Գլխավոր տեղեկություն
Համար
N 1299-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.04/64(1004).1 Հոդ.1135.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1299-Ն

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1299-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆՄՈՒՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները սահմանվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

3. Չափման միջոցը, որպես ազգային չափանմուշ, ճանաչվում է Չափագիտության ազգային մարմնի կողմից:

4. Չափանմուշների պաշտոնական ճանաչումը, պահպանումը, մեծության միավորի չափի փոխանցումը որոշվում է` կախված միավորի վերարտադրումից, չափագիտական բնութագրերից և տվյալ ոլորտում չափումների միասնականության ապահովման համար դրանց նշանակությունից, ինչպես նաև չափանմուշի գիտական պահապանների կարգավիճակից:

5. Չափանմուշ ունեցող կազմակերպությունը` որպես ազգային` ելակետային չափանմուշ ճանաչելու մասին հայտը (այսուհետ` հայտ)` կից փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Չափագիտության ազգային մարմին:

6. Հայտը գրանցելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Չափագիտության ազգային մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է 5 անձից բաղկացած աշխատանքային խումբ` կազմված ոլորտային գիտատեխնիկական հաստատությունների համապատասխան մասնագետներից` ըստ ներկայացված չափանմուշի տեսակի:

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված հայտին կից փաստաթղթերը ներառում են`

1) չափանմուշի անձնագիրը.

2) չափանմուշի պահպանման և կիրառման կանոնները, չափանմուշի տրամաչափարկման արդյունքները (Չափումների միասնականության ապահովման համակարգով ճանաչված, Ազգային չափանմուշների փոխադարձ ճանաչման և համարժեքության համաձայնագրի (CIPM MRA 1999թ.) մասնակից երկրի ճանաչված ազգային չափանմուշից հետևելիությունն ապահովող տրամաչափարկման արդյունքները).

3) չափանմուշի պահապանի աշխատանքային և գիտական փորձառության ամփոփագիրը:

9. Չափանմուշի պահապանը տվյալ կազմակերպության աշխատող է, գիտնական, ով կրում է պատասխանատվություն չափանմուշի ճիշտ օգտագործման, պահպանման, կատարելագործման համար և իրականացնում է չափանմուշի միավորի արժեքի փոխանցումը:

10. Աշխատանքային խումբն ուսումնասիրում է ճանաչման ներկայացված չափանմուշը (այսուհետ` չափանմուշ), դրա կազմի մեջ մտնող չափման միջոցները, չափանմուշի և չափանմուշի ճանաչման համար սույն կարգի 7-րդ կետով ներկայացված փաստաթղթերը:

11. Ուսումնասիրության արդյունքում աշխատանքային խումբը մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում Չափագիտության ազգային մարմնին տալիս է եզրակացություն` չափագիտական բնութագրերին տվյալ չափանմուշի համապատասխանության վերաբերյալ և ազգային ելակետային չափանմուշ ճանաչելու հնարավորության մասին` հիմք ընդունելով սույն կարգի 15-րդ կետում նշված չափանիշները:

12. Չափագիտության ազգային մարմինն աշխատանքային խմբի բացասական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմող կազմակերպությանն է ներկայացնում մերժման վերաբերյալ որոշումը, որում նշվում է, թե սույն կարգի 15-րդ կետի չափանիշներից որոնք չեն բավարարվել և ինչ պատճառներով:

12. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերի ձևը սահմանում է Չափագիտության ազգային մարմինը:

13. Չափագիտության ազգային մարմինն աշխատանքային խմբի դրական եզրակացության դեպքում աշխատանքային խմբի կողմից չափանմուշի հետազոտության արդյունքները, սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը և ազգային` ելակետային չափանմուշ ճանաչելու հնարավորության մասին որոշումը ներկայացնում է քննարկման Չափագիտության ազգային մարմնի գիտական խորհրդին (այսուհետ` ԳԽ):

14. ԳԽ-ն 20 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է չափանմուշի ճանաչման համար ներկայացված փաստաթղթերը և ազգային` ելակետային չափանմուշ ճանաչելու հնարավորության մասին եզրակացությունը: ԳԽ-ի կողմից ուսումնասիրվում են չափանմուշի չափագիտական և տեխնիկական բնութագրերը:

15. Չափանմուշն ազգային ելակետային է ճանաչվում, եթե նրա չափագիտական պարամետրերը, ճշտության դասը, նրա արժեքներն ամենաբարձրն են կամ համեմատական են Հայաստանի Հանրապետությունում առկա տվյալ չափման տեսակի ելակետային չափման միջոցի չափագիտական բնութագրերին, և չափանմուշի տեխնիկական հնարավորություններն ապահովում են չափանմուշի չափի փոխանցման և պահպանման նախընտրելի պայմաններ և Հայաստանի Հանրապետությունում տվյալ չափման տեսակի համար ներկայացված չափանմուշի եզակիության, իր չափագիտական և տեխնիկական բնութագրերով միջազգային բաղդատումներում ներկայանալիության դեպքում:

16. Ուսումնասիրության բացասական արդյունքների դեպքում ԳԽ-ի նախագահը Չափագիտության ազգային մարմնի ղեկավարին ներկայացնում է չափագիտական և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ պատճառաբանված մերժման նախագիծ, որում նշվում է, թե սույն կարգի 15-րդ կետի չափանիշներից որոնք չեն բավարարվել և ինչ պատճառներով:

17. Դրական արդյունքների դեպքում ԳԽ-ի նախագահը հաստատում է չափանմուշի կիրառման, պահպանման կանոնները, չափանմուշի գիտական պահապանի նշանակման համար երաշխավորագիրը և աշխատանքային խմբի որոշման հետ ներկայացնում է որոշման նախագիծ Չափագիտության ազգային մարմնի ղեկավարին` հաստատման:

18. Չափանմուշը որպես ազգային` ելակետային ճանաչվում է, և ազգային չափանմուշի գիտական պահապանը նշանակվում է Չափագիտության ազգային մարմնի ղեկավարի հրամանով, որում նաև հիմնավորում է չափանմուշի համապատասխանությունը սույն կարգի 15-րդ կետում նշված չափանիշներին:

19. Չափագիտության ազգային մարմնի ղեկավարի հրամանը` չափանմուշը որպես ազգային` ելակետային չափանմուշ ճանաչելու վերաբերյալ, Չափագիտության ազգային մարմնի ԳԽ-ի կողմից հաստատված փաստաթղթերը, տրամաչափարկման մասին վկայականները պահվում են չափանմուշի պահպանման լաբորատորիայում:

20. Տրամաչափարկման արդյունքները գրանցվում են հատուկ մատյանում և չափանմուշների անձնագրերում:

21. Տրամաչափարկման արդյունքների գրանցման մատյանի ձևը և վարման կարգը հաստատում է Չափագիտության ազգային մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան