Գլխավոր տեղեկություն
Համար
N 941-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.17/50(924) Հոդ.1095
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2012 թվականի N 941-Ն

 

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացը համակարգելու նպատակով՝

1. Ստեղծել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 29-ի N 941-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
   
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
   
Վ. Գաբրիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
   
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Ա. Ասատրյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
   
Դ. Սարգսյան  - ՀՀ ֆինանսների նախարար
   
Դ. Դումանյան - ՀՀ առողջապահության նախարար
   
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
   
Հ. Հունանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
   
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

(հավելվածը փոփ., լրաց. 10.09.13 N 799-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 29-ի N 941-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհրդի գործունեության կարգը:

2. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշմամբ նախատեսված` պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից իրականացվելիք աշխատանքներում համագործակցությունն է:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհուրդը՝

1) քննարկում է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հանրապետական գործադիր, պետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սոցիալական պաշտպանության քաղաքականությունների հիմնական ուղղությունները.

2) քննարկում է բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի բնագավառների (բացառությամբ կենսաթոշակային ապահովության բնագավառի) ռազմավարական և մարտավարական փաստաթղթերի նախագծերը.

3) համակարգում է ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեղեկատվական բազաների ձևավորման, ինչպես նաև տեղեկատվության արդյունավետ փոխանակման համակարգի ձևավորման աշխատանքները.

4) քննարկում է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հանրապետական (ազգային` հաշմանդամության հարցերով զբաղվող, երեխաների պաշտպանության, գենդերային բռնության դեմ պայքարի, կանանց հարցերով և այլն) հանձնաժողովների կատարած աշխատանքների մասին հաղորդումները.

5) քննարկում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ապահովող իրավական ակտերի նախագծերը.

6) ըստ անհրաժեշտության՝ քննարկում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կապակցությամբ առկա խնդիրները և առաջադրում է լուծումներ.

7) քննարկում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ` փորձնական ծրագիր) արդյունքները.

8) քննարկում է փորձնական ծրագրի իրականացման մասին ընթացիկ հաշվետվությունները.

9) համակարգում է միջոցառումների իրականացման տարեկան և միջնաժամկետ ծրագրերի մշակման աշխատանքները.

10) ներդաշնակեցնում է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 6-րդ կետին համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 10.09.13 N 799-Ն)

5. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:

6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է միջոցառումների իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի, խորհրդի անդամների 1/3-ի կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախաձեռնությամբ:

7. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:

8. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:

9. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից երեք օր առաջ:

10. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:

11. Յուրաքանչյուր նիստն սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությամբ:

12. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 952-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված աշխատանքային խմբի ղեկավարը և խորհրդի քարտուղարության ներկայացուցիչը:

13. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված` սոցիալական ծառայությունների տրամադրման ոլորտում գործող, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցող փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

14. Խորհրդի նախագահը`

1) վարում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի որոշումները.

3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

15. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը:

16. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում խորհրդի նիստին մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունն է:

18. Խորհրդի քարտուղարությունը`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին, համապատասխան մարմիններին և այլ կազմակերպությունների:

(հավելվածը փոփ. 10.09.13 N 799-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.09.2013, N 799-Ն 19.09.2013, N 941-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան