Գլխավոր տեղեկություն
Համար
N 1141-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2013.10.23/17(25) Հոդ.1030
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 1141-Ն

 

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՔԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՅԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀՆԷԱԲԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՄՅՈՒՍ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 17-ի N 1141-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՄԵՐԿԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀԱՆՔԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՅԱՑՈՒՄՆԵՐԻ, ՀՆԷԱԲԱՆԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԸՆԴԵՐՔԻ ՄՅՈՒՍ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի (այսուհետ` երկրաբանական հազվագյուտ օբյեկտներ) պահպանության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող երկրաբանական հազվագյուտ օբյեկտները ներառում են հետևյալ հասկացությունները`

1) երկրաբանական մերկացումներ` շերտատիպարային և հենակետային նշանակության կտրվածքներ.

2) հանքաբանական գոյացումներ` հանքավայրում տեղամասեր, որտեղ հայտնաբերված են էնդեմիկ, եզակի, հազվագյուտ և ռելիկտային կենդանական կամ բուսական մնացորդներով հանածոներ, լեռնային ապարներ և օգտակար հանածոներ` սահմանափակ քանակությամբ հազվագյուտ միներալների պարունակություններով.

3) հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի տեղամասեր` մերկացումներ, որոնցից վերցված են լավ պահպանված եզակի նմուշների տեսակներ (հոլոտիպեր և այլն) կամ լավ պահպանված եզակի քարացումների ու բրածոների առկայությամբ.

4) բնական լճեր` որոնք առաջանում են ստորերկրյա ջրերի բեռնաթափման արդյունքում.

5) բնական աղբյուրներ` որոնք ձևավորվում են հազվագյուտ կամ գեղատեսիլ քարանձավներում.

6) կարստեր կամ կարստային քարանձավներ` որոնք առաջանում են ստորերկրյա և մակերևութային ջրերի ներգործության հետևանքով լուծվող ապարներում:

3. Ընդերքօգտագործողը երկրաբանական հազվագյուտ օբյեկտ հայտնաբերելու դեպքում մինչև համապատասխան հանձնախմբի կողմից եզրակացության տրամադրումը Երկրաբանական հազվագյուտ օբյեկտ հայտնաբերած տեղամասում դադարեցնում է աշխատանքները և 14 օրվա ընթացքում գրությամբ դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

4. Ընդերքօգտագործողը լիազոր մամնին ներկայացված գրության մեջ նշում է երկրաբանական հազվագյուտ օբյեկտի մասին հետևյալ տվյալները` անվանումը, գտնվելու վայրը, չափերը և այլ տեղեկություններ ընդերքօգտագործողի հայեցողությամբ:

5. Ընդերքօգտագործողից ստացված գրության հիման վրա, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով, 5 աշխատանքային օրվա ընթացքում ստեղծվում է հանձնախումբ` ըստ անհրաժեշտության ներառելով համապատասխան ոլորտների պետական լիազոր մարմինների ներկայացուցիչներին գրության մեջ նշված երկրաբանական հազվագյուտ օբյեկտի ուսումնասիրությունն իրականացնելու և համապատասխան կարգավիճակ տալու նպատակով:

6. Հանձնախումբը համապատասխան ուսումնասիրություններ կատարելուց հետո 10 օրվա ընթացքում տալիս է եզրակացություն տվյալ օբյեկտի վերաբերյալ:

7. Եթե հանձնախումբը տալիս է դրական եզրակացություն, ապա ընդերքօգտագործողի կողմից զբաղեցված տարածքում արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն, որն սպառնում է տվյալ օբյեկտի պահպանությանը: Ընդերքօգտագործողը պարտավորվում է դիմել լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

8. Եթե հանձնախումբը տալիս է բացասական եզրակացություն, ապա ընդերքօգտագործողը կարող է վերսկսել աշխատանքները:

9. Նշված եզրակացության հիման վրա կատարվում են հայտնաբերված հազվագյուտ երկրաբանական օբյեկտի գրանցում ու հաշվառում:

10. Եթե երկրաբանական հազվագյուտ օբյեկտն ընդերքին վերաբերող թանգարանային նմուշ է, ապա այն հանձնվում է լիազոր մարմնին` ցուցադրման նպատակով:

11. Եթե երկրաբանական հազվագյուտ օբյեկտը «Բնության հուշարձան» է, ապա դրա հաշվառումն ու պահպանությունն իրականացվում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Նշված դեպքում ընդերքօգտագործողը դիմում է լիազոր մարմնին` ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի փաթեթում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան