Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.06.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

16 հունիսի 2015 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության` պետական գնումների հարցերով ծառայության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կից ներկայացվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ն.Շ. Ալդաբերգենովին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության՝ պետական գնումների հարցերով ծառայության միջև փոխըմբռնման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Կորեայի Հանրապետության՝ պետական գնումների հարցերով ծառայությունը, այսուհետ՝ Կողմեր,

մտադրություն ունենալով զարգացնել համագործակցությունը պետական գնումների կարգավորման բնագավառում,

ձգտելով ստեղծել կողմերի միջև փոխհարաբերությունների զարգացման համար բարենպաստ պայմաններ,

հիմնվելով հավասարության և փոխադարձ շահի սկզբունքների վրա,

համաձայնություն տալով մրցակցության զարգացման և պետական գնումների թափանցիկության ապահովման կարևորությանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության տնտեսությունների զարգացման նպատակով,

համաձայնեցին հետևյալի մասին.

1. Կողմերը մտադիր են փոխգործակցություն իրականացնել և զարգացնել համագործակցությունը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության տարածքներում կատարվող պետական գնումների (այդ թվում՝ էլեկտրոնային պետական գնումների) վարչարարության գործընթացների կատարելագործմանն աջակցելու նպատակով:

2. Սույն Հուշագրի իրականացման շրջանակներում Կողմերի փոխգործակցությունը կիրագործվի Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և Կորեայի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում հետևյալ եղանակով.

տեղեկությունների և փորձի փոխանակում՝ պետական գնումների կարգավորման և պետական գնումների շուկաների գործունեության բնագավառում, ներառյալ համապատասխան բնագավառներում լավագույն վարչարարական գործելակերպերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը,

իրավական կարգավորման, էլեկտրոնային պետական գնումների համակարգերի ապահովման տեխնոլոգիաների և կատարելագործման հարցերով խորհրդակցությունների անցկացում,

համատեղ մոնիթորինգի և պետական գնումների բնագավառում այլ հետազոտությունների անցկացում,

այցելությունների, սեմինարների և համաժողովների անցկացում,

մասնակցություն Կողմերի կողմից կազմակերպվող ցուցահանդեսներին, կրթական, ստաժավորման ծրագրերին, այդ թվում՝ որակավորման բարձրացման ծրագրերին, դասընթացներին և պետական գնումների բնագավառի հարցերին առնչվող այլ միջոցառումներին,

փոխգործակցության այլ ձևեր՝ ըստ կողմերի համաձայնության:

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

4. Սույն հուշագրի իրականացման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

5. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

6. Սույն Հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։

7. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն Հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն Հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Ստորագրված է քաղաքում 2015 թվականի « »-ին, երկու օրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերենով, անգլերենով և կորեերենով:

Տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կողմից

Կորեայի Հանրապետության պետական գնումների
հարցերով ծառայության կողմից