«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007319
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 օգոստոսի 2007 թ. |
N 343-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 42-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները (հավելված):
2. Համարներ կամ կոդեր զբաղեցնող անձանց` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ստանալու համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
|
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԱՄ ԿՈԴԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Սույն կանոնները սահմանում են համարի կամ կոդի (այսուհետև` համարներ) զբաղեցման թույլտվության հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, համարների զբաղեցման թույլտվության տրամադրման (մերժման), համարահավաքման ընթացակարգերը և համարների օգտագործման պայմանները:
1. Սույն կանոններում օգտագործված հասկացությունները
Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից իրավաբանական կամ ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է համարներ օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը։ Թույլտվության անբաժանելի մասն են համարվում համարների օգտագործման պայմանները.
Համարային (թվային) շարք` հերթականությամբ դասավորված թվերի շարք, որն օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման համար, որը նշվում է ընդհանրացնող x նշանով և արտահայտվում է 0-9 որևէ թվանշանի միջոցով.
Կարճ կոդ կամ ծառայության կոդ` մինչև հինգ թվանշաններից կազմված թիվ, որը բաժանորդներին թույլ է տալիս օգտագործել համարների պարզեցված հավաքում` դեպի օպերատոր կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող, տեղեկատու կամ այլ անձ, այդ թվում` ոստիկանություն, շտապ բուժօգնություն և փրկարարական ծառայություն ելք ստանալու համար.
Տարածքային կոդ (NDC)` աշխարհագրական տեղանքը և/կամ հանրային շարժական կապի ցանցերը բնութագրող երկնիշ կամ եռանիշ կոդ.
Ազգային նշանակության համար (N(S)N)` երկնիշ կամ եռանիշ Տարածքային կոդից և համապատասխանաբար վեցանիշ կամ հնգանիշ Ցանցի վերջնական կետի համարից բաղկացած ութանիշ համար (N(S)N = NDC + SN).
Համարագրման գոտի` միևնույն տարածքային կոդով բնորոշվող համարների խումբ.
Միջազգային համար` Հայաստանի Հանրապետությանը հատկացված միջազգային կոդի և Ազգային նշանակության համարի միացությունը (374 N(S)N = 374 NDC SN).
Ցանցի վերջնական կետի համար` ազգային նշանակության համարը` առանց Համարագրման գոտու կոդի.
Օպերատոր` ցանկացած անձ, որը Հանձնժողովի կողմից լիազորված է տիրապետելու և շահագործելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով: Իր ցանցով ծառայություններ մատուցելու դեպքում օպերատորը համարվում է ծառայություններ մատուցող.
Ծառայություններ մատուցող` Հանձնաժողովի կողմից լիազորված ցանկացած անձ, որն առաջարկում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ:
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Հանձնաժողովը Թույլտվությունները տրամադրում է Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համաձայն:
1.2 Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և օգնության ցուցաբերման աշխատանքներ իրականացնելու համար Հանձնաժողովը արտակարգ ծառայություններին և պետական մարմիններին համարները հատկացնում է առանց սույն կանոնների 2.1-2.3 կետերում նշված պահանջների կիրառման, համաձայն համապատասխան պետական մարմնի կողմից ներկայացված դիմումի:
1.3 Թույլտվություն ունեցող անձն իրավասու է այդ համարները տրամադրել սպառողներին, սակայն իրավունք չունի այդ համարները փոխանցել այլ օպերատորների կամ ծառայություններ մատուցողների, բացառությամբ համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքի:
(1.3-րդ կետը լրաց. 31.07.13 N 274-Ն)
1.4 Համարային շարքերը պարունակում են մինչև 100 կամ մինչև 1000 համարներ, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները կամ ծառայություն մատուցողները կարող են դիմել մի քանի համարային շարքերի համար:
1.5 Անձը կարող է զբաղեցնել միայն Թույլտվությամբ հատկացված համարները:
1.6 Ձայնային (հեռախոսային) ծառայության համարները հատկացվում են ըստ հաջորդականության:
1.7 Այն դեպքում, երբ անձը, որը ներկայացնում է Հայտ և արդեն նրան հատկացվել է 100 համարային շարքի մի մաս կազմող համարներ, նրան հատկացվում են ազատ համարներ` համապատասխան 100 համարային շարքից: Այդպիսի համարներ այլ անձանց հատկացվում է միայն 100 ազատ համարային շարքի բացակայության դեպքում:
1.8 Կարճ կոդերը հատկացվում են յուրաքանչյուր կոդի համար առանձին դիմում ներկայացնելու դեպքում:
1.9 Հեռախոսային ծառայությունների հասանելիության լրացուցիչ կոդ հատկացվում է նոր ծառայությունների մատուցման կամ արդեն մատուցվող ծառայությունները նոր ձևով մատուցելու համար:
2. Հայտի քննարկումը եվ որոշման ընդունումը
2.1 Անձը, որը ցանկանում է ստանալ Թույլտվություն, Հանձնաժողով է ներկայացնում գրավոր դիմում` համաձայն հավելվածի:
2.2 Հանձնաժողովը դիմողին հատկացնում է Թույլտվություն, բացառությամբ, եթե`
1) պահանջվող համարը հատկացված է մեկ այլ անձի,
2) պահանջվող համարը միջազգային համաձայնագրերի շրջանակներում զբաղեցված է այլ նպատակների համար,
3) պլանավորվող օգտագործումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության համարագրման պլանին,
4) (ենթակետն ուժը կորցրել է 31.07.13 N 274-Ն)
5) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին,
6) հայտատուն ներկայացնում է հանրային ամրակցված հեռախոսային ցանցի ոչ աշխարհագրական կոդի 60.000 համարից ավելի համար տրամադրելու դիմում:
(2.2-րդ կետը լրաց. 07.10.09 N 631-Ն, փոփ. 31.07.13 N 274-Ն)
2.3 Սույն կանոնների 2.2 կետի հաշվառմամբ Հանձնաժողովը կայացնում է որոշում` հայտը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Հանձնաժողով ներկայացնելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե համարը օգտագործման մեջ չէ, և եթե դրա օգտագործման համար միջազգային կազմակերպությունների հետ համակարգում չի պահանջվում: Որոշման պատճենը 2 աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է դիմողին, իսկ եթե դիմողը դրա մասին խնդրել է հայտը ներկայացնելու ժամանակ՝ էլեկտրոնային համակարգի միջոցով 1 աշխատանքային օրվա ընթացքում:
(2.3-րդ կետը խմբ. 31.07.13 N 274-Ն)
2.4 Եթե հեռախոսային ծառայություններ մատուցող անձը Թույլտվություն ստանալուց հետո յուրաքանչյուր տարվա ավարտին օգտագործում է իրեն հատկացված համարային շարքի 60%-ից պակաս, ապա օգտագործումը համարվում է ոչ արդյունավետ և կարող է հիմք հանդիսանալ հաջորդ հայտի մերժման համար: Հատկացված համարների ոչ արդյունավետ օգտագործման դեպքում Հանձնաժողովը կարող է հեռախոսային ծառայություններ մատուցող անձին տրամադրված շարքից հետ վերցնել չօգտագործված համարները:
(2.4-րդ կետը փոփ. 07.10.09 N 631-Ն)
2.4.1 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորների կողմից սույն կանոնների 2.4 կետով նախատեսված համարային շարքի օգտագործումը որոշվում է` ելնելով բաժանորդային համարների զբաղեցված լինելու հանգամանքից: Բաժանորդային համարը համարվում է զբաղեցված` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության, ինչպես նաև պայմանագրի լուծման պահից երեք ամսվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո տվյալ բաժանորդային համարը համարվում է ազատ և այլ բաժանորդներին` տրամադրման ենթակա:
(2.4.1-ին կետը լրաց. 01.06.11 N 271-Ն)
2.5 Համարները տրվում են մինչև տասը տարի ժամկետով, բացառությամբ, եթե դիմողը պահանջում է ավելի կարճ ժամկետ: Համարները չեն կարող տրվել օպերատորի կամ ծառայություններ մատուցողի լիցենզիայի գործողության ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Համարների օգտագործման պայմանները
3.1 Համարները օգտագործվում են բացառապես Թույլտվությամբ ամրագրված նպատակներով:
3.2 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն 111 կարճ կոդը` հաճախորդների սպասարկման ծառայությունների համար` այդ թվում՝ ցանցի թերությունների վերաբերյալ տեղեկատվությունը գրանցելու համար:
3.3 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն 109 կարճ կոդը` տեղեկատու ծառայությունների համար:
3.4 Օպերատորները Թույլտվություն ունեցող անձանց գրավոր դիմումի հիման վրա պետք է գործարկեն վերջիններիս հատկացված համարները:
3.5 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները պետք է օգտագործեն հանրային հեռախոսային ծառայությունների հասանելիության կոդը միայն որպես կոդ, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս ընտրել օպերատորին և (կամ) ծառայություններ մատուցողին:
4. Համարահավաքման ընթացակարգը
4.1 Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միևնույն աշխարհագրական տարածքում, որը բնորոշվում է նույն Տարածքային կոդով, զանգահարելիս պետք է հավաքել միայն Ցանցի վերջնական կետի համարը: Միևնույն համարակալման գոտում գտնվող գյուղերից դեպի նույն համարակալման գոտում գտնվող այլ բնակավայրեր զանգահարելիս պետք է հավաքել 9 և Ցանցի վերջնական կետի համարը: Այլ համարակալման գոտի զանգահարելիս պետք է հավաքել 0, տվյալ Տարածքային կոդը և Ցանցի վերջնական կետի համարը: Սույն կետը վերաբերում է միայն հանրային ամրակցված հեռախոսակապի ցանցերին:
4.2 Արտերկրի օպերատորների էլեկտրոնային հաղորդակցության ցանցեր զանգահարելիս պետք է հավաքել 00, տվյալ երկրի Միջազգային կոդը և Ազգային նշանակության համարը:
4.3 Հանրային շարժական կապի ցանցեր զանգահարելիս պետք է հավաքել 0, շարժական կապի ցանցի կոդը և Ցանցի վերջնական կետի համարը:
4.4 Կարճ կոդերը և հատուկ կոդերը պետք է հավաքել առանց որևէ լրացուցիչ համարի:
4.5 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները կարող են կիրառել սույն կանոնների 4.1-4.5 կետերում նշված համարահավաքման ընթացակարգից տարբերվող այլ ընթացակարգ` կապված այն բաժանորդների հետ, որոնք օգտագործում են անալոգային հեռախոսակայաններին միացված գծեր այնքանով, որքանով դա առնչվում է ազգային և միջազգային զանգերին:
4.6 Օպերատորները և (կամ) Ծառայություն մատուցողները իրենց բաժանորդային սպասարկման կետերում և ինտերնետային կայքերում պետք է հրապարակեն այլ համարահավաքման ընթացակարգի վերաբերյալ տեղեկությունները:
Հավելված | |
|
Դ Ի Մ ՈՒ Մ
___________________________________________________________________ (Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման և հարկ վճարողի հաշվառման համարները կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման և հարկ վճարողի հաշվառման համարները) |
___________________________________________________________________ (Իրավաբանական անձի գտնվելու վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլ-փոստը, ինտերնետային հասցեն կամ ֆիզիկական անձի բնակության վայրը, հեռախոսը, ֆաքսը, էլ-փոստը, ինտերնետային հասցեն) |
1. Խնդրում եմ տալ համարների զբաղեցման թույլտվություն |
___________________________________________________________________ (գործունեության վայրը, մարզը, համայնքը, |
___________________________________________________________________ թույլտվության գործողության հայցվող ժամկետը) |
հետևյալ համարների շարքերից. |
1) կարճ կոդ .......................................................................................................... |
2) հանրային հեռախոսային ծառայությունների համարները և պահանջվող համարների քանակը |
...................................................................................................................................................................... |
...................................................................................................................................................................... |
3) հանրային շարժական հեռախոսային ծառայությունների համարները և պահանջվող համարների քանակը |
...................................................................................................................................................................... |
...................................................................................................................................................................... |
4) նշանակման վայրի կոդ |
...................................................................................................................................................................... |
...................................................................................................................................................................... |
5) այլ համարներ |
...................................................................................................................................................................... |
...................................................................................................................................................................... |
հեռախոսակապի ծառայություններ մատուցելու համար: |
2. Պահանջվող համարներն ու կոդերն օգտագործվելու են |
...................................................................................................................................................................................... (Համարների և կոդերի օգտագործման նպատակը) |
3. Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սույն դիմումում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի: |
|
____________________________ |
_______________________ |
___ _____________200__թ.
(կանոնների հավելվածը փոփ. 07.11.12 N 441-Ն, 31.07.13 N 274-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 07.10.09 N 631-Ն, լրաց. 01.06.11 N 271-Ն, փոփ. 07.11.12 N 441-Ն, լրաց, փոփ., խմբ. 31.07.13 N 274-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2014, N 235-Ն | 11.08.2014, N 343-Ն | |
31.07.2013, N 274-Ն | 11.10.2013, N 343-Ն | |
07.11.2012, N 441-Ն | 27.12.2012, N 343-Ն | |
01.06.2011, N 271-Ն | 25.07.2011, N 343-Ն | |
07.10.2009, N 631-Ն | 12.11.2009, N 343-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|