Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1119
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.16/57(997) Հոդ.937
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

8 հոկտեմբերի 2013 թ.

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Ա. Վարդևանյանի, նույն վարչության մասնագետ Ս. Յուզբաշյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության պետ Ս. Յուզբաշյանի, իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Համբարձումյանի, հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի փորձագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 31.05.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

Օրենսգրքի` «Պաշտպանի իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է.

«1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին և մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի …

3) քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ մասնակցել քրեական հետապնդման մարմնի կողմից իր միջնորդությամբ իրականացվող բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին, մասնակցել իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող ցանկացած քննչական կամ այլ դատավարական գործողությանը, եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը»:

Ընդունվելուց ի վեր օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը փոփոխությունների չի ենթարկվել:

 

2. Դիմողի կարծիքով` օրենսգրքի վիճարկվող նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթին:

Ըստ դիմողի` պաշտպանի իրավունքներին վերաբերող կարգավորումը, որի համաձայն` պաշտպանն իրավունք ունի քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ մասնակցել քրեական հետապնդման մարմնի կողմից իր միջնորդությամբ իրականացվող բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին, հանգեցնում է այդ իրավունքի իրականացման մեխանիզմների սահմանափակման այն դեպքում, երբ կասկածյալը կամ մեղադրյալը, ունենալով պաշտպան, քննչական գործողության շրջանակներում չեն պահանջում նրա մասնակցությունը, այլ դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը: Դիմողը գտնում է, որ քրեական հետապնդման մարմնին նման լիազորություն տրամադրելով` գործնականում հնարավոր են անհարկի և ոչ իրավաչափ սահմանափակումներ` կապված քննչական և այլ դատավարական գործողությունների ընթացքում պաշտպանի մասնակցության հետ: Ըստ դիմողի` պարզ չէ նաև, թե ինչ նպատակ է հետապնդել օրենսդիրը, նախատեսելով քրեական վարույթի առանցքային մասնակիցներից մեկի` պաշտպանի պարտավորությունները կատարելու համար խոչընդոտ և/կամ սահմանափակում, այն է` «…քննչական գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը»:

Իր տեսակետը հիմնավորելու համար դիմողը հարկ է համարում նշել, որ օրենսգրքում բացակայում են հստակ պայմաններ և/կամ հիմքեր, որոնց առկայության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է «թույլ չտալ» պաշտպանին մասնակցել պաշտպանի միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին:

Օրենսգրքի վիճարկվող դրույթներում «սկսելիս» եզրույթի սեփական մեկնաբանության հիման վրա դիմողը գտնում է, որ նշված եզրույթն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան իր տառացի մեկնաբանության արդյունքում նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ պաշտպանն արդեն սկսած քննչական գործողությանը մասնակցելու միջնորդություն է ներկայացնում, ապա այդպիսի միջնորդությունը` համաձայն օրենսգրքի վիճարկվող դրույթների, ենթակա է մերժման, քանի որ չի պահպանել օրենսգրքով նախատեսված ժամանակային «սկսելիս» պահանջը:

Հղում կատարելով իրավական որոշակիության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Սանդի Թայմսն» ընդդեմ Միացյալ Թագավորության և Մարկխն ընդդեմ Բելգիայի գործերով կայացված վճիռներին և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-753 որոշմանը` դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթներում «թույլտվությամբ» և «սկսելիս» եզրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և տարընթերցումների իրական ռիսկ են պարունակում, որի արդյունքում կարող է խախտվել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և լրջորեն վտանգվել պաշտպանի կողմից քննչական գործողության ժամանակ իր պաշտպանյալին իրավաբանական օգնության տրամադրումը:

 

3. Պատասխանող կողմը հիմնականում չի առարկում դիմողի փաստարկները:

Անդրադառնալով դիմողի այն փաստարկին, համաձայն որի` օրենսգրքում բացակայում են հստակ պայմաններ և/կամ հիմքեր, որոնց առկայության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է «թույլ չտալ» պաշտպանին մասնակցել պաշտպանի միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին, պատասխանող կողմը նույնպես արձանագրում է, որ օրենքով նշված չեն այն հիմքերը, որոնց առկայության դեպքում միայն կարող է սահմանափակվել քննչական և այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցության իրավունքը: Այդ կապակցությամբ պատասխանող կողմն արտահայտում է իր ենթադրությունն այն մասին, որ եթե օրենքով չկան պաշտպանի մասնակցությունը բացառող հանգամանքներ, ապա պետք է ապահովվի վերջինիս անարգել մասնակցությունը, և կարծիք է հայտնում, որ սահմանափակումները կարող են վերաբերել այնպիսի քննչական գործողություններին, ինչպիսիք են քննումը (հոդված 220), անձնական խուզարկությունը (հոդված 229) և փորձաքննությունը (հոդված 248):

Անդրադառնալով դիմողի մյուս փաստարկին` կապված իրավական անորոշության հետ, պատասխանող կողմը, չբացառելով պաշտպանի մասնակցության անհրաժեշտությունը ոչ միայն քննչական գործողության հենց սկզբից, այլև քննչական գործողության ընթացքում, նույնպես գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմը կարող է տարընթերցումների տեղիք տալ և քննչական ու այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցության սահմանափակման հիմք հանդիսանալ:

ԱՊՀ երկրների քրեական դատավարության օրենսգրքերի ուսումնասիրության արդյունքներով պատասխանող կողմը գտնում է, որ դրանք ևս վկայում են, որ պաշտպանն անարգել մասնակցում է այն քննչական և այլ դատավարական գործողություններին, որոնք իրականացվում են իր պաշտպանյալի մասնակցությամբ, կամ երբ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես է եկել ինքը` պաշտպանը կամ իր պաշտպանյալը: Միաժամանակ, վկայակոչելով ԱՊՀ մի շարք երկրների քրեական դատավարության օրենսգրքերի կոնկրետ հոդվածներ` պատասխանողն արձանագրում է, որ նշված երկրներում այլ քննչական և դատավարական գործողություններին պաշտպանը մասնակցում է քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ:

Ամփոփելով` պատասխանող կողմը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմով նախատեսված իրավակարգավորման պայմաններում, երբ պաշտպանի միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին վերջինիս մասնակցությունը սահմանափակվում է քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ, կարող է հիմք հանդիսանալ պաշտպանյալի` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի սահմանափակման համար` չերաշխավորելով իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանություն:

Միաժամանակ, պատասխանող կողմն արձանագրում է, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը (փաստաթղթային կոդ` Կ-084-14.09.2012, 10.06.2013-ՊԻ-010/0), որով առաջարկվող իրավակարգավորմամբ կվերացվեն պաշտպանի համար օրենսգրքում առկա սահմանափակումները և կերաշխավորվի վերջինիս անարգել մասնակցությունը և՛ պաշտպանյալի մասնակցությամբ, և՛ պաշտպանի կամ իր պաշտպանյալի միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին: Ըստ պատասխանող կողմի, նախագծի` «Պաշտպանի իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի.

«1. Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պաշտպանելու նրա իրավունքները և իրավաչափ շահերը, սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի`…

3) մասնակցել իր պաշտպանյալի մասնակցությամբ կատարվող ցանկացած ապացուցողական կամ այլ վարութային գործողության, մասնակցել իր կամ իր պաշտպանյալի միջնորդությամբ կատարվող ապացուցողական կամ այլ վարութային գործողությանը, այլ դեպքերում քննիչի առաջարկով մասնակցել ապացուցողական կամ այլ վարութային գործողությանը»:

 

4. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը սահմանում է քրեական գործերով պաշտպանի մասնակցության ռազմավարական և մարտավարական նպատակները, այն է` պարզել մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները և պաշտպանել կասկածյալի և մեղադրյալի օրինական շահերը, իրավաբանական օգնություն ցույց տալ նրանց:

Հաշվի առնելով քրեական գործով մինչդատական վարույթում պաշտպանի մասնակցության նպատակը և այդ նպատակով պայմանավորված` պաշտպանի դերը` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմը հարկ է դիտարկել Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի համատեքստում:

 

5. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասը դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը չի դիտում որպես սահմանափակման ենթակա իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի, ի թիվս այլնի, 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված` իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ենթակա է սահմանափակման միայն օրենքով, «... եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

Սահմանադրության 18-րդ հոդվածը յուրաքանչյուրին տալիս է, մասնավորապես, պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, որին ուղղակիորեն համապատասխանում է պետության պարտականությունն ինչպես օրենսդրական մակարդակում ամրագրել, այնպես էլ իրավակիրառական պրակտիկայում ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների առկայությունը: Այսինքն` օրենսդրական մակարդակում չպետք է սահմանվեն այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք առաջին հայացքից հանդես են գալիս որպես երաշխիքներ տվյալ իրավական կառուցակարգի իրացման համար, սակայն կարգավորումների մանրամասներում փաստացիորեն իմաստազրկում են կամ սահմանափակում այդ իրավական կառուցակարգերը:

Անդրադառնալով Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված, ի թիվս այլնի, պաշտպանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված իրավունքը վերջին հաշվով ուղղված է դատարանների և պետական այլ մարմինների առջև իրավունքի սուբյեկտի օրինական շահերի իրավական պաշտպանությանը, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիտարկվող իրավունքը ենթադրում է իրավաբանական օգնության լիարժեքություն, ինչը պայմանավորված է պաշտպանի կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու պարտականության իրականացման արդյունավետությամբ` հաշվի առնելով տվյալ իրավունքի` Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերով սահմանափակման հնարավորությունը: Ըստ այդմ էլ, Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված` դիտարկվող իրավունքին համապատասխանում է պետության պարտականությունը` թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ իրավակիրառ պրակտիկայում երաշխավորել պաշտպանի կողմից իրավաբանական օգնություն տրամադրելու պարտականության արդյունավետ իրականացումը, իսկ որևէ խոչընդոտ առաջանալու դեպքում քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Միաժամանակ, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական մարմինների առջև իրավական պաշտպանության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների իրացմանն օրենսդրորեն կարող են առաջադրվել որոշակի պահանջներ կամ նշված իրավունքների իրացման կարգերը կարող են պարունակել որոշակի ձևական պայմաններ, որոնք, սակայն, չպետք է լինեն այն ծավալով, որ անարդյունավետ դարձնեն այդ իրավունքների իրացումը, խեղաթյուրեն դրանց էությունը կամ վերածվեն իրավունքի այնպիսի սահմանափակման, որը չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

 

6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի վիճարկվող 3-րդ կետը նախատեսում է քննչական կամ այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցության երեք իրավիճակ`

ա/ քրեական հետապնդման մարմնի առաջարկով է պաշտպանը մասնակցում իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին: Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում պաշտպանի մասնակցության այլ դեպքեր ամրագրված լինելու հանգամանքը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիտարկվող դեպքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ քննչական կամ այլ դատավարական գործողությունը չի իրականացվում պաշտպանի միջնորդությամբ կամ դրա իրականացմանը չի մասնակցում պաշտպանյալը,

բ/ քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ է պաշտպանը մասնակցում իր միջնորդությամբ քրեական հետապնդման մարմնի կողմից իրականացվող բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին,

գ/ մասնակցում է իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող ցանկացած քննչական կամ այլ դատավարական գործողությանը, եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունն սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը:

Վերոնշյալ «ա» ենթակետում նշված իրավակարգավորման առնչությամբ սահմանադրական դատարանն իրավաչափ է համարում օրենսգրքի վիճարկվող նորմում պաշտպանի միջնորդությամբ կամ պաշտպանյալի մասնակցությամբ չիրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցությունը քրեական հետապնդման մարմնի առաջարկով պայմանավորելը:

Վերը նշված «բ» ենթակետում ներկայացված դեպքի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պետական մարմինների առջև իրավական պաշտպանության և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների իրացմանն առաջադրել է որոշակի պահանջ` քրեական հետապնդման մարմնի թույլտվությունը:

Սահմանադրական դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի չթույլատրել պաշտպանին մասնակցելու պաշտպանի միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին, ինչն արձանագրում է նաև սույն գործով պատասխանող կողմը, և ինչն իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի սահմանափակման առումով կարող էր իրավաչափ համարվել Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերի համատեքստում: Էական է նաև այն, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե քրեական վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ, այլ հենց իր` պաշտպանի միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմում պաշտպանի միջնորդությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցությունը քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ պայմանավորելու վերաբերյալ դրույթը, ի խախտումն Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների, հանդես է գալիս որպես պետական մարմինների առջև իրավական պաշտպանության և իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքները սահմանափակող և դրա արդյունքում` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքը սահմանափակող դրույթ: Ավելին, այդպիսի սահմանափակումը չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

Վերը նշված «գ» ենթակետում ներկայացված դեպքի առնչությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պետական մարմինների առջև իրավական պաշտպանության իրավունքի իրացմանն առաջադրել է որոշակի պահանջ` պաշտպանի մասնակցության վերաբերյալ կասկածյալի կամ մեղադրյալի պահանջի առկայությունը կամ պաշտպանի միջնորդությունը:

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով սույն կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմում պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցությունն այդպիսի մասնակցության վերաբերյալ կասկածյալի կամ մեղադրյալի պահանջի առկայությամբ պայմանավորելու վերաբերյալ դրույթը ևս, ի խախտումն Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների, հանդես է գալիս որպես պետական մարմինների առջև իրավական պաշտպանության և իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքները սահմանափակող և դրա արդյունքում` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքը սահմանափակող դրույթ: Ավելին, այդպիսի սահմանափակումը ևս չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

Ինչ վերաբերում է օրենսգրքի վիճարկվող նորմում պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը պաշտպանի մասնակցությունը գործողությունն սկսելիս միջնորդության ներկայացմամբ պայմանավորելու վերաբերյալ դրույթին, որը դիմողը բողոքարկել է իրավական որոշակիության տեսանկյունից, սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով սույն կետում արտահայտված իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում օրենսգրքի վիճարկվող դրույթներում «գործողությունն սկսելիս» բառակապակցությունը գնահատել ոչ թե դրա` իրավական որոշակիության պահանջներին համապատասխանելու տեսանկյունից, այլ քննչական կամ այլ դատավարական գործողությանը պաշտպանի մասնակցության ժամանակային սահմանափակման և մասնակցության համար պաշտպանի միջնորդության պարտադիր լինելու տեսանկյունից: Այս կապակցությամբ, հիմք ընդունելով սույն կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը գտնում է, որ պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը պաշտպանի մասնակցության ժամանակային սահմանափակման և մասնակցության համար պաշտպանի միջնորդության պարտադիրության վերաբերյալ դրույթները ևս, ի խախտումն Սահմանադրության 43-րդ հոդվածի, հանդես են գալիս որպես պետական մարմինների առջև իրավական պաշտպանության և իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքները սահմանափակող և դրա արդյունքում` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքը սահմանափակող դրույթներ և չեն հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի վիճարկվող նորմի մյուս դրույթների համաձայն` կասկածյալը կամ մեղադրյալն օժտված են իրենց մասնակցությամբ իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողությանը ցանկացած ժամանակ պաշտպանի մասնակցությունը պահանջելու իրավունքով, այսինքն` պաշտպանի միջնորդությունը մերժվելու դեպքում, անկախ նրանից, թե այդ միջնորդությունը ներկայացվել է քննչական կամ այլ դատավարական գործողությունն սկսելուց առաջ, թե` հետո, պաշտպանը դարձյալ կարող է մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը, եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, սահմանադրական դատարանն օրենսգրքի վիճարկվող նորմում պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցության ժամանակային սահմանափակումը ևս համարում է ոչ հիմնավոր, հետևաբար` որևէ իրավաչափ նպատակ չհետապնդող:

Օրենսգրքի վիճարկվող նորմի առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում պաշտպանը պետք է իրավունք ունենա մասնակցելու պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողություններին` առանց որևէ միջնորդության ներկայացման, և անկախ նրանից, թե այդպիսի մասնակցության վերաբերյալ առկա է կասկածյալի կամ մեղադրյալի պահանջ, թե` ոչ:

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը (փաստաթղթային կոդ` Կ-084-14.09.2012, 10.06.2013-ՊԻ-010/0) և ուշագրավ է համարում նշված նախագծի` «Պաշտպանի իրավունքները և պարտականությունները» վերտառությամբ 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված իրավակարգավորումը:

 

7. Խնդրո առարկայի առնչությամբ առանձին երկրների համապատասխան օրենսդրությունների վերլուծության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքը քննչական կամ այլ դատավարական գործողություններին պաշտպանի մասնակցությունը չի պայմանավորում քրեական հետապնդման մարմնի կամքի դրսևորմամբ և չի նախատեսում քրեական վարույթին պաշտպանի մասնակցության որևէ ժամանակային սահմանափակում` պաշտպանին հնարավորություն տալով օգտվել այն իրավունքներից, ինչ իրավունքներով օժտված է պաշտպանյալը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի առնչությամբ որոշակի իրավական դիրքորոշումներ արտահայտել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր` John Murray v. The United Kingdom գործով 1996թ. փետրվարի 8-ին կայացված վճռում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

«62. … Նախաքննության ընթացքում 6-րդ հոդվածի 3-րդ մասի (c) կետի կիրառման առանձնահատկությունները կախված են դատավարության առանձնահատկություններից և գործի հանգամանքներից:

63. … 6-րդ հոդվածը նորմալ պայմաններում պահանջում է, որպեսզի մեղադրյալին հնարավորություն տրվի օգտվելու իրավաբանի օգնությունից ոստիկանական հետաքննության հենց սկզբնական փուլից: Այնուամենայնիվ, այս իրավունքը, որ հստակ նախատեսված չէ Կոնվենցիայով, կարող է սահմանափակվել իրավաչափ նպատակով: Ցանկացած գործում հարցն այն է, թե արդյոք ողջ դատավարության լույսի ներքո սահմանափակումը մեղադրյալին չի զրկել արդար դատաքննությունից»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով վիճարկվող նորմը` համադրելով այն այլ պետություններում համանման իրավահարաբերությունները կարգավորող նորմերի հետ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանցով սահմանված իրավակարգավորումներն իրավունքների ոչ համաչափ սահմանափակման իրական վտանգ են բովանդակում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` դրանում ամրագրված` «քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ» և «եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը» ձևակերպումների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթին և 43-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

8 հոկտեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1119