Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1064-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Թալին քաղաքի Սպանդարյան 2/1 հասցեում գտնվող` 2-րդ հարկի 105 քառ. մետր, Սպանդարյան 2/2 հասցեում գտնվող` 1-ին հարկի 75.7 քառ. մետր և Սպանդարյան 2/3 հասցեում գտնվող` 1-ին հարկի 54.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ բաժնային մաս համարվող հողամասերը (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց 22):

2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի հունիսի 14-ի դրությամբ գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 8995.44 հազ. դրամ, որից՝

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան 2/1 հասցեում գտնվող` 2-րդ հարկի 105 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը՝ 3778.4 հազ. դրամ.

2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան 2/2 հասցեում գտնվող` 1-ին հարկի 75.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը՝ 2799.02 հազ. դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սպանդարյան 2/3 հասցեում գտնվող` 1-ին հարկի 54.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը՝ 2418.02 հազ. դրամ:

3. Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 160.2, 115.5 և 83.3 քառ. մետր մակերեսներով բաժնային մասով հողամասերի արժեքները՝ համապատասխանաբար 84.586, 60.984 և 43.9824 հազ. դրամ կադաստրային արժեքներով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնային մասի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 181200 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է երեք տարվա ընթացքում կատարել երեք միլիոն դրամի չափով ներդրում (յուրաքանչյուր տարի՝ մեկ միլիոն դրամ), իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

5. Սահմանել, որ գնորդը վճարումները կատարում է եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 7

Երևան