«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 470-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՈՒՂԻՂ ԳԾԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ե), ի) ենթակետերը, 6 րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի ուղիղ գծերի օգտագործման թույլտվության տրամադրման կանոնները (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
|
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԻՇԽՈՂ
ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՈՒՂԻՂ
ԳԾԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն կանոնները սահմանում են հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների (այսուհետ` գերիշխող օպերատոր) կողմից այլ օպերատորներին ուղիղ գծերի օգտագործման թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ`
հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատոր` օպերատոր, որը հանձնաժողովի կողմից ճանաչվել է հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող.
օպերատոր` ցանկացած անձ, որը հանձնաժողովի կողմից լիազորված է տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով:
ուղիղ գիծ` հանրային ամրակցված հեռախոսացանցի մաս կազմող մալուխային գիծ, որն ապահովում է տեղական զանգերի տարածքում հանրային ամրակցված հեռախոսացանցի ծագման և ավարտի կետերի միջև չհամակցվող (չկոմուտացվող) միացում:
ԳԼՈՒԽ 2
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Ցանկացած գերիշխող օպերատոր, որը տիրապետում է հանրային ամրակցված հեռախոսացանցին, պարտավոր է թույլ տալ, որպեսզի ցանկացած այլ օպերատոր կարողանա ձեռք բերել տվյալ հեռախոսացանցի չօգտագործվող ուղիղ գծերի օգտագործման թույլտվություն` բացառությամբ սույն կանոնների 9-րդ կետով նախատեսված դեպքերի:
3. Գերիշխող օպերատորը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել այն օպերատորների նկատմամբ, որոնք ցանկանում են ձեռք բերել հեռախոսացանցի չօգտագործվող ուղիղ գծերի օգտագործման թույլտվություն:
4. Գերիշխող օպերատորը պարտավոր է ուղիղ գծերի օգտագործման թույլտվության ձեռքբերման համար դիմում ներկայացրած օպերատորի նկատմամբ չկիրառել այնպիսի պայմաններ, որոնք առնչվում են գծերի օգտագործման նպատակին և ձևին:
ԳԼՈՒԽ 3
ՈՒՂԻՂ ԳԾԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ (ՄԵՐԺՈՒՄԸ)
5. Ցանկացած օպերատոր, որը ցանկանում է ձեռք բերել որևէ գերիշխող օպերատորի ուղիղ գծերի օգտագործման թույլտվություն, պարտավոր է ուղիղ գծերի օգտագործման թույլտվության դիմում (այսուհետ` դիմում) ներկայացնել այդ օպերատորին` հաշվի առնելով գերիշխող օպերատորի կողմից իր հեռախոսացանցի ուղիղ գծի գտնվելու վայրի և թողունակության մասին հրապարակած տեղեկությունները: Գերիշխող օպերատորի հեռախոսացանցի ուղիղ գծերի գտնվելու վայրի և թողունակության մասին տեղեկությունների բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ դիմում ներկայացնելու համար:
6. Դիմումը իր մեջ ներառում է օպերատորի` ուղիղ գծերի օգտագործման թույլտվություն ձեռք բերելու մտադրության, պահանջվող գծի վայրի (գծի ծագման և ավարտի հասցեների) մասին տեղեկություններ, ավարտի հասցեում միացվող բաժանորդի տվյալները, օգտագործման թույլտվության ժամկետները: Դիմումին կից պետք է ներկայացվեն.
1) գծի ծագման վայրի հասցեի նկատմամբ իրավունքները հաստատող փաստաթղթերի պատճենները.
2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի պատճենը:
7. Գերիշխող օպերատորը պարտավոր է դիմումը ուսումնասիրել և ուղիղ գծերի օգտագործման թույլտվություն ստանալու դիմում ներկայացրած օպերատորին և հանձնաժողովին գրավոր ձևով տեղեկացնել խնդրո առարկա ուղիղ գծերի օգտագործման թույլտվությունը տրամադրելու (դիմումը բավարարելու) կամ մերժելու իր մտադրության մասին` դիմումը ստանալու պահից տասնչորս օրվա ընթացքում:
8. Դիմումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում գերիշխող օպերատորը պարտավոր է դիմումը ստանալուց յոթ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել խնդրո առարկա ուղիղ գծերի օգտագործման թույլտվությունը` կնքելով պայմանագիր:
(8-րդ կետը փոփ. 31.07.13 N 279-Ն)
9. Գերիշխող օպերատորը, որը տիրապետում է խնդրո առարկա ուղիղ գծերը, իրավասու է մերժել օպերատորի դիմումը, եթե հանձնաժողովին կապացուցի, որ`
1) ուղիղ գիծը կվնասի կամ էլեկտրամագնիսական առումով չի համատեղվի գերիշխող օպերատորի հեռախոսացանցի հետ.
2) չօգտագործված ուղիղ գծերի քանակը սպառված է.
3) չօգտագործված ուղիղ գծերի քանակը կսպառվի դիմումն ստանալու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում:
10. Դիմումը մերժելու հիմքերի առկայության դեպքում գերիշխող օպերատորը պարտավոր է սույն կանոնների 7-րդ կետով նախատեսված գրությանը կից հանձնաժողով ներկայացնել դիմումը մերժելու պատճառ հանդիսացող հիմքերի ապացույցները:
11. Եթե դիմումը մերժելու հիմք է հանդիսանում սույն կանոնների 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը, ապա դիմումը մերժելու հիմքի ապացույց է համարվում սույն կանոնների 5-րդ կետով սահմանված` գերիշխող օպերատորի կողմից իր հեռախոսացանցի ուղիղ գծի գտնվելու վայրի և թողունակության մասին հրապարակած տեղեկությունները: Եթե դիմումը մերժելու հիմք է նաև սույն կանոնների 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված պայմանը, ապա գերիշխող օպերատորը պարտավոր է ի լրումն սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված փաստաթղթերի, հանձնաժողով ներկայացնել նաև գերիշխող օպերատորի կողմից հաստատված գրավոր փաստաթուղթ (օրինակ` ներդրումային ծրագիր, գործարար ծրագիր կամ այլ համարժեք փաստաթուղթ), որը կհավաստի դիմումն ստանալու օրվանից հետո` երեք տարվա ընթացքում չօգտագործված ուղիղ գծերի քանակը սպառվելու փաստը:
12. Հանձնաժողովը, ուսումնասիրելով գերիշխող օպերատորի կողմից ներկայացված դիմումը մերժելու պատճառ հանդիսացող հիմքերի ապացույցները, հաշվի առնելով սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունները, քսան աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ընդունել գերիշխող օպերատորի կողմից ներկայացված` դիմումը մերժելու բավարար հիմքերի առկայությունը և թույլատրել գերիշխող օպերատորին` մերժել դիմումը.
2) մերժել գերիշխող օպերատորի կողմից ներկայացված` դիմումը մերժելու բավարար հիմքերի առկայությունը և սահմանել պայմանագրի կնքման և ուղիղ գծերի օգտագործման թույլտվությունը օպերատորին տրամադրելու նոր ժամկետ:
(12-րդ կետը լրաց. 31.07.13 N 279-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 31.07.13 N 279-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.07.2013, N 279-Ն | 11.10.2013, N 470-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|