Գլխավոր տեղեկություն
Համար
N 1129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.08.2013-11.09.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.08.24/49(852) Հոդ.1227
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2011 թվականի N 1129-Ն

 

ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 16
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հուլիսի 28-ի N 1129-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ՎՃԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված՝ դատախազի պաշտոն զբաղեցրած անձին (այսուհետ` դատախազ) երկարամյա ծառայության, հաշմանդամության կենսաթոշակ, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու, ինչպես նաև կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը:

2. Դատախազին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին կենսաթոշակ նշանակվում, վերահաշվարկվում, վճարվում, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում և վերականգնվում, կենսաթոշակ վճարելը դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք)` զինծառայողների համար սահմանված կարգով:

3. Սույն կարգով սահմանված կենսաթոշակին առնչվող տվյալները ներառվում են պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

4. Դատախազին օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝

1) դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

2) դատախազի պաշտոնից ազատվել է դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը (65 տարին) լրանալու կապակցությամբ և պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում մասնագիտական աշխատանքային ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.

3) դատախազի պաշտոնից ազատվել է հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով, պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում մասնագիտական աշխատանքային ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված` մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների), քննիչի (ներառյալ` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը:

(5-րդ կետը փոփ. 24.05.12 N 640-Ն)

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված` 25 տարվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Դատախազին օրենքի 20-րդ հոդվածով սահմանված հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար, անկախ ստաժի տևողությունից, եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը նրան հաշմանդամ է ճանաչել դատախազի պաշտոն զբաղեցնելու ընթացքում կամ դատախազի պաշտոնից սահմանված կարգով ազատվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սակայն դատախազի պաշտոն զբաղեցնելու ժամանակ ծագած հիվանդության հետևանքով կամ այդ ժամկետից ուշ, սակայն դատախազի պաշտոն զբաղեցնելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով:

8. Դատախազի մահվան դեպքում նրա ընտանիքի` օրենքի 13-րդ հոդվածում նշված անդամներին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ՝ անկախ դատախազի մահանալու պատճառից, անցած ժամանակաշրջանից և աշխատանքային ստաժի տևողությունից:

9. Սույն կարգի 8-րդ կետի դրույթները տարածվում են նաև՝

1) մահացած ճանաչված դատախազի ընտանիքի անդամների վրա.

2) դատախազի պաշտոնից սահմանված կարգով ազատված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն դատախազի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը դատախազի պաշտոն զբաղեցնելու ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.

3) դատախազի պաշտոնից սահմանված կարգով ազատված, կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և դատախազի պաշտոնից սահմանված կարգով ազատվելուց հետո վեց ամսվա ընթացքում մահացած դատախազի ընտանիքի անդամների վրա:

10. Դատախազի երկարամյա ծառայության կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց համար` աշխատավարձի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի (այսուհետ` աշխատավարձ) 70 տոկոսի չափով. 20 տարվանից ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է աշխատավարձի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի (այսուհետ` աշխատավարձ) երկու տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար` մեկ տոկոսը.

2) սույն կարգի 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված անձանց համար` աշխատավարձի 65 տոկոսի չափով. 12 տարի 6 ամսվանից ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է աշխատավարձի մեկ տոկոսը, բայց հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարվանից ավելի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է աշխատավարձի մեկ տոկոսը:

(10-րդ կետը փոփ. 01.08.13 N 835-Ն)

11. Դատախազի հաշմանդամության կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմք ընդունելով դատախազի աշխատավարձը:

12. Մահացած դատախազի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` հիմք ընդունելով դատախազի աշխատավարձը:

13. Դատախազին կամ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին սույն կարգով կենսաթոշակ նշանակելիս՝ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվում նրա՝ որպես դատախազ զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած (հաշվարկված) աշխատավարձը:

14. Դատախազին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար հիմք հանդիսացող` դատախազի ամսական աշխատավարձի չափը:

15. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը դատախազներին նշանակված կենսաթոշակները 2011 թվականի հունվարի 1-ից վերահաշվարկվում են օրենքին համապատասխան: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա՝ կենսաթոշակը նշանակելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով՝ փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժը (այդ թվում՝ կենսաթոշակ նշանակելու իրավունք տվող մասնագիտական ստաժը) պահպանվում է նույնությամբ: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

16. Դատախազի՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակին՝

1) կենսաթոշակառուի տարիքի համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ միասին շարունակվում է վճարվել մինչև պաշտոնային դրույքաչափը փոխվելու կապակցությամբ դատախազի կենսաթոշակը վերահաշվարկելը.

2) կենսաթոշակառուի խնամքի տակ գտնվող՝ 18 տարին չլրացած երեխայի,18 տարեկանից բարձր հաշմանդամ զավակի (եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը) կամ խնամարկյալի (այն անձի, ում նկատմամբ դատախազը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվել) համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ միասին շարունակվում է վճարվել մինչև այդ հավելման իրավունքը (յուրաքանչյուր անձի համար) կորցնելը կամ պաշտոնային դրույքաչափը փոխվելու կապակցությամբ դատախազի կենսաթոշակը վերահաշվարկելը.

3) կենսաթոշակառուի հաշմանդամության համար տրվող հավելման գումարն օրենքով վերահաշվարկված կենսաթոշակի հետ միասին շարունակվում է վճարվել մինչև հաշմանդամության ժամկետը լրանալը (ըստ կենսաթոշակի գործում առկա՝ նրան հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչև 2011 թվականի հունվարի 1-ը տված վարչական ակտի քաղվածքի) կամ պաշտոնային դրույքաչափը փոխվելու կապակցությամբ դատախազի կենսաթոշակը վերահաշվարկելը:

17. Դատախազի կենսաթոշակը, նրա գրավոր դիմումի հիման վրա, վերահաշվարկվում է կենսաթոշակ նշանակելուց հետո նորից դատախազի կամ դատավորի պաշտոն զբաղեցնելու և այդ պաշտոնից ազատվելու մասին փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Այս դեպքում ստաժում հաշվառվում է կենսաթոշակ նշանակելուց հետո որպես դատախազ կամ դատավոր աշխատած ժամանակահատվածը, իսկ կենսաթոշակի գործում առկա՝ կենսաթոշակը նշանակելու օրվա դրությամբ գործող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ փաստաթղթերով հաշվարկված փաստացի ստաժը (այդ թվում՝ կենսաթոշակ նշանակելու իրավունք տվող ստաժը) պահպանվում է նույնությամբ:

17.1. Դատախազի կենսաթոշակն առանց նրա գրավոր դիմումի վերահաշվարկվում է դատախազի պաշտոնային դրույքաչափը փոխվելու դեպքում` նոր պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն, կամ դատախազի հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում:

(17.1-ին կետը լրաց. 01.08.13 N 835-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 27.12.12 N 1690-Ն)

19. Կենսաթոշակն անկանխիկ կամ կանխիկ եղանակով վճարվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշմամբ հաստատված կարգով:

20. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին կենսաթոշակ նշանակվում (վերահաշվարկվում), վճարումն ապահովվում, կենսաթոշակ նշանակելու համար նրա աշխատանքային ստաժը հաշվարկվում, ինչպես նաև կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման NN 1, 2 և 8-14 հավելվածներով սահմանված կարգերով ու կանոններով, ինչպես նաև սույն կարգով:

21. Դատախազին կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի կամ դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում կենսաթոշակ ստանալու նրա իրավունքը դադարեցվում է:

22. Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար դիմումին կից ներկայացվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետում նշված` անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

2) հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը (սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքն ու դրա պատճենը.

3) աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ).

4) սոցիալական վճար կատարած, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկ վճարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.

5) դատախազի պաշտոնից ազատվելու մասին հրամանի քաղվածքը.

6) ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 10 հավելվածի 6-րդ կետում նշված փաստաթղթերը:

(22-րդ կետը փոփ., խմբ. 01.08.13 N 835-Ն)

23. Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար դիմումին կից ներկայացվում են`

1) սույն կարգի 22-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը.

2) անձին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

3) հիվանդության պատճառական կապի մասին համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշումը:

24. Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար դիմումին կից ներկայացվում են`

1) մահացած դատախազի մահվան վկայականը և դրա պատճենը (սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում` անձին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը).

2) սույն կարգի 22-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը.

3) ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 10 հավելվածի 12-րդ կետում նշված փաստաթղթերը.

4) սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում` մահվան պատճառական կապի մասին համապատասխան բժշկական հանձնաժողովի որոշումը.

5) դատախազի պաշտոնից ազատվելու մասին հրամանի քաղվածքը:

25. Կենսաթոշակ նշանակելու համար, սույն կարգի 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերով սահմանված փաստաթղթերից բացի, ներկայացվում են նաև դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած աշխատավարձի չափի մասին տեղեկանքը, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնի տված տեղեկանքը:

26. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ խնամակալության տակ գտնվող անձին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու դեպքում նրա օրինական ներկայացուցիչը, սույն կարգով սահմանված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթն ու դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը (սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքն ու դրա պատճենը և օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթղթեր:

(26-րդ կետը փոփ. 01.08.13 N 835-Ն)

27. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու և չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 10 հավելվածի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերում նշված փաստաթղթերը:

(27-րդ կետը փոփ. 01.08.13 N 835-Ն)

(հավելվածը փոփ. 24.05.12 N 640-Ն, 27.12.12 N 1690-Ն, փոփ., լրաց., խմբ. 01.08.13 N 835-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան