Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1108
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.25/52(992) Հոդ.861
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2013 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված` «Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների՝ մի կողմից, և Հայաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի՝ Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի` Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրությունն ստորագրվել է 2012թ. դեկտեմբերի 17-ին` Բրյուսելում:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռվում մասնակցելու Եվրոպական միության այն բոլոր ընթացիկ և հետագա ծրագրերին, որոնք բաց են Հայաստանի Հանրապետության մասնակցության համար` համաձայն այդ ծրագրերի հաստատման վերաբերյալ համապատասխան դրույթների:

 

2. Արձանագրության համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) կատարել ֆինանսական ներդրում Եվրոպական միության ընդհանուր բյուջեում` այն կոնկրետ ծրագրերին համապատասխան, որոնց մասնակցում է,

բ) սահմանել Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև Փոխըմբռնման հուշագրում (հետագայում կնքվելիք) յուրաքանչյուր կոնկրետ ծրագրին Հայաստանի մասնակցությանն առնչվող հատուկ դրույթներն ու պայմանները, մասնավորապես` վճարման ենթակա ֆինանսական ներդրումը և հաշվետվությունների ու գնահատման ընթացակարգերը` հիմք ընդունելով տվյալ ծրագրերի կողմից հաստատված չափանիշները:

 

3. Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով կողմերի` միմյանց ծանուցելու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը:

 

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված` «Եվրոպական համայնքների և դրանց անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրի` Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 սեպտեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1108