ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2013 թվականի N 1059-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 7 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1059-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են այլընտրանքային աշխատանքային ծառայողին (այսուհետ` ծառայող) բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն վարձակալած բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն ծառայողները, որոնց այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի վարչական տարածքը գտնվում է իր հաշվառման վայրի վարչական տարածքից (հաշվառման չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրի) 30 և ավելի կիլոմետր հեռավորության վրա: Սույն կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունների մասին տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` համապատասխան մարմնի հարցման հիման վրա:
3. Ծառայողը չի օգտվում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից`
1) եթե այլընտրանքային աշխատանքային ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն կամ տվյալ վայրում ծառայության ընթացքում այդ գույքի օտարման կամ օգտագործման իրավունքի դադարեցման դեպքում.
2) ծառայողի ընտանիքի անդամի կողմից ծառայողի ծառայության անցկացման վայրի վարչական տարածքից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու դեպքում:
4. Սույն կարգի իմաստով` այլընտրանքային աշխատանքային ծառայողի ընտանիքի անդամ են համարվում`
1) 18 տարին չլրացած երեխաները.
2) ծնողները, ամուսինը.
3) ծառայողի հետ համատեղ բնակվող չամուսնացած քույրը և եղբայրը:
5. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ծառայողին տրամադրվող դրամական փոխհատուցման չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30000 դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով:
6. Դրամական փոխհատուցման չափը կարող է փոխվել պայմանավորված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի գնի փոփոխման հետ, որը սակայն չի կարող գերազանցել սույն կարգի 5-րդ կետում սահմանված չափը:
7. Սույն կարգի համաձայն ծառայողին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարում է այլընտրանքային աշխատանքային ծառայության անցկացման վայրի կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
8. Ծառայողին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով կազմակերպությունում ստեղծվում է երեք անձից բաղկացած հանձնաժողով, որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է կազմակերպության ղեկավարը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները:
9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար ծառայողը հանձնաժողովին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) տվյալ կազմակերպությունում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցկացնելու վերաբերյալ այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի որոշման քաղվածքը.
3) տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան սպասարկման գրասենյակից` ծառայության անցկացման վայրի վարչական տարածքում ծառայողի և (կամ) ծառայողի ընտանիքի անդամի սեփականության կամ վարձակալության պայմանագրով տիրապետման և օգտագործման կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին.
4) բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պատճենը:
10. Հանձնաժողովը ծառայողի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով առցանց հարցում է կատարում բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական բազա դիմողի անունով` ընտանիքի գտնվելու վայրում (հասցեում, կացարանում) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված և (կամ) փաստացի բնակվող բոլոր անձանց մասին: Առցանց հարցման օրը համարվում է ընտանիքի կազմի որոշման համար տեղեկանքը ներկայացնելու օր:
11. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վերաբերյալ դիմումները հանձնաժողովը քննարկում է դրանք մուտքագրվելուց հետո 3-օրյա ժամկետում:
12. Սույն կարգի 9-րդ կետում նախատեսված փաստաթղթերը թերի ներկայացվելու դեպքում հանձնաժողովը ծառայողին անմիջապես գրավոր առաջարկում է 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում հանձնաժողովը 3-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումը մերժելու վերաբերյալ:
13. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է սույն կարգով պահանջվող դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողով մուտքագրելու ամսվա 1-ից սկսած:
14. Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցկացման ժամանակահատվածի համար բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու համար ծառայողը պարտավոր է յուրաքանչյուր տարվա մինչև փետրվարի 15-ը իր այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպության հանձնաժողովին ներկայացնել սույն կարգով պահանջվող փաստաթղթերը: Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցվում է, իսկ տվյալ տարվա հունվար ամսվա համար վճարված փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 15-ը (մինչև 2013 թվականի սեպտեմբերի 15-ը` ծախսային հոդվածներում համապատասխան վերաբաշխում կատարելու նպատակով) պետական կառավարման լիազոր մարմիններին տեղեկատվություն է տրամադրում նրանց համակարգում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող ծառայողների կանխատեսվող թվի և ծառայության անցկացման վայրերի վերաբերյալ` հաջորդ տարվա պետական բյուջեում համապատասխան միջոցներ նախատեսելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|