Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1121
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.12.12/10(57) Հոդ.1113.1
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 նոյեմբերի 2013 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Արթուր Խաչատրյանի` 03.04.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.1998թ. ընդունված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասը սահմանում է. «Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)»:

Ընդունվելուց ի վեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

 

2. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 28.06.2010թ. Վարդան Խաչատրյանը «Վնասը փոխհատուցելու պահանջի մասին» հայց է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, որով պահանջել է հատուցել իր կրած նյութական վնասը, այն է` իր ներկայացուցիչներին վճարած գումարը` իրեն դատական ատյաններում և ՀՀ սահմանադրական դատարանում ներկայացնելու համար, այդ գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը, ինչպես նաև իր կրած ոչ նյութական (բարոյական) վնասը` այն հիմնավորմամբ, որ «Վարդան Խաչատրյանը բացի իրական վնասից, որ կրել է, այլ ապրումներ է ունեցել` սպասելով դատական կարգով իր գործի լուծմանը: Այդ անորոշությունը, որ տևել է ընդհանուր իրավասության դատարան դիմելուց մինչև Սահմանադրական դատարանի դատական ակտի կայացումը, իր նկատմամբ դատարանների կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենքի դրույթների կիրառումը, իր արդար դատաքննության իրավունքի խախտումը, հոգևոր տագնապ և անհանգստություն է պատճառել նրան: Վարդան Խաչատրյանը այդ հոգևոր տագնապը և անհանգստությունը չէր կրի (հետևանք), եթե նրա իրավունքը չխախտվեր (պատճառ). Առկա է պատճառահետևանքային կապ»:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր` 15.07.2012թ. «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին» որոշմամբ հայցն ընդունել է վարույթ:

Վարդան Խաչատրյանի մահից հետո ընդհանուր իրավասության դատարանն իր` 28.09.2011թ. «Քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և դատական նիստ հրավիրելու մասին» որոշմամբ Արթուր Խաչատրյանին ճանաչել է ԵԿԴ/1320/02/10 գործով հայցվոր Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ և իր` 02.05.2012թ. վճռով հայցը բավարարել է մասնակի` վճռելով Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանի բռնագանձել է 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` որպես Վարդան Խաչատրյանին պատճառված նյութական վնասի հատուցման գումար: Հայցը 564.225 ՀՀ դրամ նյութական վնասի և նյութական վնասի նկատմամբ հաշվարկվող հարկերի բռնագանձման պահանջի մասով մերժել է: Ոչ գույքային (բարոյական) վնասի հատուցման պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ «ի տարբերություն նյութական վնասի` բարոյական վնասը ՀՀ օրենսդրությունում չունի իր կարգավորումը», «դատարանը չի կարող կիրառել բարոյական վնասի ինստիտուտը, քանի դեռ առկա չէ դրա սահմանումը, կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության»:

Վերոնշյալ վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք` հետևյալ պահանջով. պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, Վարդան Խաչատրյանի իրավահաջորդ Արթուր Խաչատրյանին տրամադրել Վարդան Խաչատրյանի կրած նյութական և ոչ նյութական վնասների փոխհատուցում` 1.564.225 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսունչորս հազար երկու հարյուր քսանհինգ) ՀՀ դրամի չափով` նյութական վնասի դիմաց և նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը, 2.000.00 (երկու հազար) եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով` ոչ նյութական, բարոյական վնասի դիմաց: Վերաքննիչ դատարանն իր` 26.07.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի` 1.564.225 ՀՀ դրամ վնասի բռնագանձման չբավարարված 564.225 ՀՀ դրամի մասով բեկանել է ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2012 թվականի վճիռը, փոփոխել և հայցը 564.225 ՀՀ դրամի բռնագանձման մասով բավարարել է: Վճիռը մնացած մասերով համարել է հիմնավոր ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված նույն պատճառաբանությամբ. «ՀՀ քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության»:

 Վճռաբեկ դատարանը 19.09.2012թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

 

3. Դիմողը վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունն այնքանով, որքանով այն չի ներառում բարոյական վնասի հատուցման ինստիտուտը` գտնելով, որ օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով անձի կրած ոչ նյութական վնասը չի դիտում որպես վնաս, հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 18, 19, 83.5-րդ հոդվածներին: Միաժամանակ, դիմողը նշում է, որ «սույն դիմումով վիճարկվում է իրավական բացի սահմանադրականություն»: Ընդ որում, հիմնավորելու համար իր կողմից բարձրացված` օրենքի բացի` սահմանադրական արդարադատության օբյեկտ լինելու թույլատրելիությունը` դիմողը վկայակոչում է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-914 որոշումը:

Ի հիմնավորումն իր դիրքորոշման` դիմողը նշում է, որ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները ենթադրում են, inter alia, «իրավասու պետական մարմնի կողմից» ինչպես գանգատի ըստ էության քննություն, այնպես էլ արդարացի փոխհատուցման տրամադրում»:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Խաչատրյանն ու այլոք ընդդեմ Հայաստանի» և «Կոմինգերսոլլ Ս.Ա.-ն ընդդեմ Պորտուգալիայի» գործերով վճիռները` նշելով, որ հիշատակված երրորդ գործով կայացված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ «վճռով փոխհատուցման հարցը լուծելիս հաշվի է առնում գույքային վնասը, այսինքն` իրական վնասը, որը հանդիսանում է հայտարարված խախտման ուղղակի հետևանքը, և բարոյական վնասը, այսինքն` տագնապի, անհանգստության և անվստահության վիճակը, որը վրա է հասել այդ խախտման արդյունքում, ինչպես նաև այլ ոչ գույքային վնասներ»:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ներկա իրավակարգավորումների համատեքստում համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 3, 18, 19 և 83.5-րդ հոդվածների պահանջներին:

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատասխանողը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները, ներառյալ` վնասի հատուցումը, որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ, ինչպես նաև նույն օրենսգրքի` ոչ նյութական բարիքների հասկացությանը վերաբերող 162-րդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի` ոչ նյութական բարիքները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից, արձանագրում է, որ թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բարոյական վնասի մասին ուղղակի նշում չկա, սակայն այն կիրառվում է պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանելու դեպքերում: Պատասխանողն արձանագրում է նաև, որ, այդուհանդերձ, նշված հանգամանքը չի վկայում բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի ամբողջական ներդրման մասին, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ:

Կարևորելով անձի իրավունքների լիարժեք պաշտպանության և խախտված իրավունքների արդյունավետ վերականգնման տեսանկյունից բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը` դիմողը կարծիք է հայտնում, որ խնդիրը հնարավոր չէ լուծել սոսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում «բարոյական վնաս» հասկացության ներառմամբ, քանի որ այն պահանջում է բարոյական վնասի նյութական փոխհատուցման առանձին ինստիտուտի ներդրում, որը մանրամասն կարգավորումներ կներառի «բարոյական վնաս» հասկացության, այդ ինստիտուտի կիրառման շրջանակների և հիմքերի, բարոյական վնասը հաշվելու հստակ մեխանիզմների և, ընդհանուր առմամբ, այս ինստիտուտի անխաթար կիրառությունն ապահովող այլ հարցերի վերաբերյալ:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանն իր` 05.02.2010 թվականի ՍԴՈ-864 և 14.09.2010 թվականի ՍԴՈ-914 որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ սահմանադրական դատարանի կողմից օրենքի բացի սահմանադրականության հարցի քննության իրավական հնարավորության առնչությամբ: Սահմանադրական դատարանի ՍԴՈ-864 որոշմամբ սահմանվել է, որ «Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որ խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-914 որոշմամբ սահմանվել է, որ «Օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը»:

Հաշվի առնելով դիմողի դիրքորոշումը և հիմք ընդունելով սահմանադրական դատարանի ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում արտահայտված` վերը նշված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցին հարկ է անդրադառնալ հետևյալ տեսանկյուններից`

ա/ արդյոք ՀՀ իրավական համակարգում առկա են բարոյական վնասի ինստիտուտը և նման վնասի նյութական հատուցման հնարավորության իրավական հիմքերը,

բ/ արդյոք Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների ուժով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ազգային իրավական համակարգում նախատեսել ոչ նյութական (բարոյական) վնասի նյութական փոխհատուցման հնարավորությունը:

 

6. Վերը նշված հարցադրումների առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը վկայում է այն մասին, որ բարոյական վնասը և բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրված սահմանադրաիրավական մոտեցումներից: Այսպես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը: Սահմանադրության 16-րդ հոդվածը, իր հերթին, երաշխավորում է անձի անձնական ազատությունն ու անձեռնմխելիությունը: Նշված հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման»: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ ազատությունից ապօրինի զրկելու կամ ապօրինի խուզարկության դեպքում անձին պատճառված վնասը չի կարող մեխանիկորեն հանգեցվել սոսկ կրած ֆիզիկական կամ նյութական վնասի փոխհատուցմանը, քանզի տվյալ դեպքում տուժած անձին տրամադրված փոխհատուցումը համարժեք չի լինի վերջինիս կրած հոգեկան տառապանքներին: Տվյալ համատեքստում անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի կանոնակարգումներին, որով սահմանվում է, որ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի», սահմանադրական դատարանը գտնում է, որ խոշտանգումները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը չեն կարող չուղեկցվել հոգեկան և բարոյական տառապանքների պատճառմամբ, որոնք կարող են նույնիսկ ավելին լինել, քան դրանց հետևանքով պատճառված հնարավոր ֆիզիկական (մարմնական) կամ նյութական վնասը, և առանց որոնց ողջամիտ և արդարացի փոխհատուցման հնարավոր չէ ամբողջությամբ հատուցել անձին և նրա արժանապատվությանը պատճառված վնասը: Հակառակ դեպքում հնարավոր չի լինի երաշխավորել Սահմանադրությամբ որպես բարձրագույն արժեքներ հռչակված մարդու, նրա արժանապատվության, հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

 

7. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության մի շարք նորմատիվ իրավական ակտերով նախատեսված են համապատասխան դրույթներ` պատճառված բարոյական վնասի նյութական փոխհատուցման վերաբերյալ: Այսպես, ՀՀ տարբեր նորմատիվ իրավական ակտերում առկա է «բարոյական վնաս» եզրույթը: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 268-րդ հոդվածով սահմանված է, որ «Տուժող համարվում է այն անձը, որին վարչական իրավախախտման հետևանքով բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս է պատճառվել»: «Բարոյական վնաս» եզրույթն ամրագրված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներում, մասնավորապես` 6-րդ հոդվածի 45-րդ կետում, որում «վնաս» եզրույթը դիտարկվում է որպես «դրամական չափման ենթակա բարոյական, ֆիզիկական, գույքային վնաս»: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով «տուժող» եզրույթի հասկացությունը, ամրագրում է, որ «Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը»: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Ոչ գույքային վնասի հատուցման հիմքերը և կարգը» վերտառությամբ 104-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով»:

Միաժամանակ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող 17-րդ հոդվածի 2-րդ մասը վնասների շարքին չի դասում բարոյական վնասը, այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին և 8-րդ կետերում նախատեսվում է անձի արժանապատվությանը, պատվին կամ գործարար համբավին պատճառված վնասի դրամական հատուցման հնարավորությունը. համապատասխանաբար` վիրավորանքի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի, իսկ զրպարտության դեպքում` 2000-ապատիկի չափով: Ընդ որում, նույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված է, որ վիրավորանքի և զրպարտության դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը: Այն հանգամանքը, որ դատարանն անձի արժանապատվության, պատվին կամ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի չի առնում պատճառված գույքային վնասը, ուղղակիորեն վկայում է այն մասին, որ դիտարկվող կանոնակարգման նպատակը գույքային վնասը հատուցելը չէ: Ընդհակառակը, այն կոչված է կանոնակարգելու անձին պատճառված բարոյական վնասի նյութական փոխհատուցման հնարավորությունները:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ անձի արժանապատվությանը, պատվին կամ գործարար համբավին պատճառված վնասի դրամական հատուցման կանոնակարգումները վերաբերում են հենց բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտին (նման ինստիտուտ նախատեսված է, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովենիայի, Իսպանիայի և այլ երկրների օրենսդրությամբ):

Ելնելով վերը նշվածից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են բարոյական վնասի նյութական փոխհատուցման բազմաթիվ դեպքեր, սակայն նշված ինստիտուտն ամբողջական կանոնակարգման ենթարկված չէ, ինչը թույլ չի տալիս օրենսդրական ներդաշնակություն ապահովել նման վնասի նյութական փոխհատուցման դեպքերի, հիմքերի և կարգի կանոնակարգման հարցում, ինչը, իր հերթին, խոչընդոտում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությանը: Ավելին, նշված իրավիճակը չի կարող համահունչ համարվել ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթին, ըստ որի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:

 

8. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է Հայաստանի Հանրապետության պարտավորությունը` ապահովել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Իսկ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները:

Խնդրո առարկա հարցին անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի 2-րդ մասերի տեսանկյունից` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում անձին պատճառված բարոյական վնասի նյութական փոխհատուցման ոչ ներդաշնակ կանոնակարգումները խոչընդոտում են Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ իրականացմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման իրավունքը բխում է թե՛ ՀՀ Սահմանադրության և ՀՀ մի շարք օրենսդրական ակտերի դրույթների բովանդակությունից և թե՛ ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններից, մասնավորապես` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (կից արձանագրություններով) դրույթներից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայից:

Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացրած մի շարք վճիռներում անձին պատճառված բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում չտրամադրելը դիտել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (կից արձանագրություններով) համապատասխան դրույթների խախտում: Մասնավորապես, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության (գանգատ թիվ 23978/06, 27.11.2012թ.) և Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (գանգատ թիվ 22999/06, 12.06.2012թ.) գործերով կայացված վճիռներով ներպետական օրենսդրության վկայակոչմամբ բարոյական վնասի նյութական փոխհատուցում չտրամադրելը ճանաչվել է որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի խախտում: Իսկ Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված վճռում Դատարանն արձանագրել է. «Դատարանը նախկինում վճռել է, որ Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթների` 2-րդ և 3-րդ հոդվածների խախտման հետևանքով առաջ եկող ոչ նյութական վնասի փոխհատուցումը սկզբունքորեն պետք է հասանելի լինի հնարավոր պաշտպանության միջոցների շարքում»: Նույն վճռում արձանագրվել է նաև, որ տվյալ գործով դիմումատուն պետք է հնարավորություն ունենար դիմելու վատ վերաբերմունքի հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցման համար: Անդրադարձ է կատարվել նաև Կոնվենցիայի 7-րդ Արձանագրության 3-րդ հոդվածին, ինչի առնչությամբ ընդգծվել է, որ «Դատարանը կրկնում է, որ թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածի նպատակն է փոխհատուցման իրավունք ընձեռել անձանց, ովքեր դատապարտվել են դատական սխալի հետևանքով և երբ հետագայում այդ դատավճիռը չեղյալ է հայտարարվել ազգային դատարանների կողմից` նոր կամ նոր բացահայտված որևէ փաստի հիմքով»: Նույն վճռով Դատարանը նաև արձանագրել է հետևյալը. «Ինչ վերաբերում է թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների համապատասխանության հարցին, ապա Դատարանը գտնում է, որ թեև այս դրույթը երաշխավորում է փոխհատուցման վճարումը տվյալ պետության օրենքին կամ պրակտիկային համապատասխան, այն չի ենթադրում, որ փոխհատուցում չի վճարվում, եթե ազգային օրենքը կամ պրակտիկան չեն նախատեսում նման փոխհատուցում»: Բացի դրանից, Դատարանը գտնելով, որ թիվ 7 Արձանագրության 3-րդ հոդվածի նպատակը սոսկ սխալ դատապարտման դեպքում նյութական վնասի վերականգնումը չէ, այլ նաև դատական սխալի հետևանքով դատապարտված անձին ոչ նյութական փոխհատուցման տրամադրումը, օրինակ` հյուծման, անհանգստության, անհարմարության և կյանքի նկատմամբ հավատի կորստի դեպքերում, միաժամանակ արձանագրել է, որ նման փոխհատուցում դիմումատուին տվյալ գործով հասանելի չի եղել: Միաժամանակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, արձանագրելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում, սահմանել է, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետը չպետք է մեկնաբանվի այնպես, որ ընձեռվի միայն նյութական վնասի հատուցում. նման իրավունք պետք է ընձեռվի նաև ցանկացած հյուծման, անհանգստության և զայրույթի/հուսախաբության համար, ինչն անձը կարող էր կրել 5-րդ հոդվածի այլ կետերի խախտման արդյունքում:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի թերի կանոնակարգումը համահունչ չէ նաև ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին:

 

9. Միաժամանակ, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանցով պայմանավորված` բարոյական վնասի ինստիտուտին առնչվող կանոնակարգումների լիարժեքությունն ապահովելու անհրաժեշտությունից` սահմանադրական դատարանը գտնում է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը, ապահովվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը և չխոչընդոտվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:

Սահմանադրական դատարանն ընդունում է ի գիտություն, որ նշված հանգամանքները հաշվի առնելով` ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախապատրաստվում է ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնություն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու և, մասնավորապես, Հայաստանի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոնշյալ վճիռների կատարումը երաշխավորելու համար:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, այնքանով, որքանով բարոյական վնասը չի դիտում որպես վնասի տարատեսակ և չի ապահովում բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն` արգելափակելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, միաժամանակ խոչընդոտելով Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասին, 16-րդ հոդվածի 4-րդ մասին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 43-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

2. Հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի` որոշման հրապարակման պահին անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ պահանջվում է բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի համակարգված օրենսդրական կանոնակարգում, որը, մասնավորապես, կներառի «բարոյական վնաս» հասկացության, այդ ինստիտուտի կիրառման շրջանակների և հիմքերի, բարոյական վնասը հաշվելու հստակ կարգի և այլ հարցերի վերաբերյալ դրույթներ, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թ. հոկտեմբերի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

5 նոյեմբերի 2013 թվականի

ՍԴՈ-1121