Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1091
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2924/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2924/02/11
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝   

Ս. Միքայելյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի և Կարինե Բաղջյանի ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանը պահանջել են պարտավորեցնել Ընկերությանը վերադարձնել 5.528.180 ՀՀ դրամ, որից 5.400.180 ՀՀ դրամը` որպես անհիմն ձեռք բերած գումար, իսկ 128.000 ՀՀ դրամը` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, և պարտավորեցնել Ընկերությանը կատարել 5.400.180 ՀՀ դրամի վրա հաշվարկված տույժի վերահաշվարկ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 26.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից հօգուտ ԱՁ Էդմոնդ Ասատրյանի բռնագանձել 3.505.683 ՀՀ դրամ, որից 3.397.680 ՀՀ դրամը` որպես պարտավորությունների խախտմամբ պատճառված վնասի հատուցում, իսկ 108.003 ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար։ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից հօգուտ Կարինե Բաղջյանի բռնագանձել 2.002.500 ՀՀ դրամ` որպես պարտավորությունների խախտմամբ պատճառված վնասի հատուցում։ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը պարտավորեցնել կատարելու 3.397.680 ՀՀ դրամի և 2.002.500 ՀՀ դրամի վրա հաշվարկված տույժի վերահաշվարկ` համապատասխանաբար այն բռնագանձելով հօգուտ Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի և Կարինե Բաղջյանի, միաժամանակ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել հաշվեգրվելիք տույժերի ընդհանուր հանրագումարի 2 (երկու) տոկոսը` որպես հայցապահանջի բավարարված մասին համապատասխան պետական տուրքի գումար։ Հայցը` մնացած մասով, մերժել` անհիմն լինելու հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջների շրջանակից և հայցը բավարարել է որպես պայմանագրային պարտավորությունների խախտման արդյունքում համահայցվորներին պատճառված վնաս, մինչդեռ համահայցվորները Դատարանից պահանջել էին Ընկերությունից բռնագանձել 5.400.180 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը պարտավոր է հիմնավորել Ընկերության ոչ օրինաչափ վարքագծի, այն է` Ընկերության կողմից կատարված գործողության կամ անգործության առկայությունը, համահայցվորների կողմից կրած վնասների առկայությունը, վնասների և Ընկերության ոչ օրինաչափ վարքագծի (գործողության կամ անգործության) միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, Ընկերության մեղավորությունը։ Դատարանի կողմից հաստատված է համարվել վնասի հատուցման համար պարտադիր պայմաններից միայն մեկը, այն է` վնասի առկայությունը։ Վնասի հատուցման համար պարտադիր մյուս երեք պայմանների առկայությունը սույն գործով Դատարանի կողմից չի ապացուցվել։ Բացի այդ հայցվորների կողմից չեն ներկայացվել համապատասխան ապացույցներ, որոնցով կհաստատվեր սխալ հաշվարկը Ընկերության կողմից կատարված լինելու փաստը։ Ինչ վերաբերում է ներկայացված ապացույցներին, ապա դրանցով չի հաստատվում, որ Ընկերությունը կատարել է որևէ անօրինական (պայմանագրին հակասող կամ պայմանագրով չսահմանված) գործողություն կամ զերծ է մնացել որևէ գործողություն կատարելուց, որը սահմանված է եղել Պայմանագիր 1-ով կամ Պայմանագիր 2-ով։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը որպես վնասի հատուցման պարտադիր պայման պետք է հիմնավորեր, որ Ընկերության մեղքով է, որ հոսանքի տրանսֆորմացիայի գործակիցը պայմանագրում գրանցվել է 40, մինչդեռ փաստացի հոսանքի տրանսֆորմատորը եղել է 20, ինչը համահայցվորների և Դատարանի կողմից չի կատարվել։ Տրանսֆորմատորը փաստացի չի համապատասխանել վերջինիս վրա փակցված պիտակին։ Տվյալ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այդ տրանսֆորմատորն արտադրողի վրա, քանզի հենց վերջինս է, որ տրանսֆորմատորի վրա փակցրել է սխալ գործակցով պիտակ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 01.09.2008 թվականին Ընկերության և Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի միջև կնքվել է թիվ 180-074045 էլեկտրաէներգիայի մատակարարման և բարձր լարման ցանցերից սնվող սպառող (բացառությամբ` բնակչության) պայմանագիրը, որի Հավելված 1-ով սահմանվել է, որ տրանսֆորմացիայի գործակիցը 40 է (գ.թ. 101)։

2) Կարինե Բաղջյանի և Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի միջև 12.09.2008 թվականին կնքվել է բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր, որը ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ ՏՍ-ի կողմից 17.09.2008 թվականին ստացել է պետական գրանցում և տրվել է թիվ 2614051 վկայականը (գ.թ. 97)։

3) Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը 25.09.2008 թվականին դիմում է ներկայացրել Ընկերության մասնաճյուղին` խնդրելով թիվ 180-074045 բաժանորդային քարտը (Կարինե Բաղջյան) անվանափոխել իր անունով (գ.թ. 100)։

4) 13.07.2009 թվականին Ընկերության Փարաքար-2 տեղամասի ճարտարագետ Շ.Հ. Գևորգյանի կողմից կազմված և Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի կողմից ստորագրված և կնքված արձանագրության համաձայն` էլեկտրաէներգիայի հաշվիչ սարքի և հոսանքի տրանսֆորմատորի ստուգաչափման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ վահանակի մեջ տեղադրված հոսանքի տրանսֆորմատորների գործակիցը պայմանագրի մեջ նշված 40-ի փոխարեն իրականում մոնտաժված է 20 գործակցով (գ.թ. 8)։

5) 13.08.2009 թվականին Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանին պատկանող արտադրամասում բաժանորդի խնդրանքով կատարվել է էլ. հաշվարկային սարքերի աշխատանքի վերաբերյալ կրկնակի տեխնիկական զննում, որի կապակցությամբ կազմվել է համապատասխան մասնագիտական արձանագրություն, համաձայն որի` 2005 թվականի մայիսից մինչև 2009 թվականի մայիս ամսվա ժամանակահատվածում հաշվիչը գրանցել է կրկնակի էլեկտրաէներգայի ծախս (գ.թ. 9)։

 6) 18.04.2011 թվականին Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը դիմել է Ընկերությանը` խնդրելով հանձնարարել համապատասխան ծառայություններին կատարելու վերահաշվարկ և հետ վերադարձնելու կրկնակի ավել վճարված գումարները, սակայն պատասխանողի կողմից հայտնվել է. «Ի պատասխան Ձեր 18.04.2011 թվականի թիվ 05-775 գրությանը կապված Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի բաժանորդային քարտում ավել գրանցված ծախսերի հետ` հայտնում ենք, Ընկերության վիճահարույց հարցերի քննարկման հանձնաժողովը, ուսումնասիրելով բաժանորդի կողմից բարձրացված հարցը, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերը, առաջնորդվելով էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 56, 57 կետերի պահանջներով` իր 26.03.2010 թվականի թիվ 03/05 արձանագրությամբ ԱՁ-ի բաժանորդային քարտում 2010 թվականի մարտ ամսին կատարել է 29320 կվտ/ժ և դրան համապատասխան 810.700 ՀՀ դրամի, ինչպես նաև 136.376,71 ՀՀ դրամի տույժի վերահաշվարկ, ուստի ելնելով վերը շարադրվածից` Ձեր խնդրանքը լրացուցիչ վերահաշվարկ կատարելու մասով բավարարել չենք կարող» (գ.թ. 10)։

7) Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի կողմից ներկայացվել է կրկնակի հաշվարկված գումարի հաշվարկ, համաձայն որի` վերադարձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 5.400.180 ՀՀ դրամ, որից 2.002.500 ՀՀ դրամը` Կարինե Բաղջյանի մասով, իսկ 3.397.680 ՀՀ դրամը` ԱՁ Էդմոնդ Ասատրյանի մասով (գ.թ. 109)։

8) 01.06.2005 թվականին, 13.03.2009 թվականին, 13.08.2009 թվականին, 06.10.2008 թվականին կազմված հանման-տեղադրման և հավաքակցման սխեմաների համաձայն` 01.06.2005 թվականին տեղադրվել է հաշվիչ, որը հետագայում համապատասխանաբար փոփոխվել է, սակայն բոլոր սխեմաներում հոսանքի տրանսֆորմատրի գործակիցը նշված է 40 (գ.թ. 118-119)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը վերաբերում է Դատարանի կողմից հայցի իրավական հիմքի շրջանակներից դուրս գալուն:

Նշված հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում ձևավորած հետևյալ դիրքորոշումը.

Հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:

Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Միաժամանակ, հայցի փաստական հիմքը վերջնականորեն որոշում է դատարանը` հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա:

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (ի թիվս այլոց տես` Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հայցի Սուրիկ Սեդրակյանի ընդդեմ Վիգեն Ուրուշանյանի` անհիմն հարստացմամբ ստացած գումարը վերադարձնելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Փաստորեն հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: Հենց հայցի հիմքով ու առարկայով են որոշվում հայցերի նույնությունն ու տարբերությունը միևնույն սուբյեկտային կազմի դեպքում: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու հնարավորությունը, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն իրենից ներկայացնում է այն հանգամանքների փոփոխությունը, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը, դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վահանակի մեջ տեղադրված հոսանքի տրանսֆորմատորների գործակիցը պայմանագրի անբաժանելի մասը կազմող թիվ 1 Հավելվածով սահմանված 40-ի փոխարեն իրականում մոնտաժված է 20 գործակցով, որի արդյունքում 2005 թվականի մայիսից մինչև 2009 թվականի հուլիսի 01-ի ժամանակահատվածի համար ձեռնարկությունում մոնտաժված էլեկտրական հաշվիչ սարքի վրա ֆիքսվել է ծախս` 567.320 կվտ/ժ, որը կազմել է 14.382.134 ՀՀ դրամ, այնինչ իրականում հայցվորների կողմից պետք է վճարվեր 7.191.067 ՀՀ դրամ, ուստի Դատարանը գտել է, որ Ընկերությունից հօգուտ Կարինե Բաղջյանի պետք է բռնագանձել 2.002.500 ՀՀ դրամ, իսկ հօգուտ Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի` 3.397.680 ՀՀ դրամ` որպես պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում պատճառված վնասների հատուցում։

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ համահայցվորների և պատասխանողի (բողոք բերած անձ) միջև առկա են պայմանագրային հարաբերություններ, իսկ բողոք բերած անձը, կրելով հաշվիչի, ինչպես նաև հոսանքի և լարման տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը պայմանագրում նշելու, առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության, իսկ առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումից հետո պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու պարտավորություն, խախտել է այն, որի արդյունքում համահայցվորները կրել են վնաս, ուստի այս իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են պայմանագրային պարտավորության չկատարմամբ կամ ոչ պատշաճ կատարմամբ պատճառված վնասի հատուցման հարցերը կարգավորող պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմերը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-422-րդ հոդվածներ):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանի և Կարինե Բաղջյանի պահանջն ուղղված Ընկերությանը եղել է գումարի բռնագանձումը, ընդ որում, հայցի փաստական հիմքն է եղել այն հանգամանքը, որ Ընկերությունն առանց օրինական հիմքի հայցվորների հաշվին ձեռք է բերել գումար և պարտավոր է այն վերադարձնել որպես անհիմն ձեռք բերած գումար (անհիմն հարստացում) (հայցի իրավական հիմքը), սակայն թե՛ Դատարանը և թե՛ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այս հանգամանքը, որպես պահանջ դիտարկել են պայմանագրային պարտավորությունների խախտման արդյունքում համահայցվորներին պատճառված վնասը:

Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը վեճը լուծելիս կիրառելի են համարել պայմանագրային պարտավորությունների պատշաճ չկատարման հետևանքով պատճառված վնասը կարգավորող դրույթները` չնայած այն հանգամանքին, որ հայցվորը որպես իրավական հիմք նշել էր անհիմն հարստացումը: Արդյունքում Դատարանը դուրս է եկել հայցի իրավական հիմքի շրջանակներից, իսկ Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել դատարանի նման դիրքորոշումը` այդ կերպ թույլ տալով դատավարական իրավունքի խախտում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան