Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.957
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.07.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0276/02/11

2013 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0276/02/11

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

                    Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հուլիսի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վոլոդյա Հայրապետյանի և նրա ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ Վոլոդյա Հայրապետյանի հայցի ընդդեմ Վանիկ, Արփինե, Գրետա, Անի Հայրապետյանների, Աննա Ֆաֆուրյանի` անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին, ինչպես նաև Վանիկ Հայրապետյանի, Աննա Ֆաֆուրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Վոլոդյա Հայրապետյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վոլոդյա Հայրապետյանը պահանջել է փոխհատուցմամբ դադարեցնել Աննա Ֆաֆուրյանի, Վանիկ, Արփինե, Անի, Գրետա Հայրապետյանների օգտագործման իրավունքը ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող ըստ ներկայացված հատակագծի` թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5քմ և թիվ 9-7,9քմ միջանցքի նկատմամբ և տան կիսանկուղային հարկից թիվ 1-23,0քմ սենյակի նկատմամբ, ինչպես նաև Աննա Ֆաֆուրյանին, Վանիկ, Արփինե, Անի, Գրետա Հայրապետյաններին վտարել ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող ըստ ներկայացված հատակագծի` թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5քմ և թիվ 9-7,9քմ միջանցքից, կիսանկուղային հարկի թիվ 1-23,0քմ, թիվ 4-12,8քմ, թիվ 5-17,6քմ, թիվ 6-24քմ ոչ բնակելի մակերեսներից և 1395քմ տնամերձ հողամասից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վանիկ Հայրապետյանը և Աննա Ֆաֆուրյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր փողոցի թիվ 22 (նախկինում 24) հասցեում գտնվող ըստ հատակագծի` թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5քմ սենյակների, թիվ 9-7,9քմ միջանցքի, կիսանկուղային հարկի թիվ 1-23,0քմ, թիվ 4-12,8քմ, թիվ 5-17,6քմ և թիվ 6-24քմ ոչ բնակելի մակերեսների նկատմամբ և նույն տարածքների մասով անվավեր ճանաչել Վոլոդյա Հայրապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 23.10.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2013 թվականի որոշմամբ Վանիկ Հայրապետյանի և Աննա Ֆաֆուրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 23.10.2012 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այդ մասով փոփոխվել` հայցը մերժվել է: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վոլոդյա Հայրապետյանը և նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Վանիկ Հայրապետյանը և Աննա Ֆաֆուրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 130-132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.11.2005 թվականի վճռով հաստատված հանգամանք է, որ Վոլոդյա Հայրապետյանի սեփականության իրավունքն է ճանաչվել ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող տան, տնամերձ հողամասի և սեփականաշնորհված հողամասի 2/3-րդ բաժնի նկատմամբ, այն է` 1-ին հարկի թիվ 4-14,5քմ, թիվ 5-17,22քմ, թիվ 6-12,6քմ, թիվ 7-13,9քմ, թիվ 8-13,80քմ, թիվ 9-7,90քմ սենյակների, տան կիսանկուղային հարկից թիվ 4-12,8քմ, թիվ 5-17,6 քմ, թիվ 6-24,0քմ, թիվ 1-23,0քմ ոչ բնակելի մակերեսների նկատմամբ, իսկ թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5քմ սենյակները և թիվ 9-7,9քմ միջանցքը թողնվել է Վանիկ Հայրապետյանի ընտանիքին օգտագործման իրավունքով: Նշված մակերեսներից թիվ 1-23,0քմ մակերեսը թողնվել է կողմերին համատեղ օգտագործման իրավունքով: Ընդ որում, նշված վճռից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, և 15.06.2006 թվականին Վոլոդյա և Վանիկ Հայրապետյաններին տրվել է բաժնային սեփականության իրավունքով գրանցված թիվ 2225727 վկայականը, որով գրանցվել է նաև Վանիկ Հայրապետյանի ընտանիքին օգտագործման իրավունքով հատկացված թիվ 8-13,80քմ, թիվ 4-14,50քմ սենյակները, թիվ 9-7,90քմ միջանցքը, ինչպես նաև Վոլոդյա Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 1-ին հարկի կիսանկուղային հարկից թիվ 1-23,00քմ սենյակը համատեղ օգտագործման իրավունքով հատկացված լինելու փաստը: Հետևաբար, ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.11.2005 թվականի վճռով արդեն իսկ հստակ սահմանված մակերեսներով սենյակները և միջանցքն օգտագործման իրավունքով Վանիկ Հայրապետյանի ընտանիքին հատկացված լինելու և դրանից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկված լինելու պայմաններում բացակայում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանության անհրաժեշտությունը, որ «կողմերի բաժնեմասերը փաստացի առանձնացված չեն»:

Ավելին, Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքների առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված կարգով բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը փոխհատուցում տրամադրելու միջոցով չդադարեցնելու պարագայում խախտել է սեփականատիրոջ` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության և արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.10.2012 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, համապատասխան իրավական նորմերի կիրառմամբ, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.11.2005 թվականի վճռով Վոլոդյա Հայրապետյանի հայցը և Վարդուհի Հայրապետյանի հայցը բավարարվել են մասնակիորեն, իսկ Վանիկ Հայրապետյանի հակընդդեմ հայցը բավարարվել է ամբողջությամբ: Վճռվել է ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող տան ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վեդու տարածքային ստորաբաժանման կողմից 24.08.2001 թվականի Հայրապետ Հայրապետյանի, Նինա Հայրապետյանի, Վոլոդյա Հայրապետյանի և Վարդուհի Ղազարյանի անվամբ տրված թիվ 872486 համարի բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և 15.11.2002 թվականի Հայրապետ Հայրապետյանի, Նինա Հայրապետյանի, Վոլոդյա Հայրապետյանի և Վարդուհի Ղազարյանի անվամբ տրված թիվ 855179 և թիվ 855178 համարի սեփականաշնորհված հողամասերի իրավունքի գրանցման վկայականները Վարդուհի Ղազարյանի մասով ճանաչել անվավեր և այդ տան, տնամերձ ու սեփականաշնորհված հողամասի սեփականատեր ճանաչել հանգուցյալ Հայրապետ Հայրապետյանին, հանգուցյալ Նինա Հայրապետյանին և Վոլոդյա Հայրապետյանին` յուրաքանչյուրին 1/3 մասի չափով, հանգուցյալ Նինա Հայրապետյանի մահվանից հետո թողնված գույքի նկատմամբ ճանաչել Վանիկ, Վոլոդյա և Վարդուհի Հայրապետյանների ժառանգության իրավունքը և հաշվի առնելով, որ Վարդուհի Հայրապետյանի մասը չնչին է, Վանիկ Հայրապետյանին ճանաչել նրա հասանելիք մասի սեփականատեր` Վանիկ Հայրապետյանից հօգուտ Վարդուհի Հայրապետյանի բռնագանձելով 67.000 ՀՀ դրամ: Հայրապետ Հայրապետյանի գույքի նկատմամբ ըստ կտակի ճանաչել Վոլոդյա և Վանիկ Հայրապետյանների ժառանգության իրավունքը` յուրաքանչյուրին 1/2 մասի չափով: Վոլոդյա Հայրապետյանին ճանաչել ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող տան, տնամերձ հողամասի և սեփականաշնորհված հողամասի 2/3 մասի` 1-ին հարկի թիվ 4-14,5քմ, թիվ 5-17,22քմ, թիվ 6-12,6քմ, թիվ 7-13,9քմ, թիվ 8-13,80քմ, թիվ 9-7,90քմ սենյակների սեփականատեր, իսկ Վանիկ Հայրապետյանին` թիվ 3-29,64քմ սենյակի, թիվ 2 խոհանոցի, թիվ 1 միջանցքի սեփականատեր: Տան թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5 քմ սենյակները և թիվ 9-7,9քմ միջանցքը թողնել Վանիկ Հայրապետյանի ընտանիքի օգտագործմանը: Տան կիսանկուղային հարկից թիվ 4-12,8քմ, թիվ 5-17,6քմ, թիվ 6-24,0քմ, թիվ 1-23,0քմ ոչ բնակելի մակերեսները սեփականության իրավունքով հատկացնել Վոլոդյա Հայրապետյանին, իսկ թիվ 2-15,2քմ, թիվ 3-25,3քմ մակերեսները, հավաբունն ու թոնրատունը սեփականության իրավունքով հատկացնել Վանիկ Հայրապետյանին: Նշված մակերեսներից թիվ 1-23,0քմ մակերեսը թողնել կողմերի համատեղ օգտագործմանը: Տնամերձ հողամասից` աջակողմյան մասից 1.395քմ մակերեսը սեփականության իրավունքով հատկացնել Վոլոդյա Հայրապետյանին, իսկ ձախակողմյան մասից 765քմ սեփականության իրավունքով հատկացնել Վանիկ Հայրապետյանին: Վարդուհի Ղազարյանին իրավունք վերապահել տնամերձ հողամասից իրեն հասանելիք 90քմ մակերեսի և սեփականաշնորհված հողամասից իրեն հասանելիք մակերեսի դիմաց փոխհատուցում պահանջելու Վանիկ Հայրապետյանից (հատոր 1-ին, գ.թ.8-10)։

2) 15.06.2006 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2225727 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր փողոցի թիվ 24 հասցեում գտնվող 0,2160հա հողմասը և 239,11քմ մակերեսով բնակելի տունը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Վոլոդյա և Վանիկ Հայրապետյաններին: Միաժամանակ «Լրացուցիչ նշումներ և փոփոխություններ» բաժնում նշվել է, որ բնակելի տան կիսանկուղից թիվ 2 և 3 սենյակները, համապատասխանաբար` 15,20քմ և 25,35քմ մակերեսներով, 1-ին հարկից թիվ 1, 2 և 3 սենյակները` 4,80քմ, 6,80քմ և 29,64քմ մակերեսներով, ըստ հողամասի հատակագիծը բաժնի` թիվ 5 և 6 շինությունները` թոնրատունը և հավաբունը, ինչպես նաև հատակագծում 1-2-3-4 եզրագծի կողմից 0,0765հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Վանիկ Հայրապետյանին: Սեփականության իրավունքով Վոլոդյա Հայրապետյանին պատկանող 1-ին հարկի թիվ 8 և 4 սենյակները, թիվ 9 միջանցքը, համապատասխանաբար 13,80քմ, 14,50քմ և 7,90քմ մակերեսներով թողնված է Վանիկ Հայրապետյանի ընտանիքի օգտագործմանը: Կիսանկուղային հարկից թիվ 1 սենյակը` 23,00քմ մակերեսով, թողնված է համատեղ օգտագործման (հատոր 1-ին, գ.թ.17-20)։

3) ՀՀ ԱՆ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 31.05.2012 թվականի փորձագետի թիվ 11-3420 եզրակացության համաձայն` ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում գտնվող բնակելի տան ըստ հատակագծի` թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5քմ և թիվ 9-7,9քմ միջանցքի նկատմամբ, ինչպես նաև տան կիսանկուղային հարկից թիվ 1-23,0քմ սենյակի նկատմամբ պատասխանողների փոխհատուցման գումարի չափը երեք տարիների ընթացքում գնահատման օրվա դրությամբ կարող է կազմել 713.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 73-82):

4) Վանիկ Հայրապետյանի և Աննա Ֆաֆուրյանի ներկայացուցիչը 10.10.2012 թվականի դատական նիստի քննության ժամանակ հայտնել է, որ իրենք հողամասի առումով ոչ մի պահանջ չունեն, այն Վոլոդյա Հայրապետյանի տիրապետման տակ է, և Վանիկ Հայրապետյանը որևէ տարածք չի զբաղեցրել (հատոր 2-րդ, գ.թ.65)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բնակելի տարածության նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքը սեփականատիրոջ պահանջով փոխհատուցում տրամադրելու միջոցով դատական կարգով դադարեցնելու իրավական կարգավորման առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության, և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում` իր հիմնական շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի, կամ մյուս տուրքերի, կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Նշված դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը և դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը` որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի և սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը` սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը:

Վերոգրյալով է պայմանավորված սեփականատիրոջ կողմից իր տիրապետության ներքո գտնվող գույքի նկատմամբ իրավունքների ու շահերի պաշտպանությունն ընդդեմ այն անձանց, որոնց գործողությունները խոչընդոտում են սեփականատիրոջը պատշաճորեն իրականացնելու իր օգտագործման, տնօրինման իրավազորությունը:

Տվյալ դեպքում սեփականատերն իրավասու է պահանջել վերացնելու (դադարեցնելու) իր սեփականատիրական իրավունքները լիարժեք իրականացնելու հետ կապված սահմանափակումները, ընդ որում, սահմանափակումները կարող են լինել ինչպես օրինական, այնպես էլ անօրինական, երբ ապօրինի գործողությունների միջոցով խոչընդոտում են սեփականտիրոջը օգտագործել, տիրապետել և տնօրինել իր գույքը: Հատկանշական է, որ օրինական սահմանափակումների վերացման համար օրենսդիրը նախատեսել է սեփականատիրոջ կողմից փոխհատուցում վճարելու ռեժիմ:

Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց և սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից և ոչ ավելի 9 քառակուսի մետրից: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:

 Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է օգտագործման իրավունքի ծագման և դադարման կարգը։ Այն է` անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Ընդ որում, բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

Հատկանշական է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել սեփականատիրոջը դատական կարգով պահանջելու դադարեցնելու բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը փոխհատուցում տրամադրելու միջոցով: Ընդ որում, բնակելի տարածության օգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման դատական կարգով, եթե բացակայում է օգտագործման իրավունք ունեցող անձի համաձայնությունն այն դադարեցնելու վերաբերյալ:

Միաժամանակ, օրենսդիրը սահմանել է փոխհատուցման հաշվարկման կարգը և ձևը, որի հիմնական էլեմենտներն են բնակելի մակերեսի չափը և բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց քանակը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Այս առումով Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Հերիքնազ Գևորգյանն ընդդեմ Ռոմ Ավագյանի, Տանյա Առաքելյանի գործով կայացրած որոշմամբ արտահայտած իրավական այն դիրքորոշումը, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն` դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա։ Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս Հերիքնազ Գևորգյանն ընդդեմ Ռոմ Ավագյանի, Տանյա Առաքելյանի թիվ ԵՇԴ/0220/02/11 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 23-ի որոշումը)։

Տվյալ դեպքում Դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը վկայակոչելով և հայցը բավարարելով, հաստատված է համարել այն հանգամանքը, որ 2005 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի` Վոլոդյա Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու ՏՍ-ի կողմից տրված թիվ 2225727 սեփականության իրավունքի գրանցման վկայականի անշարժ գույքի հատակագծի` 4 և 8 սենյակները, թիվ 9 միջանցքը և կիսանկուղային հարկից թիվ 1 սենյակը թողնվել է սույն գործով պատասխանող Վանիկ Հայրապետյանի ընտանիքի օգտագործմանը: Վերը նշված վճիռը չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ: Պատասխանողի առարկություններն անհիմն են, քանի որ 2005 թվականի նոյեմբերի 16-ի դատարանի վճռով հստակ առանձնացված է հայցվորին և պատասխանողին պատկանող անշարժ գույքը և այդ վճռի հիման վրա կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում: ՀՀ ԱՆ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 11-3420 մասնագիտական եզրակացության համաձայն` ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքում գտնվող բնակելի տան ըստ հատակագծի` թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5քմ և թիվ 9-7,9քմ միջանցքի նկատմամբ, ինչպես նաև տան կիսանկուղային հարկից թիվ 1-23,0քմ սենյակի նկատմամբ պատասխանողների փոխհատուցման գումարի չափը երեք տարիների ընթացքում գնահատման օրվա դրությամբ կարող է կազմել 713.000 ՀՀ դրամ, որը Վոլոդյա Հայրապետյանը պարտավորվել է վճարել հակընդդեմ հայցվորներին:

Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելիս վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածը, պատճառաբանել է, որ ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.11.2005 թվականի վճռով քաղաքացիական գործի շրջանակներում ի թիվս այլ պահանջների քննարկման առարկա է հանդիսացել նաև ժառանգության զանգվածից բաժնեմասն առանձնացնելու պահանջը, սակայն Դատարանը ճանաչել է միայն կողմերի սեփականության իրավունքն իրենց ունեցած բաժնեմասերին համամասնորեն, իսկ բաժնեմասերը փաստացի չի առանձնացվել վերը նշված վճռով: Գործում առկա 15.06.2006 թվականին տրված թիվ 2225727 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի նոյեմբերի 16-ի վճռի հիման վրա կատարվել է իրավունքների պետական գրանցում, ըստ որի` Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր 24 հասցեի բնակելի տունը հանդիսանում է Վոլոդյա և Վանիկ Հայրապետյանների բաժնային սեփականությունը: Նշվածից հետևում է, որ կողմերի բաժնեմասերը փաստացի առանձնացված չեն, ավելին, վերը նշված օրինական ուժի մեջ մտած վճռով վիճելի մակերեսների նկատմամբ թեև ճանաչվել է Վոլոդյա Հայրապետյանի սեփականության իրավունքը, այնուամենայնիվ այն չի առանձնացվել Վանիկ Հայրապետյանի բաժնեմասից և թողնված է վերջինիս օգտագործմանը: Ավելին, Վանիկ Հայրապետյանը վիճահարույց հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հանդիսանում է բաժնային սեփականատեր: Տվյալ դեպքում Դատարանի վերոգրյալ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված և կրկին անգամ ապացուցման կարիք չունեցող փաստական հանգամանքներով ուղղակիորեն հաստատվում է, որ Վոլոդյա Հայրապետյանի և Վանիկ Հայրապետյանի միջև բաժնային սեփականություն համարվող Արարատի մարզի Արարատ գյուղի Խնկո Ապոր 24 հասցեի անշարժ գույքից բաժնեմասերը փաստացի առանձնացված չեն, հետևաբար օրենսդրի կողմից սահմանված նշված կարգավորումից ելնելով չեն կարող կիրառվել նշված իրավական նորմի պահանջները: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կողմերի բաժնեմասերը փաստացի առանձնացված չլինելու պարագայում Դատարանը, բողոք բերած անձանց փոխհատուցում տրամադրելով և վտարելով զբաղեցրած տարածքներից, խախտել է նշված իրավանորմի պահանջները, քանի որ ինչպես նշվել է, վեճի առարկա տունը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Վոլոդյա և Վանիկ Հայրապետյաններին:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է, որ ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.11.2005 թվականի վճռով հաստատված է և սույն գործի շրջանակներում կրկին ապացուցման ենթակա չէ այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող տան, տնամերձ հողամասի և սեփականաշնորհված հողամասի 2/3-րդ բաժնի նկատմամբ ճանաչվել է Վոլոդյա Հայրապետյանի սեփականության իրավունքը, մասնավորապես` 1-ին հարկի թիվ 4-14,5քմ, թիվ 5-17,22քմ, թիվ 6-12,6քմ, թիվ 7-13,9քմ, թիվ 8-13,80քմ, թիվ 9-7,90քմ սենյակների, տան կիսանկուղային հարկից թիվ 4-12,8քմ, թիվ 5-17,6 քմ, թիվ 6-24,0քմ, թիվ 1-23,0քմ ոչ բնակելի մակերեսների նկատմամբ, որոնցից թիվ 8-13,8քմ, թիվ 4-14,5 քմ սենյակները և թիվ 7,9 քմ միջանցքը թողնվել է Վանիկ Հայրապետյանի ընտանիքի օգտագործմանը, իսկ թիվ 1-23,0քմ մակերեսը թողնվել է Վանիկ և Վոլոդյա Հայրապետյանների համատեղ օգտագործմանը:

Վերոհիշյալ վճռից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման և Վոլոդյա և Վանիկ Հայրապետյաններին 15.06.2006 թվականին տրվել է բաժնային սեփականության իրավունքը գրանցված լինելու մասին թիվ 2225727 վկայականը, որի «Լրացուցիչ նշումներ և փոփոխություններ» բաժնում նշվել է, որ Վոլոդյա Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող 1-ին հարկի թիվ 8-13,80քմ, 4-14,50քմ սենյակների, թիվ 9-7,90քմ միջանցքի և թիվ 1-23,00քմ սենյակի նկատմամբ գրանցված է Վանիկ Հայրապետյանի ընտանիքի օգտագործման իրավունքը։

Հաշվի առնելով սույն գործի փաստերի և բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դատական կարգով փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնելու իրավահարաբերությունների առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենքով սահմանված կարգով գրանցված բնակելի տարածության օգտագործման իրավունքը դատական կարգով փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնելը չի կարող պայմանավորված լինել սեփականության իրավունքում բաժինը որոշված լինելու կամ գույքից բաժինն առանձնացված լինելու հանգամանքով հատկապես այն պարագայում, երբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցված է կոնկրետ մակերեսների նկատմամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի իրավական կարգավորումը, արձանագրում է, որ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից չի պահպանվել սեփականատիրոջ գույքի անարգել օգտագործման իրավունքի և բնակելի տարածության օգտագործման իրավունքի միջև հավասարակշռությունը:

Հաշվի առնելով սույն գործի առանձնահատկությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել համակցության մեջ, որպիսի ապացույցները փաստական տվյալներ են պարունակում առ այն, որ Վոլոդյա Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով գրանցված է Վանիկ Հայրապետյանի և ընտանիքի անդամների բնակելի տարածության օգտագործման իրավունքը և այն էլ կոնկրետ մակերեսներով սենյակների նկատմամբ: Հետևաբար վերջիններիս բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնելը որևէ ձևով չի կարող կախվածության մեջ լինել սեփականության իրավունքում սեփականատերերի բաժիններն առանձնացնելու կամ այդ բաժիններին համապատասխան գույքը բնեղենով առանձնացնելու հանգամանքի հետ հատկապես այն պարագայում, երբ օրենսդիրը հստակ սահմանել է փոխհատուցման չափը հաշվարկելու կարգը և պայմանները:

Նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են սեփականատիրոջ կողմից իր սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իրավունքների գերակայության պայմաններում բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը փոխհատուցում տրամադրելու միջոցով դադարեցնելու ինստիտուտը կարգավորող նորմերի պահանջները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտի` հայցը մերժելու մասին, հետևաբար դատական ակտը ենթակա է բեկանման այդ մասով։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2013 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2012 թվականի վճռին։ Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։

2. Վանիկ Հայրապետյանից, Արփինե Հայրապետյանից և Աննա Ֆաֆուրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և չվճարված պետական տուրք:

Վանիկ Հայրապետյանից, Արփինե Հայրապետյանից և Աննա Ֆաֆուրյանից հօգուտ Վոլոդյա Հայրապետյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան