն անձամբ է վաճառել և դրա դիմաց ստացել է 100.000 ԱՄՆ դոլար: Գույքի օտարումից հետո 2007 թվականին հաշվետվություն է ներկայացրել հարկային տեսչություն գույքի կադաստրային արժեքի` 58.407.663 ՀՀ դրամի չափով, որից էլ առաջացել է 11.681.500 ՀՀ դրամ պետական բյուջե վճարման ենթակա հարկի գումարը: Խնդրել է իր նկատմամբ կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.06.2009 թվականին ընդունված համաներման ակտը և քրեական հետապնդում չիրականացնել: Կոմիտեի քննչական վարչության 15.03.2012 թվականի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, և Արմեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել 19.06.2009 թվականի համաներման ակտի կիրառմամբ, այսինքն` մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2011 թվականին կատարված փոփոխությունը գործող իրավական հիմքով, հետևաբար սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների հաշվառմամբ նման պայմաններում չի գործում վնասի հատուցված լինելու կանխավարկածը:
Միաժամանակ սույն գործում առկա` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.12.2009 թվականի «Սնանկության գործն ավարտելու մասին» վճռից պարզ է դառնում, որ սնանկության վարույթի ընթացքում պետության նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չեն մարվել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով կարող է հաստատվել Արմեն Պետրոսյանի ոչ օրինաչափ գործողություններով պետությանը վնաս պատճառելու փաստը, որի դեպքում Դատախազությունն օրենքի ուժով իրավասու է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|