Գլխավոր տեղեկություն
Համար
N 1371-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2013 թվականի N 1371-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման N 2 հավելվածի 20-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1371-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

I. Իրավիճակի նկարագրությունը

 

1. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) իրականացնում է գյուղատնտեսական հողերի ագրոքիմիական հետազոտություններ:

2. Կազմակերպության գլխավոր խնդիրն է հանրապետության բոլոր համայնքների հողերն ագրոքիմիական հետազոտման ենթարկելը, խոշոր մասշտաբի ագրոքիմիական քարտեզներ (բույսերի սննդառության համար կարևոր սննդատարրերով ապահովվածության մասին) կազմելը, պարարտանյութերի խնայողաբար և արդյունավետ օգտագործման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ մշակելը: Ցանքատարածությունների պարարտացումն ըստ ագրոքիմիական քարտեզների կատարելու դեպքում կբացառվի հողի բերրիության անկումը, կապահովվի վերարտադրությունը, 30-40 տոկոսով կխնայվի պարարտանյութերի ծախսը, իսկ մշակաբույսերի բերքատվության աճը կկազմի շուրջ 30 տոկոս:

3. Ագրոքիմիական քարտեզագրման աշխատանքը կրում է շարունակական բնույթ և յուրաքանչյուր համայնքի համար այն պետք է կատարվի յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողի բերրիության հիմնական ցուցանիշներ հանդիսացող` սննդատարրերի պարունակությունն էական փոփոխություն է կրում այդ ժամանակահատվածում: Վերջինս կախված է մշակաբույսերի բերքի հետ դուրս եկող սննդանյութերի քանակից և պարարտացման մակարդակից: Երկարատև, բացասական հաշվեկշռի դեպքում, չի բացառվում, որ հողը կարող է կորցնել իր բերրիությունը և դառնալ օգտագործման համար ոչ պիտանի:

4. Հայաստանի Հանրապետությունում առկա է գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող 852 համայնք: Հաշվի առնելով 5 տարվա ընթացքում հողի վերարտադրության ցուցանիշների փոփոխությունը` անհրաժեշտ է 5 տարի պարբերականությամբ իրականացնել համայնքների հողերի հետազոտություններ, հետևաբար, յուրաքանչյուր տարի պետք է կատարվի 170 համայնքի հետազոտություն (852 : 5) և հանրապետության բոլոր համայնքները կունենան ագրոքիմիական քարտեզներ:

5. Կազմակերպության կողմից որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվում է հանրապետություն ներկրվող, արտադրվող և օգտագործվող պարարտանյութերի որակի լաբորատոր ստուգում ու գնահատում:

6. Մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրությունը տրվում է աղյուսակի տեսքով`

 

Մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Շահառուների շրջանակի նկարագրությունը

Պետական հատվածի կողմից ծառայության փոխհատուցման ծավալը

1. Տարեկան 170 համայնքի հողերի ագրոքիմիական քարտեզագրում, պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում

2. Պարարտանյութերի որակի լաբորատոր ստուգում ու գնահատում

ՀՀ համայնքներ

1. Հողերի բերրիության պահպանման և բարելավման աշխատանքներ ծրագրի արժեքի 90 տոկոսը

2. Պետական բյուջեից ծառայության դիմաց փոխհատուցում չի հատկացվում:

 

7. Հողերի բերրիության պահպանումն ու մշակաբույսերի ճիշտ պարարտացումն ապահովելու նպատակով մշակելի հողերի քարտեզագրումը պետք է կրի շարունակական բնույթ` բերրիության փոփոխությունները ժամանակին բացահայտելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

8. 2008 թվականին կազմակերպության ֆինանսավորման ծավալը կազմել է 42.3 մլն դրամ, քարտեզագրվել են 170 համայնքի հողեր: 2009 թվականի ֆինանսավորման ծավալի աճը կազմել է 11.2 տոկոս` 47.3 մլն դրամ, սակայն գնաճի պատճառով հետազոտվել են 165 համայնքի հողեր:

9. 2010 թվականին ֆինանսավորման ծավալը կազմել է 45.1 մլն դրամ, որից՝ «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում` 42.3 մլն դրամ, որի արդյունքում հետազոտվել է 141 համայնքի հողեր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 933-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության 2010–2014 թվականների սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում` 2.8 մլն դրամ, որի արդյունքում հետազոտված համայնքների ագրոքիմիական քարտեզներից տրվել է 149 քաղվածք` պլանային 40 քաղվածքի փոխարեն: 2011 և 2012 թվականներին ֆինանսավորման ծավալը կազմել է 48.1 մլն դրամ, որից՝ «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում` 42.3 մլն դրամ, վերջինիս արդյունքում հետազոտվել է 141 համայնքի հողեր, իսկ սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրի շրջանակներում` 5.8 մլն դրամ, որի արդյունքում 2011 թվականին տրամադրվել է 255 քաղվածք՝ պլանային 140 քաղվածքի փոխարեն, 2012 թվականին տրամադրվել է 175 քաղվածք` պլանային 140 քաղվածքի փոխարեն: 2013 թվականին նախատեսված է տրամադրել 100 քաղվածք: Տրամադրվող քաղվածքների փոփոխության պատճառը տվյալ տարում ծրագրին մասնակցելու համար սահմանված ցանքատարածությունների շեմի փոփոխությունն է, որը 2010 թվականին կազմել է 16.0 հեկտար, 2011 թվականին` 7.0 հեկտար, 2012-2013 թվականներին` 7.0 հեկտար:

10. Անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում նախատեսվում է տարեկան ագրոքիմիական քարտեզներ հանձնել 170 համայնքի:

11. Հայաստանի Հանրապետությունում գործում են պարարտանյութերի որակի ստուգման հավատարմագրված մի շարք լաբորատորիաներ: Պարարտանյութեր ներկրող անձինք կամ կազմակերպությունները պարարտանյութերը փորձաքննության են ենթարկում իրենց կողմից նախընտրած լաբորատորիաներում, որի հետևանքով 2007-2009 թվականներին կազմակերպությունում կատարվել են պակաս փորձաքննություններ: 2010-2013 թվականներին կազմակերպությունում պարարտանյութերի որակի ստուգման փորձաքննությունների քանակի ավելացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական կազմակերպության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության հետ համագործակցությամբ: 2010 թվականին կատարվել է տարբեր պարարտանյութերի 43 նմուշի փորձաքննություն, 2011 թվականին՝ 57, 2012 թվականին` 71:

12. Կազմակերպությունը հնարավորություններ ունի և հավատարմագրված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից լաբորատոր ստուգման ենթարկելու բոլոր տեսակի պարարտանյութերը:

13. Վերջին 5 տարվա (2009-2013 թվականներ) ուսումնասիրությունների արդյունքներից ակներև է, որ հանրապետությունում հողի բերրիությունը նվազել է: Բերրիության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է հանրապետություն ներկրել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր: Հողի բերրիության մակարդակը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում է և այն կախված է մի շարք գործոններից` հողում բույսերին անհրաժեշտ սննդանյութերի պարունակությունից, խոնավության աստիճանից և օդային ռեժիմից: Վերջիններիս, պահանջվող քանակությամբ, առկայությունը պայմանավորված է հողի մեխանիկական կազմով, հումուսով, հողի ռեակցիայով, թունավոր նյութերի պարունակությամբ: Ներկայումս կազմակերպությունում հիմնականում ուսումնասիրվում են հողում ազոտի, ֆոսֆորի և կալիումի քանակությունները: Հողում մեխանիկական կազմի, հումուսի, թունավոր նյութերի պարունակության, հողի ռեակցիայի փորձաքննությունները կատարվում են ըստ անհրաժեշտության: Բերքատվության նվազման պատճառները պարզելու համար անհրաժեշտ է պարբերաբար կատարել լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն պարզելու բերքատվության իջեցման պատճառները: Հանքային պարարտանյութերի հետ համատեղ անհրաժեշտ է հողը պարարտացնել նաև օրգանական պարարտանյութերով (գոմաղբ, թռչնաղբ, բիոհումուս և այլն), որի արդյունքում կբարձրանա հողի բերքատվությունը: Հողատեսքերի բազմակողմանի փորձաքննություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել նորագույն և ժամանակակից սարքավորումներ` ավտոմատ անալիզատորներ, որոնք միաժամանակ կատարում են մի քանի փորձաքննություններ:

 

II. Ծրագրի նպատակները ԵՎ խնդիրները

 

14. Ծրագրի հիմնական նպատակը հողերի ագրոքիմիական քարտեզագրման միջոցով բերրիության փոփոխությունների բացահայտումն ու դրա վատթարացումը կանխելու ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումն է, ինչպես նաև պարարտանյութերի որակի փորձաքննության միջոցով հողի բերրիության ապահովումը:

15. Ծրագրի խնդիրը համայնքներում ագրոքիմիական քարտեզներում նշված չափաքանակներին համապատասխան պարարտանյութերով պարարտացման իրականացումն է, որի արդյունքում զգալիորեն կբարձրանա պարարտանյութերի և քարտեզների օգտագործման արդյունավետությունը:

16. Ֆինանսավորման անհրաժեշտ ծավալի դեպքում կազմակերպությունը յուրաքանչյուր տարի կհետազոտի 170 համայնքի հողատարածքներ, որի արդյունքում հանրապետության բոլոր համայնքների հողերը կհետազոտվեն 5 տարում:

 

III. Ծրագրի բյուջեն

 

17. Ծրագիը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ և օրենքով չարգելված այլ միջոցներով` նախատեսելով միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

 

IV. Ծրագրի իրականացման միջոցառումները

 

18. Հայաստանի Հանրապետության հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը ներառում է 4 միջոցառում:

19. Տարեվերջին հաջորդ տարվա միջոցառումների ծրագրում ընդգրկված բոլոր համայնքների ղեկավարները կազմակերպության կողմից նախապես գրավոր տեղեկացվում են կատարվող աշխատանքների մասին: Ապրիլ ամսվա ընթացքում սկսվում են հողերի դաշտային հետազոտությունները: Վերցված հողանմուշներն ենթարկվում են լաբորատոր փորձաքննության, համայնքի ամբողջ վարելահողերի և բազմամյա տնկարկների համար կազմվում են ագրոքիմիական քարտեզներ, հաշվարկվում է պարարտանյութերի պահանջարկը, որը ներկայացվում է մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերում և մինչև տվյալ տարվա տարեվերջ համապատասխան ակտերով հանձնվում համայնքների ղեկավարներին: Մասնագետների կողմից ցուցաբերվում է մասնագիտական օգնություն դրանց ճիշտ կիրառման վերաբերյալ:

20. Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում սերմացու ստացող կոնկրետ հողօգտագործողի հողատարածքից վերցված հողանմուշները ենթարկվում են լաբորատոր փորձաքննության և համայնքների համար արդեն իսկ կազմված ագրոքիմիական քարտեզներից տրվում են քաղվածքներ՝ նկարագրելով հողի վիճակը և ճիշտ պարարտացման չափաքանակները:

 

V. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

 

21. Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր տարվա համար ունենալ հանրապետության 170 համայնքի հողերի սննդատարրերով ապահովվածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց ճիշտ կիրառման արդյունքում պարարտանյութերը կօգտագործվեն խնայողաբար և նպատակային: Ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ճիշտ չափաքանակներով պարարտացման դեպքում կապահովվի հողի 30-40 տոկոսով վերարտադրությունը և շուրջ 30 տոկոսով կբարձրանա հողի բերրիությունն ու մշակաբույսերի բերքատվությունը: Միջնաժամկետ ծրագիրը 2013-2014 թվականներին հնարավորություն կընձեռի սերմնաբուծությամբ զբաղվող 100 տնտեսության տրամադրել քաղվածքներ ագրոքիմիական քարտեզներից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան