Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2013.10.23/17(25) Հոդ.1088
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2600/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2600/02/10
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Դ. Խաչատրյան

Դատավորներ՝   

Ն. Տավարացյան
 

Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նելլի Մկրտչյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)` աշխատավարձից անհիմն պահված գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նելլի Մկրտչյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 45.000 ՀՀ դրամ` որպես աշխատավարձից անհիմն պահված գումար, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.04.2013 թվականի որոշմամբ Նելլի Մկրտչյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Մկրտչյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ՀՀ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով Ընկերության վնաս պատճառելու փաստը կարող էր հաստատվել իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայության պարագայում:

Գործում առկա 06.10.2010 թվականի թիվ 10/10 արձանագրության համաձայն՝ հաճախորդները հայցվորի աշխատանքի չներկայանալու պատճառով դժգոհել են հյուրանոցի սպասարկումից և հայտնել են, որ իրենց բողոքները կտարածեն ինտերնետային կայքերում, ինչը բացասաբար կարող է անդրադառնալ Ընկերության վարկանիշի վրա: Նշված արձանագրությունից կարելի է միայն ենթադրություններ անել Ընկերությանը վնաս պատճառելու վերաբերյալ, քանի որ հնարավոր չէ պարզել՝ եթե հաճախորդներն այդ տեղեկությունը տարածեին ինտերնետային կայքերում, արդյո՞ք դա կազդեր Ընկերության վարկանիշի վրա, և Ընկերությունն իրականում վնաս կկրե՞ր, թե՞ ոչ:

Ընկերությունը չի հիմնավորել, թե նրա որ իրավունքն է խախտվել: Ընկերության կողմից իր իսկ ցանկությամբ հաճախորդներին հյուրասիրելը Վերաքննիչ դատարանը համարել է հայցվորի կողմից պատճառված վնաս և աշխատավարձից պահումն այդ հիմքով գտել հիմնավոր: Մինչդեռ տվյալ դեպքում Ընկերության կողմից չի ապացուցվել, որ առկա է իրական վնաս, վնասի և հայցվորի գործողությունների միջև` ուղղակի կապ, առկա է հայցվորի մեղքը, չի ապացուցել նաև, որ կատարված ծախսերը (հյուրասիրությունը) եղել են անհրաժեշտ և չափավոր, կամ նման հյուրասիրություն իրոք կատարվել է, քանի որ հյուրասիրության մասին հրամանը տրվել է բանավոր, ուստի Ընկերության կողմից վկայակոչված փաստերի չապացուցման բացասական հետևանքները պետք է կրեր Ընկերությունը:

Վերաքննիչ դատարանը չի նշել, թե գործում առկա որ ապացույցների հիման վրա է եզրահանգել, որ հայցվորի աշխատավարձից պահումը հիմնավոր է, և Ընկերությանը վերջինիս կողմից պատճառվել է իրական վնաս:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2013 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տնտեսվարող յուրաքանչյուր ընկերություն ինքն է տնօրինում իր ֆինանսական միջոցները և իրավիճակի թելադրանքից ելնելով` իրավունք ունի կայացնելու որոշումներ անգամ առանց հիմնավորելու, թե տվյալ ծախսն ինչու է կատարել այս կամ այն չափով: Տվյալ պարագայում բավարար է այն փաստի արձանագրումը, որ Նելլի Մկրտչյանի իրավախախտ գործողության հետևանքով Ընկերությունը կրել է վնաս՝ կատարած ծախսի տեսքով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ չափի ծախս է կատարվել: Միակ էական պայմանը կայանում է նրանում, թե արդյոք իրավաչափ է եղել Նելլի Մկրտչյանի բացակայությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից և սույն գործի հանգամանքներից ուղղակիորեն հետևում է, որ վերջինս ցուցաբերել է ոչ բարեխիղճ՝ իրավախախտ վարքագիծ, և թույլ է տվել գործատուի կողմից ակնկալվող ժամին և օրը աշխատողից աշխատանքի կատարում ստանալու իրավունքի կոպիտ խախտում, որը բավարար հիմք է աշխատողին ազատելու համար, ուստի անհեթեթ է այն հարցադրումը, թե գործատուի որ իրավունքն է խախտվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 01.09.2009 թվականին Ընկերության և Նելլի Մկրտչյանի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, ըստ որի՝ վերջինս Ընկերությունում աշխատանքի է ընդունվել որպես մատենավար։ Աշխատանքային պայմանագրի 5.5 կետի համաձայն` աշխատողը ենթակա է կարգապահական, նյութական կամ այլ պատասխանատվության կիրառվող օրենսդրությամբ սահմանված կարգով այն դեպքում, եթե աշխատողը չի կատարում իր պարտականությունները (հատոր 1-ին, գ.թ. 29-36):

2) 06.10.2010 թվականի թիվ 10/10 արձանագրության համաձայն` 2010 թվականի հոկտեմբերի 05-ին անհարգելի պատճառներով աշխատանքի չի ներկայացել Հյուրանոցի աշխատող` մատենավար Նելլի Մկրտչյանը, ում փոխարինող գտնել չի հաջողվել ժամանակի սղության պատճառով։ Դրա հետևանքով մի շարք դժգոհություններ են ստացվել Հյուրանոցի հաճախորդներից` Անտոնյան Կամերիի և իր կնոջ կողմից։ Հաճախորդները, մասնավորապես, դժգոհել են նրանից, որ իրենց զանգերին պարբերաբար մատենավարը չի պատասխանել, հետո պարզել են, որ մատենավարը բացակա է, ինչի հետևանքով չեն կարողացել ներկայացնել համարի սպասարկման հետ կապված իրենց պահանջները։ Հաճախորդները նշել են, որ դժգոհ են նման մոտեցումից և Հյուրանոցի ծառայությունից։ Նրանք հայտնել են նաև, որ իրենց բողոքները կտարածեն ինտերնետային կայքերով, ինչը բացասաբար կանդրադառնա հյուրանոցի վարկանիշի և գործունեության վրա: Հաճախորդների դժգոհությունը վերացնելու նպատակով հյուրանոցի տնօրեն Կիառա Ֆիջինիի բանավոր հանձնարարությամբ հաճախորդներին հավելյալ ծառայություններ են առաջարկվել, մասնավորապես՝ հաճախորդներին առաջարկվել է օգտվել հյուրանոցի ճաշացանկից և թանկարժեք խմիչքներից՝ կատարելով ընտրություն ըստ ցանկության՝ հյուրանոցի հաշվին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաճախորդները պատվիրել են 45.800 ՀՀ դրամի ճաշատեսակներ և խմիչքներ, ինչի հետևանքով Ընկերությունը կրել է նշված գումարի չափով վնաս (հատոր 1-ին, գ.թ. 113-114):

3) 05.10.2010 թվականին և 06.10.2010 թվականին կազմված «Մեմորանդումի» համաձայն` Նելլի Մկրտչյանին նկատողություն է տրվել անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու համար (հատոր 1-ին, գ.թ. 107, 112):

4) 07.10.2010 թվականի «Մեմորանդումի» համաձայն` Նելլի Մկրտչյանի աշխատավարձից կատարվել է պահում 45.000 ՀՀ դրամի չափով` որպես ընկերությանը պատճառված վնասի հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 110):

5) 08.10.2010 թվականի թիվ 608 հրամանով Նելլի Մկրտչյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է, և նա ազատվել է աշխատանքից` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի (հատոր 1-ին, գ.թ. 106):

6) Նելլի Մկրտչյանի (այսուհետ` Պատվիրատու) և Ա/Ձ Կարեն Քալանթարյանի (այսուհետ` Կատարող) միջև 03.05.2011 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի 1.3 կետի համաձայն` պայմանագրի 1.2 կետում նշված իրավաբանական ծառայությունները մատուցվելու են փաստաբաններ Կարեն Քալանթարյանի և (կամ) Գուրգեն Թորոսյանի կողմից: Պայմանագրի 3.1 կետի համաձայն` պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար Պատվիրատուն պարտավոր է Կատարողին վճարել որպես ծառայության վճար` 50.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 138):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միատեսակ դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատանքային հարաբերություններում աշխատողի նյութական պատասխանատվության հիմքերին ու պայմաններին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվությունն առաջանում է այն դեպքում, երբ աշխատանքային պայմանագրի կողմը (գործատուն կամ աշխատողը), չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով իր պարտականությունները, վնաս է պատճառում մյուս կողմին: Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի հատուցման հարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված վնասի ինստիտուտի ընդհանուր կանոնները, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, դրանցից յուրաքանչյուրի մասով ապացուցման բեռի բաշխմանը: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (ի թիվս այլոց` տե՛ս Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: Նշված հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս «Էքսոլթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության՝ բաց թողնված օգուտը հատուցելու և գումար բռնագանձելու պահանջների մասին թիվ ԵՔԴ /0036/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առավել մանրամասն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին:

Վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):

Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում:

Վերը նշված դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկություններին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն` նյութական պատասխանատվություն առաջանում է հետևյալ բոլոր պայմանների առկայության դեպքում.

1) պատճառված է վնաս.

2) վնասը պատճառվել է անօրինական գործունեության հետևանքով.

3) առկա է պատճառական կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև.

4) առկա է խախտողի մեղքը.

5) խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ.

6) վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ:

Նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի համաձայն` աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`

1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.

2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով.

3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.

4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.

5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.

6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում է աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ աշխատանքային հարաբերություններում վնասի ինստիտուտի առանձնահատկությունները հանգում են հետևյալին` պատճառված վնասի համար պատասխանատվության վերը շարադրված պայմաններին ավելանում են ևս երկու պայման, այն է` վնաս պատճառողն ու տուժողն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կապված է աշխատանքային գործունեության հետ: Ընդ որում, պատճառված վնասի համար պատասխանատվության մյուս տարրերն աշխատողի նյութական պատասխանատվության դեպքում հարկ է դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի համատեքստում, որը թվարկում է աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը՝ սպառիչ սահմանելով վնաս պատճառելուն ուղղված հակաիրավական վարքագծի դրսևորումները:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը

Սույն գործի փաստերի, մասնավորապես՝ 06.10.2010 թվականի թիվ 10/10 արձանագրության համաձայն` 2010 թվականի հոկտեմբերի 05-ին անհարգելի պատճառներով աշխատանքի չի ներկայացել Հյուրանոցի աշխատող Նելլի Մկրտչյանը, ում փոխարինող գտնել չի հաջողվել ժամանակի սղության պատճառով։ Դրա հետևանքով մի շարք դժգոհություններ են ստացվել Հյուրանոցի հաճախորդներից` Անտոնյան Կամերիի և իր կնոջ կողմից։ Հաճախորդները, մասնավորապես, դժգոհել են նրանից, որ իրենց զանգերին պարբերաբար մատենավարը չի պատասխանել, հետո պարզել են, որ մատենավարը բացակա է, ինչի հետևանքով չեն կարողացել ներկայացնել համարի սպասարկման հետ կապված իրենց պահանջները։ Հաճախորդները նշել են, որ դժգոհ են նման մոտեցումից և Հյուրանոցի ծառայությունից։ Նրանք հայտնել են նաև, որ իրենց բողոքները կտարածեն ինտերնետային կայքերով, ինչը բացասաբար կանդրադառնա հյուրանոցի վարկանիշի և գործունեության վրա: Հաճախորդների դժգոհությունը վերացնելու նպատակով հյուրանոցի տնօրեն Կիառա Ֆիջինիի բանավոր հանձնարարությամբ հաճախորդներին հավելյալ ծառայություններ են առաջարկվել, մասնավորապես՝ հաճախորդներին առաջարկվել է օգտվել հյուրանոցի ճաշացանկից և թանկարժեք խմիչքներից՝ կատարելով ընտրություն ըստ ցանկության՝ հյուրանոցի հաշվին: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաճախորդները պատվիրել են 45.800 ՀՀ դրամի ճաշատեսակներ և խմիչքներ, ինչի հետևանքով Ընկերությունը կրել է նշված գումարի չափով վնաս: 07.10.2010 թվականի «Մեմորանդումի» համաձայն` Նելլի Մկրտչյանի աշխատավարձից կատարվել է պահում 45.000 ՀՀ դրամի չափով` որպես Ընկերությանը պատճառված վնասի հատուցում:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Նելլի Մկրտչյանի կողմից աշխատանքային կարգապահության խախտումներ թույլ տալու վերաբերյալ կազմվել են համապատասխան հուշագրեր` «Մեմորանդումներ»։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվոր Նելլի Մկրտչյանի կողմից թույլ են տրվել աշխատանքային կարգապահության խախտումներ, ինչի հետևանքով պատասխանող Ընկերությունը կրել է 45.800 ՀՀ դրամի նյութական վնաս, Դատարանը գտել է, որ աշխատավարձից պահումը կատարվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կարգով։

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի այդ հետևությունը, հաստատված է համարել, որ Նելլի Մկրտչյանի կողմից թույլ են տրվել աշխատանքային կարգապահության խախտումներ, ինչի հետևանքով Ընկերությունը կրել է 45.800 ՀՀ դրամի նյութական վնաս:

Համադրելով սույն գործի փաստերը և վերը կատարված վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների պատճառաբանությունները չեն բխում գործով պարզված փաստերից, քանի որ տվյալ դեպքում առկա չէ աշխատողի նյութական պատասխանատվության հիմքը: Մասնավորապես՝ գործով ձեռք բերված փաստերի համաձայն՝ Նելլի Մկրտչյանն իր ոչ օրինաչափ անգործությամբ՝ անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալով, խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ, 83-րդ հոդվածների պահանջները և առաջացրել է հյուրանոցի հաճախորդների դժգոհությունը, որը վերացնելու և հյուրանոցի հնարավոր վնասները կանխելու նպատակով հաճախորդներին հյուրանոցի հաշվին հյուրասիրություն է առաջարկվել հյուրանոցի տնօրենի հանձնարարությամբ: Վկայակոչված փաստերը գնահատելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդվածի շրջանակներում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Նելլի Մկրտչյանը թույլ չի տվել նշված հոդվածով սահմանված որևէ արարք, որն իր հերթին հանգեցրել է նույն հոդվածով նախատեսված հետևանքների: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն են դատարանների հետևությունները Ընկերության կրած ենթադրյալ վնասի, այդ վնասի և Նելլի Մկրտչյանի վարքագծի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նելլի Մկրտչյանի հայցի մերժումն անհիմն է:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է փաստաբանի վարձատրության խելամտության և բռնագանձման հարցերին: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ կողմերի կողմից ներկայացված փաստաբանի խելամիտ վարձատրությունը՝ որպես դատական ծախս, բռնագանձելու պահանջները կարգավորվում են դատական ծախսերին վերաբերող կանոններով և դատարանների կողմից ենթակա են բռնագանձման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածների պահանջներից ելնելով (տե՛ս «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն ընդդեմ «Փլեյմեդիա» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/3058/02/09 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/1587/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Ելնելով վերոնշյալից և նկատի ունենալով, որ փաստաբանի կողմից սույն գործով ի շահ հայցվորի կատարվել են 03.05.2011 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված դատավարական գործողությունները, ինչպես նաև հաշվի առնելով գործի քննության երկարատևությունը (երկու տարուց ավելի)` Վճռաբեկ դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա 50.000 ՀՀ դրամ գումարը համարում է ողջամիտ և բռնագանձման ենթակա պատասխանողից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել՝ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերությունից հօգուտ Նելլի Մկրտչյանի բռնագանձել 45.000 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձից անհիմն պահված գումար:

2. «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.500 ՀՀ դրամ՝ որպես ներկայացված հայցադիմումի, 1.350 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

«Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերությունից հօգուտ Նելլի Մկրտչյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրություն:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան