Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.965
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.07.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում 

Վարչական գործ թիվ ՎԴ/8645/05/11

Վարչական գործ թիվ ՎԴ/8645/05/11

2013 թ.

Նախագահող դատավոր՝   Գ. Ղարիբյան

Դատավորներ՝   

Ա. Աբովյան
 

Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի հուլիսի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանի (այսուհետ՝ Ընկերության տնօրեն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ Տեսչության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով ՀՀ վարչական դատարան՝ Ընկերության տնօրենը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 26.07.2011 թվականի թիվ 155947 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 24.10.2012 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.03.2013 թվականի որոշմամբ Ընկերության տնօրենի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.10.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրենը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 83.5-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի 2-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.14-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Տեսչության կողմից 26.07.2011 թվականին ընդունված որոշմամբ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի հատկանիշներով, մինչդեռ 26.07.2011 թվականի դրությամբ գործող նշված նորմն առաջացնում էր տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով: Մինչև 01.04.2011 թվականը գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածով որպես տուգանքի չափ նախատեսված էր սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկը: Վիճարկվող որոշումը կայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մինչև 01.04.2011 թվականի խմբագրությամբ գործող 170.12-րդ հոդվածի հիման վրա՝ Տեսչությունը հայցվորին պատասխանատվության է ենթարկել չգործող նորմով: Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը, գտել է, որ 600.000 ՀՀ դրամի փոխարեն 300.000 ՀՀ դրամի տույժի կիրառումը չի վկայում վարչական պատասխանատվության ենթարկված անձի որևէ իրավունքի և ազատության խախտման մասին, ուստի այդպիսի իրողությունը վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու հիմք չէ: Մինչդեռ, բողոք բերող անձի պնդմամբ որոշումը, որն ընդունվել է ուժը կորցրած նորմի հիման վրա, ենթակա է անվավեր ճանաչման:

Ըստ բողոք բերող անձի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի հիման վրա անձը կարող է պատասխանատվության ենթարկվել դրանում նշված ապրանքների իրացման համար, մինչդեռ վիճարկվող որոշմամբ ինքը պատասխանատվության է ենթարկվել ցուցասրահում ապրանքները ցուցադրելու համար: Վերաքննիչ դատարանը վկայակոչված նորմի վերաբերյալ կատարել է սխալ եզրահանգում՝ վերահաստատելով Դատարանի այն դիրքորոշումը, որ այդ նորմի հիման վրա պատասխանատվությունը ծագում է ոչ միայն դրանում նշված ապրանքի ուղղակի վաճառքի, այլ նաև վաճառասրահի հատուկ կահավորված վայրում՝ վաճառելու համար, հաճախորդներին տեսանելի մասում ցուցադրելու համար:

Բողոք բերող անձի պնդմամբ չեն պարզվել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են ալկոհոլային խմիչքների նկատմամբ օֆերտա անելու և դրանք իրացնելու փաստերը, ինչի պարագայում Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել պատճառաբանված:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշումը և այն փոփոխել՝ բավարարելով Ընկերության տնօրենի հայցը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների կամ ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների շրջանառության, ինչպես նաև ապրանքների դրոշմավորման կարգի պահպանման նկատմամբ իրականացված հսկողություն իրականացնելու մասին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 24.02.2011 թվականի թիվ 67-Ա հրամանի հիման վրա Ընկերությունում իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված խախտման վերաբերյալ 17.03.2011 թվականի արձանագրությամբ արձանագրվել է, որ Ընկերությանը պատկանող «Cucina» իտալական խոհանոցի խմիչքների ցուցասրահում առկա էր 2005-2007 թվականներին թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված թվով 9 շիշ ալկոհոլային խմիչք (գ. թ. 8):

2) Տեսչության 26.07.2011 թվականի թիվ 155947 որոշմամբ Ընկերության տնօրենը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի համաձայն ենթարկվել է տուգանքի՝ 300.000 դրամի չափով: Որոշման մեջ նշված է. ««Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ին պատկանող «Cucina» իտալական խոհանոցի ցուցասրահում նախատեսված խմիչքների համար իրացման նպատակով ցուցադրել է 2005, 2006, 2007թթ. թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված թվով 9 շիշ ալկոհոլային խմիչքներ» (գ. թ. 9):

3) Ընկերության տնօրենի կողմից Տեսչության 26.07.2011 թվականի թիվ 155947 որոշման դեմ բերվել է վարչական բողոք (գ. թ. 11-13):

4) Վարչական բողոքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի կողմից քննության չի առնվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածով նախատեսված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ (գ. թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Քննության առարկա վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է.

- վարչական պատասխանատվություն սահմանող նորմերի՝ ժամանակի մեջ գործողության խնդրի հստակեցումը,

- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի բովանդակության մեկնաբանությունը՝ այդ նորմի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակով:

ա) ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե սույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:

Վերոհիշյալ իրավանորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

- եթե վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքը նախատեսում է ավելի խիստ պատասխանատվություն (պատասխանատվությունը խստացնող օրենք), քան նախատեսված էր իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքով, ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան,

- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան, եթե պատասխանատվությունը մեղմացնող օրենքով վերջինիս հետադարձ ուժ տրված չէ,

- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքին համապատասխան, եթե այդ օրենքով վերջինիս տրված է հետադարձ ուժ,

- եթե վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքն ուժը կորցնում է, այսինքն՝ տվյալ վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը վերացվում է, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 247-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, եթե պատասխանատվությունը վերացնող օրենքով վերջինիս տրված է հետադարձ ուժ,

- եթե վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքն ուժը կորցնում է, այսինքն՝ տվյալ վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը վերացվում է, ապա անձը ենթակա է պատասխանատվության վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան, եթե պատասխանատվությունը վերացնող օրենքով վերջինիս հետադարձ ուժ տրված չէ:

Սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում կարևորվում է նաև վարչական իրավախախտում կատարելու ժամանակը որոշելու խնդիրը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ, ի թիվս այլ տեղեկությունների, նշվում է վարչական իրավախախտում կատարելու ժամանակը:

Նույն օրենսգրքի 37-րդ հոդվածին համապատասխան վարչական տույժ նշանակելու ժամկետները հաշվելու համար որպես ելակետ հիմք է ընդունվում վարչական իրավախախտումը կատարելու օրը, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում՝ այն բացահայտելու օրը:

Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտումը կատարելու ժամանակը որոշելու համար հիմք պետք է ընդունվի իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում նշված՝ իրավախախտման կատարման ժամանակը: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, այն է՝ 170.5-րդ, 189.7-րդ հոդվածներով, 198.2-րդ հոդվածի հինգերորդ մասով և 257-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, երբ արձանագրություն չի կազմվում, վարչական իրավախախտում կատարելու ժամանակը որոշվում է՝ հիմք ընդունելով օրենսգրքի 251-րդ հոդվածում նշված մյուս ապացույցները:

Սույն գործի փաստական հանգամանքները վկայում են, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն իրավասու անձանց կողմից կազմվել է 17.03.2011 թվականին, որում որպես իրավախախտման կատարման ժամանակ է նշված 17.03.2011 թվականը: Ընդ որում, հայցվորն այս ամսաթվի վերաբերյալ որևէ առարկություն չունի: Ավելին, վաղեմության երկամսյա ժամկետը հաշվարկելու համար հայցվորը Դատարանին ներկայացրած իր փաստարկներում հիմք է ընդունել նշված ամսաթիվը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ նշված արձանագրությունը կազմելու պահի դրությամբ գործած խմբագրությամբ, որպես տուգանքի չափ էր նախատեսում սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկը: Նշված չափը փոփոխվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 22.12.2010 թվականի թիվ ՀՕ-12-Ն օրենքով: Վերջինս ուժի մեջ է մտել 01.04.2011 թվականից: Ըստ նշված օրենքի՝ տուգանքի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկ չափը փոխարինվել է 600-ապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածով նախատեսված 17.03.2011 թվականին արձանագրված վարչական իրավախախտման համար հայցվորի նկատմամբ տուգանք է նշանակվել 26.07.2011 թվականին Տեսչության պետի Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 155947 որոշմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում, որ իրավախախտումը տեղի է ունեցել 17.03.2011 թվականին, իսկ դրանից հետո (01.04.2011 թվականին) ուժի մեջ մտած և 170.12-րդ հոդվածը նոր խմբագրությամբ վերաշարադրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի կողմից 22.12.2010 թվականին ընդունված ՀՕ-12-Ն ՀՀ օրենքով տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը խստացվել է:

Հիմք ընդունելով նշված հանգամանքները և վերոհիշյալ իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի նկատմամբ կիրառելի է տուգանքի այն չափը, որը նախատեսված է եղել մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 01.04.2011 թվականին ուժի մեջ մտնելը, այն է՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 300-ապատիկը, քանզի նշված օրենքը հանդիսանում է պատասխանատվությունը խստացնող օրենք: Հետևաբար, պատասխանողի կողմից վարչական պատասխանատվության վերաբերյալ 26.07.2011 թվականի որոշմամբ օրենսգրքի 170.12-րդ հոդվածը մինչև 01.04.2011 թվականը գործած խմբագրությամբ կիրառելը եղել է իրավաչափ: Հակառակ դեպքում հայցվորի նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի կողմից 22.12.2010 թվականին ընդունված ՀՕ-12-Ն ՀՀ օրենքով նախատեսված տուգանքի չափի կիրառումը կնշանակեր հետադարձ ուժ տալ պատասխանատվությունը խստացնող օրենքին, ինչը կհանդիսանար ինչպես ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի, այնպես էլ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում:

Վճռաբեկ դատարանն իրավաչափ համարելով հայցվորի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի մինչև 01.04.2011 թվականը գործած խմբագրությամբ կիրառումը, ելնելով վերոհիշյալ հիմնավորումներից՝ անընդունելի է համարում այդ նորմի կիրառելիության վերաբերյալ Դատարանի և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկին, որ «…ուժը կորցրած իրավական ակտը կիրառելը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի համաձայն բոլոր դեպքերում առաջացնում է պատասխանատվություն (կարգապահական, վարչական կամ քրեական)», ապա դա հայցվորի՝ նշված նորմի սուբյեկտիվ մեկնաբանության արդյունքն է: Նման մեկնաբանությունը հակասության մեջ է մտնում ինչպես ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասի, 42-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, այնպես էլ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի ողջ տրամաբանության հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասում խոսքը վերաբերում է «Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտին»: Օրենքի վերլուծությունը վկայում է, որ այդ օրենքի համաձայն իրավաբանական ուժ չունեցող ակտեր են համարվում, մասնավորապես, ՀՀ Սահմանադրությամբ և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով չնախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերը (6-րդ հոդվածի 3-րդ մաս), համապատասխան հղում չունեցող կամ սխալ հղումով գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը (43-րդ հոդվածի 4-րդ մաս), «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերը (46-րդ հոդվածի 3-րդ մաս): Մինչդեռ կիրառման պահին ուժը կորցրած օրենքը, որն օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան կիրառելի է տվյալ իրավահարաբերության նկատմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմաստով չի կարող համարվել իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտ:

Վերոնշյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի նշված փաստարկը հիմնավոր չէ:

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի դիսպոզիցիան սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` որոշակի թվագրումով դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը»:

Մանրածախ առևտրի հետ կապված առանձնահատկությունները կանոնակարգվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ «Մանրածախ առուվաճառք» վերտառությամբ պարագրաֆով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 510-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապրանքի ցուցադրումը վաճառքի վայրում (վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում և այլն), դրանց նմուշների ցուցադրումը կամ վաճառվող ապրանքների մասին դրանց վաճառքի վայրում տեղեկություններ (նկարագրություններ, կատալոգներ, ապրանքների լուսանկարներ և այլն) տրամադրելը համարվում է հրապարակային օֆերտա, անկախ այն բանից, դրանցում նշված են ապրանքի գինը և մանրածախ առուվաճառքի պայմանագրի մյուս էական պայմանները, թե ոչ, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը պարզորոշ սահմանել է, որ համապատասխան ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար:

Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածով նախատեսված զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է ոչ միայն այդ հոդվածում նշված ապրանքներն ուղղակի վաճառելով (իրացնելով): Նշված իրավադրույթում օգտագործված «իրացնել» եզրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ նեղացվի այդ երևույթի բովանդակությունը: Իրացումը ոչ միայն կոնկրետ ապրանքը փաստացի վաճառելն է` գնորդին հանձնելը և դրա դիմաց գումար ստանալը, այլև այդպիսի գործարքի իրականացմանն ուղղակիորեն նախորդող գործընթացը ևս, մասնավորապես` ապրանքի վաճառքի վերաբերյալ հայտարարելը, օֆերտայի հրավեր անելը, ապրանքը, որպես վաճառքի ենթակա, ցուցադրելը և այլն: Հետևաբար ապրանքները հաճախորդներին տեսանելի վայրերում, այն է՝ վաճառասրահում, վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում, ցուցասրահում և այլն, վաճառքի նպատակով ցուցադրելը ևս ներառվում է հիշատակված զանցակազմի օբյեկտիվ կողմում:

Այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի հիման վրա անձը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել նաև այդ հոդվածում նշված ապրանքը վաճառելու նպատակով՝ հաճախորդների համար տեսանելի վայրում ցուցադրված լինելու հանգամանքի առկայության դեպքում։ ՎաՃառելու նպատակը բացակայում է, եթե վաճառողը պարզորոշ սահմանել է, որ համապատասխան ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար: Այսինքն՝ օրենսգրքի նշված հոդվածի հիման վրա վարչական պատասխանատվություն չի կարող ծագել, եթե վաճառողը տվյալ ապրանքը ցուցադրելով հաճախորդների համար տեսանելի վայրում՝ միաժամանակ պարզորոշ կերպով սահմանել է, որ այդ ապրանքը վաճառքի համար նախատեսված չէ:

Հիմք ընդունելով վերոհիշյալ մեկնաբանությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստն է ալկոհոլային խմիչքների՝ հաճախորդներին տեսանելի վայրում վաճառքի նպատակով ցուցադրված լինելու հանգամանքը:

Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված ընդհանուր կանոնի համաձայն՝ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում:

Ապացուցման վերոհիշյալ կանոնին համապատասխան՝ հաճախորդներին տեսանելի վայրում խմիչքների ցուցադրված լինելու հանգամանքը Դատարանն ապացուցված է համարել՝ հիմք ընդունելով հայցվորի ներկայացուցչի կողմից այդ փաստը չվիճարկելու հանգամանքը: Այս առնչությամբ Դատարանի 24.10.2012 թվականի վճռում, մասնավորապես, արձանագրված է. «Հայտնաբերված ապրանքները վաճառասրահի հատուկ կահավորված՝ հաճախորդներին տեսանելի վայրում ցուցադրված լինելու փաստն ընդունվեց նաև հայցվորի ներկայացուցչի կողմից» (գ. թ. 78):

Ինչ վերաբերում է վաճառելու նպատակի առկայության հանգամանքը պարզելուն, ապա Վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 510-րդ հոդվածի 2-րդ կետի համադրված վերլուծության արդյունքում արձանագրում է, որ վաճառելու նպատակը բացակայում է, եթե վաճառողը պարզորոշ սահմանել է, որ համապատասխան ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համակցված 26-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, կողմը կրում է իր պահանջները կամ առարկությունները հիմնավորելու պարտականություն: Տվյալ դեպքում նշված նորմերին համապատասխան հայցվորից պահանջվում էր հիմնավորել, որ ալկոհոլային խմիչքները հաճախորդների համար տեսանելի վայրում ցուցադրելով՝ իր կողմից պարզորոշ սահմանվել է, որ դրանք վաճառքի համար նախատեսված չեն:

Հայցվորի կողմից նշված հանգամանքը հիմնավորելու համար ներկայացված միակ ապացույցն ալկոհոլային խմիչքների վրա գնանշման բացակայությունն է: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 510-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մանրածախ առևտրի դեպքում գնանշումը չի համարվում հրապարակային օֆերտայի պարտադիր պայման: Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170.12-րդ հոդվածը ևս հնարավոր է համարում դրանում նշված ապրանքների իրացումն առանց գնանշման: Այդ մասին է վկայում նշված հոդվածում «եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով» ձևակերպումը: Ելնելով նշված իրավակարգավորումից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնանշման բացակայությունը չի վկայում այն մասին, որ հայցվորը պարզորոշ կերպով սահմանել է, որ ցուցադրված ապրանքը վաճառքի համար նախատեսված չէ:

Հետևաբար Դատարանի եզրահանգումը ցուցասրահում առկա ալկոհոլային խմիչքների վաճառքի նպատակով ցուցադրված լինելու հանգամանքի վերաբերյալ հիմնվում է գործում առկա ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ գնահատման վրա:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի նշված փաստարկը ևս անհիմն է:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը անփոփոխ թողնելու լիազորությունը սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.03.2013 թվականի որոշումը թողնել անփոփոխ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան